Աշխարհն օր օրի փոխվում է, իսկ մենք այդ հեղաբեկումների շրջապտույտում կարծես թե մոլորվել ենք: Միմյանցից առաջ ընկնելով գրում-ապացուցում ենք, որ այս պատերազմը հինգերորդ սերնդի էր, այդ պատճառով պարտվեցինք: Կարծես թե այդ «հինգերորդ սերունդ» կոչվածը երկնքից իջավ, կարծես թշնամին ոչ թե մեր կողքին ապրողն է, այլ ամենաքիչըՙ Մարսից եկավ: Ինչ է, մենք չգիտեի՞նք, որ իսրայելական միջին հնարավորությունների ԱԹՍ-ն 30 միլիոն ԱՄՆ դոլար արժե, իսկ մեր գիտության տարեկան բյուջենՙ ընդամենը 26 մլն է: Իսկ եթե չգիտեինք, ապա դա արդեն շատ վատ է, ողբերգություն է:
Ոչ մեկի համար թող գաղտնիք չլինի, այսօր էլ է պատերազմը շարունակվում եւ հիմնականում դիվանագիտության ու տեխնոլոգիաների ասպարեզում: Այսօր էլ ենք իրար հետեւից պարտություններ կրում, քանի որ մեր դիվանագետների մի մասը կա՛մ այդ գործից անտեղյակ է, կա՛մ կրթություն է ստացել հին նորմերով, որոնց պայմաններում աշխարհը երկբեւեռ էր եւ ամեն ինչ բխեցվում ու հանգեցվում էր սառը պատերազմի տրամաբանությամբՙ այդ բեւեռների միջեւ եղած հակասություններին: Այնինչ այդ նույն աշխարհն այսօր ոչ ավել ոչ պակաս բազմաբեւեռ է եւ այս ըմբռնումը պետք է դրվի դիվանագիտական բոլոր մոտեցումների հիմքում: Իսկ դրա համար հարկավոր է շատ աշխատել, կարողանալ ձեռք բերել եւ ընթերցել վերջին նորություններ պարունակող մասնագիտական գրականությունը, ավելացնել շփումները եւ այլն: Թե չէ միայն փողկապ կապելով ու համակարգիչներով շարիկ գլորելով էլի ու էլի ենք պարտվելու:
Վերջերս տեղեկատվություն տարածվեց ռուսական Գեոպրոմայնինգ ընկերության սեփականատեր, ռուսաստանցի միլիարդատեր Ռոման Տրոցենկոն առաջարկել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում մոտ 2 միլիարդ դոլարի ներդրման ծրագրի իրականացման մասին, ավելացնելով, որ դա իր հերթին կարող է բերել նաեւ հավելյալ մեկուկես միլիարդ դոլար ներդրումներ: Տրոցենկոն խոսել է Հայաստանում նոր պղնձաձուլարանի կառուցման մասին, որն ըստ նրա թույլ կտա պղնձի խտանյութի փոխարեն Հայաստանից արտահանել պղինձ, որն այսօր աշխարհում ունի մեծ պահանջարկ: Նա մեր կառավարությանն է փոխանցել Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 15 տոկոսը:
Եվրոմիությունն էլ իր հերթին 2,6 միլիարդ եվրոյի ներդրում է առաջարկում Հայաստանին: Այս ներդրուներն ամենամեծ վստահությունն են մեր երկրում վարվող տնտեսական քաղաքականությանը եւ հնարավոր է, որ մինչեւ 2025 թ. Հայաստանում ձեւավորվեն բոլորովին այլ մակարդակի տնտեսական համակարգեր: Իսկ հզոր տնտեսությունը հնարավորություն կտա հզոր ներուժով ապահովել բոլոր բնագավառները, այդ թվում նաեւՙ ռազմականը: Այդ դեպքում նաեւ կկարողանանք աշխարհին համաքայլ առաջ ընթանալ եւ որեւէ սերնդի ու տեսակի պատերազմից ոչ միայն հանկարծակի չգալ, այլեւ անգամ չվախենալ: Շատ եմ ցանկանում շնորհավորել մեր ժողովրդինՙ նման հնարավորության համար եւ վստահ եմ, որ միայն տքնաջան աշխատանքով կարող ենք հաղթահարել մեր երկրի առջեւ ծառացած խնդիրները: Այլապես մեծն Խրիմյան Հայրիկի ասածՙ թղթե շերեփով ոչնչի չենք հասնի: Այսինքնՙ հարկավոր է համախմբվել եւ միասին կերտել մեր երազանքի Հայաստանը:
Իսկ մենք այս օրերին ավելի շատ զբաղված ենք իրար բզկտելով, հին ու նոր դարմանը քամուն տալով, մեր սրբություն սրբոց բանակին վարկաբեկելով: Այնինչ, պատմությանը այնպիսի դեպք հայտնի չէ, որ որեւէ ժողովուրդ իր սեփական բանակին, հերոսներին նսեմացնելուց ու ոչնչացնելուց հետո, օտարի բանակից ու հերոսներից փրկություն սպասի: Իսկապես ճշմարիտ է ասված, որ հայ լինելը շատ դժվար բան է… Շատ հեշտ է լինել իտալացի, հեշտ է լինել ամերիկացի, հրեա, հույն… հայ լինելը սարսափելի դժվար է, քանի որ հայ լինելու համար պետք է ունենաս սարսափելի մեծ հոգի, որ կարողանաս հայոց պատմությունից հանելով ամբողջ թույնը, ամբողջ վատը, ամբողջ սխալը, պարտությունների շարանը, զտես քեզ համար այն դրականը, ինչ որ տվել է մեր ազգը եւ դա սիրելով դառնաս հայրենասեր: Հատկապես այն Հայաստանում, որտեղ, ինչպես նշում է Կասպյան հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Սերգեյ Միխեեւը . «մտքի դեգրադացիա է. Երկիրը պարտվել է պատերազմում, տվել հազարավոր զոհեր, իսկ ղեկավարությունը կազմակերպել եւ նշել է տոնակատարություն: Հիշում եմ, որ նման բան եղել է միայն Եգիպտոսում, երբ խայտառակ պայմանագրից` հետո նախագահ Սադաթը ռազմական հանդես անցակցրեց: Մեկ էլ նման բանի ականատես կարելի է լինել ներկայիս Ուկրաինայում, բայց դա լրիվ այլ պատմություն է»:
Եկեք չմոռանանք, որ սովորաբար «ուտելուց ախորժակը բացվում է» եւ մեր թշնամիները հաստատ չեն բավարարվի ձեռք բերածով եւ գնալով պահանջներն ավելի մեծ ու լկտի են դառնալու: Այսօր ակնհայտ իրողություն է, որ Սյունիքի համար պայքարը թեժանում է: Հիմա պայքար է ընթանում, թե ո՞վ է հսկելու Սյունիքը. Թուրքիան, թե՞ Իրանը: Թուրքական ծրագրի համաձայն, Սյունիքի միջանցքով` Արեւելք-Արեւմուտք ճանապարհով Չինաստանից` Պակիստանով եւ Թուրքիայով տրանսպորտային ուղի է դրվում դեպի Եվրոպա: Իսկ Հայաստանը ՌԴ առաջատար արեւելագետ Եվգենի Սատանովսկու կարծիքով «դառնում է մանրադրամ»: Ներկայումս Իրանը լրիվ մերժում է Սյունիքի միջանցքի գաղափարը եւ առաջ է տանում «Հյուսիս-Հարավ» ծրագիրը, որի համաձայն տրանսպորտային ուղին Իրանով գնալու է դեպի Եվրոպա շրջանցելով Թուրքիային: Այս երկու ծրագրերի դեպքում էլ խոսքը մեծ գումարների շրջանառության մասին է… «Հիմա Հայաստանը նշված ծրագրերում ոչինչ է,- խոսքը եզրափակում է Սատանովսկին,- քանի որ այդպես են որոշել հայերը, իրենց ճակատագիրը իրենք չեն տնօրինում»: Իսկապես, սթափվել է պետք:
Այս խորապատկերի վրա մեզանում բավականին հետաքրքրական ռեակցիա առաջացրեց Իրանի ակտիվացումը: Շատերը խորությամբ չպատկերացնելով դիվանագիտության նրբություններըՙ հրճվում են, ի դեմս Իրանի, նոր դաշնակից տեսնում: Մյուսներն էլ չվստահելովՙ խիստ զգուշավորություն են դրսեւորում: Գործնականում հանկարծակի չգալու եւ մեղքը սրա-նրա վրա բարդելու փոխարեն անհրաժեշտ է խորությամբ ուսումնասիրել երեւույթի բոլոր կողմերն ու նրբությունները: Մի բան ակնհայտ է, որ Սոչիում օրեր առաջ տեղի ունեցած Պուտին – Էրդողան հանդիպումն ավելի լեզվանի դարձրեց Ալիեւին: Դա պատահական չէ, որովհետեւ փաստորեն մեր «դարավոր բարեկամը» այնտեղ արցախյան հարցի լուծումից չտարանջատեց Թուրքիայի դերը, ավելինՙ շեշտեց, որ ռուս-թուրքական Ակնայի կենտրոնը կարեւոր դեր ունի կատարելու հայ-ադրբեջանական հակամարտության լուծման տեսանկյունից: Ռուս-թուրքական տանդեմը գնալով ավելի ջերմ է դառնում, որը երկվություն է առաջացնում հայ իշխող եւ ընդդիմադիր քաղաքական մտքի ներկայացուցիչների մոտ: Էրդողանն ու Ալիեւն անընդհատ հայտարարում են Սյունիքով միջանցքի մասին, իսկ հայկական իշխանությունները պարբերաբար շեշտում են միջանցքի վերաբերյալ պայմանավորվածության չգոյության մասին, այնինչ ընդդիմադիրները գտնում են, որ իրականում միջանցքի հարց գոյություն ունի: Միջանցքի մասին, ի դեպ, նոյեմբերյան համաձայնագրի 9-րդ կետում էլ հստակ չի խոսվում: Պարզապես ասված է, որ համաձայնագիրը նախատեսում է, որ կողմերը պետք է կանգ առնեն այն դիրքերի վրա, որտեղ հասել են պատերազմի ընթացքում: Այնինչ մեր կողմից դիմադրության նշույլի անգամ չհանդիպելովՙ տեւական ժամանակ է, որ Ադրբեջանն առաջ է գալիս: Սա էլ խորացնում է այն կասկածը, որ ինչ-որ պայմանավորվածություն այնուամենայնիվ կա: Սակայն կարող է եւ չլինել, եւ հայկական կողմի չընդդիմանալը պայմանավորված է Ադրբեջանի հետ պատերազմի վերսկսման վախով, որին պատրաստ չենք:
Բոլոր դեպքերում մեր իշխանություններն ամենաբարձր մակարդակով հայտարարում են Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ խաղաղ հարաբերություններ հաստատելու պատրաստակամության մասին, բայց վերջիններս չեն շտապում, քանի որ անցել են այն ժամանակները, երբ մենք կարող էինք գնալ արժանապատիվ հարաբերությունների: Մենք հայտնվել եւ առայժմ մնում ենք խնդրողի դերում եւ աջ ու ձախ ընկած դաշնակիցներ ենք փնտրում, բայց գործնականում չենք կարող դաշնակիցներ ընտրել, որովհետեւ այլեւս, ցավոք, գործոն չենք ո՛չ Արեւմուտքի եւ ո՛չ էլ Արեւելքի համար: Հիմա փորձում ենք խաղալ Իրան- Ադրբեջան հակասությունների սրման գործոնի վրա: Հայտնի է, որ Գորիս-Որոտան կենսական նշանակություն ունեցող ճանապարհի հատվածը փակվեց, որը չէր կարող չափազանց ցավոտ չլինել այս տարածաշրջանի ուժեղ եւ ինքնուրույն պետություններից մեկիՙ Իրանի համար: Ռազմական եւ քաղաքական փոխադարձ սպառնալիքներ հնչեցին միմյանց հասցեին: Իրանն իր հյուսիսում զորավարժություններ սկսեց, նույնիսկ վերջնագրային լեզվով խոսեց պետությունների տարածքային ամբողջականության դեմ ոտնձգություների մասին, ապա արգելվեց ռազմական օդանավերի թռիչքը Իրանի վրայով Նախիջեւան:
Մեր քաղաքագետների մեծ մասն էլ մոռանալով, որ երկուհազարամյա անընդհատ պետականություն ունեցող Իրանը միշտ վարել է շատ նուրբ եւ հավասարակշռված քաղաքականություն, փորձում են դասեր տալ նրան եւ հայտարարել, թե արցախյան պատերազմում իբրեւ սխալված Իրանը ուղղում է իր սխալը: Ինչ է, Իրանը պիտի պատերազմին խառնվե՞ր, որը բոլորովին չէր բխում նրա շահերից: Բավական է մեծերին դասեր տալ: Հարկավոր է Իրանի ձգտումներն այս տարածաշրջանում ճիշտ ընկալելովՙ շատ չոգեւորվենք, քանի որ նա իր տարանցիկ ճանապարհների հարցը կլուծի առանց դրա էլ: Մեզ մնում է միայն մի քայլ անելՙ քանի նրանց միջեւ հարաբերությունները սրված են, առիթից օգտվելով մեր հնարավորությունների սահմաններում ատամ ցույց տանք Ադրբեջանին: Ենթադրելի է, որ այդ եւ միայն այդ դեպքում մեզ կխրախուսեն թե՛ Իրանը, թե՛ Արեւմուտքի այն երկրները, որոնք համեմատաբար զերծ են Իսրայելի ազդեցությունից: Հարկավոր է ներկա պահին անել ամեն ինչ հերթական անգամ խաղաքարտ կամ մանրադրամ չդառնալու համար: Իսկ այդ դեպքում օդի նման անհրաժեշտ է դառնում մշակել եւ գործնական հենքի վրա դնել համազգային գաղափարը, հստակեցնել եւ ունենալ ազգային գաղափարախոսություն:
Դեռեւս ԽՍՀՄ-ի գոյության վերջին տարիներից սկսած տարիներ շարունակ հայ քաղաքական միտքը, ակադեմիական շրջանակները, սփյուռքահայ կառույցները, հայտնի արտասահմանյան համալսարանների հայագիտական ամբիոնները տարբեր համահայկական գիտաժողովներում բարձրացնում են հայեցակարգային նշանակություն ունեցող այնպիսի հիմնահարցեր, ինչպիսիք են «համազգային գաղափար», «ազգաին գաղափար» եւ «ազգային գաղափարախոսություն» եզրույթները եւ դրանց հետ կապված դոկտրինի մշակումը: Մեր մի շարք մտածողներ պնդում են, որ նման դոկտրինի առկայությունը երկրի համար էկզիստենցիալ (գոյութենական) նշանակություն ունի: Նման մոտեցումը մտավորականության շերտի որոշ ներկայացուցիչների կողմից չի ընդունվում: Օրինակՙ 90-ականների սկզբին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը համարում էր, որ «ազգային գաղափարախոսությունը» հնարովի եւ կեղծ կատեգորիա է: Ձեռնպահ եմ մնում այդ դիրքորոշման վերաբերյալ որեւէ մեկնաբանություն տալուց, սակայն նշեմ, որ ինձ համար համազգային գաղափարը ընդունելի է, քանզի այն հասարակական գիտակցության սկզբնաղբյուրն էՙ առանց որի որեւէ հայեցակարգ, ռազմավարություն, մարտավարություն, ծրագրերի իրականացում չեն կարող կյանքի կոչվել: «Համազգային գաղափարին» նվիրված դոկտրինը պետք է համահունչ լինի ժամանակի պահանջներին եւ պատասխան տա այնպիսի հանգրվանային հարցերի, ինչպիսին է «իրենից ինչ է ներկայացնում հայկական աշխարհը եւ հատկապեսՙ ժամանակակից Հայաստանը»: Անհրաժեշտ է, որ ինքներս մեզ համար հստակեցնենք, թե ինչ ներուժ ունենք դիմակայելու աշխարհաքաղաքական, աշխարհառազմավարական եւ աշխարհատնտեսական մարտահրավերներին: Առաձնային է նաեւ այն, որ համազգային գաղափարը պետք է ներառի հայոց պատմության, հայկական հարցի, հայկական գործոնի, հայ ազգային գիտակցության, ինքնագիտակցության, ինքնության, բարոյական կերպարի փոխկապակցված ուսումնասիրության փիլիսոփայությունը: Միաժամանակ հստակ է, որ համազգային գաղափարը պայմանավորված է համաշխարհային քաղաքակրթության բնագավառում ունեցած ներդրումով եւ աշխարհի հետագա զարգացման գործում իր առաքելությամբ:
Այնպես որ, աշխարհն իսկապես փոխվում է եւ մենք եթե իրապես ցանկանում ենք շարունակել մեր գոյությունն ու ներդրումը համաշխարհային գանձարանում, ապա պետք է կարողանանք, ավելինՙ պարտավոր ենք առաջ շարժվել այդ փոփոխություններին համաքայլ:
Շատ եմ ցանկանում, որ մեր հայրենակցի Նոբելյան մրցանակի արժանանալու իրողությունն այդ ամենի մեկնակետը դառնա:
01.11.2021