Ուրբաթ, Հոկտեմբերի 24, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՖՂԱՆՍՏԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ

03/09/2021
- 03 Սեպտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Աֆղանստանի կառավարության անկումն ու երկրի գրավումը թալիբների կողմից, որ բազմաթիվ երկրներ ահաբեկչական կազմակերպություն են համարում, շարունակում է մնալ աշխարհի լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Ահաբեկչական գործողություններն ու մարդկանց հուսահատ էվակուացիան էլ ավելի են սրել իրավիճակը: Աշխարհը տագնապով հետեւում է, թե զարգացումները ուր են առաջնորդելու: Հայերս մտահոգվելու հավելյալ պատճառ ունենք, քանի որ Թուրքիան է մասնակից այդ զարգացումներին, որոնք հավելյալ դիվիդենտներ կարող են բերել Թուրքիային:

Համաշխարհային Առեւտրի կենտրոնի վրա 2001 թվի սեպտեմբերի 11-ին կատարված հարձակումից հետո, Մ. Նահանգները որոշեց պատերազմ մղել ահաբեկչության դեմ եւ տապալել թալիբների իշխանությունը Աֆղանստանում, որտեղ ահաբեկչական գործողություններն էին մշակվում եւ որտեղ դրանց կազմակերպիչներն էին ապաստանել:

Թալիբներին իշխանությունից հեռացնելուց եւ 9/11-ի գլխավոր մեղսակից Օսամա Բեն Լադենին սպանելուց հետո Մ. Նահանգները չհայտարարեց, որ իր առաքելությունն ավարտված է: Ի դեպ, Բեն Լադենը ապահով ապաստան էր գտել Պակիստանում, որ նույնպես համարվում է ահաբեկչության օրրան: Եվ հակառակ որ Մ.Նահանգները Պակիստանին հեռավոր դաշնակցի կարգավիճակում էր պահում, Պակիստանի հետախուզությունն էլ ֆինանսավորեց, զինեց եւ ուղղորդեց թալիբների գործողություններն ընդդեմ Աֆղանստանում տեղակայված ամերիկամետ կառավարության:

Վաշինգտոնը բոլորովին էլ բավարարված չէր ահաբեկիչներին սանձելու եւ երկրի ենթակառուցվածքները ապամոնտաժելու իր գործողություններով: Նա սկսեց պետություն կառուցելու մի գործընթաց, առաջնորդվելով արեւմտյան ոճի ժողովրդավարություն պարտադրելով երկրին, որտեղ ժողովուրդը բոլորովին տարբեր իրականության մեջ է ապրում եւ ունի տարբեր զգացողություններ:

«Outlook» պարբերականի օգոստոսի 29-ի համարում տպագրված «Արյուն ավազի վրա» խորագրով հոդվածում Ջեֆրի Սաչսը գրում է. «Աֆղանստանում Մ. Նահանգների առաքելության ձախողումը ահավոր է: Դա դեմոկրատների կամ հանրապետականների ձախողումը չէ, այլ ամբողջ ամերիկյան քաղաքական եւ դիվանագիտական մշակույթի ձախողումը, որ արտացոլում է քաղաքականությունը կերտողների անտարբերությունը հանդեպ այլ հասարակությունների եւ այլ մտածողության տեր մարդկանց: Եվ դա շատ տիպիկ է: Աշխարհում կատարված ամերիկյան բոլոր ռազմական ներխուժումները ձախողվել են»:

Եթե ժողովրդավարական իշխանություն ունենալը բխում է ժողովրդի կամքից, նշանակում է այդ ժողովուրդը բավական հասուն է հասկանալու եւ գործադրելու ժողովրդավարական ընթացակարգերը: Չկա այնպիսի ձեւաչափ, որ հարմար լինի բոլորին: Այդ պատճառով էլ Քաբուլում իշխող արհեստական կառավարությունը փլուզվեց, անմիջապես որ նախագահ Բայդենը հայտարարեց, որ մտադիր է վերջ դնել այնտեղ ընթացող հարատեւ պատերազմներին եւ ետ քաշվել, նույնիսկ մինչեւ թալիբների կցկտուր բանակը կհասցներ բեռնատարների վրա տեղակայված գնդացիրներով առաջ շարժվել: Այդտեղից էլ սկսվեց երկրից խուճապահար փախչելու գործընթացը: Ոչ ոք դեռ պատասխանատվության չի ենթարկվել ամերիկացի հարկատուների վճարած մեկ տրիլիոն դոլարն իզուր վատնելու համար:

Նախագահ Բայդենի որոշման ճիշտ կամ սխալ լինելը կորոշվի միջանկյալ ընտրությունների արդյունքով:

Առանձնապես թալիբների նկատմամբ հակակրանք չկար Ռուսաստանում եւ Չինաստանում, երբ նրանք գրավեցին Քաբուլը, քանի որ այդ երկրները չեզոք դիրք էին բռնել Աֆղանստանում տեղի ունեցող պատերազմների հանդեպ: Ընդհակառակըՙ երբեմն նույնիսկ քաղաքական օժանդակություն էին առաջարկել թալիբների առաջնորդներին: Սակայն շատ վաղ է ուրախանալ ամերիկյան քաղաքականության ձախողման առիթով, որովհետեւ նորընթաց սցենարը հավանական է նոր մտահոգությունների պատճառ դառնաՙ հաշվի առնելով Թուրքիայի ազդեցության ընդարձակումը տարածաշրջանում:

Հենց նման զարգացումն էլ ազդելու է նաեւ Հայաստանի վրա:

Նույնիսկ նախքան Աֆղանստանում Թուրքիայի ներկայության հետեւանքները քննարկելը, Ղարաբաղում լուրջ ահազանգեր հնչեցին: Արտգործնախարար Դավիթ Բաբայանը «news.am»ին հաղորդեց, որ իշխանությունը թալիբների ձեռքն ացնելուց հետո, «Ալ-Ղաիդայի» մարտիկների մի մասը շտապ տեղակայվում է Ադրբեջանի կողմից գրավված Արցախի Հանրապետության տարածքներում: Դրանով Թուրքիան ցանկանում է պահպանել մարտիկների որոշակի քանակ, որ նա կարողանա օգտագործել աշխարհի տարբեր շրջաններում, ինչպես Միջին Արեւելքում եւ այլուր: Ղարաբաղի գրավյալ տարածքներում արդեն իսկ «բազմաթիվ միջազգային ահաբեկչական խմբավորումներ կան, որոնք Ադրբեջանի վերահսկողությունից դուրս են: Չմոռանանք նաեւ, որ Թուրքիան իր դիրքերն է ամրապնդում Ադրբեջանում»:

Ակներեւ է, որ Ղարաբաղյան պատերազմում Ադրբեջանին հաղթանակ պարգեւելուց հետո Թուրքիան, փոխարենը, ձեռք է բերել Ադրբեջանի ամբողջական վերահսկողությունը:

Նախագահ Ալիեւը շարունակում է սպառնալ Հայաստանին, չգիտակցելով, որ իր երկրի ինքնիշխանությունն է վտանգված: Նման զարգացման նշաններ կարելի է տեսնել Բալկաններ կատարած այցից հետո տուն վերադառնալիս Էրդողանի հայտարարության մեջ, որտեղ Ալիեւի գլխի վերեւից թռնելով Հայաստանի հետ խաղաղության պայմաններն էր ուրվագծում:

Ադրբեջանում աֆղան ահաբեկիչների կուտակումը մտահոգիչ լուրջ վտանգ է Հայաստանի համար: Սակայն իսկական վտանգը, իր սաղմնական վիճակում, թերեւս գտնվում է հենց Աֆղանստանում:

Իր օսմանական ծրագրերը իրականացնելու համար Էրդողանը երկսայր քաղաքականություն է վարում, իսլամական կամ թուրքական ինքնությունը որպես զենք օգտագործելով: Կենտրոնական Ասիայում «մադրասաներ» (երիտասարդ սերնդի համար ծայրահեղ մահմեդական կրթօջախներ) հիմնելը շոշափելի արդյունք չտվեց, քանի որ այդ երկրների ժողովուրդները մեծացել եւ կրթվել էին խորհրդային իշխանության աթեիստական մթնոլորտում: Այդ պատճառով էլ Թուրքիայի նախագահը գերադասեց ապավինել այդ երկրների ռասսայական եւ լեզվական ընդհանրություններին, որը կարծես արձագանք գտնում է այդ տարածաշրջանում: Էրդողանի «Մեկ ազգ-երկու պետություն» բանաձեւը շուտով ներառելու է նաեւ Կենտրոնական Ասիան:

Աֆղանստանում Թուրքիան կարիք չունի «մադրասաներ» հիմնելու, որպեսզի կրոնը որպես զենք օգտագործի: Թալիբները Էրդողանի հետ նույն հարթության վրա են: Վերջինս խոստովանել է. «Մենք միեւնույն հավատն ենք դավանում»: Ստամբուլի «Այա (Հաջիա) Սոֆյա» մզկիթի նախկին գլխավոր իմամՙ Մեհմետ Բոյնուկալինը գովաբանելով թալիբներին ասել է. «Թող Ալլահը օգնի նրանց եւ հնարավորություն ընձեռի երկիրը ճշմարտությամբ եւ արդարությամբ իշխելու»: Այդ արդարությունը, իհարկե, գործադրվելու է Շարիայի օրենքներով, որտեղ գլխատումները, անդամահատությունները, կանանց ստրկացումները, սեռական խեղումներն ու քարկոծելով մահվան դատապարտումները արդարացված են:

Թուրքիան առաջին երկիրն էր, որ նախաձեռնեց բանակցել թալիբների հետ: Նախագահ Էրդողանը գովեց թալիբների «ռեֆորմիստական մոտեցումը»:

Աֆղանստանի իշխանության տապալումից առաջ Վաշինգտոնը Թուրքիային էր հանձնարարել ստանձնել «Քաբուլի օդակայանի օպերացիան»: Բայց Թուրքիան, ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ զուգահեռ, ետ քաշեց իր զորքերը եւ այժմ ավելի շահավետ գործարք է ցանկանում կնքել թալիբների հետ, հույս ունենալով «բեռը կիսել» ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ:

Քաթարում թալիբների քաղաքական բյուրոյի խոսնակ Մոհամմադ Նայիմ Ուորդաքը հայտարարել է. «Թուրքիան կարեւոր երկիր է: Թուրքերը մահմեդական են եւ եղբայրական ժողովուրդ, եւ մենք պատմական ու մշակութային հարաբերություններ ունենք նրանց հետ: Մեր հարաբերություններում գլխավորում են երկու գործոններ: Առաջինը իսլամական կրոնի սկզբունքներն են, երկրորդըՙ երկրի եւ ժողովրդի բարօրությունը ապահովելը»:

Այնպես որ, նախագահ Էրդողանը այնտեղ գտել է բարեբեր հող սերմանելու համար իր իսլամական ծայրահեղությունը եւ բոլորովին կարիք չունի մոլեռանդության հավելյալ ջանքեր գործադրելու: «Թալիբների հետ մեր առաջին բանակցությունները արդեն տեղի են ունեցել: Դրանք տեւել են երեքուկես ժամ եւ անհրաժեշտության դեպքում մենք դարձյալ կբանակցենք», ասել է նա:

Ակներեւ է, որ որոշակի պայմանավորվածություն է ձեռք բերվել, եւ Թուրքիան հանձն է առել օգնել Աֆղանստանին խթանելու երկրի տնտեսությունը եւ ռեսուրսները, պայմանով, որ ճանաչի թալիբներին որպես Աֆղանստանի օրինական կառավարություն, այն դեպքում, երբ ՄԱԿ-ն ու աշխարհի գլխավոր պետությունները ահաբեկչական խմբավորում են բնութագրում այդ կազմակերպությանը:

Թալիբների առաջնորդները համաձայնել էին, որ Թուրքիան ստանձնի Քաբուլի «օդակայանի օպերացիան», բայց Թուրքիան պնդում է, որ նրանք պետք է ապահովեին անվտանգությունը: Անկարան պատճառներ է որոնում, որպեսզի կարողանա իր զորքերը մտցնել Աֆղանստան: Վերջերս իրագործված ինքնասպանական հարձակումները ձեռնտու են Թուրքիային, ինչպես Ռաջիփ Սոյլուն գրում է «Middle East Eye» լրատվամիջոցում: «Թուրքիան հավատացած է, որ Քաբուլի օդակայանի մոտակայքում իրականացված մահաբեր ռմբակոծումը ամրապնդում է այն տեսակետը, որ զգալի քանակությամբ թուրքական զորքեր են անհրաժեշտ տեղակայել, որպեսզի ապահովեն օդակայանի անխափան աշխատանքը»:

Հենց Թուրքիան իր զորքերը մտցնի Աֆղանստան, իրավիճակը Կիպրոսից եւ Ադրբեջանից տարբեր չի լինելու: Դրանք լինելու են «օկուպացիոն զորքեր»: Սակայն աշխարհառազմավարական հետեւանքները առավել վտանգավոր են լինելու տարածաշրջանի երկրների համար: Թուրքիան ռազմականորեն շրջափակելու է Հայաստանին ու Իրանին եւ քաղաքական տեսակետից ավելի է մոտիկանալու Կենտրոնական Ասիայի երկրների հետ, սպառնալով Չինաստանի եւ Ռուսաստանի շահերին եւ անվտանգությանը:

Աֆղանստանն արդեն անկայունություն առաջացրել է Կենտրոնական Ասիայում, հատկապես Տաջիկստանում, որ Հայաստանի դաշնակիցն է ՀԱՊԿ-ի շրջանակներում: Այժմ այդ սպառնալիքը ավելի է ուժեղանալու, երբ Թուրքիան ամրապնդի իր ռազմական ներկայությունը Աֆղանստանում:

Հայաստանը շուտով ստանձնելու է ՀԱՊԿ-ի ղեկավարումը, որ փոփոխակիորեն է իրականացվում, եւ առաջինն է լինելու Կենտրոնական Ասիայում թուրքական նկրտումների բեռը կրողը:

Մինչ Թուրքիան որոշակի համաձայնությունների է գալիս Ռուսաստանի հետ թեժ կետերի հարցերը լուծելուց, այն չի թաքցնում, որ կարող է Ռուսաստանը պայթեցնի ներսիցՙ գործի դնելով 25 միլիոն մահմեդականներին: Միաժամանակ նա զինում է Ուկրաինային բայրաքթար ԱԹՍ-երով, որպեսզի Ղրիմը հետ վերցնի:

Արեւմուտքին ինտեգրվելու եւ իր կարեւոր դերակատարությունը ապացուցելու համար նա չի խուսափելու անկայունություններ առաջացնելուց նաեւ Ռուսաստանի հարավային սահմաններում: Դրանց ի պատասխան Ռուսաստանը կարող է իր ռազմական ուժերը կենտրոնացնել այդ շրջաններումՙ անպաշտպան թողնելով Կովկասը, որտեղ Հայաստանն արդեն գտնվում է օրհասական վիճակում:

Թուրքիայի էքսպանսիոնիստական նկրտումները նախ Պակիստանի եւ Մալայզիայի հետ «կամուրջներ կապեց»: Այդ էր պատճառը, որ Պակիստանի օդուժը միացավ Թուրքիային եւ անկախ ջիհադիստներին Ղարաբաղի դեմ մղված 44-օրյա պատերազմի ժամանակ: Այդ պատերազմը պնդացրեց Թուրքիայի հարաբերությունները Ադրբեջանի հետ եւ իր ներկայությունըՙ Կովկասում: Հաջորդ «ընդարձակումը» լինելու է Աֆղանստանը, Մալայզիան եւ Ադրբեջանը իր հովանու տակ վերցնելը: Այդպիսով հեռավոր շատ երկրներ, որոնք բոլորովին կապ չունեն Հայաստանի հետ, դառնալու են, ինքնաբերաբար, Հայաստանի թշնամիները: Անկարան առաջնորդն է դառնալու իսլամական մի դաշնության, որի կազմում լինելու են Պակիստանը, Քաթարը, Աֆղանստանը, Մալայզիան եւ Ադրբեջանը: Դրանք մարտահրավեր են նետելու միաժամանակ ե՛ւ ՆԱՏՕ-ին, ե՛ւ ՀԱՊԿ-ին, իսկ արանքում «քամելու» են Հայաստանին: Մեզանից ոմանք, ովքեր հավատացած էին, թե Աֆղանստանը հեռավոր մի երկիր է, եւ այնտեղի դեպքերը մեզ չեն վերաբերում, շուտով գիտակցելու են, թե ինչքան մոտ է այդ երկիրը Հայաստանին:

Անգլ. թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Armenian Mirror-Spectator)

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՓԱՇԻՆՅԱՆԸ, ՓԱՍՏԱՑԻ, ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՎԵՑ

Հաջորդ գրառումը

Հիստերիա` ադրբեջանական ԶԼՄ-ներում. ՌԴ ՊՆ-ն գնումներ է կատարում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ուղարկելու համար

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

Հիստերիա` ադրբեջանական ԶԼՄ-ներում. ՌԴ ՊՆ-ն գնումներ է կատարում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ուղարկելու համար

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն անխուսափելի է դառնում. Վահե Դավթյան

23/10/2025

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն անխուսափելի է դառնում Վերջին տարիներին ՀՀ դրամի ամրապնդման հետևաքնով Հայաստանում բնական գազի ձեռքբերումը թույլ է տվել տարեկան...

ԿարդալDetails

Ամեն օր քաղբանտարկյալների թիվն աճում է. Տիգրան Աբրահամյան

23/10/2025

Անթիլիասը պէտք չունի Երեւանէն եկող թելադրութիւններուն կամ ուղղութիւններուն. Արամ Ա Կաթողիկոս

23/10/2025

Ներկայացվել է հաղորդում հանցագործության մասին՝ կապված Նիկոլ Փաշինյանի և Ստեփան Ասատրյանի կողմից կրոնական ծեսի կատարմանը խոչընդոտելու նախապատրաստության հետ. Արա Զոհրաբյան

23/10/2025

Ջեյ Դի Վենսն այցելել է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար

23/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական