ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ
Հուլիսի 17-ին, շաբաթ օրը, Եվրասիական փորձագիտական ակումբը իր անդամների մեծամասնության մասնակցությամբ անց է կացնում ուղեղային գրոհ «Հետընտրական Հայաստան. ակնկալիք եւ իրողություններ» թեմայով: Մենք մեր փորձագիտական հանրության առջեւ դժվարին խնդիրներ ենք դրել, որոնց լուծմանը սպասում է մեր հասարակության մտածող մասը: Հետընտրական իրողությունները մի վիճակ են ստեղծել, երբ առաջացող հարցերը հրատապ ու անհետաձգելի լուծումներ են պահանջում ճշգրիտ որոշումներ ընդունելու համար: Այդ որոշումներին է սպասում մեր հանրությունը:
Նոր իրավիճակ, որում պետք է խորամուխ լինել
Մեր հասարակությունը ուզում է իմաստավորել սոցիալ-քաղաքական իրավիճակը, որը ձեւավորվել է անցած ընտրությունների արդյունքում: Հայաստանի ողջ քաղաքական եւ հասարակական վերնախավը, մեր հասարակության ակտիվ մասը հարց է տալիսՙ ի՞նչ ուղղությամբ է ծավալվելու քաղաքական գործընթացը մեր երկրում: Ո՞ւր է տանելու Հայաստանը խորհրդարանական մեծամասնության իշխանությունը: Կարո՞ղ է արդյոք Հայաստանը հույս ունենալ, որ կհաղթեն քաղաքացիական համերաշխությունը, հասարակական միասնությունը եւ հանդուրժողականության մթնոլորտը: Թե՞ մեր երկիրը այսուհետեւ էլ շարունակելու է գլորվել թշնամանքի եւ պառակտման անդունդ, զբաղվել ինքնաոչնչացմամբ եւ դրական եռանդը անիմաստ մսխելով եւ դրանով դառնալով ավելի անզենՙ թշնամի-հարեւանների առջեւ: Ինչպե՞ս է զարգանալու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը: Արդյոք այն լինելո՞ւ է հայաստանյան արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում: Ի՞նչ է պատահելու ազգային տնտեսությանը, եթե վերագործարկվեն բոլոր տրանսպորտային մայրուղիները Հարավային Կովկասում: Կարո՞ղ են արդյոք ձեւավորվող ադապտացիոն գործընթացներն ապահովել մեր տնտեսական զարգացման կայունությունը ակտիվորեն ընթացող տարածաշրջանային եւ գլոբալ գործընթացների համապատկերում:
Ակնհայտ է, որ ներքաղաքական դիսկուրսի կարեւորագույն հարցերից մեկը վերջին կես տարում հայ-ռուսական ռազմավարական դաշինքի համակողմանի զարգացման, խորացման եւ ամրապնդման հարցն է: Այս մասին շատ են խոսել տարբեր քաղաքական ուժեր նախընտրական շրջանում: Խորհրդարան անցած բոլոր երեք քաղաքական կուսակցությունները գերազանց պատկերացնում են այդ ռազմավարական դաշինքի եւ գործընկերային փոխգործակցության կարեւորությունը: Նախընտրական շրջանում անցկացրած մեր հետազոտությունները ցույց են տվել, որ նրանք բոլորն էլ պատրաստ են ջանքեր գործադրելու այս ոլորտում: Ինչպիսի՞ն կլինի արմատապես թարմացվող դաշինքը Ռուսաստանի հետ: Ի՞նչ ձեւեր է այն ընդունելու: Ի՞նչ պետք է անի Հայաստանի քաղաքական իշխանությունը երկրի ինքնիշխանությունն ապահովելու եւ փխրուն անվտանգությունը ամրապնդելու համար:
Պետք է հասկանալ պարզ ճշմարտություն. մեր համաքաղաքացիների մեծ մասը հանդես է գալիս Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակցային հարաբերությունների օգտին: Նրանք կողմ են, որ ռուսական զինված ուժերը մասնակցեն մեր սահմանների անվտանգության ապահովմանը, ինչպես նաեւ հայկական զինված ուժերի արդիականացման եւ վերազինման գործընթացին: Մեր ժողովրդի մեծ մասը շարունակում է վստահել Ռուսաստանին եւ խնդրում է նրա ղեկավարությանը հնարավոր համակողմանի օգնություն ցույց տալ մեր ռամագերիների վերադարձման հարցում: Մեր վերնախավերը պետք է հասկանան, որ չի լինելու հանգստություն եւ կայունություն մեր քաղաքական համակարգում, քանի դեռ մեր ռազմագերի-զինվորները չեն վերադարձել տուն: Մենք շատ լավ հասականում ենք, որ միայն Ռուսաստանն է իվիճակի արժանապատվորեն իրականացնելու միջնորդի առաքելությունը եւ օգնելու մեզ այդ ազնիվ գործում: Մի քանի օր առաջ Հայաստան է ժամանել ՌԴ Պաշտպանության նախարարության ներկայացուցչական պատվիրակությունը: Սա շատ լավ նորություն է եւ վկայում է, որ մեր երկրի իշխանությունները ցանկանում են սկսել զինված ուժերի մարտունակության վերականգնման գործընթացը, չսպասելով նոր կառավարության վերականգնմանը եւ VIII գումարման Ազգային ժողովի լիարժեք գործունեությանը:
Քաղաքական եւ տնտեսական հրամայականներ
Այս տարվա անցած ամիսները ցույց տվեցին, որ 2020թ. կորոնավիրուսի ավերիչ համավարակից հետո մենք դանդաղ եւ զգուշորեն փորձում ենք դուրս գալ զարգացման եւ տնտեսական աճի մայրուղի: Եվրասիական փորձագիտական ակումբը նպատակ է դրել հետազոտել ընթացող տնտեսական գործընթացները, տնտեսական զարգացման հնարավոր ուղղությունները, եվրասիական ինտեգրման գործընթացում մեր մասնակցության ներուժը մի նպատակովՙ խթանել հայկական տնտեսության զարգացումը: Ե՛վ այս օրերին, եւ՛ օգոստոսի վերջում, մեր փորձագետները կկիսվեն հայկական հասարակության մտածող մասի հետ մեր հետազոտությունների նյութերով, որոնք կպատմեն Հայաստանի տնտեսության իրական վիճակի, ինչպես նաեւ տեսանելի հեռանկարում տնտեսական կանխատեսումների մասին: Շատ կարեւոր է, որպեսզի երկրում ընթացող ակտիվ քաղաքական գործընթացները, գաղափարերի եւ դիրքորոշումների բախումը չվնասեն երկրի կայունությանը եւ տնտեսական վիճակին: Չի կարող այնպես լինել, որ քաղաքական կյանքը զարգանա իր օրենքներով մեկուսի, իսկ տնտեսական գործընթացները ծավալվեն առանձին: Մեր փոքր երկրում այս ամենը չափազանց փոխկապակցված է: Ահա թե ինչու մենք կոչ ենք անում Հայաստանի քաղաքական վերնախավին զսպվածության եւ իմաստության, որպեսզի տաշտակից դուրս չնետենք մանկանը կեղտոտ ջրի հետ միասին: Այստեղ եւս մեկ կարեւոր թվացող նորություն: Իշխանությունը ականջալուր է եղել հասարակության պահանջին եւ աշխատում է Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցության զարգացումը ապահովելու ուղղությամբ: Հուլիսի 8-ին Հայաստանի եւ Ռուսաստանի էկոնոմիկայի նախարարությունների ղեկավարները պայմանավորվել են մշակել տնտեսական փոխգործակցության նոր ծրագիր: Այժմ ձեւավորվում է աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի հետեւյալ ոլորտներում համագործակցության հնարավորություններըՙ էներգետիկա, տեղեկատվական տեխնոլոգիաներ, մետաղագործություն եւ քիմիական արդյունաբերություն: Եվրասիական փորձագիտական ակումբը այժմ փորձելու է հետեւել այդ խմբի աշխատանքին եւ հասարակությանը տեղեկացնել, թե ինչպես է աշխատում հայկական կողմը եւ որքանով է արդյունավետ նրա աշխատանքը:
Բազմավեկտոր քաղաքականության խոցելիության հետ կապված մտահոգություններ
Հայաստանում շատերն են հասկանում, որ 44-օրյա պատերազմի ընթացքում բազմավեկտոր արտաքին քաղաքականությունը ճեղք է տվել: Այժմ, ստեղծված նոր իրողություններում ժամանակակից աշխարհի առաջատար ուժային կենտրոնները փորձելու են ասես նորովի քաշել Հայաստանը իրենց կողմ եւ նոր պայմաններում պայքարել իրար դեմ հայ հասարակության վրա ազդեցության համար: Մենք կոչ ենք անում հայ քաղաքական ու հասարակական գործիչներին չվերածել քաղաքական երկխոսությունը կողմնորոշումների պատերազմի եւ չվերածել Հայաստանը արյունահեղ, ինքնաոչնչացնող պայքարի թատերաբեմի: Մենք բացարձակապես համոզված ենք, որ այս նոր դժվարին իրավիճակում պետք է դրսեւորվեն մեր ժողովրդի լավագույն որակները: Այդ ամենը պետք է ծառայի մեր երկրի ամրապնդմանն ու ուժեղացմանը: Մենք ուզում ենք ճիշտ հասկացված լինել: Մենք դեմ չենք երկխոսությանը, թեժ վեճերին, խորաթափանց քննարկումներին, գաղափարների պայքարին եւ տարբեր կարծիքներին: Մենք դեմ ենք, որ մեր սեփական ձեռքերով թուլացնենք, զինաթափ անենք հայ ազգը, հայկական քաղաքական ուժերը դարձնենք խաղալիք օտար ձեռքերում, Հայաստանը թողնենք միայնակ Թուրքիայի եւ Ադրբեջանի դեմ-հանդիման, ոչնչացնենք եւ ճնշենք մեր ազգային խորքային դիմադրության վերջին օջախները Եվրասիական փորձագիտական ակումբը կարծում է, որ Ռուսաստանի հետ դաշինքի, հայկական սփյուռքի գործնական շահագրգիռ մասնակցության եւ աշխարհի առաջատար երկրներում մեր բարեկամների օգնությամբ մենք վերջապես կկարողանանք դուրս գալ շարունակական կայուն աճի ու զարգացման ուղի, նվազագույնի հասցնել մեր երկրի ապաբնակեցումը եւ արժանապատվորեն ներկայացնել մեր փոքրիկ հայրենիքը միջազգային գործերում:
Եվ վերջինը: Մենք պետք է հասկանանք, որ Հայաստանի ստարտային պայմանները այսօր շատ ավելի բարդ են, քան շատ տարիներ առաջ: Նախկին դեղատոմսերը չեն աշխատելու: Մեր հասարակության մեջ այլեւս ոչ ոք չի հավատում պաթետիկ ճառերին եւ սրտաճմլիկ քարոզչությանը: Այդ պատճառով էլ մենք հայ ինտելեկտուալներին կոչ ենք անում չխնայել իրենց եռանդն ու գիտելիքը օգնելու համար մեր երկրին ոտքի կանգնելու ընկած վիճակից: Մենք փնտրում ենք ազնիվ ու կարգին մարդկանց, եռանդուն կազմակերպիչների, առաջնորդների հատկություններով հայրենասերների, որպեսզի օգնենք նրանց մուտք գործելու քաղաքական գործընթաց, օգնենք հայրենիքին եւ հնարավորություն տանք առավելագույնս բավարարելու իրենց քաղաքական նկրտումները: Մենք կարծում ենք, որ արդեն այսօր հարկ է աշխատել, որպեսզի վաղվա Հայաստանի ակտիվ քաղաքական գործիչները շարունակեն երկրի քաղաքական այն գիծը, որն ապահովում է կայունություն, անվտանգություն եւ զարգացում: Մեզ համար մեծ ճոխություն է կրավորական կեցվածքով հետեւել, թե ինչպես է խորանում ճեղքվածքը սերունդների մտածելակերպի եւ մոտեցումների միջեւ: Մենք ուզում ենք, որպեսզի մեր զավակներն ու թոռները շարունակեն իրենց հայրերի ու պապերի գործը, փոխ առնեն մեր փորձը, ստանան փայլուն, լավագույն, ժամանակակից կրթություն, միաժամանակ տիրապետելով մեր անվտանգ գոյության պատմության քննությունը բռնած հրամայականներին:
Այստեղ կուզենայի եւս մեկ դիտարկում անել: Պետք է հասկանալ, թե ինչո՞ւ խորհրդարան չանցան ռուսամետ գաղափարախոսությամբ փոքր կուսակցությունները: Հետաքրքրական է նաեւ, թե որքա՞ն է օրինաչափ հակառուսական հռետորաբանությամբ առաջ շարժվող քաղաքական ուժերի խորհրդարան չմտնելը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ ուժերի մեծ մասը այժմ հայտարարել է իշխանության հետ սերտ համագործակցության մասին, հարկ է հասկանալ, թե ի՞նչ վնաս ներսից նրանք կարող են հասցնել հայ-ռուսական ռազմավարական դաշինքին: Եվ վերջապես, պետք է փորձել հասկանալ, թե ինչո՞ւ հնարավոր դարձավ այնպիսի վիճակ, երբ հակառուսական քարոզչության արդյունքում ռուսական կողմնորոշման կրողների թիվն այսօր պատմական մինիմումի վրա է վերջին երեսուն տարվա ընթացքում: Մենք հարց ունենք իշխանություններին. ինչպե՞ս են մտադիր նրանք առաջ մղել Ռուսաստանի հետ ռազմավարական դաշինքի արդիականացման գործը:
Մոտակա երեք ամիսների ընթացքում Եվրասիական փորձագիտական ակումբը թվարկված բոլոր թեմաների ուղղությամբ իրականացնելու է քաղաքագիտական, տնտեսագիտական եւ սոցիոլոգիական հետազոտություններ եւ դրանց արդյունքները հրամցնելու է խնդրով հետաքրքրվող մեր ընթերցողներին: