Հետեւելով Հայաստանում ծավալվող իրադարձություններին ու գործընթացներին, կարելի է անվարան կարծիք կազմել, որ մենք ապրում ենք ոչ թե երկու, այլ տասներկու եւ ավելի Հայաստաններում: Ինչքան մարդ, այնքան կարծիք ու մոտեցում սկզբունքն այնքան է հիմնավորվել մեր միջավայրում, որ թվում է բնական ու բանական էր, ասենք, մարդ-կուսակցությունների հայտնվելն արդեն անցած դարձած Ազգային ժողովի ընտրություններում: Քաղաքական այսօրինակ պսեվդոգիտակցության շարունակությունն է տնտեսության հարցերում մոտեցումների բազմազանությունը, որն իր արտահայտությունը ստացավ արդեն հանրահայտ դարձած կանեփի մշակաբույսի գովազդմամբ ու շինշիլաբուծությամբ: Այսուհանդերձ Հայաստանի հանրապետությունում դեռ կան մարդիկ, որոնք նման յուրաքանչյուր արարից հետո մտորում են. Աստված իմ, է՞լ ինչ արկածախնդրությունների է ընդունակ հայաստանյան միտքը: Պրագմատիկների այս դեռեւս չկազմավորված ջոկատը պարզապես անզոր է ինքնահաստատման առումով, քանզի մեր հասարակական-քաղաքական դաշտը տնօրինում են յուրօրինակ վունդերկինդները, առանց հաշվի առնելու համաշխարհային զարգացումները, դրանց դրական ու բացասական դրսեւորումները:
Տեսեք: Հանրային որոշակի համակրանք վայելող կազմավորված քառյակը գտնում է, որ մեր խնդիրները մասամբից-հիմնականում պայմանավորված են հանրության կրթական մակարդակով: Որպես ապացույց նշվում է, որ երկիրը, որի բարձրագույն ուսումնական հաստատություններից որեւէ մեկը չի մտնում աշխարհի 1000 բուհերի ցանկ, կայացման ու զարգացման առումներով խնդրահարույց է: Առաջին հայացքիցՙ անվիճելի փաստ, քանզի գիտական բուհական կենտրոնների լսարաններում ու լաբորատորիաներում են կազմավորվում այն գաղափարներն ու ծրագրերը, որոնք առաջ են մղում հանրություններն ու պետությունները: Թե ինչպես հասնել ցանկալի արդյունքի, նշվում են միջոցներըՙ մանկա-պատանեկան կրթության արմատական բարեփոխումներից մինչեւ պետության ակտիվ մասնակցությամբ նոր բուհական միջավայրի կազմավորումը: Ավաղ, տարօրինակորեն չի հիշվում, թե ինչպես են իրենց հետ նույն մանկապարտեզը, դպրոցն ու համալսարանը հաճախած աշխատասեր շատ-շատերը միջակությունների շարքերում հայտնվել, երբ իրենք հաջողել են, գերհայտնի բարերարներ են: Ուրեմն կան չէ՞ այլ ու այլեւայլ հնարքներ, որոնք ընդամենը զանցառուական միջոցների օգնությամբ ու օգտագործմամբ ստեղծում ու հաստատում են այն միջավայրը, որում կարելի է գործել ու կայանալ: Հետո արդեն կարելի է հանգիստ խղճով հայտարարել, որ առաջին միլիոնի համար մի հարցրեք, մնացյալն աշխատանքի արդյունք է եւ ուրիշ ոչինչ:
Նման պարագայում ՀՀ շարքային քաղաքացիս, որն ակտիվ լրագրությամբ է զբաղվում եւ մշտապես է նշում տնտեսության հարցերում իր սիրողական պատկերացումները, դիմում է այլոց անցած ճանապարհի փաստարկմանը: Հենց թեկուզ մեր երբեմնի բախտակից Էստոնիայի տնտեսության վիճակագրությանը: Անկախության 7-8-րդ տարիներին մեկ էստոնաբնակի հաշվով համախառն ներքին որոշիչ արդյունքը հինգ հազար դոլար էր, որպիսի ցուցանիշ ՀՀ-ում չունենք 30-րդ տարում: Այդ ի՞նչ գերբնական ունակությամբ են օժտված մոտ 60-րդ հորիզոնականում բնակվող այդ երկրի քաղաքացիները, որ նման արդյունքի են հասել: Անկեղծ գտնվեմ եւ նշեմ, որ արտառոց ոչինչ չգտա, բացի այն, որ նախասիրություններիս առումով գտա հացահատիկի 600-700 հազար տոննա տարեկան արտադրության մասին հիշատակում, 1 բնակչի հաշվով 500 կգ եւ ավելի, երբ ՀՀ-ում այն անգամ 100 կգ չէ: Խորհրդային տարիներին եմ այցելել այդ երկիր եւ համոզվել, որ 65 տոկոս էստոններից ու 30 տոկոս ռուսներից բաղկացած հանրությունը հացի սպառման հանդեպ հատուկ նախապատվություն չունի: Հացահատիկի այդ ոչ մեծ քանակությունը նրանց անհրաժեշտ է երկրում պահվող անասնագլխաքանակներըՙ խոշոր եղջերավորը, որոնց թվում կովերն ու խոզերը, ինչպես նաեւ հավերը լավագույնս կերակրելու, դրանցից կաթ, միս, ձու ստանալու համար: Կովերի միջին կաթնատվությունը տարեկան 10 հազար լիտր է, խոզերի օրական քաշաճը 1-1,3 կգ, բարձր է ձվատվությունը: Էստոնիան հիմնական պարենամթերքներով գրեթե ինքնաբավ է, որը ձեռք է բերվում աշխատունակ բնակչության ընդամենը 3 տոկոս ջանքերի շնորհիվ: ՀՀ գյուղոլորտում ընդգրկված է աշխատունակ բնակչության 35 տոկոսից ավելին, ՀՀ քաղաքացիներիս սպառածը հիմնականում ներկրվող է, սկսած սոխ ու սխտորից մինչեւ միրգն ու բանջարեղենը, ավարտած կաթի փոշին ու խոր սառեցված մսատեսակները: ՀՀ գյուղատնտեսությունը, երկրի կառավարության ակտիվ քավորությամբ, վեր է ածվել այլոց ծխելու ու խմելու, միրգն ու բանջարեղենը վայելելու ոլորտի, այդկերպ վերածվելով այլոց բանջարա-բոստանային կցորդի:
Արդյո՞ք այս պարզ գործընթացը հասկանալու, պարզելու համար Հարվարդի ու Քեմբրիջի համալսարաններն ավարտածներ են անհրաժեշտ, որպիսի կադրեր չենք նկատում հազիվ 1,3 մլն բնակչություն ունեցող Էստոնյայի կամ առավել 1,3 մլրդ բնակչությամբ կոմունիստական կառավարմամբ Չինաստանի պարագայում: Վերջինում էլ ենք նկատում, որ 1 բնակչի հաշվով հատիկային մշակաբույսերի տարեկան արտադրությունը, արդեն հիշատակված Էստոնիայի առումով, 500 կգ-ի շրջակայքում է, որի որպես լիարժեք անասնակեր օգտագուծումը Չինաստանը դարձրել է խոզի մսի արտադրության համաշխարհային անվիճելի առաջատար, մինչեւ 60 մլն տոննայի հասնող ցուցանիշով, երբ 2-րդը ԱՄՆ-ն է, հազիվ 10-12 մլն տոննայով:
Պարզից էլ պարզ պատկեր է ուրվագծվում, որ մեծ լինի երկիրը թե փոքր, սակավահող թե ընդհանրապես հողազուրկ, կենդանական ծագման սննդահումքի, այստեղ էլ կաթի ու մսի արտադրությունը առաջնահերթություն է, պետության անվտանգային խնդիր: Ահա ինչու է հողազուրկ Սինգապուրը մինչեւ 120 հազար տոննա հավի միս արտադրում, սակավահող Իսրայելը 650 հազար տոննա, երբ ՀՀ ցուցանիշը հազիվ 10 հազար տոննա է: Կամ ինչու է հազիվ 5 մլն բնակչությամբ Նոր Զելանդիան հարյուր հազարավոր տոննաներ կարագ արտադրում, որը վաճառվում է նաեւ ՀՀ-ում, կամ ոչ մեծ Դանիան 1,6 մլն տոննա խոզի միս է արտադրում, երբ առաջին մթերքը մենք գրեթե չունենք, երկրորդն այնքան աննշան է, որ եվրոպականի համեմատ կրկնակի գնով է վաճառվում, 6-8 դոլարով: Այստեղից էլՙ այլ ապրանքատեսակների գները. ասենքՙ ստեպղինը, որը մեզանում վաճառվում է գազար մակնշմամբ, 600-700 դրամ է, ավստրիական սուպերմարկետումՙ 250 դրամին համարժեք եվրոցենտ, նույնըՙ պատկերված այլ մթերքների պարագայում: Ահա այսպիսի վիճակ, որը չի նպաստում հանրություն-իշխանություն բարերար միջավայրի ձեւավորմանը, կոռուպցիոն լինի թե այլ անցանկալի դրսեւորումների հաղթահարմանը:
Անշուշտ լրագրային էջն այն տարածքը չէ, որտեղ հարկ է երկրի անվտանգային հիմնահարցերից պարենապահովության խնդրով ուսուցողական զրույց ծավալել: Այն պետք է իրականացնեն գործադիր իշխանությունները, այդկերպ կանխելով հանրային կյանքի այլեւայլ դրսեւորումները, երբ առանձին անհատներ փորձում են յուրօրինակ մեթոդներով հասարակական միջավայրում հայտնվել, քաղաքական անհասկանալի բառապաշարով հանրությանն առաջնորդելու դերակատարում ստանձնել: Ավաղ, քանզի հայաստանաբնակն այսօր առավել անվտանգային խնդիր ունի, բուն ռազմականից ոչ պակաս պարենային ապահովության ու անվտանգության, որը հարյուր հազարավոր աշխատատեղեր է երաշխավորում, այն, ինչի կոչված են իշխանությունները:
Տարօրինակորեն նորընտիր ԱԺ-ի ամբիոնից գործարար պատգամավորի հնչեցրած այն խոսքերը, թե ՀՀ-ի գյուղատնտեսությունում ֆանտաստաիկ արդյունքներ են արձանագրվում, անգամ նվազագույնը չի արտացոլում մեր իրականությունը: Տանտիրուհիների կողմից օգտագործվող առաջին անհրաժեշտության բուսական ու կենդանական յուղերը, շաքարավազն ու բազմազան համեմուքները, հացամթերքներն ու հատիկաընդեղենները, սպառվող ողջ երշիկեղենը պատրաստված են ներկրված հումքից, հարցեր են ծագում դրանց որակների առումներով: Ավաղ, իշխանության թիմի պատգամավորն այս վիճակի մասին պարզապես չի ակնարկում, ո՜ւր մնաց բարձրաձայնի ու ահազանգի:
Ցավալի է, եթե այլ գնահատական չտանք: Ծուռ հայելիների թագավորությունը, պարզվում է, հեքիաթ չէ:
17.08.2021թ.