Աշխարհը ճանաչել ու ճանաչում է ուժի իշխանությունը: Այդպես էր Մակեդոնացու ժամանակ, այդպես էր Տիգրան Մեծի ժամանակ, այդպես էր կոնկիստադորների նվաճումների արդյունքում ստեղծված Նոր աշխարհի դեպքում, այդպես էր հարյուր տարի առաջ հայկական դժբախտությունների պարագայում, եւ այդպես է հիմա: Ամենօրյա ապացույցների պակաս չկա, ահա եւս մեկը.
«Թալիբանը» հաղթել է պատերազմը, այդ իսկ պատճառով մենք պետք է խոսենք Քաբուլի նոր իշխանությունների հետ, ովքեր էլ նրանք լինենՙ միգրացիոն եւ մարդասիրական ճգնաժամերը կանխելու համար», Աֆղանստանում տիրող իրավիճակի հարցով ԵՄ երկրների ԱԳ նախարարների տեսակոնֆերանսի արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը :
Այսինքնՙ հաղթողի ձեռքն են ի վերջո համբուրում ու դնում գլխներին: Մյուս կողմից էլՙ ովքեր են աֆղանները, հիմա նաեւՙ թալիբները (վերջիններս ՙ իրանական խմբի փուշթուն ժողովուրդն են), մեր տարածաշրջանն այժմ տրանսֆորմացիայի տանող բոլոր մյուս ուժերիՙ տարածաշրջանային շահեր ունեցողների գործիքները, որոնք այս կամ այն կարգախոսով փոխում են տարածաշրջանի դեմքը, նպաստում ազդեցությունների վերաձեւմանը (դրանց թվում նաեւ Թուրքիան է). ահա եւ ԵՄ պաշտոնյայի արձագանքի խորքային շարժառիթն է պարզ: Ու այդ առումով մենք պետք է հիմա արդեն հասկանանք, որ տարածաշրջանը փոխում է իր դեմքը, փոխվելու են առաջնահերթությունները, ազդեցություն գեներացնողները, եւ մենք պետք այդ ողջ գործընթացում շարժվենք հաշվարկված, զգուշորեն, որպեսզի նվազագույն կորուստներով դուրս գանքՙ պատերազմի աղետը մեզ հերիք էր:
Իսկ մերոնք այս նոր իրավիճակում շարունակում են անիրական բաներից խոսել, հույս կապել եվրոպական օրենքի, մեծ երկրների ու բարեկամ ձեւացողների հումանիզմի հետ, այլ երկրներին ուղղել սեփական երկիրը պաշտպանելու պարտականություններըՙ զիջելով նաեւ սեփական երկրի հարցերը լուծելու իրավունքները: Տեսնես այս բոլոլրը մերոնք հասկանալո՞վ են անում, թե՞ առանց դրա, որովհետեւ հասկանալովը այլ ծանրացուցիչ հանգամանք է, չհասկանալովըՙ ուրիշ հոդված:
Մեր սահմանային բնակավայրերը գնդակոծող թշնամու հետ ներկա իշխանությունն ուզում է խաղաղություն հաստատել, մենք շարունակում ենք զոհ ու վիրավոր տալ, հարեւան երկրի անմեղսունակը շարունակում է հոխորտալ, Սյունիքն ու Սեւանն իր նախնիների երկիրն անվանել, Բասարգեչար անվանել Վարդենիսըՙ այն եւս իր անտոհմ նախնիների չունեցած տարածքներին վերագրելով, դրանց գրավումը պատերազմի հաջորդ փուլում պլանավորելով, Զանգեզուրի միջանցքի կառուցում երազելով: Ամեն ինչ իրոք ծիծաղելի կլիներ, եթե այսքան ողբերգական չլիներ, այն աստիճան, որ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն է ստիպված եղել պատմական ապացույցների դիմելՙ անցյալ չունեցող չազգի անմեղսունակին պատասխանելու համար: Այսինքնՙ դեռ պիտի ապացուցենք, որ ուղտ չենք:
Մեր սահմաններում լարվածության ու սադրանքի ֆոնին, որում մեր ռազմավարական գործընկերն ուղղակի համր դիտորդի դեր է ստանձնել, հայ-ռուս-ադրբեջանական եռակողմ աշխատանքային խումբըՙ փոխվարչապետների մակարդակով չգիտես ինչ է քննարկում, թե բաՙ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը , ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը եւ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւը վերսկսել են տարածաշրջանային տրանսպորտային ապաշրջափակման եռակողմ խմբի աշխատանքներըՙ հունվարի 11-ի հայտարարության շրջանակներում: Հա՞:
Բա ի՞նչ է ասում մեր ԱԳՆ-ն, թեՙ ադրբեջանական սադրանքների նպատակն է խոչընդոտել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո խաղաղ բանակցությունների վերսկսումն ու վիժեցնել տարածաշրջանային ապաշրջափակման գործընթացը: ԱԳՆ-ն վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցողն իր հայտարարությամբ անվանում է տարածաշրջանային ապաշրջափակման ու խաղաղության հաստատման դեմ ուղղված սադրիչ գործողություններ եւ խոստանում, որ ՀՀ-ն հետեւողականորեն պաշտպանելու է իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, Արցախի ժողովրդի ինքնորոշման ու իր հայրենիքում ապրելու իրավունքը:
Այս ֆոնին մեկ օր առաջ վերլուծական հանրույթը փորձում էր գլխի ընկնել, թե իր էջում հազվադեպ գրառումներ անող Լեւոն Տեր-Պետրոսյանն ի՞նչ է ակնարկելՙ հիշեցնելով 2010 թ. հուլիսի 17-ին իր ասածը. «Չի կարելի զբաղվել ինքնախաբեությամբ եւ, մանավանդ, խաբել ժողովրդին: Ժողովուրդը պետք է իմանա իշխանությունների վարած քաղաքականության համար իր վճարելիք գինը»: Բնական էՙ ենթադրությունների պակաս չկա առ այն. որ իշխանությունը գաղտնի բանակցում է, ինչպես որ միշտ արել են բոլոր նախկինները, որՙ բանակցային նյութ է հայերիս վճարելիք նոր գինը, պատերազմիՙ ահռելի մարդկային եւ զինական կորուստներն առ ոչինչ են, եւ որՙ հայերիս հերթական անգամ կորուստների փաստի առաջ են կանգնեցնելու:
Բա վերը հիշված ԱԳՆ հայտարարությունը բուտաֆորիա՞ է, իրոք, ի՞նչ ենք բանակցում, ի՞նչ գին ենք վճարելուՙ իբր տարածաշրջանային ապաշրջափակման եւ սահմանային լարումների դեէսկալացիայի դիմաց: Վերջապես որեւէ իշխանություն իր իշխելու ընթացքոըւմ կատարելո՞ւ է սեփական ժողովրդին իրազեկելու իր անմիջական պարտականությունը:
Ճիշտն ասածՙ վերջերս իշխանության կողմից պատեհ-անպատեհ կրկնվող այն միտքը, թե ժողովուրդն իրեն նորից մանդատ է տվել, որ խաղաղության հարցը լուծի, հենց իշխանության ամենախոցելի արգումենտն է, եթե նա որոշի հարց լուծել ոչ հայկական պատկերացումներով: Քանի որ բոլորս գիտենք ընտրությունների պատկերը-ընտրողների մասնակցության չափըՙ հայկական ընտրական համակարգի ողջ աճպարարությամբ համեմված, ու այլ անհարմարություններ, եւ Հայաստանի շահերը ստորադասող ամեն մի որոշում, որ լինելու է իշխանության միանձնյա որոշումը, առանց քննարկումների ու կոնսենսուսի, բնականաբար չի ընդունելու Հայաստանի հայության այն ահռելի զանգվածը, որն ընտրության չի գնացել, եւ ողջ արտերկրյա հայությունը: Դեռ հարց է նաեւ, որ իշխանությանը մանդատ տվածներն արդյոք նկատի ունեի՞ն սահմանների գծումՙ ի վնաս ներկա Հայաստանի, կամ ինչ-որ միջանցքի տրամադրում օտարին, Արցախի հարցի մասնատում հայկական լուծումների ընդհանուր փաթեթից: Եւ ինչ-որ պահից, եթե Իլհամի երազած համաձայնագիրը ստորագրվի, որով Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունըՙ մեզ համար խոցելի սահմաններով, Արցախն էլ ընդհանրապես այդ պարագայում կմնա շրիշակին, ու առավել հավանական էՙ Ադրբեջանի կազմում, արդյոք ներկա իշխանությանը մանդատ տվածները ոտքի չե՞ն կանգնի ու ոտքի տակ չեն գցի նույնՙ իրենց ընտրած իշխանությանը: Այս իմաստով չենք կարծում, թե վարչապետ Փաշինյանը չի հասկանում, որ որեւէ համաձայնագրի ստորագրումը իր իշխանության վերջն է, որքան էլ խաղաղության հռետորաբանություն հնչեցնեն իշխանության տարբեր միավորներ, եւ որՙ այդպիսի համաձայնագրի չստորագրումն է իրՙ իշխանության մնալու երաշխիքը (իշխանություն ասում եմ, դրա կողքին դրված այլ բառերը դուք հասկացեք): Այնպես որՙ ԱԳՆ հայտարարությունը, ՊՆ վերջին շրջանի կոշտությունը Փաշինյանի այդ ըմբռնման արտացոլանքն են, միեւնույն ժամանակ, նոր զոհերի ֆոնին, դեռ մնալով չիրականացված:
Սակայն, մյուս կողմից, ինչո՞վ է զբաղված իշխանությունը: Փոխանակ ամեն ինչ արագորեն ուղղի երկրի ռազմական, պաշտպանական մոբիլիզացմանը (այդ թվումՙ ԱԺ քննարկումները). ներուժը վատնվում է ամեն ավարա բանի վրա, իշխանական կառույցների օրակարգերն այնպիսին են, որ ասես պատերազմը մեր դռանը չէ, ամեն օր նոր զոհեր չենք ունենում, եւ իրենց կարելի է հանգիստ ժպտալ ու խոսել մյուս թեմաներից, անիմաստ մեղադրանքով կին փոխքաղաքապետ ու կին աշխատակիցներ կալանավորել: Խափանման միջոց կալանքը որ պատիժ եք դարձրել, բա ո՞վ էր այլընտրանքային խափանման միջոցների կիրառման խոստումով իշխանության գալիս: Չնայած խափանման միջոցիՙ քննիչին տրված հայեցողական կիրառման իրավունքը, որի օրենսդրական փափոխությունը նոր իշխանությունների օրոք էր ընդունվում, ժամանակին հենց քննադատվեց կամայական կիրառման դուռ բացելու տեսակետից, ահա՛ եւՙ կամայական էլ կիրառվում է:
Կամՙ դատական իշխանության ամեն օղակ հիմա պետք է թշնամու հանցագործությունների լայնամասշտաբ իրավական հիմքի նախապատրաստմամբ զբաղվեր, ոչ թե ընկներ սահմանամերձ շրջանի կին փոխքաղաքապետի հետեւից. լրիվ ամոթ-աբուռ մի կողմ եք դրել: Դեռ գերազանցում եք ինքներդ ձեզՙ առողջապահության միջազգային կազմակերպության հանձնարարությունները կատարելիսՙ պարբերական վճարովի ՊՇՌ թեսթավորման պահանջով սպառնալով ՀՀ քաղաքացիներին հոկտեմբերից, եթե մինչ այդ չպատվաստվեն թագավարակի դեմ, այս մասին Պետրոսի եթերում գուժեց էքսցենտրիկ ձայնով նախարարուհին: Բայց ո՞վ է երաշխավորում, թե փորձաքննությունների ողջ լիարժեք փուլն անցած պատվաստանյութ ենք ներս լցնելու, ախր բոլոր մյուս հիվանդությունների պատվաստանյութերը տասնամյակով փորձաքննություններ, պրակտիկայով փորձարկումներ են անցել, մի տարվա փորձարկում էլ չանցած պատվաստանյութ պարտադրելը ո՞րն է: Բա մարդու իրավունքներ, բա անձի ազատություն, թե՞ թագավարակին հասցեագրված ֆինանսական շարժերը լրիվ փակում են տեսադաշտը:
Ասենք, որ ԱԺ-ն, այնուամենայնիվ, երկրի սահմաններում ստեղծված իրավիճակը փակ քննարկումներ մեր տեղեկություններով սկսում էՙ «Հայաստտն» խմբակցության ղեկավար , նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի առաջարկով, երեկ օրվա երկրորդ կեսին այդ թեմայով Ազգային ժողովում փակ քննարկում էր, հետո նաեւ լսումներ կլինեն տարբեր հանձնաժողովների նախաձեռնությամբ:
Սակայն ամեն օր ինչ-որ նոր սադրանք է լինում մեր սահմաններին եւ Արցախում. ասենքՙ ադրբեջանցիք ոչ միայն թիրախավորում են Հայաստանի դիրքերը, այլեւ հրդեհներ առաջացնում հատուկ հրդեհավտանգ գնդակոծությամբ, հետո էլ կրակում հրշեջ մեքենայի վրա Արցախում: Այսինքնՙ Հայաստանի եւ Արցախի սահմաններին տեղի ունեցողի պարագայում, բացի գերատեսչական կառավարումից, օպերատիվ եւ համակարգված, հատուկ լիազորություններով օժտված կառույցի կողմից կառավարման եւ համակարգման կարիք է առաջացել: Ձեւը պետք է գտնել: Ինչ-որ չենք տեսնում իրավիճակի նպատակասլաց կառավարում, որի իմաստն ամեն վայրկյան պատերազմին պատրաստ լինելն է: Թե չէ սահմաններին կրակում ու գնդակոծում են, մերոնք խոսում են խաղաղությունիցՙ շփոթեցնելով հանրությանը, պաշտպանության նախարարն ասում էՙ ամեն սահմանախախտ ոչնչացվելու է, բայց չենք տեսնում մեր զինծառայողներին սպանողների ոչնչացում: Ու Հայաստանի եւ Արցախի սահմանների պաշտպանության համակարգված կառավարման բացակայության ապացույց է նաեւ այն, որ երեկ Ազգային ժողովի իշխող մեծամասնությունը հանդիպել էր Արցախի նախագահի հետ, որ հասկանա, թե ինչ է տեղի ունենում Արցախում: