ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ, ՌԴ-ում «Ազգ»-ի հատուկ թղթակից
(ճանաչված բարերար եւ հասարակական գործիչ Հրաչյա Պողոսյանի ծննդյան 51-րդ տարեդարձի առթիվ)
Օգոստոսի 11-ին լրանում է պետերբուրգաբնակ մեր նշանավոր հայրենակից, ճանաչված բարերար եւ հասարակական գործիչ ՀՐԱՉՅԱ ՄԻՍԱԿԻ ՊՈՂՈՍՅԱՆԻ ծննդյան 51-րդ ամյակը:
Մարդու կյանքում տարեդարձը, տոն լինելուց բացի, նաեւ մտորելու, ապրած ժամանակահատվածը հետադարձ հայացքով ծանրութեթեւ անելու, արժեւորելու եւ հանրագումարի բերելու պատեհ առիթ է, որը նաեւ մի շարք հարցերի առաջ է կանգնեցնում. ի՞նչ ես հասցրել անել, բավարա՞ր են եղել արդյոք ձեռքբերումները, որքանո՞վ ես թերացել քո պարտականություններում, ազնի՞վ ես եղել հարազատներիդ, ծանոթներիդ եւ շրջապատիդ հանդեպ: Այս եւ նմանատիպ բազմաթիվ հարցերի պատասխանները, որպես խոսուն վկայություններՙ զարմանքի եւ հիացմունքի արժանի այն տասնյակ հարյուրավոր գործերն են, որոնք կյանքի է կոչել մեր այսօրվա հոբելյարը:
Հրաչյա Պողոսյանը հարգանքի եւ մեծագույն գնահատանքի արժանի սիրելի անձնավորություն է հազարավոր մարդկանց համար, նա այսօր հայտնի է Հայաստանում, Ռուսաստանում եւ աշխարհի բազմաթիվ անկյուններում: Մարդ, ում անունն առաջին հերթին առնչվում է չափազանց Աստվածահաճո եւ դրվատելի մի առաքելությանՙ բարեգործության հետ:
Նա արդեն երկար տարիներ հայտնի է իր բարեգործական նշանակալի գործունեությամբ: Բարեգործությունը Հրաչյա Պողոսյանի համար ոչ թե ցուցամոլություն է, այլՙ հավատամք, քրիստոնեական կենցաղավարության ու բարեպաշտության դրսեւորում, եւ այս առաքինի ու պատվախնդիր հայը Աստծո պարգեւած յուրաքանչյուր օրն ապրում է առաջ նայելով, մարդկանց օգտակար լինելու մեծ ցանկությամբ, քանզի գիտակցում էՙ երջանկությունը հարուստ լինելու եւ շատ ունենալու մեջ չէ, այլ` աշխարհին, քո շրջապատի մարդկանց եւ պատմությանը շատ տալու:
Հրաչյա Պողոսյանի սերը հայկականության եւ հայկական մասունքների հանդեպ, նրա անցած ուղին հայրենասիրության, աշխատասիրության եւ պարտաճանաչության փայլուն օրինակ կարող է ծառայել երիտասարդ սերնդին, նա ամենուր իրեն դրսեւորում է որպես բանիմաց եւ պատասխանատու մարդ, նրա բոլոր ձեռնարկումները ուղղված են մեկ նպատակիՙ հանուն Հայրենիքի հզորացման եւ բարգավաճման:
Հանրության ջերմ սերն ու հարգանքը վայելող բարերարի եւ իր անունը կրող բարեգործական հիմնադրամի կողմից երկար տարիների ընթացքում իրականություն դարձած գործերը վերաբերվում են մեր կյանքի բոլոր ոլորտներին եւ իրականացվում են Ամենայն Ռուսիո Եկեղեցու առաջնորդ Կիրիլի եւ Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդ Գարեգին Բ-ի օրհնությամբ: Պողոսյանի սրաթռիչ մտքի արգասիք, զարմանք հարուցող ու երբեմն անհավատալի եւ հիացմունքի արժանի գործունեությունը բարձր գնահատականների է արժանացել իշխանության բարձր օղակներում ինչպես Ռուսաստանում եւ Հայաստանում, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներում, որտեղ իրականացվել են նրա նախաձեռնությունները:
Անցնող տարիների ընթացքում, ընդհանուր առմամբ, Հրաչյա Պողոսյանի եւ նրա բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ ամբողջ աշխարհում ստեղծվել եւ վերականգնվել են ավելի քան 200 հոգեւոր, մշակութային եւ պատմական նշանակություն ունեցող հուշարձաններ, իրականացվել եւ կյանքի են կոչվել Հայրենական մեծ պատերազմի հերոսներին եւ իրադարձություններին նվիրված 120-ից ավելի հուշարձաններ եւ նախագծեր, իսկ մի մասն էլ իրականացման փուլում են: Հրաչյա Պողոսյանի մտահղացմամբ ու աջակցությամբ հրապարակվել են տասնյակ գրքեր եւ ամսագրեր, նկարահանվել են մի շարք մեծարժեք եւ ուսուցողական վավերագրական ֆիլմեր:
Նրա գործնեությունը բարձր գնահատականների է արժանացել իշխանության բարձր օղակներում ինչպես Ռուսաստանում եւ Հայաստանում, այնպես էլ տարբեր երկրներում, որտեղ իրականացվել են նրա նախաձեռնությունները: Նա ստացել է կառավարական, գերատեսչական եւ հասարակական պարգեւներ, ստացել է Հայ Առաքելական եկեղեցու բարձրագույն պարգեւը, ինչպես նաեւ պարգեւատրվել է Ռուս Ուղղափառ եկեղեցու շքանշաններով: Կարեւորագույններից ենՙ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով շնորհված պետական պարգեւըՙ «Բարեգործության համար» շքանշանը, Հայ Առաքելական եկեղեցու բարձրագույն պարգեւըՙ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» շքանշանը, «Մովսես Խորենացի» մեդալըՙ հայ-ռուսական եղբայրական հարաբերությունների ամրապնդման գործում ներդրած ավանդի համար, «Ուղղափառ եւ Ռուսաստանի Ուղղափառ եկեղեցու շքանշանը», «Պատվո III աստիճանի», «Սբ. Արքայազն Ալեքսանդր Նեւսկու անվան II աստիճանի» շքանշանը, «Ռուսաստանի զարգացման գործում ունեցած վաստակի եւ անձնական մեծ ներդրման համար», ՌԴ Արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանը, «Մարշալ Բաղրամյան», «Սպարապետ Վազգեն Սարգսյան», «Հավատքի եւ հայրենիքի համար» I աստիճանի մեդալները եւ այլն:
Արժե նաեւ հիշեցնել, որ անցյալ տարի ՌԴ ՊՆ հրետանային, ինժեներական եւ կապի զորքերի թանգարանում ամփոփված «Տարվա տղամարդ 2020» մրցույթի արդյունքներովՙ «Բիզնեսի սոցիալական պատասխանատվությունը» անվանակարգում հաղթողի դափնին նվաճել է պետերբուրգաբնակ մեր հայրենակիցը:
Բոլորովին վերջերս էլ, այս տարվա հունիսի 10-ին, ՌԴ պաշտպանության փոխնախարար, գեներալ-գնդապետ Անդրեյ Կարտապոլովը Հրաչյա Պողոսյանին հանձնեց «Ռազմաքաղաքական աշխատանքում ձեռքբերումների համար» մեդալ: Իսկ մեդալը ստանալու նախորդ օրըՙ հունիսի 9-ին, բոլորել էր Սանկտ Պետերբուրգի հիմնադիր Պետրոս Մեծի ծննդյան 349 տարեդարձը: Եվ քանի որ մեր հայրենակիցը երբեք աչքաթող չի անում կարեւորագույն ոչ մի փաստ եւ տարեթիվՙ Սանկտ Պետերբուրգի վարչակազմի կրոնական միությունների հետ կապերի վարչության պետ Վլադիմիր Իվանովի այցելել եւ ծաղիկներ էին խոնարհել նշանավոր կայսեր հանգստավայրում:
Հրաչյա Պողոսյանի բարեգործության շրջանակն ընդգրկում է այսօր արդեն 13 երկիրՙ Ռուսաստան, Հայաստան, Վրաստան, Բելառուս, Մոնղոլիա, Սլովակիա, Էստոնիա, Լատվիա, Լիտվա, Գերմանիա, Ղազախստան, Ֆրանսիա, Իսրայել: Աշխարհի որ անկյունում էլ իրականացրել է իր հերթական մտահղացումըՙ արել է սիրով ու նվիրումով եւ հայ ժողովրդի արժանի զավակի բոլոր ձեռնարկումները արդյունք են տարիների նրա տքնաջան աշխատանքի, որը նա կյանքի է կոչել իր անունը կրող հիմնադրամի գումարներով:
Բարեգործական ծրագրեր իրականացրած երկրների հետ կապը Հրաչյա Պողոսյանի համար շարունակական է: Պողոսյանի բարեգործական գործունեությունը Ղազախստանում սկսվել է 2017 թվականից: Մայիսի 31-ին այդ երկրում ավանդաբար նշվում է քաղաքական բռնաճնշումների զոհերի օրը: Եվ ահա այս տարի, այդ տարելիցի նախօրյակին, Ղազախստանի Աքմոլայի մարզի նախկին համակենտրոնացման ճամբարի տարածքում, որտեղ իրենց պատիժն էին կրում հայրենիքի «դավաճանների» կանայք, Հրաչյա Պողոսյան բարեգործական հիմնադրամի կողմից օրհնությամբ կատարված եւ տեղադրված Ուղղափառ խաչերի մոտ անցկացվեցին հիշատակի միջոցառումներ, որոնց ներկա էին բազմաթիվ երեւելի դեմքեր եւ ներկաները բազմաթիվ երախտիքի եւ գնահատանքի խոսքեր ուղղեցին Ղազախստանում մի շարք կարեւոր ծրագրեր կյանքի կոչած պետերբուրգցի բարերարի հասցեին: Ընդհանրապես, ղազախստանյան այցելություններն ու այնտեղ 1938-1953 թվականներին տեղի ունեցած ողբերգական ու սահմռկեցուցիչ իրադարձությունները ծանր տպավորություններ են թողել Հրաչյա Պողոսյանի վրա: Թերեւս այդ իրադարձություններին անդրադարձ կատարվի մեկ այլ հրապարակումով, մանավանդ, որ ի նշան երախտագիտությանՙ մեր հայրենակցի կատարած բարեգործությունների, Ղազախստանի «Առլան» ռազմահայրենասիրական կենտրոնի տնօրեն Ամանժոլ Ուրազբաեւը նրան էր հանձնել է բռնաճնշումների ենթարկված ավելի քան 80 հայ կանանց ցուցակ, ովքեր զոհվել են Աքմոլայի ճամբարում: Հրաչյա Պողոսյանը 2017 թ.-ին, Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդ Եզրաս Ներսիսյանի օրհնությամբ, խաչքար է տեղադրել այնտեղ: Սակայն պատմությունն այսքանով չի ավարտվել եւ առաջիկայում առիթ կունենանք անդրադառնալու այդ դեպքերին:
«Ազգը» վերջերս անդրադարձել էր հունիսի 2-ից 5-ը Սանկտ Պետերբուրգում կայացած միջազգային տնտեսական համաժողովին եւ նշել, որ այդ հեղինակավոր միջոցառման տեղեկատվական սրահներում տեղադրված ցուցափեղկերին շարված էին «Արգումենտի ի ֆակտի» ամսագրի թարմ համարի օրինակները, որոնք նախատեսված էին միջոցառման մասնակիցներին տրամադրելու համար: Իսկ ամսագրի շապիկին զետեղված էր պետերբուրգաբնակ ճանաչված բարերար եւ հասարակական գործիչ, բարեգործական հիմնադրամի նախագահ, մեր հայրենակից Հրաչյա Պողոսյանի մեծադիր նկարն ու նրա բազմաթիվ ֆանտաստիկ ու աներեւակայելի բարեգործական մտահղացումների մասին պատմող հոդվածի անոնս-ծանուցումը:
Եվ ահա, անդրադառնալով այդ փաստին, ռուսական հեղինակավոր լրատվամիջոցներն իրենց վերնագրերում արձանագրեցին, որ Հրաչյա Պողոսյանը դարձել է հանրահայտ «Արգումենտի ի ֆակտի» ամսագրի դեմքը:
«13 երկիր, 250 նախագիծ, միլիոնավոր ճակատագրեր». այսպես էր վերնագրված ամսագրում հրապարակված հարցազրույցը: Ի դեպ, «Արգումենտի ի ֆակտի» ամսագրի այդ համարը հասանելի է նաեւ «Ռոսիա» եւ «Աէրոֆլոտ» ավիաընկերությունների բիզնես կարգի ուղեւորներին, «Շերեմետեւո» եւ «Վնուկովո» օդանավակայանների VIP սրահների այցելուներին, «Սապսան»-ի գնացքների բիզնես դասի վագոններին, Սանկտ Պետերբուրգից ներքին եւ միջազգային երթուղիներով շքեղ վագոններին, ինչպես նաեւ քաղաքային ադմինիստրացիայի ամսագրային ցուցանակներին:
«Իմ ամեն մի մտահղացման, յուրաքանչյուր նախագծի մեջ կարեւորագույն գործոնը հաջողության հանդեպ հավատն է: Առանց հավատի հաջողությունն անհնարին է». ահա սա է ճանաչված բարերարի հաջողության գաղտնիքն ու հավատամքը, որին հավատարիմՙ նա երկար տարիներ ուրախության պահեր է պարգեւել հազարավոր մարդկանց եւ կենդանացրել բազմաթիվ աներեւակայելի, մեկը մյուսից գունեղ երազանքներ:
Ծննդյան տարեդարձի կապակցությամբ իմ եւ մեր խմբագրակազմի անունից ի սրտե ողջունում եմ հայ ժողովրդի արժանի զավակներից մեկին, իր գործի նվիրյալին եւ բարերարին:
Թող Ձեր բարի ժպիտն ու ներկայությունը չպակասի աշխարհից…