Հեշտ ենք ասումՙ 50 տարի բեմում, բայց մի ամբողջ կյանք, անխոնջ աշխատանք ու նվիրում է թաքնված 5 տասնամյակի խորքերում: Նայում ես հարյուրավոր լուսանկարներինՙ ժպտացող դեմք, բեմական կեցվածքՙ քանոնը միշտ ձեռքերում, ու մտովի պատկերացնում ես պատմությունը, որի անունն է է բեմական կյանք:
ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր, քանոնահարուհի Հասմիկ Լեյլոյանին տասնամյակներ շարունակ տեսել ենք հայաստանյան տարբեր բեմերումՙ կարեւոր ու նշանակալի համերգներին: Նա համագործակցել է հայ եւ օտարազգի ճանաչված բազմաթիվ երաժիշտների հետՙ ինչպիսիք են Ջիվան Գասպարյանը, Հիբա Ալ Քավազը, Պեդրո Յուստաշը, Դավիդ Կուչերմանը, Նադիշանան, Վադիհ ալ Սաֆին, իսկ կոմպոզիտոր Արա Գեւորգյանի հետ համագործակցությունն ավելի քան 30 տարվա պատմություն ունի:
Հասմիկ Լեյլոյանն ունի միջազգային մեծ ճանաչում եւ ընդգրկված է Հայաստանում, ինչպես նաեւ աշխարհի 21 երկրներում հրատարակված հանրագիտարաններում, նա համերգներով հանդես է եկել ավելի քան 60 երկրում:
Քանոնի հայկական հնչողությունը, կատարողական նոր առանձնատակությունները սերունդներին փոխանցելու համար նա հեղինակել է քանոնի բազմաթիվ ժողովածուներ ու ձեռնարկներ, որոնք նաեւ ներառում են հայկական ժողովրդական եւ դասական ստեղծագործությունների փոխադրումներ քանոնի համար: Հասմիկ Լեյլոյանն ունի ռադիոյի եւ հեռուստատեսության ֆոնդային անհամար ձայնագրություններ, տասնյակ ձայնասկավառակներ:
Սեպտեմբերյան թավշյա մի օր Հասմիկ Լեյլոյանի հետ հանդիպեցինք երեւանյան սրճարաններից մեկում: Քաղաքական ծանր ու ճնշող մեր առօրյայում, երբ չես ուզում ոչնչի ձեռք տալ, ոչ մի բանի սիրտ չի մնացել, մշակութային գործչի հետ հանդիպելու նախաձեռնությունդ անգամ հարցականի տակ է դնում անելիքդՙ ի՞նչ խոսես, ի՞նչ հարցնես, որպես լրագրող, ՀՀ շարքային քաղաքացի, ուղղակի հայ, հայրենիքդ կորցնելու օրհասական վտանգները գլխներիս կախվածՙ ինչպե՞ս խոսես արվեստի, երաժշտության, ոգեղենի մասին: Բայց պետք է, պետք է խոսել, գնահատել, արժեւորել, որովհետեւ դարերով ստեղծածն արժեզրկելու, փոշիացնելու անթաքույց միտումներ կան, ուրեմն պետք է այդ միտումներին դեմ գնալ ու ստեղծագործողին մեծարել, մտավորականին մեծարել, մտածողին մեծարել:
Առաջին հանդիպումը քանոնի հետ
9-10 տարեկան էի. ծնողներս որոշեցին ինձ երաժշտական կրթության տալ: Սկզբնական շրջանում այցելել եմ քաղաքային «Պիոներ պալատ». ժողգործիքների շատ լավ անսամբլ ունեին: Քանոնի առաջին ուսուցիչս էլ եղել է Հակոբ Արաբյանը : Մեկ տարի գործիք չեմ ունեցել, բայց հետո ծնողներս ինձ համար գնեցին ամենալավ ու թանկ գործիքը, որ պատրաստել էր հայտնի վարպետ Հակոբ Երիցյանը : Նա նմանատիպ երեք քանոն էր պատրաստել, մյուս երկուսը նվագում էին ավելի փորձառու եւ տարիքով քանոնահարներ, բայց չգիտես ինչու, դրանք վնասվեցին, ջարդվեցին: Վարպետ Հակոբը շատ էր հետաքրքրված, ուզում էր իր համար ի վերջո պարզելՙ ինչպես է եղել, որ նույն գործիքից երեք հատ պատրաստել է, երկուսը վնասվել են, իսկ իմը մինչեւ հիմա մնում է, իմ տանն է: Ես դրանից հետո շատ նվագարաններ եմ ունեցել, բայց իմ առաջին քանոնն իր առանձնահատուկ տեղն ունի: Շատ եմ սիրում այդ գործիքը, որովեհետեւ թանկ ու հարազատ է, եւ բազմաթիվ ջերմ հուշեր կան նրա հետ կապված:
Եղբայրսՙ Արտաշես Լեյլոյանը , որը ճանաչված երաժիշտ եւ խմբավար էր, նույնպես մեծ ներդրում է ունեցել որպես երաժիշտ իմ կայանալու ճանապարհին: 1990-ականների ծանր տարիներին նա ստեղծեց ժողգործիքների «Հայկ» նվագախումբըՙ համախմբելով եւ միավորելով բազմաթիվ երաժիշտների: Ցավոք,եղբայրս անժամանակ կյանքից հեռացավ:
Առաջին լուրջ հաջողությունները. մենահամերգ
Ընդունվեցի Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցՙ միանգամից 3-րդ դասարան. այնուհետեւ ուսումս շարունակեցի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում: Ընդունվելիս տնօրենըՙ Գոհար Հարությունյանը , երբ լսեց նվագս, հենց քննության օրն ասաց, որ ես քանոնի բաժնում սովորելու ոչինչ չունեմ, որովեհտեւ այն, ինչ նվագեցի, շատերն ուսումնարանն ավարտելիս անգամ չէին նվագում: Նա առաջարկեց ինձ տեղափոխվել կա՛մ տեսական, կա՛մ դիրիժորական բաժին, բայց ես դեռ դպրոցական տարիներից արդեն իսկ մտածում էի գործիքի կատարողական զարգացման մասին եւ որոշեցի մնալ քանոնի բաժնում: Սակայն միաժամանակ ցանկանում էի նվագել արֆա (տավիղ, harp), քանի որ այդ նվագարանի հնարավորություններն ավելի մեծ են:
Նվագում էի այնպիսի բարդ ստեղծագործություններ, որոնք դեռ ոչ ոք քանոնով չէր կատարել, ինչպես Գունոյի «Վալպուրգյան գիշերներ» բալետից հայտնի վալսերը: Առաջին մենահամերգս կայացավ 1974 թվականինՙ երաժշտական ուսումնարանն ավարտելուց հետո: Այն կազմված էր երկու բաժնից, որտեղ հնչեցին Սարասատեի, Սեն-Սանսի, Ալբենիսի, Շոպենի եւ այլ կոմպոզիտորների դասական վիրտուոզ ստեղծագործությունները, որոնք գրված էին ջութակի, դաշնամուրի համար եւ տեխնիկապես քանոնի համար չէին նախատեսված: Դրա համար էլ պահանջվում էին կատարողական նոր ձեւեր, որպեսզի հաղթահարեի նման բարդ ստեղծագործությնունները քանոնով կատարելու դժվարությունները: Ինձ հետաքրքրում էին կատարման նոր ձեւերը, նոր տեխնիկան, որպեսզի հնարավոր լիներ նոր խոսք ասել քանոնի ասպարեզում:
Ես պարզ տեսնում էի, որ լավ ապագա եմ ունենալու, քանոնի միջոցով կարողանալու եմ ինքնադրսեւորվել, իմ անհատական խոսքն ասել երաժշտության ոլորտում: Այդպես էլ արեցիՙ աշխատելով, Աստծո տված շնորհքը զարգացնելով ու կատարելագործելով:
Խաչատուր Ավետիսյանը
Կոնսերվատորիայում ժողգործիքների բաժին դեռ չկար. ես Հայպետֆիլհարմոնիայում աշխատում էի որպես մենակատար, ի դեպՙ այնտեղի առաջին եւ միակ մենակատարն եմ եղել: Միաժամանակ աշխատում էի Մոսկվայի «Սոյուզկոնցերտում»: Ամենաբարձր վարձատրվող երաժիշտներից էի:
Ֆիլհարմոնիայում էլ հենց ծանոթացա կոմպոզիտոր Խաչատուր Ավետիսյանի հետ: Նա Պարի պետական անսամբլի գործիքային մասի ղեկավարն էր եւ կարճ ժամանակ անց էլ դարձավ Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլի գեղարվեստական ղեկավարը ու ինձ հրավիրեց աշխատելու այնտեղ: Ես դժվարությամբ համաձայնեցի, որովհետեւ շատ զբաղված էի իմ համերգներով եւ տարբեր երկրներից հրավերներով: Մոտ 8 ամիս անսամբլում աշխատելուց հետո տեսա, որ ֆիզիկապես չեմ հասցնում:
Երեք անգամ աշխատանքից ազատվելու դիմում եմ գրել, երեքն էլ նա պատռել է, բայց մի օր ուղղակի էլ չգնացի երգի-պարի անսամբլ: Իմ այդ քայլով Վարպետին նեղացրի. ջահել էի: Հիմա այդպես հաստատ չէի անի:
Մեկ-երկու ամսից կոմպոզիտորն ինձ կանչեց ձայնագրության. գնացի: Նա ասացՙ վաղվանից կգաս աշխատանքի: Ես նրան երկրորդ անգամ մերժեցի ու երկրորդ անգամ նեղացրիՙ ոչ միտումնավոր:
Հատուկ քանոնի համար ստեղծագործություններ գրած առաջին կոմպոզիտորը եղել է Խաչատուր Ավետիսյանը : Նրաՙ քանոնի համար գրված կոնցերտով էլ ընդունվել եմ երաժշտական ուսումնարան: Կոմպոզիտորն ինքն էլ հրաշալի քանոն է նվագել: Ափսոս, որ նրա ձայնագրությունները չեն պահպանվելՙ բացի «Էշխեմետ»-ից, որը հնչում է «Սայաթ-Նովա» ֆիլմում:
Առաջներում ընդունված է եղել, որ քանոն տղամարդիկ նվագեն, ոչ թե կանայք: Հենց Խաչատուր Ավետիսյանն էլ աղջիկների խումբ է հավաքել, քանոն նվագել սովորեցրել, անսամբլ ստեղծելՙ ջարդելով կարծրատիպը. դրանից հետո քանոնը մեզանում սկսել է ընկալվել որպես աղջկա գործիք: Չնայած մինչեւ հիմա ամբողջ աշխարհում ավելի շատ տղաներն են քանոն նվագում:
Կոնսերվատորիան ունեցավ ժողգործիքների բաժին
Կարճ ժամանակ անց Խաչատուր Ավետիսյանի շնորհիվ Կոնսերվատորիայում բացվեց ժողգործիքների բաժին: Ղեկավարը հենց կոմպոզիտորն էր: Ես գնացի այնտեղՙ սովորելու: Ընդունվել եմՙ 9 քննություն հանձնելով, իսկ հիմա մեկ-երկու քննություն են հանձնում. տեսեքՙ ինչ տարբերություն կա առաջվա եւ հիմիկվա միջեւ: Այդպիսի խորքային մոտեցում կար առհասարակ ամեն ինչի, նաեւ արվեստի նկատմամբ:
Էքստերնով ավարտեցի բուհն ու մնացի այնտեղՙ աշխատելու: 1981 թվականից մինչ այսօր դասավանդում եմ կոնսերվատորիայում :
Արդեն 7 տարի է դասավանդում եմ նաեւ Հայկական պետական մանկավարժական համալսարանում: Ստեղծել եմ ուսանողներից կազմված քանոնահարների «Զվարթնոց» անսամբլը, որն ակտիվ մասնակցում է տարբեր համերգների, ձայնագրությունների:
«Զվարթնոցն» իմ ստեղծած միակ անսամբլը չէ, ստեղծագործական գործունեությանս ընթացքում մի քանի նվագախումբ ու անսամբլ եմ հիմնել, որոնց հետ ինքս էլ շատ անգամներ եմ ելույթ ունեցել, ի դեպՙ հիմա էլ:
Ուսանողներս
Շատ շնորհալի ուսանողներ եմ ունեցել եւ ունեմ: Բայց բուհն ավարտելուց հետո արդեն իրենք են որոշումՙ ինչ ճանապարհով գնալՙ շարունակե՞լ քանոն նվագելը, թե այլ գործով զբաղվել:
Արվեստագետն իր արյամբ, կոչումով պետք է լինի արվեստագետ: Արվեստագետ սարքել հնարավոր չէ: Մարդուն կարող ես 4-5 տարի սովորեցնել, կրթել, բայց արվեստագետ դառնալու համար նա իր ներքին պահանջմունքը եւ ասելիքը պետք է ունենա:
Ես ունեմ ուսանողներ, որոնք սովորել են ինձ մոտ ու մինչեւ հիմա քանոնը նրանցից անբաժան է:
Օրինակՙ մի պարսկուհի ուսանող ունեի, որն եկել էր կոնսերվատորիաՙ իրանական քանոնով: Ես նրան նաեւ հայկական քանոն նվագել սովորեցրի: Նա հիմա էլ է նվագում Իրանումՙ միաժամանակ տիրապետելով ե՛ւ հայկական, ե՛ւ պարսկական քանոններին:
Իմ մյուս շատ շնորհալի ուսանողուհինՙ Նարինե Մալխասյանը ՙ Մոսկվայից. մինչեւ հիմա նվագում է, համերգներ է ունենումՙ Ռուսաստանի հայությանը համախմբելով հայկական երաժշտարվեստի շուրջը:
Ուսանողներ ունեմ Հոլանդիայում, ԱՄՆ-ում, Կանադայում: Հիմա ինձ մոտ է սովորում կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի թոռնուհինՙ Սաթենիկը , որը այլ մասնագիտություն ունի, աշխատում է այլ բնագավառում, բայց հատուկ եկել էՙ քանոն նվագելու: Նյու Ջերսիում ժողգործիքներ նվագող երաժիշտների հետ խումբ է ստեղծել. Ուր գնում է, քանոնը հետն է տանում:
Միշտ զարգանալ, առաջ գնալ է պետք
Նախկինումՙ խորհրդային ժամանակներում, ժողգործիքների, արվեստի նկատմամբ վերաբերմունքն ուրիշ էր, բացի երաժշտական դպրոցներից, կային նաեւ «Պիոներ պալատներ», գործարանները, ֆաբրիկաներն ունեին ինքնագործ խմբեր, որտեղ ընդգրկվում էին նաեւ շնորհալի բանվորները, եւ դա հնարավորություն էր տալիս մարդկանց, չլինելով երաժիշտ, շփվել արվեստի հետ եւ ստանալ հոգեւոր սնունդ: Անկախությունից հետո մեր կյանքի փոխվելու հետՙ փոխվեցին նաեւ արժեքները: 2000-ականներին հազիվ սկսեցին երաժշտությանն ուշադրություն դարձնել. ժողգործիքների ուսուցումը երաժշտական դպրոցներում դարձավ անվճար, ինչը հանրության շրջանում ոգեւորություն ու հետաքրքրություն առաջացրեց:
Ամեն դեպքում, դժգոհելու պատճառ չունեմ, որովհետեւ առհասարակ ժողգործիքները, այդ թվումՙ քանոնը պահանջարկ ունեցել է եւ այսօր էլ ունի: Վիճակն օրհասական չէ:
Պարզապես պետք է ժամանակի պահանջներին համընթաց քայլել, նոր ստեղծագործություններ նվագել, կատարողական տեխնիկան կատարելագործել եւ զգալ ժամանակի պահանջը: Մենք հիմա չենք կարող քանոն նվագել այնպես, ինչպես նվագել են 5-րդ դարում կամ հենց նախորդ դարերում:
Միայն հայկական գործեր նվագելովՙ աշխարհին չես զարմացնի: Պետք է կարողանաս քանոնով ներկայացնել նաեւ համաշխարհային, դասական գործեր, որպեսզի ունկնդիրը կատարումդ համեմատի իր լսածների հետ ու համոզվի, որ քո նվագով յուրահատուկ, անհատական որակ ես բերում, նոր խոսք ես ասում երաժշտարվեստում:
Քանոնի հայկականը քանոնը հայերեն նվագելն է
Մի առիթով հարցրինՙ քանոնը հայկակա՞ն գործիք է: Պատասխանեցի. «Եթե հաշվի առնենք, որ Հայաստանը եղել է ծովից ծով, ուրեմն իր մշակույթով ազդել է նաեւ մյուս ազգերի վրա»:
Քանոնը շատ տարածված գործիք է, արաբական աշխարհն այն նվագում է իր լադերին համապատասխան, պարսիկներըՙ իրենց երաժշտությանը եւ այլն: Հայկականն էլ իր յուրահատկություններն ունի, որ ոչ մի ազգի նման չէ: Գործիքիՙ մեր լարվածքն ուրիշ է, նրանցըՙ ուրիշ: Կարեւորըՙ հայկականը պահել-պահպանելն է:
Տարբեր երկրներից ինձ հրավիրում են համերգների. նրանց հետաքրքրում է մե՛րը, հայկակա՛նը, ազգայի՛նը: Ես երբեք օտարների կատարման ձեւերը չեմ ընդօրինակի, որովհետեւ մենք ունենք մերը: Մենք այն ազգն ենք, որն ունի իր ազգային դեմքն ու ավանդույթները. Դրանք պետք է պահել-պահպանել եւ զարգացնել, ոչ թե փորձել ընդօրինակել օտարին ու փչացնել մեր ազգային արվեստի, մշակույթի դեմքը:
Ես մի պատմություն գիտեմ: Երբ եղբայրս սովորում էր Ռոմանոս Մելիքյանի անվան ուսումնարանում, նրանց կուրսում Ասյա անունով մի աղջիկ կարՙ Բաքվի հայ: Նա այստեղ քանոն նվագել սովորեց, վերադարձավ Բաքու եւ այնտեղ ադրբեջանցիներին սկսեց քանոն նվագել սովորեցնել: Ադրբեջանցիներն, իհարկե, հետո սկսեցին նվագել իրենց բնորոշ ձեւով, բայց գործիքը նվագելու հիմքը նրանց մոտ հայկական է:
50-ը կանցնեի այնպես, ինչպես անցել եմՙ մի բան էլ ավելի
Այն, ինչ արել եմ 50 տարվա ընթացքում, չեմ զղջում: Եթե 50 տարի հետ գնայի, նորից նույն ճանապարհը կանցնեի, բայց ավելին կանեի: Վերջին երեք տարում ու հատկապես մեկուկես տարում հնարավոր չէր լիարժեք աշխատել, մի տեսակ ամեն ինչ կարծես արժեզրկված լինի:
Քովիդի պատճառով արտասահմանյան շատ համերգներ չեղարկվեցին: Բայց հիմա էլ առցանց աշխատում եմ: Արաբական Միացյալ էմիրությունների Արվեստի համալսարանում առցանց դասախոսություններ եմ կարդում եւ ծանոթացնում հայկական քանոնի կատարման առանձնահատկություններին: Նաեւ համերգների հրավերներ ունեմ, որոնք գործնական ընթացքի մեջ են, թեեւ քովիդը շատ է խանգարում: Պայմանավորվում ես ինչ-որ բան, բայց մեկ էլ խափանվում է:
Դասավանդում եմ, ամեն օր աշխատում եմ, համերգների ենք պատրաստվում, բայց չեմ կարողանում լիարժեք զբաղվել իմ գործով, որովհետեւ այն, ինչ կատարվում է մեր հայրենիքում, չի կարող չազդել ինձ վրա, չի կարող չցավեցնել ինձ: Ես հիմա հույսս միայն Աստծո վրա եմ դրել, միայն Նրա հրաշքը կարող է փրկել հայրենիքս եւ ազգս:
Հիմա մտավորականներին ու արվեստագետներին շատ են մեղադրում, որ բողոքի ձայն չեն բարձրացնում, բայց դա այդպես չէ: Կան շատ նվիրյալ, իրական արվեստագետներ, որոնք իսկապես անհանգստացած են մեր երկրի համար, պարզապես ազգ, հայրենիք, արժեքներ չգանահատող ու մերժող պատնեշի են հանդիպել եւ այդ պատնեշն ստեղծողների հետ շփման եզրեր բացարձակ չունեն:
Կարծում եմ, որ շատ շուտով Աստծո օրհնությամբ մեր ազգը լիովին կբացի իր աչքերը եւ թույլ չի տա իր հայրենիքի, պետության եւ մշակույթի կործանումը: Աստված պահապան մեզ եւ մեր երկրին: