ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ, ՌԴ-ում «Ազգ»-ի հատուկ թղթակից
Ճանաչված բարեգործ Հրաչյա Պողոսյանը ֆինանսավորել է իր կյանքի ամենածանր ու դժվարին նախագիծը
Պետերբուրգաբնակ մեր նշանավոր հայրենակից, ճանաչված բարերար եւ հասարակական գործիչ Հրաչյա Պողոսյանը, որն աշխարհի 14 երկրներում շունչ ու կենդանություն է հաղորդել 250-ից ավելի նախագծերի, իր գործունեության ընթացքում առնչվել է հազարավոր մարդկանց եւ ամենատարբեր ճակատագրերի հետ: Թե՛ ուրախ եւ թե՛ հիշատակի առիթներով ավարտուն գործերը տեսնելովՙ մարդիկ չեն կարողացել զսպել իրենց զգացմունքները, երբեմն հուզվել են, արտասվել, հնչել են նաեւ ուրախության, անկեղծ հիացմունքի եւ երախտիքի խոսքեր, որոնցից մեծապես քաջալերվել եւ ներշնչվել է բարեգործը: Բայց անկանխատեսելի փորձություններով լի մեր այս կյանքում Հրաչյա Պողոսյանը վերջերս բախվեց իր տասնամյակների գործունեության ամենածանր ու դժվարին իրողությանըՙ ֆինանսավորելով արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հայ 26 մարզիկների հիշատակը հավերժացնող հուշարձանի կառուցման աշխատանքները:
Հրաչյա Պողոսյանը, որ ամռանն ընտանիքով շուրջ երկու ամիս Հայաստանում էր, իմ խնդրանքով ներկայացրեց հուշարձանը կյանքի կոչելու որոշ մանրամասներ:
– Հայաստանում գտնվելու օրերին հանդիպեցի իմ վաղեմի ծանոթինՙ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանին: Նա երկար տարիներ ղեկավարել է Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջը եւ ցավով նշեց, որ մարզադպրոցի 26 սաներ նույնպես զոհվել են 44-օրյա պատերազմում, քոլեջը պետք է ունենա իր հերոսներին նվիրված հուշակոթողըՙ հավելելով, որ այս տարի բոլորում է աշխարհի տարբեր մրցաբեմերում բազմաթիվ մեդալներ նվաճած եւ մարզական փառահեղ ուղի անցած մարզօջախի 50-ամյակը: Ներկայումս մարզական քոլեջի տնօրենը ՀՀ սպորտի վաստակավոր վարպետ Վաղինակ Գալուստյանն է, որը մասնակցել է 2000, 2004 եւ 2008 թվականների օլիմպիական խաղերին, 2001 թվականինՙ դարձել աշխարհի չեմպիոն:
Զրույցի ընթացքում Դերենիկ Գաբրիելյանը ինձ դիմեց մի առաջարկ-խնդրանքովՙ ֆինանսավորել նշված երկու իրադարձությունների առթիվ կրթօջախի բակում հուշակոթողի տեղադրման շինարարությունը:
Դիմեցինք մի քանի ճարտարապետների, էսքիզներ ներկայացրին եւ, անկեղծ ասած, շատ ուրախացա, որ բոլորը հավանեցին Աշոտ Դավոյանի աշխատանքը: Նա եղել է Արագածոտնի մարզի գլխավոր ճարտարապետը, ինչպես նաեւ երկար տարիներ շինվարչության ղեկավարը, ում ես շատ լավ ճանաչում եմ: Նա նաեւ իմ հայրենի Ագարակ գյուղի մի շարք կառույցների գլխավոր ճարտարապետն էՙ Արարատ 73-ի հուշարձանը, Ագարակի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին, Զանգակատունը, Ագարակի հուշարձանը նվիրված Հայրենական մեծ պատերազմի զոհերին, Ագարակի խաղահրապարակը եւ այլն: Նա մեծատառով ճարտարապետ է եւ հայրենասեր մարդ:
Այդ հուշակոթողը յոթուկես մետր բարձրություն ունի, վերեւում օլիմպիական անմար կրակն է: Հուշարձանն ունի խորանՙ քանդակված խաչով, որի ներքո զոհված 26 տղաների անուններն են, ներքեւում էլՙ բացված գրքի պատկեր: Այդ հուշակոթողը դառնալու է մարզական քոլեջի խորհրդանիշը: Նախատեսված է, որ աշխատանքներն ավարտենք մոտ ապագայում, եթե մինչեւ 44-օրյա պատերազմի տարելիցի օրը պատրաստ չլինի, ապա այն ավարտուն տեսքի կբերվի եկող ամիսՙ մինչեւ հոկտեմբերի 5-ից 10-ը:
Շինարարությունն սկսելու նախօրյակին հրավիրեցինք Սուրբ Սարգիս եկեղեցու սպասավորներին, ովքերՙ Տեր Շահե քահանա Հայրապետյանի օրհնությամբ կատարեցին հուշակոթողի հիմնարկեքի արարողություն:
Ուզում եմ նշել, որ զգացմունքներս շատ ծանր էին, առաջին դեպքն է իմ կյանքում, որ ես ֆինանսավորում եմ երիտասարդ, ծաղկուն հասակում կյանքին հրաժեշտ տված տղաների հուշակոթողի կառուցումը, տղաներ, որոնց մահվան մեկ տարին էլ դեռ չի լրացել, երիտասարդ մարզիկներ, որոնց Օլիմպիական չեմպիոն դառնալու բաղձալի երազանքն այդպես էլ մնաց անկատար: Հուզված էինք բոլոր ներկաներսՙ զոհվածների հարազատները, մանկավարժ-մարզչական անձնակազմը, բազմաթիվ հյուրեր: Մանավանդ ծնողների եւ հարազատների համար վիշտը եւ կորստյան ցավը անփարատելի էր, արցունքներ տեսա նաեւ ուսուցիչների աչքերում, նրանք դասավանդել էին այդ տղաներին: Եվ մի պահ մտածեցի, որ ես այդ տղաներին թեեւ չեմ ճանաչել եւ ինձ համար էլ շատ ծանր է, իսկ ինչքան ծանր է այդ մեծ ցավը նրանց ծնողների, հարազատների համար: Աստծուն խնդրում էի, որ էլ երբեք նման կորուստներ չկրի մեր ազգը եւ նման հուշակոթողներ չկառուցվեն երբեք: Այդ պահին ցանկանում էի նաեւ, որ Աստված իմաստնություն շնորհեր աշխարհի բոլոր ղեկավարներին, նրանց, ովքեր իրենց որոշումներով մարդկային ճակատագրեր են տնօրինում, որպեսզի նրանք չափազանց խոհեմ գտնվեն եւ չկորցնենք մեր ոսկե սերունդը: Ո՜վ գիտե, այդ տղաներից կարող էին դառնալ աշխարհի եւ օլիմպիական չեմպիոններ, գրեթե պատանիներ էին, որոնք կյանքի քաղցրությունը չճաշակելովՙ զոհվեցին: Իսկ նրանց գալուն սրտատրոփ սպասող քանի քանի աղջիկների վրա դա ազդեց, նրանց ճակատագիրը նույնպես փոխվեց: Իհարկե, մենք հասկանում ենք, կա սրբազան օրենք, հայրենիքը պաշտպանել է պետք, հնարավոր չէ պահել հայրենիքն առանց պաշտպանելու, բայց այնքան իմաստնություն եմ ցանկանում ղեկավարներին, որ կարողանան ամեն ինչ անել, որպեսզի խուսափեն պատերազմներից:
Դեռ նման հուշակոթողներ շատ կկառուցվեն, պետք է հիշենք մեր հերոս տղաներին անուն առ անուն, եւ մեր կորուստների համար սգում են ոչ միայն Հայաստանի հայերը, այլեւ վիշտն ամբողջ ազգինն է, աշխարհի բոլոր երկրներում ապրող համայն հայությանը:
Մի քանի օր հետո ես պատիվ ունեցա մասնակցելու մատաղի արարողությանը, որը կազմակերպել էր քոլեջի տնօրեն Վաղինակ Գալուստյանըՙ իր տղայի զինվորական ծառայությունից վերադառնալու կապակցությամբ: Նրա տղան նույնպես մասնակցել է 44-օրյա պատերազմին: Այդ օրն էլ շատ հակասական զգացմունքներ էին պաշարել մեզ, մի կողմից ուրախ էինք, որ նրա տղան, մեր մյուս տղաները վերադարձել են, մյուս կողմից էլ նորից հիշեցինք դպրոցի 26 սաներին, մեր հազարավոր հերոս նահատակներին…
Շատ դժվար է: Եթե տարիքով հարազատ ես կորցնում, սգում ես ու ծանր ես տանում, իսկ պատկերացնո՞ւմ եք, որ խոսքը 18-20 տարեկան տղաների մասին է: Իմ քույրն էլ տղա կորցրեց, Արցախում որպես տանկիստ ծառայած ու բանակից նոր-նոր տուն վերադարձած եւ ապագայի հազար ու մի վառվռուն ծրագրեր հոգում անթեղած տաղանդավոր երիտասարդ Մելքոն Մելքոնյանը , որին 2019 թվականի հոկտեմբերի 28-ին Երեւանի Տիգրան Մեծ պողոտայում մահացու վրաերթի ենթարկեցին, իսկ այդ արարքը կատարած վարորդը մինչ օրս անպատիժ է: Ես գիտեմ, թե ինչքան անտանելի ցավ է երիտասարդի կորուստը եւ երեւի նման դեպքերի համար են ասումՙ թշնամուս անգամ չեմ ցանկանա նման բան:
Հրաչյա Պողոսյանի հետ զրույցից պարզվեց, որ այս ընթացքում, իր համար էլ անակնկալ ու անսպասելի, իրեն շնորհվել է ՌԴ Ամուրի երկրամասի Ցիոլկովսկի (նախկինումՙ Ուգլեգորսկ) քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում:
– Օգոստոսի 18-ին մի անակնկալ զանգ ստացա Ցիոլկովսկիի քաղաքային դումայից: Ասացին, որ հենց այդ օրը քաղաքային դումայի նիստում միաձայն որոշում է կայացվել ինձ այդ քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու մասին: Ինչ խոսք, հաճելի էր լսել այդ լուրը, մանավանդ, որ Ցիոլկովսկի քաղաքը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բնորոշմամբՙ ռուսական տիեզերագնացության ապագա մայրաքաղաքն է: Եվ ես այդ օրը մեկ անգամ եւս համոզվեցի, որ այս կյանքում ոչ մի լավ գործ չի մոռացվում:
Հրաչյա Պողոսյանը պատմեց, որ երբ 2012-ին Վլադիմիր Պուտինի հրամանագրով այդ քաղաքում սկսվեց Վոստոչնիի տիեզերակայանի շինարարությունը, այնտեղ մեկնեց նաեւ իր հիմնած շինարարական ընկերությունը: Պրոֆեսիոնալիզմի եւ առաջադրված խնդիրների նկատմամբ բարեխիղճ վերաբերմունքի համար Հրաչյա Պողոսյանը բազմիցս արժանացել է քաղաքի եւ տիեզերակայանի շինարարության ղեկավարության դրվատանքին:
2014-ին բարերարը Ցիալկովսկի քաղաքում տեղադրեց Կոնստանտին Ցիոլկովսկու կիսանդրին, ում անունով էլ հետագայում կոչվեց քաղաքը: Պողոսյանը ֆինանսավորեց նաեւ «Այն, ինչը անհնարին է այսօր, հնարավոր կդառնա վաղը» վավերագրական ֆիլմի ստեղծումը, որը պատմում է ռուս տիեզերագնցության հայրը համարվող Կոնստանտին Ցիոլկովսկու կյանքի եւ գործունեության մասին:
Հարկ է նշել, որ պատվավոր քաղաքացու կոչում նախկինում երեք անգամ եւս շնորհվել է մեր հայրենկցինՙ Լենինգրադի մարզի Կիրովի շրջանի, Արագածոտնի մարզի Ագարակ գյուղի եւ Սյունիքի մարզի Ծավ գյուղի պատվավոր քաղաքացի Հրաչյա Պողոսյանին:
250 բարեգործական ծրագրերից, որոնք Հրաչյա Պողոսյանն իրականացրել է 14 երկրում, մոտ տասը կապված են Հեռավոր Արեւելքի հետ, իսկ հարյուրն առնչվում են հայկական մշակույթին, որոնք իրականացվել են Հայաստանում եւ Հայաստանից դուրս: Դրանք հուշարձաններ են, գրքեր, ֆիլմեր եւ մեր պատմությանն ու մշակույթին վերաբերվող բազմաթիվ այլ ուշագրավ գործեր:
Հրաչյա Պողոսյանն արդեն երկար տարիներ հայ-ռուսական բարեկամության եւ երկկողմ հարաբերությունների ամրապնդման ու սերտացման ջատագովն է եւ մարմնացումն է պատվախնդիր հայի, որը ճակատագրի բերումով ապրելով եւ աշխատելով դրսում, ոչ միայն բարձր է պահում ազգային արժեքներն ու հայի անունը, այլեւ հոգով ու սրտով հայրենիքի հետ է:
– Հայ-ռուսական հարաբերությունները շատ կարեւոր են մեր ազգի համար,-ասում է Հրաչյա Պողոսյանը: Երբ ես առաջին անգամ պետք է գնայի Ռուսաստանՙ սովորելու, հայրս ասացՙ դու ոչ թե գնում ես որպես ուսանող, այլ հայերի ներկայացուցիչ, պիտի բարձր պահես հայերի անունը: Մինչդեռ ոմանք ասում են, թե իրենց չեն հետաքրքրում մեր երկու երկրների հարաբերությունները: Բայց դա այդպես չէ, պետական քաղաքականությունն անդրադառնում է նաեւ անձերի վրա, այդտեղ ապրող ժողովուրդների վրա: Շատերի համար այսօր Ռուսաստանը դարձել է հարազատ օջախ, կարելի է ասելՙ հայրենիք, այս երկրում ծնվել են, հասակ առել, ամուսնացել: Եթե ապրում ես Ռուսաստանում, պետք է սիրես այդ երկիրը, ենթարկվես ու հարգես օրենքները, իսկ եթե նաեւ անտարբեր չես քո հայկական ծագմանը, Հայաստանի նկատմամբ, ապա քո գործերով պետք է բարձր պահես քո պատմական հայրենիքի պատիվը, օտարների շրջանում առավել ճանաչելի դարձնես քո մեծերին: Ես նաեւ հենց այս մտահոգությամբ էր, որ վերջին տարիներին ռուսաստանյան երեք թանգարանի նվիրաբերեցի Խորհրդային Միության նավատորմի ծովակալ, Խորհրդային Միության հերոս, Հայրենական Մեծ պատերազմի տարիներին պաշարված Լենինգրադի ազատագրման գործում մեծ ներդրում ունեցած հայորդուՙ Հովհաննես Իսակովի բրոնզե երեք կիսանդրիները:
Ընդհանրապես, Հրաչյային ճանաչողները նրան բնութագրում են որպես հայրենասեր, մարդասեր ու արժանապատիվ հայորդու:
Իր բազմաթիվ ֆանտաստիկ ու աներեւակայելի բարեգործական մտահղացումներով ու նախաձեռնություններով աչքի ընկած մեր հայրենակցին Սանկտ Պետերբուրգում այսպես են բնորոշում. «Պետերբուրգը հարուստ է տաղանդավոր մարդկանցով: Ոչ թե ամպագոռգոռ բառերով, այլ կոնկրետ գործերով, մարդկանց հանդեպ մարդկային վերաբերմունքով Հրաչյա Պողոսյանը ցույց է տալիս, թե ինչպես պետք է ապրել, սիրել հայրենիքը եւ մեր քաղաքը, որին մենք ծառայում ենք: Մենք հպարտ ենք, որ մեր քաղաքում ապրում են նրա նման մարդիկ»:
Կորոնավիրուսի համավարակի բռնկման հենց սկզբնական շրջանում Պողոսյանը շտապել է Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքից հայրենակիցներին ուղարկել իր աջակցությունըՙ թոքերի արհեստական օդափոխության սարք, որը տրամադրվել է Նորք Մարաշի ինֆեկցիոն հիվանդանոցին, իսկ Արցախյան վերջին պատերազմի օրերին քաջ գիտակցելով, որ առավել քան երբեւէ, մեզ անհրաժեշտ է համազգային համախմբվածությունՙ Հայրենիքին ցուցաբերել է իր անշահախնդիր օգնությունը, որը մինչեւ օրս շարունակվում է:
Շուտով նոր հուշարձանի բացում է սպասվում Երեւանում, զոհվածների հուշակոթողի բացման արարողություն: Եվ թող մեզ երբեք հանգիստ չտան Հրաչյա Պողոսյանի խոսքերըՙ անիծվի պատերազմը, թող այլեւս նման հուշակոթողներ վեր չխոյանան…
Զոհված սաների անվանացանկ
1. Պապյան Հայկ Վահրամի
2. Մանվելյան Հունան Սարգիսի
3. Համբարձումյան Էդգար Հովակիմի
4. Մարանջյան Էդուարդ Արտուշի
5. Չատինյան Արեն Արթուրի
6. Ղամբարյան Հովհաննես Մխիթարի
7. Աղասյան Արսեն Գրիգորիի
8. Խեչոյան Արսեն Կարենի
9. Ղալումյան Միշա Արմանի
10. Գալստյան Լեւոն Արմենի
11. Հովհաննիսյան Սերգեյ Արտաշեսի
12. Նազարյան Ավագ Արթուրի
13. Խաչատրյան Հրաչ Նորայրի
14. Գինոսյան Նարեկ Համլետի
15. Խաչատրյան Կարեն Արմենի
16. Մկրտչյան Արամ Մհերի
17. Ասլանյան Վազգեն Արմենի
18. Խաչատրյան Վահե Հրանտի
19. Ղազարյան Արման Արսենի
20. Ասատուրյան Նարեկ Վլադիմիրի
21. Հովսեփյան Նարեկ Գրիգորի
22. Սողոմոնյան Սիփան Արմանի
23. Երմալովյան Գոռ Վարդանի
24. Հովհաննիսյան Մելքոն Թելմանի
25. Առաքելյան Արմեն Ալիկի
26. Իսրայելյան Սիմոն Սպարտակի