Նախ մենք էլ ֆիքսենք պատմության համար, որ օգոստոսի 24-ին, կառավարության 2021-2026 թվականների ծրագիրը ներկայացնելիս վարչապետ Փաշինյանը 44-օրյա պատերազմի զոհերի լրիվ նոր թիվ հայտարարեցՙ 3773 զոհ, 243 զինվորի գտնվելու վայրն անհայտ է: Նշելով պահի ներքին եւ արտաքին աննպաստ ֆոնը, այդ թվումՙ Սոթք-Խոզնավար հատվածում առկա ճգնաժամային իրավիճակը, գերիների առկայությունը եւ բազմաթիվ խնդիրներ, նա ծրագրին շատ խնդիրների լուծման ճանապարհը մատնանշելու հավակնություն վերագրեց:
Այո, աննպաստ ֆոնի առումովՙմենք հիմա ունենք ուրիշ, անճանաչելի, անդառնալիորեն փոխված Հայաստան, որտեղ անգամ մտայնությունը հնարավոր չէ հետ պտտել կամ բնականոն հուն դնել: Այո, նաեւ աշխարհն է փոխվել ու ավելի վտանգավոր դարձել: Միեւնույն ժամանակՙ օրինաչափ կլիներ եթե Ազգային ժողովի ամբիոնում ծրագիրն այլ մարդ ներկայացներ, նոր մի մարդ, որը կապ չէր ունենա ոչ անցյալի, ոչ պարտության հետ, որ մենք գոնե հաշտության եզրեր գտնեինք մեր ներսի եւ իրականության հետ ու իրոք խոսեինք մեր երկիրը վերականգնելու մասին: Դժվար է սպասել կյանքը բարելավելու ծրագրեր մարդկանցից, որոնք մեր կյանքը դարձրել են արտառոց, լի պարտության ու զոհված տղաների մասին ամենօրյա, վիրավորական, նվաստացնող եւ ցավալի հիշողություններով: Բայց ոււնենք այն, ինչ ունենք, եւ երեւի արդեն մեր սրտերն էլ քարից են… Ու բոլորս ձեւ ենք անում, որ կարող ենք շարունակել ապրել, հանգիստ խոսել թշնամու հետ խաղաղություն կառուցելուց եւ այլ առօրյա բաներից:
Իսկ խորհրդարանական ընդդիմությունն էլ երբեմն իշխանության հայելային անդրադարձն է թվում, քանի որ ոչ թե այս իրավիճակում ելքի որոնման կոնցեպտով է հանդես գալիս, այլ գզվռտվելով իշխանության հետՙ հեռացնում է ելքի որոնման մասին խոսակցությունները: Կամ եթե հողատու եւ դավաճան եք անվանում իշխանությանն ու նրա ղեկավարինՙ ինչո՞ւ եք հողատուի ու դավաճանի հետ հայտնվել նույն խորհրդարանի քննարկմանը, ինչո՞ւ եք վերցրել մանդատները: Ու հիմա էլ կարող եք այդ մանդատները վայր դնել, եթե այլ օրակարգ չեք սպասարկում: Դե հա, հայտարարություն եք անում երիտասարդ պատգամավորուհի Աննա Մկրտչյանի հանդեպՙ նախորդ օրը տեղի ունեցածի առիթով, նշելով կատարված հանցագործության մասին. էլի հրավիրում ենքՙ մանդատներից հրաժարվեք, դա ավելի գործուն հայտարարություն կլինի:
Իսկ արդեն երեկվա միջադեպը, երբ Հայկ Սարգսյանի (Շիշ բռնող անվանյալ) ոչ այնքան կոռեկտ ոճով ելույթից հետո Ազգային ժողովում շշեր նետվեցին միմյանց վրա, խորհրդարանի խայտառակությունը կատարյալ դարձավ: Թեեւ մտադրվել էինք լրջորեն անդրադառնալ կառավարության ծրագրի մի քանիՙ վտանգ եւ անհասկացողություն հարուցող կետերին, բայց այս Ազգային ժողովում այս երկու օրը տեղի ունեցող ամոթալի եւ խայտառակ իրադարձությունների պարագայում, երբ պատգամավորները միմյանց վրա շիշ են շպրտում, ոտքերով եւ բռունցքներով հարվածում միմյանց, ընդհանրապես իրենց պահում այնպես, ասես փողոցային բախումների են, ասենք, «Տեցի կռուգում», եւ ոչ թե Ազգային ժողովում, դա նպատակահարմար չենք համարում: Մանավանդ, գոնե մինչեւ օրվա երկրորդ կես երեկ շատ քիչ պատգամավորներ էին անդրադառնում ծրագրինՙ բոլորի դարդը ոչ միայն բռունցքներով, այլեւ ելույթներով միմյանց հակահարված տալն էր:
Դա կրկնվեց մի քանի անգամ, անգամ ծեծկռտուքը դադարեցնելու համար երեկ, ԱԺ նիստի երկրորդ օրը, մինչեւ կեսօր երկու անգամ ընդմիջում հայտարարվեց, բայց կրքերը շարունակեցին բորբոք մնալ: Իսկ տեսարանները, որով ընդդիմադիր պատգամավորներին, իրոք, ծեծում էին իշխանության ուսերով տղերքը, ստիպում է նորմալ մարդուն կարմրել ամոթից: Էլ ուրիշ ինչ կարող էիք բերել մեր գլխինՙ պարտություն, դժբախտություն, վիշտ, հիմա էլ անկիրթ ժողովուրդներին հատուկ, միմյանց ծեծող պատգամավորներով Ազգային ժողով:
Արդյոք դա ընդդիմությունն է անո՞ւմ, ապալեգիտիմացնելու համար ներկա խորհրդարանը, ինչպես իշխանությունն է պնդում, թե՞ հակառակը, իշխանությունն է սրումՙ փորձելով օրինական դարձնել ինչ-որ սահմանափակումներ եւ խստություններ, կամ մի ա՞յլ նպատակով, չգիտենք: Համենայնդեպսՙ ե՛ւ Սեյրան Օհանյանի նետած շիշը, որ հետո վերածվեց շիշփոխնետոցիի, եւ Վահե Հակոբյանին ծեծելու տեսարանը, եւ Աննա Մկրտչյանին քաշքշելը շատ վատ տպավորություն թողեցին եւ անդառնալի վնաս հասցրեցին ԱԺ վարկին: Մեզ համար անհասկանալի մնաց, թե ինչու տաքացավ սովորաբար զուսպ Սեյրան Օհանյանը, երբ Հայկ Սարգսյանն ասում էր, թե դավաճանը նախկինում փողով բանակից ազատողներն են, ու դա երեւույթ էրՙ չհասկացվեց ինչու անձամբ վիրավորվեց: Շիշ նետելն էլ խմբակցության ղեկավարի պարտականությունների մեջ չի մտնում կարծես:
Այնուամենայնիվՙ կառավարության ծրագրի հետ կապված մեկ-երկու դիտարկում չանել չենք կարող:
Թեեւ կառավարության կայքում տեղադրված կառավարության ծրագրում եւ խորհրդարանում վարչապետ Փաշինյանի ծավալուն ելույթում տնտեսական, սոցիալական եւ այլ ոլորտների զարգացման պլանավորումներում ուշագրավ պահեր կան, այդ մասին իշխանական մեծամասնությունը խոսում է, սակայն ընդհանուր տպավորությունը ճնշող է, քանի որ մեր երկրում ձեռնարկվելիք բոլոր հետագա քայլերը, ծրագրի ընդհանուր տրամաբանությունից եթե բխեցնենք, պետք է կատարվեն մեր հանդեպ ամեն օր ագրեսիվ կոչեր հնչեցնող թշնամու հետ հաշտվելու (բնականաբարՙ Հայաստանից նոր տարածքներ զիջելով սահմանազատման անվան տակ), բանակը պրոֆեսիոնալ դարձնելու անվան տակՙ նրա թիվը, հետեւաբարՙ մեր պաշտպանունակությունը կրճատելու, մեր սահմանների շատ ու շատ կիլոմետրեր ռուսական սահմանապահների տնօրինությանը հանձնելու, Արցախն այլեւս որպես հանրապետություն չդիտարկելու եւ մի շարք այլ դրույթների լույսի ներքո: Սա կարծես պարտությունն ամրագրող ու դրանից բխող հետագա քայլեր պլանավորող ծրագիր է, ու եթե այդպես էՙ նրա բոլոր թվերին ու ուղղություններինՙ օրենքի դիկտատուրա հաստատելու, տարածաշրջանի ու Հայաստանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու բարձրագոչ հայտարարություններին անդրադառնալն անիմաստ ու անշնորհակալ է դառնում:
Ինչպիսի դիսոնանսՙ թշնամիդ խոսում է Սյունիքն ու Սեւանը գրավելուց, դու խոսում ես խաղաղ զարգացումից, թշնամին իր սպառազինություններն է ավելացնում եւ անվերջ լարումներ ստեղծում սահմանիդ, դու ժամկետային ծառայության ժամկետն ես կրճատում, դեռ խոսում բանակը կանանցով համալրելու հեռանկարի մասին: Հարեւանդ (թշնամի՛ն) ասում էՙ Արցախի հարցը լուծված էՙ նկատի ունի Արցախն իր կազմում, դու քո ծրագրում իսկի Արցախի հանրապետություն բառերը չես գործածում, Արցախի հայությանն էլ Արցախի ժողովուրդ ես անվանում: Չգիտենք այս ելակետով կառուցված ծրագրում եթե ինչ-որ տնտեսական զարգացման կամ աշխատավարձերի ու թոշակների բարձրացման թվեր են նշվածՙ դրանք քանի գրոշ արժեն, եթե սահմանազատմամբ ու բանակը կրճատելով մեր անվտանգային դիրքերն ենք վտանգելու, Արցախն էլ դիտարկելու որպես ռուսական գուբերնյա. պատերազմի, սահմանային լարումների, նոր տարածք կորցնելու վտանգի դեպքում ի՞նչ տարբերությունՙ 68 հազար ենք ստանալու, թե՞ 85 հազար: Ու միգուցե չի՞ չափազանցում երկարամյա խորհրդարանական Արմեն Ռուստամյանը , երբ ասում է , որ այս ծրագիրը Հայաստանի եւ Արցախի ապագա նոր կապիտուլյացիան նախապատրաստող ծրագիր է:
Երկար անդրադարձ անելով ղարաբաղյան բանակցային անցյալ գործընթացինՙ Փաշինյանն , իր խոսքով, փորձեց գծել համակարգային խնդիրը, թեՙ մենք չէինք ձեւակերպել ամենակարեւոր հարցի պատասխանըՙ ի՞նչ ենք անելու, եթե բանակցային սեղանի շուրջ չհաջողվի մեզ համար ընդունելի լուծման հասնել, ու որպես հանրություն, չենք ունեցել Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման ռազմավարություն, չենք արձանագրել դրա անհրաժեշտությունը, եւ, հետեւաբար, հարցը դուրս է թողնվել հանրային քաղաքական օրակարգից, կրելով հակամարտության պատմության ընթացքում մեր մոտեցումների հակասականության ամբողջ ազդեցությունը:
Փաշինյանի կերպարի ողջ հակասականությունը դիտարկելով հանդերձ, չենք կարող չընդունել, որ, այո, Հայաստանի իշխանությունները երբեք բաց չեն ասել այն մասին, թե ինչ են քննարկում ի վերջո բանակցությունների ընթացքում եւ ինչ են առաջարկում հանրությանըՙ դրսում ու ներսում տարբեր հռետորաբանություններ ընտրելով եւ մոլորեցնելով հայ հանրությանը: Այս առումով, ի դեպ, բացառություն չէ նաեւ փաշինյանական իշխանությունը, որի պարագայում ամեն ինչ մեկ մարդու իմացության շրջանակում է: Ահա եւ հայերիս տարուբերումների (տուրբուլենտության) վիճակի մեջ գցող եւ իրականության հետ հոգեբանական անհամատեղելիության աղբյուրը, որն ի վերջո պարտված պատերազմի բազմաթիվ պատճառներից մեկն է: Դա ճիշտ է, բայց ամենեւին չի նվազեցնում պատերազմը վատ, ոչ կոմպետենտ ու փնթի կառավարելու, դրա արդյունքի պատասխանատուն լինելու Փաշինյանի մեղքը, որը չի դադարում խոսել ժողովրդի տված նոր, երկաթե մանդատից, դա կիրառելու իր լիազորությունից, չնայած այդ մանդատը ամենեւին Փաշինյանին չի դարձնում ավելի լավ կառավարող, եթե նպատակ չունի իր ասած «օրենքի եւ իրավունքի դիկտատուրան» վերածելու մեկ անձի դիկտատուրայի:
Դե իսկ որՙ «Հայաստանի կառավարությունը ստանձնում է տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու իր բաժին անելիքն ու պատասխանատվությունը», սա, խոստովանենք, սահմանային ամենօրյա միջադեպերի, գերիներին չվերադարձնելու, նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներիՙ թշնամու կողմից բազմակի խախտումների պարագայում պարզապես նոնսենս է: Այդ պարագայում անվտանգության ապահովման պատկերացումները եւ Հայաստանի, եւ Արցախի դեպքում խիստ աննյութական ու վիրտուալ են, չնայած ձեւակերպված գեղեցիկ տեքստերին, թե քաղաքական եւ դիվանագիտական ողջ գործիքակազմն է կիրառվելու դրա համար, ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահության հովանու ներքո բանակցային գործընթացն է վերականգնվելուՙ առանց նախապայմանների Արցախի հարցը կարգավորելու համար (բա Հադրո՞ւթը, բա Քարվաճա՞ռը, բա Շուշի՞ն): Ու մենք Մինսկի խմբից առաջարկների ենք սպասում: Իսկ մենք առաջարկ չունե՞նք, լրիվ մտե՞լ ենք պարտվողի դերի մեջ, բա ի՞նչ դիվանագիտական ողջ գործիքակազմի մասին է խոսք գնում:
Իսկ ի՞նչ է նշանակումՙ ցեղասպանության ճանաչումը կառավարությունն օգտագործելու է ոչ թե տարածաշրջանում լարվածության աճին նպաստման, այլ ընդհակառակըՙ լիցքաթափման համար: Այսինքնՙ ճանաչումը շարունակելո՞ւ ենք որպես արգումենտ մեր դատը հետապնդելիս օգտագործել, թե՞ ընդհակառակը, այդ արգումենտից չենք օգտվելու: Ու այդ դեպքում ինչպե՞ս կարելի է մեկնել այն դրույթը, թե Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացնել: Իրո՞ք: Բայց Թուրքիայի նախապայմանը միշտ Արցախը Բաքվին տալն է, տալի՞ս ենք կամ արդեն տվե՞լ ենք:
Չնայածՙ հանրությանը դուր եկող արգումենտներ էլ շատ կան ծրագրում, թեՙ Հայաստանի արտաքին առաջնահերթություն- ապաշրջափակումը չի կարող տեղի ունենալ Հայաստանի եւ Արցախի անվտանգային եւ կենսական շահերի հաշվին: Դեՙ ապաշրջափակումը Թուրքիան նույնպես ուզում է, բայց իր նախապայմաններն էլ շարունակում է պնդել Արցախի մասով:
Իսկ կառավարության ծրագրի բովանդակային քննարկումն Ազգային ժողովում այս հրապարակման պատրաստման պահին դեռ կուտ էր գնում քաղաքական «ռազբորկային»: Ի վերջո շատ հարցեր կային բարձրացնելու, ինչպես, ասենք, «Պատիվ ունեմ» դաշինքից Տիգրան Աբրահամյանն արեց, նշելով, թե եռակողմ փաստաթղթից դուրս տարածքների զավթումը մարսելը Ադրբեջանի համար կարող է նոր զավթումների հրահրել, կամ Արցախի կարգավիճակի վերաբերյալ անորոշ ձեւակերպումների վրա ուշադրություն հրավիրեց, կամՙ հետաքրքրվեց, թե զինված ուժերը աննպաստ բանակցությունների դեպքում խնդիր ունենալո՞ւ են պաշտպանելու Արցախը: