Չորեքշաբթի, 5 Օգոստոս, 2026

ՍԻՐԻԱՑԻՆԵՐԻ ՏՆԵՐՆ ՈՒ ԽԱՆՈՒԹՆԵՐԸ ՀԱՐՁԱԿՄԱՆ ԵՆ ԵՆԹԱՐԿՎԵԼ ԱՆԿԱՐԱՅՈՒՄ

«Միլիոնավոր սիրիացիներ, որոնք փախչելով իրենց երկրի պատերազմական իրադրությունից, ապաստան էին գտել Թուրքիայում, այժմ ստիպված են դիմագրավել թշնամանքի հետզհետե աճող տրամադրությունները, որոնց գումարվում են երկրի տնտեսության վատթարացումն ու թագավարակի համաճարակը», գրում է Ամբերին Զամանը «Ալ-Մոնիտորում»: Մոտավորապես 3,7 միլիոն սիրիացի փախստականների դեմ թշնամանքն իր գագաթնակետին հասավ, շարունակում է նա, օգոստոսի 11-ին, երբ գազազած ամբոխն արհամարհական բացականչություններով ներխուժեց մայրաքաղաքի Ալթընդաղ կոչված բանվորական շրջանը եւ սկսեց ավտոմեքենաներ կողաշրջել, եւ ապակիներ ջարդելով թալանել սիրիացիներին պատկանող խանութները: Առնվազն 76 մարդ ձերբակալվեց վանդալիզմի այդ դրսեւորման կապակցությամբ, որն առաջացել էր, ըստ ոմանց, 18-ամյա թուրք մի երիտասարդիՙ Էմիրհան Յալչինի դանակահարության պատճառով: Երիտասարդը սպանվել էր սիրիացիների միջեւ ծագած վեճի ընթացքում:

Փախստականները կազմում են մոտ 83 միլիոն բնակչության հինգ տոկոսը: Գործազրկությունն ու փողի արժեզրկումը խթանում են փախստականների հոսքի հանդեպ թուրքերի ատելությունը: Նրանց կարծիքով փախստականները, որոնց երկրում առկա թվին ավելացել են վերջերս Իրանի ճամբով Թուրքիա տեղափոխված աֆղանները, «գրավել են» Թուրքիան, 500-ից 1,500 աֆղանցիներ օրական մուտք են գործում Թուրքիա: Իրականում Թուրքիան ինքն է տարածքներ գրավել Սիրիայում եւ չնայած կառավարական հաշվարկներով 50 միլիարդ դոլար է ծախսվել փախստականների վրա, պետք է նշել, որ եվրոպական երկրներից միլիարդավոր դոլարների հոսքը Թուրքիա չի դադարում:

Թալիբների ճիրաններից փախչողների մուտքը Թուրքիա արգելելու նպատակով Անկարան 295 կիլոմետր երկարությամբ պատ է կառուցում Իրանի հետ սահմանին:

Ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (CHP) կուսակցության առաջնորդ Քեմալ Կիլիջդարօղլուն խոստացել է իշխանության ղեկն ստանձնելու դեպքում փախստականներին, հատկապես սիրիացնիերին, երկու տարվա ընթացքում ետ իրենց երկրները ուղարկել: Պատասխանելով նրանՙ նախագահական խոսնակ Օմեր Չելիկն ասել է, որ մրցակցությունը, ճիշտ է, անհրաժեշտ է քաղաքականության մեջ, բայց անջատողական եւ բեւեռականացման կամ ատելության հռետորաբանությունները երբեք էլ որպես մրցակցության գործելաոճի բաղադրիչ մաս չեն մեկնաբանվել: Իսկ Անկարայի ոստիկանությունը հայտնել է, որ ձերբակալվածների մեջ են այն անձինք, որոնք հրահրել են վայրագությունները սիրիացիների դեմ:

Ժողովրդից ոմանք ամոթանք են տվել հրահրողներին, բայց նշել են, որ իրենք ոչ թե դեմ են ընդհանրապես փախստականներին, այլ «անվերահսկելի միգրացիային», որ վախ է սփռում ինչպես ժողովրդի, այնպես էլ սիրիացիների շրջանում, գրում է Ամբերին Զամանը: