Ղարաբաղյան երկրորդ պատերազմը ավարտվեց 2020 թվի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումով, բայց մաշեցումի պատերազմը դեռ շարունակվում է Հայաստանի ինքնիշխան տարածքում, Ադրբեջանի նախաձեռնած խժդժությունների տեսքով։
Ինչ ձեւով էլ այդ խժդժությունները ներկայացվեն հակամարտության մասնակից երկրների կամ միջազգային հասարակության կողմից, միեւնույն է, մտադրությունը կամ նպատակը շատ հստակ է։ Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահները բազմաթիվ առիթներով նշել են Հայաստանի հետզհետե նվազող բնակչության մասին, մի հանգամանք, որ դյուրացնում է երկրի գրավումը` նույնիսկ առանց պատերազմի։
Դժբախտաբար, այդ փաստարկում իրոք գոյություն ունի տրամաբանական տխուր մի գործընթաց։ Հայերից շատերը հեռանում են իրենց հայրենիքից, որովհետեւ այնտեղ չեն տեսնում իրենց զավակների ապագան։ Ինչքան էլ հայրենասեր լինեն Հայաստանի քաղաքացիները, իրականությունը օբյեկտիվ գնահատելով ի վերջո հանգում են այն եզրակացության, որ հայրենիքում չեն կարող ամուր եւ ապահով ընտանիք կառուցել, ուստի դիմում են այլ վայրեր գաղթելուն, մտածելով, որ իրենց տրված մի կյանքը չեն կարող կորցնել մի երկրում, որտեղ թեժ իրադրությունը ամեն րոպե կարող է փլուզվել եւ տեղի տալ մի նոր պատերազմի։ Նման մտածելակերպը լիուլի գոհացնում է երկրի թշնամիներին եւ ջուր լցնում նրանց նպատակների ջրաղացին։
Այս հենքի վրա, ամեն տեսակի քաղաքական գործարքները, քննարկումներն ու երկկողմ մեղադրանքները դառնում են անիմաստ։ Այլընտրանքը մարտունակ եւ գերարդիական հանդերձանքով հագեցած զինված ուժեր ունենալն է, որպեսզի այդ ամուր կայազորի հսկողության ներքո մարդիկ որոշեն մնալ եւ ապրել խաղաղ ու կայուն պայմաններում։ Առայժմ, դժբախտաբար, անիրագործելի կարող է թվալ նման նպատակ հետապնդելը, հաշվի առնելով Հայաստանի սահմանափակ ռեսուրսները եւ զենք ձեռք բերելու նրա կախվածությունը դաշնակիցներից եւ բարեկամ երկրներից։ Ադրբեջանի շարունակական ագրեսիվ գործողություններն ու հաճախակի հարձակումները նպատակ ունեն համոզելու Հայաստանին, որ ձեռք քաշի Ղարաբաղից եւ մտահոգվի իր սեփական անվտանգության եւ ապահովության հարցերով։ Սա էր նաեւ «Կառնեգի Յուրոպի» Կովկասի հարցերով փորձագետ Թոմաս դը Վաալի եզրակացությունը «Ազատ Եվրոպա» ռադիոկայանին տված իր հարցազրույցի ժամանակ։
Հայաստանի բնակչության մի մասը դեմ էր ղարաբաղյան պատերազմին եւ դրանով էր բացատրում Հայաստանի խնդիրները։ Նրանց ձայնը գնալով ավելի լսելի էր դառնում. «Ազատվենք Ղարաբաղից եւ խաղաղ կյանք վայելենք»,- ասում էին նրանք։
Մի ժամանակ, նման արտահայտություններ հնչեցնում էին նաեւ Բաքվի հայերը, ովքեր հավատացած էին, որ Ղարաբաղի անկախության պահանջը կամ Հայաստանի հետ միավորումը Բաքվի եւ Սումգայիթի կոտորածների պատճառներն էին, եւ առաջ բերեցին 400 հազար հայ բնակչության վտարումը Ադրբեջանից։
Սակայն, պատմական զարգացումները եկան ապացուցելու, որ նման մտածելակերպն ու վրդովմունքը արդարացված չեն։ Ադրբեջանի ավագ եղբայր Թուրքիան երկար ժամանակ է, ինչ ծրագրել էր վերացնել հայերին Կովկասից` ճանապարհ հարթելու համար իր պանթուրանական ծրագրերի իրականացմանը։ Նույնը նա կատարել էր պատմական Հայաստանի տարածքում` նպատակ ունենալով ստեղծել բացառապես մահմեդական բնակչություն երկրում, միայն թե հաշվի չէր առել քրդական գործոնը, քուրդերի էթնիկական կապվածությունը իրենցից խլված հողատարածքների նկատմամբ։
Ներկայիս, նախագահ Ալիեւը շտապում է հաղթահարել խոչընդոտները եւ կանխել Կովկասում զարգացող քաղաքական իրադարձությունները։ Օգոստոսի 14-ին CNN-Turk-ին տված հարցազրույցի իր հայտարարությունները մամուլում լուրջ քննարկումների նյութ դարձան։ Նա վերահաստատեց իր պահանջները Զանգեզուրի միջանցքի, Երեւանի եւ Սեւանի վերաբերյալ եւ բողոքեց, որ Ռուսաստանը վերստին զինում է Հայաստանին։ Ավելին, նա ցինիկաբար նշեց, որ Հայաստանի բնակչությունը ընդունել է պարտված լինելու հանգամանքը եւ որպես ապացույց բերեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերընտրությունը։
Ռուսական կողմը չհապաղեց պատասխանել Ալիեւի նկրտումներին։ Օգոստոսի 19-ին Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական խոսնակ Մարիա Զախարովան հայտարարեց, որ դա «Ռուսաստանի ինքնիշխան պետության իրավունքն է» եւ որ «Ռուսաստանը միշտ էլ հաշվի է առնում պահպանել զինվորական ուժի հավասարակշռությունը տարածաշրջանում»։
Այնուհետեւ, նա ավելացրեց. «Այս կապակցությամբ կուզենայի նշել հակամարտությունը թեժացնելու ռազմատենչ հռետորաբանությունների բացարձակ անարդյունավետությունը։ Դրանց երբեմն դիմում են Հարավային Կովկասի որոշ քաղաքական առաջնորդներ»։ Ակնարկն, անշուշտ, ուղղակիորեն վերաբերում էր Ալիեւի ռազմամոլական ճոռոմախոսություններին։
Զախարովայի խոսքերին հետեւեց Ռուսաստանի Պաշտպանության նախարարության հայտարարությունը, որն առաջին անգամ Ադրբեջանին մեղադրում էր Հայաստանի սահմանում հրազենային նկրտումներ իրականացնելու, եւ դրանցով նոյեմբերի 9-ի հայտարարության ոգու դեմ գործելու մեջ։
Չնայած այս հայտարարությունները նպաստավոր շրջադարձ են նշանակում Հայաստանի հետ Ռուսաստանի հարաբերություններում, Երեւանում որոշ մեկնաբաններ վերապահությամբ ընդունեցին դրանց։ Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն, օրինակ, իր հեգնական ոճով գրված հոդվածում նշում էր, որ Կովկասում ռազմական հավասարակշռությունն իր ձեռքում պահելով, Ռուսաստանը Ադրբեջանին բավականաչափ զինել էր, որպեսզի հաղթի պատերազմում, եւ Հայաստանին էլ համապատասխանաբար զինել էր, որ պարտվի։ Նրա եզրակացությունն այն էր, որ եթե թուրքական եւ իսրայելական զինամթերքներ ձեռք բերելուն զուգահեռ Ադրբեջանը նաեւ ռուսական զենքեր է ստանում, ապա Հայաստանն էլ պարտավոր է նույն կերպ վարվել, եւ այլ երկրներից, մասնավորապես Արեւմուտքից, զինամթերք ձեռք բերել, որպեսզի հավասարակշռի իր արտաքին քաղաքականությունը։
Ի պաշտպանություն այս մեկնաբանության, պետք է հիշենք, թե ինչպես Ռուսաստանը մերժեց Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի միջեւ ռուսական սահմանապահներ տեղակայելու Փաշինյանի խնդրանքը։
Հավասարակշռությունը պահպանելու այս գործողությունները համոզիչ ապացույցներ չեն, որ Ռուսաստանը իսկապես մտահոգված է Հայաստանի անվտանգության խնդիրներով։ Դրանք պարզապես ցույց են տալիս, որ Մոսկվան հուսախաբ է եղել Ադրբեջանից, որն ստանալով Ռուսաստանի օգնությունը հաղթանակի առթիվ, քաղաքականապես ամբողջովին հանձնվել է Թուրքիային։
Չնայած Ալիեւը մտահոգված է Մոսկվայի գործողություններով, որոնք իր համոզմամբ նպաստավոր են Հայաստանին, նա շատ ավելի մտահոգված է Արեւմուտքից եկած հայտարարություններով։ Նախ Հայաստանում Մ. Նահանգների դեսպան Լին Թրեյսին նշեց, որ ղարաբաղյան պատերազմը դեռ չի լուծել բազմաթիվ խնդիրներ եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո բանակցությունները պետք է վերսկսվեն, որպեսզի կողմերը հասնեն վերջնական խաղաղ կարգավորման։
ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը շարունակելու այս կոչին միացավ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որ հեռախոսազրույցներ ունեցավ Ռուսաստանի նախագահ Պուտինի եւ Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ։ Նա եւս անհրաժեշտ է համարել բանակցությունների վերսկսումը։
Մակրոնի ներգրավվածությունը հակամարտության կարգավորմանը կկրկնապատկվի տարածաշրջան կատարելիք իր անձնական այցելությամբ։
Չնայած Մինսկի խմբի Ֆրանսիայի եւ Մ. Նահանգների համանախագահները կարեւորում են բանակցությունները, Մոսկվան մինչ օրս ոտը կախ է գցում։ Թվում է, թե Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ Մակրոնը առաջ է քաշել միջազգային օրինականությունը հաղորդել ռուսական խաղաղապահ զորքերին, նրանց շարքերին ավելացնելով նաեւ եվրոպացի զինվորներ Սկանդինավիայից։
Այս զարգացումները խիստ մտահոգում են նախագահ Ալիեւին։ Այդ է պատճառը, որ նա փորձում է խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ` օրինականացնելով Ղարաբաղի գրավումը նախքան, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կսկսեն քննարկել անկլավի հետագա կարգավիճակը։
Բանակցությունների վերսկսումը միեւնույն ժամանակ մեկուսացնելու է Թուրքիային, որ Ալիեւի համոզմամբ արդեն իսկ մշտական տեղ է զբաղեցնում Կովկասում։
Մինչ Ալիեւը շտապում է արագ կարգավորման հասնել եւ օրինականացնել իր հաղթանակը, Հայաստանն իր հույսերը կապում է Մինսկի խմբի գործողությունների հետ, քանի որ Մ. Նահանգներն ու Ֆրանսիան կարողացել են համոզել Ռուսաստանին, որ միանա իրենց։
Հաջորդ կրիտիկական հարցը հետեւյալն է` եթե եւ երբ Ղարաբաղի ինքնորոշման հարցը վերջնականապես լուծվի, դա լինելու է Ադրբեջանի կազմո՞ւմ, թե՞ մի այլ կարգավիճակում։
Անգլ. թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Arm. Mirror-Spectator)