Այնպես է ստացվել, որ մինչեւ վերջերս հայ ժողովրդի պատմությունը մեզանում ուսումնասիրվել եւ ուսուցանվել է համաշխարհային պատմությունից կտրված, կղզիացած ու ինքն իր մեջ ներփակված: Միայն երբեմն-երբեմն շատ թռուցիկ անդրադարձներ են եղել աշխարհացունց իրադարձություններին եւ այն էլ այնքանով, որքանով դրանք ուղղակի ազդեցություն են ունեցել մեր ճակատագրի վրա: Այդ հարցն ավելի տխուր վիճակում է նաեւ Սփյուռքում: Այնտեղ նայած թե որ կուսակցության հովանավորությամբ է գործում այս կամ այն կրթօջախը, հայոց պատմությունը ուսուցանվում է ոչ միայն համաշխարհայինից կտրված, այլեւ տվյալ կուսակցությանը հարմար, իրեն ձեռնտու պարզաբանում-մեկնաբանություններով: Վերջին ժամանակներում թեեւ երկչոտ, սակայն փորձեր են արվում այդ սխալն ուղղելու ուղղությամբ, որն, անկասկած, դրական տեղաշարժ է: Ու որպեսզի կարողանանք դուրս գալ «Մենք ենք, մեր սարերը» հոգեվիճակից, անհրաժեշտ է մերօրյա կարեւոր իրադարձություններին անդրադառնալիս ցույց տալ հայ ժողովրդի կապն ու կրած ազդեցությունը դրանցից: Սույն հոդվածն էլ այդպիսի փորձ է:
Ընդունենք կամ ոչ, աշխարհում լուրջ փոփոխություններ են կատարվում: Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բայդենի համար եւս ձախողված համարվեց Քիսինջերի քաղաքական կուրսը, որով նախատեսվում էր միլիոններ զոհելով Կենտրոնական Ասիայում (եւ ոչ միայն) պահել ԱՄՆ-ի ազդեցությունը, եւ ճիշտ համարելով դեռեւս Թրամփի ընդունած «Ամերիկան ամերիկացիների համար» հայեցակարգըՙ դուրս բերեց իր զորքն Աֆղանստանից: Այնտեղ հերթական անգամ հաղթանակ տարավ եւ իր իշխանությունը հաստատեց «Թալիբան» շարժումը: Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ն եւ Արեւմուտքը երբ ցանկանում են որեւէ երկրի հիմնավորապես ենթարկեցնել իրենց, դրանք հայտարարում են միջազգային ահաբեկչության օրրան եւ ամբողջ միջոցներով սկսում պայքարել դրա դեմ, հնարավորինս ավերում ու թուլացնում այն (վերջին շրջանում այդպես եղավ Իրաքում, Սիրիայում, Լիբիայում): Նույնը փորձեցին կատարել նաեւ Աֆղանստանում, բայց ինչ-ինչ պատճառներով կիսատ մնաց: Ինչո՞ւ:
Նախՙ բռնապետերի կամ ահաբեկիչների, ժողովրդավարների կամ ազատարարների մասին տեսությունների ստեղծումն ուղիղ համամեմատական է Արեւմուտքի ծավալապաշտական ձգտումներին: Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձությունները ցույց տվեցին, որ Թալիբների գործողությունները բոլորովին էլ չեն խոսում այն մասին, որ նրանք ահաբեկիչներ են, եւ որ ԱՄՆ-ը հաստատվելով այնտեղՙ տեղի ժողովրդի համար ժողովրդավարություն եւ խաղաղություն էր ուզում հաստատել: Նախկինում էլ գրեթե նույն սցենարով էր գործում նաեւ ԽՍՀՄ-ը. Բրեժնեւի դրածո Բաբրակ Քարմալը ամենեւին էլ չէր արտահայտում աֆղան ժողովրդի շահերը: Այնպես որ, «Թալիբան» շարժման հաղթանակը ցույց տվեց, որ թեկուզ տրիլիոն դոլար էլ ծախսած լինես, արդյունք չի տա, եթե հաղթանակի հասնելու հարցում ժողովուրդը միակամ է եւ վճռական: Եվ որքան էլ այժմ փորձեն աֆղան ժողովրդի հաղթանակը համարել ահաբեկչական ուժի հաղթանակ, իրականում բոլորովին էլ այդպես չէ: Թալիբաների վարքագծից պարզ երեւում է, որ նրանք հանդուրժող են տարբեր ազգություններից բաղկացած ողջ բնակչության նկատմամբ: Այլ բան է, որ բոլոր նրանք, ովքեր դեմ գնալով սեփական ժողովրդի շահերին համագործակցել էին ամերիկացիների հետ, դիմեցին փախուստի: Ընդ որում, թալիբների այդ հանդուրժողականությունը դրսեւորվեց նաեւ իրավաբանորեն, որի առհատչյան եղավ նրանց հայտարարած ընդհանուր համաներումը: Իսկ նրանց կողմից ԶԼՄ-ներով շարունակաբար եւ հաճախակի հնչեցրած իրար հանդուրժելու կոչերը, մեղմ ասած, ամենեւին չեն վկայում ահաբեկչության եւ բռնության մասին:
Կարելի է ենթադրոլ նաեւ, որ ԱՄՆ-ը հերթական խարդավանքն է հյուսում Ռուսաստանի դեմ: Քանի որ ոչ ոք ոչ ոքի հենց այնպես ոչինչ չի նվիրում, հետեւապես բոլորովին չի կարելի բացառել այն, որ իրենց իսկ երկրում իշխանությունը Թալիբանին զիջելով եւ հսկայական քանակի նորագույն զինատեսակներ ու տեխնիկա թողնելովՙ ԱՄՆ-ը փոխարենը նրանցից կպահանջի անել ամեն ինչ միջինասիական պետությունները Ռուսաստանից «պոկելու» կամ ամենաքիչը համեմատաբար հանգիստ այդ տարածաշրջանում խժդժություններ կազմակերպելու համար:
Այս խորապատկերի վրա հետաքրքրականն այն է, որ մեր շատ քաղաքագետներ, իրենց երկրի ծանր ու անորորշ վիճակը թողած, արդեն «կարդում են» թալիբների մտքերն ու նպատակները եւ գնահատում են նրանց Հայաստանին պատճառվող վտանգներն ու դրանցից բխող վնասների չափը: Հատկապես շեշտվում է եւ հայերիս համար սարսափելի հնչող թալիբանների մահմեդական լինելու եւ ջիհադի օրենքներով առաջնորդվելու հանգամանքները: Բայց իզուր: Քանի որ նախՙ «սատանան այնքան սարսափելի չէ, որքան իր անունը», հետո էլ նրանց պահվածքից եւ տարածած հայտարարություններից ակնհայտորեն պարզ երեւում է, որ թեեւ թալիբներն ստեղծելու են մի նոր իսլամական ֆունդամենտալիզմի տիպի պետություն, սակայն դրա գլխավոր նպատակը լինելու է ինքնուրույնությունն ու անկախությունը պահպանելը:
Նկատելի է նաեւ, որ Աֆղանստանի հարցում կրկին ակտիվացել է Ռուսաստանը եւ աննախադեպՙ նաեւ Չինաստանը: Սակայն վերլուծությունները ցույց են տալիս, որ վերջիններս ավելի խելացի են այնքան, որ հազիվ թե կրկնեն ԽՍՀՄ եւ ԱՄՆ բռնությամբ այնտեղ կրկին վարչակարգ փոխելու դառը փորձերը: Իսկ Թուրքիայի Աֆղանստանին իր ազդեցության տակ գցելու ձգտումներն ավելի շատ թմբկահարվող քարոզչություն են, քան իրականությանը մոտ գործողություններ: Կարծում ենք նաեւ, որ գրեթե քայքայված տնտեսություն ժառանգած թալիբները դժվար թե ծավալապաշտական նպատակներ որդեգրեն: Իսկ Փուշթունների հետնորդները, որոնց ժամանակին չկարողացավ ծնկի բերել նույնիսկ ամենազորեղ Ալեքսանդր Մակեդոնացին, կամաց-կամաց ժողովուրդների մեջ կարմատավորվեն որպես ազատության եւ անկախության աննկուն մարտիկներ: Այնպես որ, պանթուրքիզմից վախեցած հայ քաղաքագետներն ամենեւին էլ թող նոր թշնամի չփնտրեն թալիբական նորաստեղծ պետության մեջ: Ավելի լավ կլինի, որ կատարված իրադարձությունները մանրամասն ուսումնասիրենք եւ դրանցից դասեր քաղենք: Հատկապես կարեւոր է հասկանալ վերջապես, որ մեր ազգային անվտանգության հայեցակարգը չպետք է կառուցենք Ռուսաստանի կամ Արեւմուտքի մեր տարածաշրջանում ներկայության վրա, քանի որ նրանք ամեն րոպե կարող են լքել մեզ եւ հեռանալ: Կարեւոր է նաեւ ըմբռնել, որ ներկա պահին Ռուսաստանին հակադրվելը մեր շահերից չի բխում: Հետո էլ նա եւս կարող է հեռանալ եւ մեզ մենակ թողնել մեր ոխերիմ թշնամու հետ: Անչափ կարեւոր է, որ մենք մենք ճիշտ դիվանագիտություն որդեգրենք նրա այս տարածաշրջանում ունեցած գործունեության բոլոր դրսեւորումների դեպքում եւ հանկարծակի չգանք նրա քայլերից:
Անցյալում նույնպես մեզանում գրեթե նույնատեսակ իրավիճակ եղել է: Երբ 1917թհեղափոխությունների հետեւանքով մեր տարածաշրջանը լրիվ դուրս մնաց ռուսական ազդեցությունից եւ ծնվեց Հայաստանի առաջին Հանրապետությունը, հայտնվեցին Արեւմտյան տերությունները, բայց երբ սկսվեց ռուսական մակընթացությունը, նրանք լքեցին մեզ եւ հեռացան: Երբ քայքայվեց ԽՍՀՄ-ը, Ռուսաստանն ամբողջովին չլքեց տարածաշրջանը, սակայն ծնվեց Հայաստանի երրորդ հանրապետությունը: Ավելին, դրվեցին Արցախի անկախ պետականության ստեղծման հիմքերը: Ամեն ինչ բարեհաջող էր ընթանում, սակայն Արեւմուտքի լռելյայն համաձայնության պայմաններում տեղի ունեցավ Ադրբեջանի հաղթանակը: Չգիտեմ էլ ինչ կլիներ, եթե դարձյալ Ռուսաստանի միջամտությամբ չդադարեցվեին ռազմական գործողությունները: Իսկ արեւմուտքը դարձյալ լռում էր կամ նրա գործառույթները պաշտպանվող հայերի ու ագրեսոր ազերիների միջեւ հավասարության նշան դնելուց եւ հայանպաստ որոշ թռուցիկ հայտարարություններից այն կողմ չանցան:
Բոլորովին էլ բացառված չէ, որ վաղը նորից նույն սցենարը կրկնվի: Հետեւապես մեզանից այժմ պահանջվում է նոր իրողությունների սթափ վերլուծությամբ նուրբ դիվանագիտություն մշակել: Հարկավոր է ըմբռնել վերջապես, որ այլ տերությունների երաշխավորություններով անվտանգություն ստեղծելու փորձը հանգեցրեց մեր Արշակունյաց, Բագրատունյաց եւ Կիլիկիայի հզոր տերությունների անկմանը: Այսինքնՙ վերջապես ժամանակն է սերտել այս դասը: Կարծում եմ դրա կարիքն ունի նաեւ Ադրբեջանը, քանի որ որպես դաշնակից նրա կողքին կարող են չլինել ոչ Թուրքիան, ոչ Պակիստանը կամ մեկ ուրիշը եւ նա մենակ մնա մեզ հետ: Հարկավոր է հստակ գիտակցել, որ բոլորը գալու են եւ գնան եւ մենք մնալու ենք մեր հարեւանների հետ մենակ: Եթե հարեւաններով այս պարզ ճշմարտությունը հասկանանք, ապա դրանից միայն ու միայն երկուստեք կշահենք:
Աֆղանական իրադարձությունները մեզ հուշում են, սովորեցնում, որ նպատակասլաց ու միասնական գործելու դեպքում հաղթանակը վաղ թե ուշ լինելու է: Միայն թե հարկավոր է այժմ ձերբազատվել այն տխուր իրողությունից, որ մենք վախենում ենք մեր ուժից, որ մեզ վարժեցրել են ուրիշի ուժին, որ մենք ընտիր հպատակ ենք, խելոք կատարող եւ որ մենք հայտնագործություն ենք ուրիշի ձեռքի տակ: Հասկանանք վերջապես, որ ինչպես Սպարապետն էր ասում. «Հայ մարդ, հիմա ուրիշը Դո՞ւ ես: Քո ուրիշը Դո՛ւ ես… Մի հավատա, թե քո թշնամին քեզնից ուժեղ է: Թշնամուդ ուժեղացնողը քո վախն է, քո ցավն է, քո հիմարությունն է»:
25.08-18.09.2021