ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ 2021 Թ. ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿՈՒՄ ԵԱՏՄ-ԻՆ ՄԵՐ ԵՐԿՐԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

3

ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, Քաղաքական վերլուծաբան

Եվրասիական փորձագիտական ակումբն արդեն 7-րդ անգամ իր առաջատար տնտեսագետների ներգրավմամբ ուսումնասիրել եւ վերլուծել է ՀՀ տնտեսության վիճակը այս տարվա առաջին կիսամյակում: Պրոֆեսոր Աշոտ Թավադյանի եւ պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանի գլխավորած աշխատանքային խմբերի առջեւ խնդիր էր դրվել գնահատել Հայաստանի տնտեսության արդի վիճակը եւ կանխատեսումներ անել տեսանելի հեռանկարի վերաբերյալ: Օգոստոսի 30-ին, երկուշաբթի օրը, Եվրասիական փորձագիտական ակումբը պատրաստվում է ասուլիսի միջոցով հանրությանը ներկայացնել այս հետազոտությունների հավաքական արդյունքը, ինչպես նաեւ կառավարությանը փոխանցել դրանց հիման վրա ստեղծված տնտեսագիտական վերլուծական փաստաթուղթը: Այս հոդվածում ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում պրոֆ. Թաթուլ Մանասերյանի պատրաստած տեղեկանքը մեր մեկնաբանություններով, մոտեցումներով եւ կանխատեսումներով:

2021թ. հունվար-հունիսին Հայաստանի տնտեսության ուրվագծերի վերլուծությունը

Պրոֆ Թ.Մանասերյանը կարծում է, որ Հայաստանի տնտեսությունը գտնվում է յուրօրինակ տարուբերումների մեջ: Անցյալ տարվա 7,8%-ոց տնտեսական անկումից հետո այժմ առկա է որոշակի աշխուժացում: Ուրվագծվում են վերականգնման պատկերները: 44-օրյա պատերազմի ծայրահեղ բացասական ներգործության եւ կորոնավիրուսի համավարակի համապատկերի համատեքստում, ինչպես նաեւ տնտեսության որոշ ճյուղերի անբավարար արդյունավետ կառավարման պայմաններում (մասնավորապես ագրարային ոլորտում) առաջին կիսամյակը համընկել է նաեւ այդ միտումների հետցնցումների եւ ներքաղաքական իրավիճակի սրման հետ: Տնտեսական վիճակի վրա չէին կարող չանդրադառնալ հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Արդյունքում ձեւավորվել է նոր կառավարություն, որը պատասխանատու է նաեւ մինչեւ 2026թ. երկրի տնտեսական զարգացման համար: Նոր կառավարությունը, որը կադրային առանձնապես մեծ փոփոխություններ չի կրել, իր ներկայացրած ծրագրում նախատեսել է գիտության ոլորտում ներդրումների ավելացում, ակադեմիական քաղաքի կառուցում, 500 նախադպրոցական հաստատությունների եւ 300 դպրոցների բացում, 2600 կմ. Ճանապարհների, 15 ջրամբարների, Գյումրիում, Արարատում եւ Կապանում 3 ինդուստրիալ պարկերի շինարարություն: Տնտեսավարող ընկերությունների ենթակառուցվածքին համաֆինանսավորում իրականացնելու համար հատկացվելու է ավելի քան 1մլրդ. դոլար: Այս ամենըՙ տեսանելի հեռանկարում, իսկ այս տարվա առաջին կիսամյակի արդյունքով տնտեսական ակտիվության աճը կազմել է 5%, ընդ որում հունիսին մայիսի համեմատ այն երկնիշ աճ է ազդարարել: Հաշվետու ժամանակահատվածում արդյունաբերական արտադրանքի աճը 2020թ. համեմատ կազմել է 2,1%: 2021թ. հունվար-հունիսին աճ է արձանագրվել համարյա բոլոր ոլորտներում: Շինարարության աճը, օրինակ, կազմել է 10,8%: Ծառայությունների ոլորտի ծավալը (առանց առեւտրի հաշվառման) նույն ժամանակահատվածում աճել է 2,7%: Ընդ որում, հունիսին մայիսի համեմատ այն նույնպես երկնիշ աճ է արձանագրել: Գյուղատնտեսական ոլորտի շրջանառությունը աճել է 6,8% անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ: Ներքին առեւտրի շրջանառությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 8%-ով: Այս ոլորտում նույնպես հունիսին մայիսի համեմատությամբ երկնիշ աճ է արձանագրվել: Հիշեցնենք, որ 2021թ. առաջին եռամսյակի արդյունքում Հայաստանի ՀՆԱ-ն անկում էր արձանագրել 3,3% նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատությամբ:

Գյուղատնտեսական աշխատանքների թեժ շրջանում բարելավվել է ոլորտի ցուցանիշների ընդհանուր պատկերը, չնայած այն առանձնապես դրական արդյունք չի արձանագրել սպառողական գների աճը եւ պետական պարտքը զսպելու գործում:

Ըստ ամենայնի, անխուսափելի է կառավարության միջամտությունը զբոսաշրջային ենթակառուցվածքներում էական բարեփոխումներ իրականացնելու համար: Այս ոլորտը առնվազն 50մլրդ. դրամի ներդրումներ է պահանջում: Այս ոլորտի նկատմամբ բացառիկ հոգատար վերաբերմունքը եւ բարյացակամ դրվածքն են իվիճակի ստեղծելու այնիպիսի մթնոլորտ, որը թույլ կտա արդեն շուտով Հայաստան ներգրավել մեծ գնողունակություն ունեցող արտասահմանյան զբոսաշրջիկների: Եվրասիական փորձագիտական ակումբը համոզված է, որ միջնաժամկետ հեռանկարի համար Հայաստանի մյուս նախապատվությունները պետք է լինեն արեւային տեխնոլոգիաները, քիմիական եւ թեթեւ արդյունաբերությունը, ծանր մետաղագործությունը, ինչպես նաեւ ֆինանսական ենթակառուցվածքը: Ընդ որում հարկ է նշել, որ յուրաքանչյուր ոլորտի զարգացման պարագայում զարգացման տրամաբանությունը անխուսափելիորեն պետք է տեղավորվի կայուն եւ կանաչ տնտեսության շրջանակներում:

ԵԱՏՄ-ում ընթացող ինտեգրացիոն գործընթացների ազդեցության հրամայականը

ԵԱՏՄ անդամ-երկրների համախառն ՀՆԱ-ի աճը ընթացիկ տարում, հեղինակավոր կանխատեսումների համաձայն, կարող է կազմել 3,8%: 2020թ. այդ ցուցանիշը նվազել էր 2,9%: Ռուսաստանի եւ Ղազախստանի տնտեսությունները ենթադրաբար կաճեն մոտ 4%-ով եւ 2021թ. երկրորդ կիսամյակում արդեն դուրս կգան նախաճգնաժամային մակարդակի: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մեկ այլ կանխատեսմամբ Հայաստանի եւ Ղրղզստանի տնտեսական ակտիվության վերականգնումը ավելի շատ ժամանակ կխլի եւ կավարտվի 2022թ. ընթացքում: Հետաքրքրական է, որ բելառուսական տնտեսության աճը այս տարվա առաջին կիսամյակում կազմեց ավելի բարձր ցուցանիշ, քան ենթադրում էր Հանձնաժողովը: Հաշվետու ժամանակաշրջանում Բելառուսի ՀՆԱ-ն աճել է 103,3%: Կարեւոր է իմանալ, որ 2021թ. առաջին կիսամյակում գյուղատնտեսական արտադրանքը ԵԱՏՄ-ում անցյալ տարվա համեմատությամբ աճել է 0,6%: Գյուղատնտեսական արտադրության ամենամեծ աճը գրանցվել է Հայաստանում (6,4%), Ղազախստանում (3,2%) եւ Ղրղզստանում (1,3%):

Գյուղատնտեսական եւ այլ ապրանքների արտահանման գործում բացառիկ կարեւորություն են սկսում ձեռք բերել տրանսպորտային կոմունիկացիաները: ՌԴ կառավարության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի համոզմամբ, հաղորդակցության ուղիների ապաշրջափակման դեպքում Հայաստանը կարող է դառնալ կարեւորագույն միջազգային տրանսպորտային հանգույց, որը Պարսից ծոցի պարսկական նավահանգիստները կկապի սեւծովյան նավահանգիստների, ինչպես նաեւ Բալթիկ ծովում եւ Խաղաղ օվկյանոսի ափերին գտնվող ռուսական նավահանգիստներին: Նա նաեւ կարծում է, որ այդ դեպքում միանգամայն իրատեսական է արտահանմանը միտված սեփական արտադրության աննախադեպ աճը: Հետաքրքրական է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում նույնպես ուշադրությամբ հետեւում են Հարավային Կովկասում խաղաղությանը միտված գործընթացների հաջողությանը, հասկանալու համար, թե որքանով են իրատեսական Ռուսաստանի, Ղազախստանի, Իրանի եւ Թուրքիայի միջեւ բազմաբնույթ առեւտրատնտեսական կապերի իրական հնարավորությունները:

Տնտեսական ցուցանիշների բարելավման իրատեսական կանխատեսումների հարցը

Պրոֆ. Թ.Մանասերյանը կարծում է, որ 2021թ. տնտեսության աճը կարող է կազմել լավագույն դեպքում 6,5-7%: Սա այն պարագայում, երբ պահպանվեն բարենպաստ պայմանները ագրարային սեկտորի զարգացման համար: Նա կարեւորում է նաեւ օպտիմալ ներդրումներիՙ զբոսաշրջիկներ գրավելու արդյունաբերական աճի եւ ցածր արժեզրկման, արդյունավետ դրամավարկային քաղաքականության հանգամանքները: Շատ բան կախված կլինի նրանից, թե ինչպես կհամագործակցեն Կենտրոնական բանկը եւ երկրի պետական մյուս մարմինները: Մյուս բոլոր դեպքերում տնտեսական աճը կարող է կազմել 4-5%: Էներգետիկան եւ լեռնահանքային արդյունաբերությունը նույնպես մեծապես ազդում են տնտեսական ցուցանիշների վրա: Փորձագետները նշում են խաղային բիզնեսի դերը, որը զվարճանքների հետ միասին բարձր տեխնոլոգիաների հետ մեկտեղ վերջին տարիներին էապես ազդում է զարգացման ցուցանիշների վրա: Չի կարելի աչքաթող անել սպառողական անկումը: ՀՆԱ-ի կառուցվածքում մինչեւ 2019թ. սպառումը կազմում էր մինչեւ 82,4%: Սա կարեւոր ցուցանիշ է, որը ցույց է տալիս, թե հասարակությունը որքանով է պատրաստ սպառմանը: Համավարակից հետո այդ ցուցանիշը այժմ կազմում է 75,4%:

Հայաստանի պետական բյուջեում տնտեսական աճը 2021թ. սահմանված է 3,2%, իսկ արժեզրկումը` 4% (՞1,5%): Հայաստանի Կենտրոնական բանկը հունիսի կեսին բարելավեց երկրի տնտեսական աճի իր կանխատեսումը մինչեւ 4,6%: Համաշխարհային բանկը կարծում է, որ 2021թ. մեր տնտեսությունը կաճի 3,4%, իսկ 2022թ.-ին` 4,3%: Արժույթի միջազգային հիմնադրամը ակնկալում է, որ 2021թ. Հայաստանի տնտեսությունը կաճի 1%: Առաջատար միջազգային տարբեր կառույցների կանխատեսումները 2,5%-ից 4,5%ի շրջանակներում են:

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հունիսյան զեկույցում ասվում է, որ 2021թ. Հայաստանի տնտեսությունը կաճի 4%, իսկ 2022թ.` 5%: Այստեղ շատ կարեւոր է, որ ի թիվս այլ հանգամանքների, մեծանա երկրի բնակչության վստահությունը երկրում ծավալվող տնտեսական ու քաղաքական բարեփոխումների հանդեպ:

Հայաստանում ընթացող տնտեսական զարգացումները մեծապես կախված են ԵԱՏՄ-ում ընթացող գործընթացներից: Փորձագետների վկայությամբ Ռուսաստանի Դաշնության տնտեսության վիճակը ընդհանուր առմամբ լավատեսություն է ներշնչում: Այսպես, արժույթի միջազգային հիմնադրամը կարծում է, որ 2021թ. Ռուսաստանի ՀՆԱ-ն կաճի 4,4%: Հուլիսի վերջին ՌԴ Կենտրոնական բանկը ներկայացրել է իր կանխատեսումը ՀՆԱ-ի աճի վերաբերյալ: Նրա կարծիքով 2021թ. տնտեսության աճը կկազմի 4-4,5%, իսկ 2022թ.` 2-3%: Հետաքրքրական է, որ ԱՄՀ-ն չի փոխել համաշխարհային տնտեսության աճի իր կանխատեսված ցուցանիշը: Այն կազմելու է 6%: 2022թ. այդ ցուցանիշը կկազմի 4,9%:

Համաշխարհային բանկի կանխատեսմամբ, գլոբալ ՀՆԱ-ն 2021թ.-ին կկազմի 4%, իսկ 2022թ.` 3,8%: Սակայն կորոնավիրուսի համավարակը շարունակում է ճնշել ամբողջ աշխարհում տնտեսական զարգացման վրա, մեծապես բարձրացնելով ՀՆԱ-ի հարցում կանխատեսումների անորոշությունը: Ըստ բազային սցենարի, Ռուսաստանի ՀՆԱ-ն 2021թ. կկազմի 3,2%, 2022թ.-ին` 3,2% եւ 2023թ.` 2,3%:

Ռուսաստանի երկարաժամկետ տնտեսական հեռանկարները մեծապես կախված կլինեն տնտեսության դիվերսիֆիկացման խթանումից, մասնավոր սեկտորի համար միասնական «խաղի կանոններից», պետական ձեռնարկությունների կառավարման որակի բարձրացումից եւ հավելյալ արժեքի ստեղծման գլոբալ շղթաների մեջ ավելի սերտ ինտեգրումից: Հետաքրքրական է, որ ԵԱՏՄ տարածքի երկու խոշորագույն տնտեսությունները (Ռուսաստանի եւ Ղազախստանի) 2021թ. երկրորդ եռամսյակի արդյունքով Եվրասիական զարգացման բանկի գնահատմամբ, դուրս են եկել նախահամավարակյան մակարդակ: Այսպիսով, պրոֆ. Թ.Մանասերյանի կարծիքով, հնարավոր են ինչպես արագացված տնտեսական զարգացման սցենարներ, այնպես էլ աճը նվազեցնող սցենարներ մի շարք օբյեկտիվ եւ սուբյեկտիվ (ներքին, արտաքին, տնտեսական եւ քաղաքական) գործոնների ազդեցության դեպքում: Ընդ որում, Հայաստանի տնտեսության զարգացման գնահատման գործում անհնար է գերագնահատել նոր կառավարության ճկունության եւ արհեստավարժության գործոնները, որոնք պետք է ժամանակին եւ արդյունավետ արձագանքեն զարգացման նոր մարտահրավերներին:

Եթե ձեւակերպենք ավելի համառոտ, բայց հասկանալի, նոր կառավարությունը ուղղակի պարտավոր է ականջալուր լինել տնտեսության ընդհանուր վիճակը հնարավորինս արագ բարելավելու ի վիճակի եղող ոլորտների բիզնես հանրության առաջարկներին: Շատ կարեւոր է, որ 2021թ. երկրորդ կիսամյակում եւ մինչեւ տարվա վերջ Հայաստանի նախարարություններն ու գերատեսչությունները ի վիճակի լինեն արդյունավետ համագործակցելու գործարարների հետ զբոսաշրջության ու ծառայությունների ոլորտներում վիճակը էապես բարելավելու, եկամուտների նոր աղբյուրներ ստեղծելու ասպարեզում:

Մեր հաջորդ հոդվածում կներկայացնենք պրոֆ. Աշոտ Թավադյանի պատրաստած տեղեկանքը նույն վերտառությամբ, որտեղ ավելի հանգամանորեն կփորձենք պատասխանել այն հարցին, թե ինչ ակնկալիք կարող է ունենալ Հայաստանը եվրասիական տնտեսական ինտեգրման ակտիվ ընթացող գործընթացներից: