Սեպտեմբերի 21-ին Հայաստանն ու ամբողջ հայկական սփյուռքը նշելու են պատմական շրջադարձային մի տարեթիվ` Հայաստանի անկախության 30-րդ տարեդարձը: Այն պաշտոնապես հայտարարվեց 1991-ին կայացած հանրաքվեի եւ Գերագույն խորհրդի (Ազգային ժողովի) որոշման հետեւանքով: Լեւոն Տեր-Պետրոսյանն ընտրվեց Հայաստանի նորանկախ հանրապետության առաջին նախագահ:
Այդ թվականից ի վեր սեպտեմբերի 21-ը խորրհդանշական տարեթիվ դարձավ համայն աշխարհի հայության համար: Ամեն տարի անկախության մեծ ու փոքր տոնախմբություններ են կազմակերպվում առիթ դառնալով օրինական հպարտության եւ անսահման ուրախության, քանի որ այդ անկախությունը ձեռք էր բերված երկար դարերից ու պատմության դժվարագույն զրկանքների միջով անցնելուց հետո, որոնց ընթացքում հայերս նաեւ զոհ դարձանք մեր ժամանակների առաջին լայնածավալ հանցագործությանը` Ցեղասպանությանը: Ունեցանք, այո, կարճատեւ անկախ պետականություն, ապա 70 տարի մաս կազմեցինք Խորհրդային Միությանը, բայց 1991-ին վերջապես թեւակոխեցինք իսկական անկախության խոստումնալի մի նոր ժամանակաշրջան:
Պատմություն եւ հույսեր
Այդ թվականին Հայաստանը դեռեւս դիմագրավում էր հումանիտար եւ քաղաքական հսկայական մարտահրավերներ: Երկիրը նոր էր սկսել թոթափել 1988-ի կործանիչ երկրաշարժի հետեւանքները: Իսկ դրան անմիջապես հետեւած Խորհրդային միության փլուզումը լուրջ տարաձայնություններ առաջացրեց հարեւան երկու երկրների` Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերություններում, որովհետեւ Արցախի հայերը օգտվելով իրենց օրինական իրավունքից` նույնպես անկախանալու պատմական որոշում ընդունեցին, որն ազատագրական պատերազմի պատճառ դարձավ:
Սակայն, հակառակ այս մտահոգիչ փորձություններին, 1991-ին հայկական աշխարհը մեծ ոգեւորություն էր ապրում: Որպես Սովետական Հայաստանի իրավահաջորդը Հայաստանի հանրապետությունը հսկայական ենթակառուցվածքներ էր ժառանգել: Նախորդող յոթանասուն տարիների ընթացքում, նույնիսկ կոմունիստական ռեպրեսիվ ռեժիմի պայմաններում, Հայաստանը լիարժեք ինքնաբավ պետություն էր դարձել` հարգանք ու պատիվ վայելելով բոլոր բնագավառներում: Հայաստանն ուներ հզոր արդյունաբերություն: Նրա հետ հաշվի էին նստում: Գիտության եւ հետազոտությունների բնագավառներում միջազգային մակարդակի հաջողությունների էր հասել եւ հարգարժան դիրք էր զբաղեցնում: Որպես խորտակված ԽՍՀՄ-ի ռազմական արդյունաբերության ամենազարգացած շրջաններից մեկը, Հայաստանը ձեռք էր բերել ռազմական բարձրագույն գիտելիքներ, փորձառություն եւ կարողություններ: Ինչ վերաբերում է սփյուռքին, Ցեղասպանությունից մոտ հարյուր տարի անց, հայերը մարդկային եւ ֆինանսական ռեսուրսների հսկայական ներուժ էին կազմել` ոգեւորված իրենց հայրենիքի անկախությամբ եւ ձեռքբերումներով: Նրանք պատրաստ էին եւ ձգտում էին ամեն կերպ օգտակար լինել իրենց հայրենիքին:
Այժմ, առաջ անցնելով եւ 30-ամյակը դիմավորելով, մենք կարող ենք արագ հայացք գցել Հայաստանի, որպես ամբողջապես անկախ պետության անցած տարիների վրա, որոնցում նա էր իր ճակատագրի տերը եւ նրան միայն պարտավոր ենք շնորհավորել ձեռք բերված հաջողությունների ու նաեւ մեղադրել` սխալների ու թերությունների համար:
Մինչեւ 2020 թվի սեպտեմբերյան նվաստացուցիչ պատերազմը, սովորական հայի համար Հայաստանը թվում էր, թե ջանասիրաբար առաջ է գնում եւ զարգացման խելամիտ հաջողությունների է հասնում որպես նորանկախ պետություն: Իհարկե քաղաքական վերիվայրումներ եղան եւ կառավարություններ փոխվեցին. Տեր-Պետրոսյանին հաջորդեց Ռոբերտ Քոչարյանը, որն իր պաշտոնը զիջեց անպարտելի թվացող Սերժ Սարգսյանին, իսկ վերջինս զարմանալի արագությամբ իր հերթին պաշտոնը փոխանցեց Նիկոլ Փաշինյանի «ազատագրական թավշյա հեղափոխությանը», որն սկզբնական շրջանում խնդություն եւ նորանոր հույսեր արթնացրեց բոլորի մոտ:
Ինչպես նախկին խորհրդային այլ հանրապետություններ, Հայաստանը եւս ազատվելով համատարած կոռուպցիայի իրավիճակներից, կարծես վերջապես դառնում էր իսկական ժամանակակից պետություն, որտեղ հանգիստ կարելի էր ապրել եւ ներդրումներ կատարել: Դա ամեն հայի երազանքն էր եւ հպարտությունը: Եվ իրոք, չարագուշակ կաշառակերության հետեւանքում տաղանդավոր բնակչության մի զգալի մասն արդեն իսկ լքել էր հայրենիքը դժբախտաբար:
Արցախը եւ անվտանգությունը
Հայաստանում ընդունված կյանքի առավել կամ նվազ չափով նորմալ պայմաններում Արցախի հիմնահարցը մեծագույն մտահոգիչ թեման էր մնում: Ժողովրդի ենթագիտակցության մեջ Արցախը անառարկելիորեն հայկական հողակտոր էր, որտեղ մարդիկ հաջողակ գործարարներ էին դարձել եւ ապրում էին բնականոն պայմաններում: Շարունակական հակամարտությունն ու Ադրբեջանի սահմանային ոտնձգությունները դարձել էին տանելի անախորժություններ:
Հայաստանի անվտանգության, որը նաեւ ներառում էր նոր Հայաստանի անքակտելի մասը կազմող Արցախի անվտանգության վերաբերյալ մտահոգության նշույլն անգամ չկար: Ապահովության եւ անվտանգութան նման զգացումներ մարդկանց մոտ առաջացել էին որպես հետեւանք այն անփույթ վստահության, որ ղեկավարությունը ներշնչել էր (մոլորեցնելով մարդկանց), թե հայկական բանակն ՙամենամարտունակն է տարածաշրջանում՚:
Արցախյան երկրորդ պատերազմի քառասունչորսօրյա ողբերգական ավարտը բացահայտեց նոր Հայաստանի սարսափելիորեն տխուր իրականությունը: Պարզվեց ցավալիորեն, որ անկախության 30 տարիների ընթացքում, բոլոր իրարահաջորդ կառավարություններն անթույլատրելիորեն անպատասխանատու, անփույթ եւ մեղավոր վերաբերմունք են ցուցաբերել Հայաստանի բանակի վերազինման աշխատանքները ապահովելու եւ մարտունակությունը մշտական վերահսկողության տակ պահելու գործում, մինչդեռ դրանք պետք է լինեին նրանց գլխավոր առաջնահերթությունները:
Հայաստանի կառավարող իշխանությունների պատասխանատվությունն ստանձնած յուրաքանչյուր անձի համար պարզ պետք է լինի, որ աշխարհագրականորեն երկիրը շրջապատված է այնպիսի հարեւաններով, որոնց մեծամասնությունը թշնամաբար է տրամադրված եւ պատմականորեն միշտ էլ ձգտել է ամբողջովին բնաջնջել մեզ: Այդ պատճառով էլ օդի, ջրի եւ հացի պես կարեւոր էր պահպանել բարձրորակ բանակ: Այն պետք է լիներ գլխավոր առաջնահերթություն բոլոր ժամանակներում եւ ամենայն զոհողությունների գնով:
Եթե փորձենք նմանատիպ թշնամական հարեւաններով շրջապատված Իսրայելի օրինակը տարածել Հայաստանի վրա, իհարկե պահպանելով համամասնությունները, ապա ակնհայտ կդառնա, որ Հայաստանը շատ դասեր ունի քաղելու բազմաթիվ առումներով: 1948-ին որպես անկախ պետություն իր սաղմնային եւ դժվար տարիներից սկսած Իսրայելի ամբողջ բնակչությունը ապրել է մշտական ռազմական պատրաստվածության պայմաններում: Բոլոր տղամարդիկ եւ կանայք այնտեղ մարզված են եւ զինվորական վարժումների ենթարկված: Ինչո՞ւ նույնը չկիրառել նաեւ Հայաստանում: Իսրայելը տարիների ընթացքում կառուցել է աշխարհում ամենաբարձր մակարդակի ռազմական արդյունաբերությունը:
Իհարկե, կարիք չկա այդքան կատարելագործված բանակ ակնկալել Հայաստանից: Սակայն ինչո՞ւ Հայաստանը ամեն ջանք չգործադրեց պահպանելու համար այն ժառանգությունը, որ ձեռք էր բերել սովետական իշխանության տարիներին: Ինչո՞ւ էլ ավելի չզարգացրեց իր կարողությունները հատկապես լազերային, դրոնների (ԱԹՍ) եւ համապատասխանաբար այլ զինատեսակների արտադրության բնագավառներում: Հարցերի պատասխանները անխուսափելիորեն մատնանշում են Հայաստանի կառավարող շրջանակների եւ այսպես կոչված էլիտար մարդկանց անպատասխանատվությունը: Նրանք բավարար էին համարում Հայաստանի անկախության տոնակատարությունների ժամանակ ՙկենացներ՚ խմել երկրի անվտանգության համար:
Մենք` սփյուռքահայերս, նույնպես մեղավոր ենք: Համակերպվել էինք Հայաստանում տիրող այս խորապես վնասակար անտարբերության վերաբերմունքին: Անցյալում, ներկայիս եւ նույնիսկ 44-օրյա պատերազմի օրերին մենք եւս հավատացած էինք, որ Հայաստանի բանակը ի վիճակի է եւ արդյունավետ մարտունակությամբ է առաջ տանում պատերազմը թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ: 2020-ի նոյեմբերի 9-ի հանկարծակի եւ ողբերգական կապիտուլացիան բոլորովին այլ պատկեր պարզեց մեր առաջ: Թերությունների մի ամբողջ շարք քողազերծ արվեց: Իրականում, մինչ օրս խայտառակ պարտության ամբողջ մանրամասները դեռ չեն պարզվել, հետաքննչական հավաստի գործընթացի բացակայության պատճառով: Ավելին, պարտությունից մոտ մեկ տարի անց, եւ վատ կազմակերպված ընտրությունից հետո մենք ունենք բացարձակապես անգործունյա մի Ազգային ժողով: Հայաստանը, որպես երկիր, եւ հայությունը որպես ազգ անառարկելիորեն դիմագրավում է գոյութենական վտանգավոր սպառնալիքներ, որոնց անտեսելը հնարավոր չէ:
Վերոնշյալ «հաշվետվության» հետեւանքում, անկախության 30-ամյա հոբելյանին ընդառաջ, Հայաստանի ճակատագրով մտահոգված գիտակից ու լավատեղյակ հայերը, Հայաստանում, Արցախում, թե սփյուռքում, բոլորովին տոնախմբությունների տրամադրություն չունեն: Փոխարենը, նրանք սթափեցնող լուրջ խորհրդածություններ եւ անվերապահ պահանջներ ունեն ներկայացնելու:
Ներկայիս իրավիճակը Հայաստանում քաոսային է եւ անառարկելիորեն ինքնաքայքայիչ, ինչպես խորհրդարանի ներսում, այնպես էլ դրանից դուրս: Քոչարյանի, ՀՅԴ-ի եւ Սարգսյանի այսպես կոչված ընդդիմության ուժերը ապացուցել են, որ վերոնշյալ անտարբերության գագաթնակետին են գտնվել, եւ այսօր էլ շարունակում են այդ գործընթացը առանց որեւէ մեկ կառուցողական (այլընտրանքային) առաջարկ ներկայացնելու Փաշինյանի կառավարության ներկայացրած տարբերակներին: Վերջինս, որ խորհրդարանում մեծամասնություն ստացավ, որովհետեւ քաղաքացիները նախկին իշխանությունների դեմ քվեարկեցին, շարունակում է գործել միեւնույն ինքնավստահությամբ եւ ամբարտավանությամբ, որ ցուցաբերել է անցած մոտ երեք տարիների ընթացքում, որոնք ողբերգական ավարտ ունեցան:
Հետագա ճանապարհը
Ներկա իշխանությունը, որպես կանոն, ցարդ խուսափել է իր ընկերների եւ հետեւորդների նեղ շրջանակից դուրս որոնել քաղաքական եւ մտավորական տաղանդներին: Հայաստանը չի կարող հանդուրժել նման նեղ մտածելակերպը: Մենք պահանջում ենք, որ Հայաստանի տարածքում գտնվող մեծ թվով ուրիշ քաղաքական եւ մտավորական տարրեր եւս, վերջապես, զբաղվեն Հայաստանի ճակատագրով: Այսպես կոչված «երրորդ ուժը», որտեղ էլ նա թաքնված լինի, պարտավոր է դուրս գալ թաքստոցից, որպեսզի կանխվի ամբողջական խորտակումը եւ հայ ազգի կործանումը: Ներկայիս, որոշակի անձնավորությունների շուրջ համախմբված 25 քաղաքական կուսակցությունները ծիծաղելի խմբավորումներ են, որոնք ի վիճակի չեն որեւէ քաղաքական ազդեցություն ունենալու եւ երկիրը դուրս բերելու ճգնաժամային իրավիճակից:
Ի դեպ, ընտրություններից ընդամենը մի քանի ամիս անց, դարձյալ խոսակցություններ կան անցկացնելու «նոր ընտրություններ»: Երբ եւ եթե նման բան տեղի ունենա, նախորդ «դիմակահանդեսը» չպետք է կրկնվի: Գիտակից եւ արդյունավետ գործող «երրորդ ուժը» այժմվանից պետք է կազմավորվի, որպեսզի տնօրինի ազգի ճակատագիրը եւ «Ազգային փրկության» կառավարություն ձեւավորի:
Սփյուռքը, որ ամբողջովին մեկուսացված էր հայրենիքի վերջին քաղաքական վերիվայրումներից, պարտավոր է մասնակցություն ունենալ առնվազն իր քաղաքականապես գիտակից, լավատեղյակ անդամների ձեռք բերածով եւ ուրիշների էլ ամրագրած հաջողություններով:
Ակնկալվող «Ազգային փրկության» կառավարության, կամ որեւէ այլ պատասխանատու մարմնի հաջորդ առաջնահերթությունը պետք է լինի անմիջապես գործարկել պետության վերակառուցման երկար սպասված ծրագիրը եւ հրատապ ջանքեր գործադրել անկախ պետությանը անհրաժեշտ հուսալի եւ կենսական բաղադրիչները հայթայթելու համար:
Այս գործընթացում ամենակարեւորը Հայաստանի վնասված ռազմական կարողությունների վերականգնումն է: Դա նշանակում է ամբողջովին վերակառուցել բանակ, բարձրացնել մարտիկների բարոյականը եւ ձեռք բերել ժամանակակից հագեցվածության համապատասխան սպառազինություն: Վերջինս ենթադրում է վերականգնել նախկին ռազմաարդյունաբերությունը եւ գնել գերարդիական ռազմական տեխնիկա բարեկամ երկրներից եւ այլ առեւտրական շահույթ որոնող մատակարարներից: Եթե այս ջանքերին լուրջ չվերաբերվենք, իզուր է ձեւացնել, որ պետականության կառուցման որեւէ ծրագիր իրականացվում է:
Հենց երկրի պաշտպանության հարցը խելամիտ ձեւով լուծվի, հաջորդ կենսական քայլը լինելու է ծրագրեր մշակել զարգացնելու Հայաստանի ֆինանսական, արդյունաբերական, կրթական եւ մշակութային ենթակառուցվածքները: Գործընթացը պահանջում է վստահելի ծրագրեր կազմել Հայաստանի եւ նրա սահմաններից դուրս գտնվող կայացած մասնագետների օգնությամբ, որոնք կարող են լինել նաեւ օտարներ: Սփյուռքը կարող է եւ պետք է օգնի:
Վերոնշվածը կայունություն է առաջ բերելու Հայաստանում եւ վերականգնելու է ազգի բարոյական վիճակը, որն էլ ամեն տեսակի դրական գործունեության երաշխիքն է:
Որպես եզրակացություն նշենք, որ մոտ մեկ տարի տեւած ողբերգությունից հետո, Հայաստանի անկախության 30-ամյակի նշումը կարող է իրական նշանակություն ձեռք բերել, միայն եթե, եւ երբ ամբողջ հայ ժողովուրդը, Հայաստանում, Արցախում, թե սփյուռքում, վճռականորեն պահանջի, որ երկրի ղեկավարությունը ստանձնած պատասխանատու անձինք լրջորեն մոտենան վերը նշված խորհրդածություններին, հարգեն ու գործադրեն առաջարկված պահանջները:
Անգլ. թարգմանեց ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ
Դոկտ. ԱՐՇԱՎԻՐ ԳՅՈՆՋՅԱՆ, Մոնրեալ, Կանադա