2021 թվականի արտահերթ ընտրություններում իր գլխավորած ուժի ստացած քվեն Հայաստանի ու Արցախի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու մանդատ անվանելովՙ երեկ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը բացել է այդ մանդատի բովանդակությունը. տարածաշրջանային հաղորդուղիների բացում, տարածաշրջանային կայունություն ու տեւական խաղաղության հաստատում: Բայց դրան, տեսեք մի, խանգարում է Ալիեւը, ու, առհասարակ, Ադրբեջանն ամեն ինչ անելու է խաղաղությունը տարածաշրջանում խոչընդոտելու ու ցույց տալու համար, թե Հայաստանը կամ Արցախը իբր դեմ են խաղաղությանը, դեմ են սահմանազատման ու սահմանագծման գործընթացներին: Ու այս ֆոնին, Փաշինյանի խոսքով, Ադրբեջանը ագրեսիվ քաղաքականություն կառուցելու կեղծ հիմնավորումներ է ստեղծելու, որի դրսեւորումը վերջին օրերին տեղի ունեցողն է (երեւի նկատի ունի Երասխում սահմանային միջադեպըՙ հայկական կողմի մեկ զոհով եւ մեկ վիրավորով, երկու հայ զինվորականի անհետացումը Սեւ լճի շրջանում):
Որ Ադրբեջանը լարումներ է հրահրում եւ հրահրելու է մեր սահմաններինՙ ոչ ոք ո՛չ կասկածում է, ո՛չ էլ որեւէ մեկի համար անսպասելի է: Բայց այն, որ հայկական կողմը վերջապես պատասխան գործողություններ է իրականացրելՙ սա կարող է նշանակել երկու բան. Փաշինյանի համար վերջապես պարզվել է, որ «Զանգեզուրի միջանցքից» եւ Ղարաբաղի չգոյությունից խոսող Ալիեւն ի սկզբանե ոչ մի նպատակ չի ունեցել խաղաղություն հաստատելու, այլ միայն զավթելու: Ուշ է պարզվել, հսկայական մարդկային, տարածքային եւ նյութական կորուստներից հետո, բայց էլի մի բան էՙ վնասի կեսից հետ դառնալու իմաստով, ու միգուցե ամեն ինչ դեռ կորած չէ, որ Փաշինյանն ասում էՙ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» հորջորջումը որեւէ կապ չունի աշխատանքային խմբի կատարած աշխատանքի ու հունվարի 11-ի Մոսկվայի եռակողմ հայտարարության բովանդակության հետ, Ադրբեջանի նպատակն է շարունակել Հայաստանի շրջափակման շուրջ 30-ամյա գործընթացի քաղաքականությունը: Այդ դեպքում անհասկանալի էՙ ինչու շարունակել աշխատանքը եռակողմ աշխատանքային խմբում, ինչպես Փաշինյանն է հավաստիացրել կառավարության նիստին, «Հայաստանի շրջափակումը ճեղքելու ուղղությամբ ու Ռուսաստանի, միջազգային մեր գործընկերների աջակցությամբ հասնելու ենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը», սահմանազատումն ու սահմանագծումըՙ վրադիր:
Վահ, Երասխում սահման առաջ տալու, Սեւ լճի հատվածում թշնամու զինական ուժի ներկայությամբՙ ի՞նչ սահմանազատում, ձեռք քաշեք, վերջապես գերադաս դրեք Հայաստանի շահը, եթե հաղորդուղի եք ուզում բացելՙ հայկական կողմի մի նախապայման պետք է առկա լինի. մեր տարածքում ոչ մի այլ զինված խմբավորում հաղորդուղի չի հսկելու, այլ միայնՙ հայկական զինուժը, գնացք էՙ թող անցնի, ուրիշ ոչինչ ավելի: Ու, այո, Հայաստանը բոլոր հնարավոր ու անհնար միջոցներով պաշտպանելու է իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, վարչապետի պաշտոնակատարն էլ վերջապես հստակ նշեց, միայն թե «ներառյալ հայ-ռուսական միացյալ զորախմբի ու ՀԱՊԿ-ի մեխանիզմների գործարկմամբ» միտքը սրբագրման է արժանի, ՀԱՊԿ-ն արդեն ցուցադրել է իր մեխանիզմների անգործունակությունը, իսկ ավելի ստույգՙ մեկ երկրի ցանկությունից կախվածությունը:
Իսկ որ մեր արտաքին գործերի նախարարությունը կոշտ դատապարտել է սահմանին Ադրբեջանի զինված ուժերի սադրիչ գործողությունները, որի հետեւանքով զոհվել է հայ զինվոր, վայ, ԱԳՆ ունե՞նք. «Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից նման քայլերը կարող են հանգեցնել իրավիճակի հետագա սրման, իսկ հետեւանքների ամբողջ պատասխանատվությունը կրում են Ադրբեջանի իշխանությունները»: Է, դե արի ու մի հարցրուՙ պատրա՞ստ է ՀՀ-ն այդ սրումներին, կարգի բերո՞ւմ է իր զինուժը, թե ոնց որ ամեն ձյունի ժամանակ եւ բոլոր իշխանությունների օրոք մեր քաղաքապետարանը, երբեք պատրաստ չի, նույն կերպ երկիրն էլ պատրաստ չէ այդ նոր լարումներին: Թե չէ ռուսների, թուրքերի բտած Ալիեւը արդեն բացահայտ սպառնում է, թեՙ «Կողմերը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը, ճանաչեն սահմանները, սկսեն աշխատել սահմանազատման ուղղությամբ: Եթե Հայաստանը դա չի ուզում, ուրեմն դա նրա գործն է: Բայց նա պետք է լավ մտածի, այլապես հետո ուշ կլինի»: Ու իր այս խոսքին սպառնալիք է կցումՙ այլապես իրենք կվերադառնան իրենց «նախնիների հողերըՙ Զանգեզուր, Սեւան, Երեւան»: Դե երբ քոչվորի հետ քաղաքակիրթ լեզվով ես խոսում, նա դրանից չի քաղաքակրթվում, նա միայն հասկանում է ուժի լեզուն: Զատուլինի ասածՙ քոչվորը, որ հարյուր տարի առաջ թուրք -թաթար էր կոչվում, պատմություն ո՞նց սովորի, նա միայն կարող է նայել ու ասելՙ ոչխարը սարն անցավ: Ալիեւը շտապում է, նրան ինչ-որ բան անհանգստացրել է, նա զգում է, որ գնացքը կարող է գնալ, իսկ ինքն ուշանալ այդ հարկավոր գնացքից, ու շանտաժի, սպառնալիքի լեզվից անգամ չի խորշումՙ բաղձալի սահմանազատման, սահմանագծման, Ադրբեջանի տարածքային ամբողջականության (Արցախն էլ հետը) պայմանագիր ստանալու համար Հայաստանից: Ու ոչ մի մանդատՙ երկաթյա, պողպատյա, պլաստիլինե թե թղթյա չի կարող հայի արյուն կրող որեւէ ղեկավարի այդպիսի պայմանագիր ստորագրել տալ, որով Հայաստանի հետագա օկուպացման դուռ կբացի անհագ թուրք-թաթարների առաջ, ի՛նչ սիրուն բառերով էլ քողարկվեն այդ կարգի պայմանագրերը:
Որ սկսում ես ակնդետ հետեւել տեղի ունեցողին, իրար հետեւից տնտղել տարածաշրջանային խաղացողների հայտարարություններն ու քայլերը, մերոնց արձագանքներն ու չարձագանքներըՙ մեկ-մեկ թվում է, որ մեր տարածաշրջանոմ կատարվողը մեծ եւ լավ պայմանավորված խաղի մաս էՙ հստակ նպատակով, լավ բաշխված դերերով, ու այդ դերերը նաեւ Հայաստանն է ստանձնել: Ինչ -որ մեկը ղեկավարում է, քաշում պերսոնաժ տիկնիկների թելերը, սրանք էլ համապատասխան քայլն են անում, կամ ինչ-որ բան հայտարարում, մյուսները պատասխան հայտարարություն են անում, եւ այսպես շարունակ: Իսկ շեղումները, այս ամենով իրոք մտահոգվածների գործն ու խոսքը խանգարում է տիկնիկներին էլ, տիկնիկավարին էլ: Բոլոր դեպքերում հիշեքՙ այս երկիրը քաղաքակրթության բնօրրան է եղել, այս երկրի հետ ոչ ոք չի կարող վարվել այնպես, ինչպես Իրաքի հետ վարվեցին, մենք կանգնած ենք շատ ազգերի ստեղծման ակունքներում, ու, անկախ նրանից, որ ղեկավարն ինչ սեւ կամ սպիտակ գործ է մտմտում, ազգերի մեջ եղած հայկական հետքը, տիեզերքի էներգետիկ կենտրոն լինելու հանգամանքը եւ հայերիս մեջ դրված ծրագիրը միասնական ուժով հակադրվելու են հակահայկական քայլերին, սա որպես հիշեցում նաեւ մեր ղեկավարներին:
Իհարկե, դժվար է հակադրվել աշխարհի հզոր հատուկ ծառայությունների ներքնահարկերում ստեղծված սցենարներին, դրա համար այս պահին Հայաստանում պետք է ապրեր ոգին չկոտրված ժողովուրդ, Հայաստանի ղեկավարներն ունենային Նժդեհի, Արամ Մանուկյանի ու Հայկ Նահապետի անկոտրում կամքից, ու բոլորս այսքան նյութի գերին չլինեինք: Պիտի ունենայինք մեր անխոցելի հատուկ ծառայությունները, որպեսզի մեկ քայլ առաջ իմանայինք գլխներիս գալիքը, օդը հոտոտելով անգամ զգայինք տարածաշրջանային ճարտապետների հետին մտքերը: Չունենք այդ որակի կառույց, եղածն էլ ընկել է չորրորդական բաների հետեւիցՙ երկրի անվտանգության խնդիրը հազար գլուխ ամեն տեսակի պոպուլիստական ձեռնարկից բարձր դասելու փոխարեն:
Ասենքՙ հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 14-ին Երասխի հատվածում միջադեպը ու հնարավոր այդպիսի միջադեպերն արդյոք ունե՞ն տարածաշրջանային ճարտապետներ, քանի որ կան կողմեր, որ այդպիսի միջադեպերով կարող են ճնշում գործադրել ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի վրա, չէ՞ որ տարածաշրջանային տնտեսական հաղորդուղիների հարցը ոչ հայկական նախաձեռնություն է եւ ոչ էլ բուն ադրբեջանական, ու մինչեւ ո՞ր աստիճանի ներգրավվածություն ունեն աշխարհի գլխավոր խաղացողներըՙ այդպիսի միջադեպերում եւ լարումներում , իսկ ավելի ստույգՙ հրահրումներում:
Բոլոր դեպքերում հետաքրքրական է, որ այս օրերին վարչապետի պաշտոնակատարն ու փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը հիշել են Արցախի կարգավիճակի հարցը, առաջնահերթ համարել այդ կարգավիճակի հարցի լուծումն ու Արցախի խնդրի խաղաղ կարգավորումը: Կապ ունե՞ն Հայաստանի սահմանային միջադեպերն այդ խնդիրների հետ, անկախ նրանից, որ Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչն ամեն շաբաթ հերթապահ կրկնում է ՙ չունեն: Իսկ իրականում կարող է ճիշտ հակառակը լինել, մանավանդ Շուշի այցելած Ադրբեջանում հավատարմագրված դեսպանների թվում չկային համանախագահ երկրների դեսպանները, մերոնք էլ խոսում են բանակցային ձեւաչափի վերականգնումից, Ալիեւըՙ Ղարաբաղի հարցի չգոյությունից, համանախագահ երկիր Ֆրանսիայի նախագահն էլ շուտով այցելելու է Հայաստան: Այնուամենայնիվՙ ինչ-որ բան ծածուկ կատարվում է, գետը տակից հոսում է ու մի տեղից դուրս կգա:
Իսկ ընդհանրապես, այս ֆոնին զարմանալի էր արդեն արձակված ԱԺ-իՙ երեկ հրավիրված արտահերթ նիստը, երբ ՍԴ որոշումն է քթի տակ եւ նոր ԱԺ կազմավորումը օրերի խնդիր է: Դուք կարծում եք այդ հրատապությունը պայմանավորված էր Երասխի միջադեպո՞վ կամ Ալիեւի հայտարարություններովՙ դիմակա հայտարարություն ընդունելու համա՞ր: Իհարկե ոչ , պատգամավորներին հետաքրքրում էր մեն -մի գաղափարՙ ինչպես ավելացնել պատգամավորների նյութատեխնիկական սպասարկման ծախսերի փողը հինգ անգամՙ 50 հազարից դարձնելով 250 հաար: Տո լավ, է, տղերք, որ հանրային շահի անունով այսպիսի նախագիծ եք բերում, գոնե գիտե՞ք, թե ոնց է ապրում հասարակ մարդը, կամ , ասենք, որպես հասարակ ժողովրդի մաս, տեղյա՞կ եք, որ «Ազգի» լրագրողը մեկ տարում ստանում է այնքան, որքան, առանց պարգեւավճարների եւ 30 տոկոս հավելումի, դուք մեկ ամսում եք ստանում:
Լավ, մենք չենք գնահատում հին ԱԺ պատգամավորների լավությունը, նոր ԱԺ-ն միգուցե ըստ արժանվույն կգնահատի, այդ թվումՙ արդեն մանդատների ու պաշտոնների վրա սրտդող ընդդիմադիր երկու դաշինքների խմբակցությունները, դե իրենց մասին եւս նախօրոք մտածում են: ՍԴ-ն էլ, կարծես կկարճի նոր խորհրդարանում տեղ գտած պատգամավորացուների սպասումը, ու արդեն շաբաթ օրը իր շատ կանխատեսելի որոշումը կհայտնի:
Ճիշտն ասածՙ շուրջ մեկ շաբաթ ՍԴ քննարկումներին հետեւելովՙ չնկատեցինք ընտրություննեի առարկայական ու փաստագրված այնպիսի խախտումների ներկայացումը, որը հիմք կլիներ ընտրությունները չեղյալ համարելուն, ընտրությունների արդյունքները վիճարկող չորս հայցերի քննարկումը ՍԴ-ում ավելի շուտ նման էր սեփական կասկածները իրավական զգեստով պարուրելու գործընթացի: Ի դեպՙ մենք հակված չենք իշխանական այն կանխավարկածին, թե կեղծիքներ չեն եղել, կամ իշխողները ստացել են պողպատե մանդատ (Ստալինն էլ է իր անունն այդ կանխավարկածով դրել), ֆլան-ֆստան: Հայաստանում ոչ մի անգամ առանց կեղծիքների ընտրություն չի եղել, անգամ Գերագույն խորհրդի ամենաառաջին ընտրությունների վերաբերյալ, լինելով ընտրական հանձնաժողովներից մեկի կազմումՙ ես հանգիստ հակված եմ մտածել, որ այն ժամանակ էլ տրցակներով քվեաթերթիկներ են լցվել քվեատուփեր, ուղղակի այդ մասին ոչ ոք չի ասել: Այդպիսի մշակույթ ունենք հայերս, ամոթալի է, բայց խոստովանելն ուղղվելու առաջին քայլն է, կեղծել ամեն հնարավոր բան, այդ թվում նախ եւ առաջ ընտրությունները: Իսկ թե որքան են կեղծվել այս արտահերթ ընտրություններըՙ ոչ ոք չի կարող ասել, բացի կեղծողից, եթե անգամ ընտրություններին մասնակցած ու ֆինանսական բավարար ռեսուրսների տիրապետող դաշինքները չեն կարողանում փաստերով կնքված երկաթյա ապացույցներ ներկայացնել ընտրախախտումների վերաբերյալ:
Սակայն մի ուրախալի փաստ ֆիքսեցինք ՍԴ քննարկումներիցՙ Հայաստանում, այնուամենայնիվ, լավ իրավաբանների առկայությունը, որոնց ներուժի ոչ թե խմբային, այլ ի շահ պետության օգտագործումն է հրամայական: Դա նախ եւ առաջ Դավիթ Հարությունյանն է (սա հին նորություն է), որի իրավական գիտելիքները նաեւ խոսքի կուռ կառուցման հմայքով են շուլալված, իրավաբանության ծագող աստղ Արամ Վարդեւանյանը, որը հարկ է հրաժարվի քաղաքական գործչին հատուկ խոսքի ինտոնացիայից, եւ, իհարկե, Վահե Գրիգորյանը, որի մի քանի շերտանի հարցերն անգամ Դավիթ Հարությունյանը գովեց: Այս երեքի խոսքն էլ իրավական առումով գրավիչ են, հույս են տալիս իրավական ոլորտում, այնուամենայնիվ, առկա ներուժի, եւ ոչ թե միայն իրավական նիհիլիզմի գոյության մասին, մնում է նրանց գիտելիքների ծառայեցումը միայն ու միայն պետությանը, երկրին:
Իմաստ չունի ներկայացնել ՍԴ քննարկումների մանրամասներՙ չկրկնելու համար այն ԶԼՄ-ների սխալները, որոնք միայն ՍԴ քննարկման իրենց (իրենց տերերին) հաճո մասն էին ներկայացնում, այդպիսով բուն քննարկման պատկերն աղավաղելով: Ում հետաքրքրում էրՙ նա լսել է, այլապես կընկնենք այն լրատվամիջոցները օրը, որոնք պատմում էին, թե որ դատավորը որ դատավորին չոր հայացքով չափեց, ոնց էր ՍԴ նախագահը կարդում ոչ իր գրած տեքստը, կամ ոնց էին իրար նախշում ՍԴ դատավորներըՙ բաաաարձր դատարանի դերը նվաստացնելով:
Հիշեցնենք միայն, որ Սահմանադրական դատարանը միավորել եւ մեկ վարույթում քննում էր 2021 թվականի հունիսի 20-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումները, որ ներկայացրել էին «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքները, «Զարթոնք», «Հայոց հայրենիք» կուսակցությունները: Լսելով նաեւ կողմերի եզրափակիչ ելույթները, ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակՙ որոշում կայացնելու, որը հավանաբար կհայտարարի շաբաթ օրը: Եւ հավելենքՙ ՍԴ-ի այս որոշումն իրոք կարեւոր է (նկատի չունենք առաջիկա 100 տարին կանխորոշելու որոշում անվանած Դավիթ Հարությունյանի որակումը), քանի որՙ նախ ՍԴ-ն պետք է իր դեմքը փրկի առ այն, որ իշխանության կցորդ չէ, կամՙ նախկինների կամակատար չէ, այլ ժողովրդավարական երկրիՙ իր բարձրության վրա մնացած վերին դատական ատյան է, նաեւ խմբային շահ արտահայտելուց սահմանազատվի, միաժամանակՙ ինչ-որ խորհուրդ, այնուամենայնիվ ուղղի ընտրություն կազմակերպող կառույցին էլ, պետության ղեկավարներին էլ: Այն ենթադրությունը, թե հավանական է մանդատների վերաբաշխման առաջարկ անի ՍԴ-ն, այսինքն օրենսդրական փոփոխության առաջարկ, որով կպակասեն մեծամասնություն վերցրած ուժի մանդատները, եւ համապատասխանաբար կավելանան ընդդիմադիր երկու ուժերի մանդատները, մեր կարծիքով իրատեսական չէ, քանի որ դա դուռ է բացելու հետագայում խորհրդարանի քարտեզը փոխելու գործընթացի համար, բացի այդ, կոշտ ընդդիմության կոշտ քննադատությանը եթե գումարվի նաեւ սահմանադրական օրենքները չանցկացնելու վտանգը, ՍԴ-ն, ընտրությունների արդյունքը նույնը թողնելով, կասկածի տակ կդնի խորհրդարանական բնականոն աշխատանքնՙ օրենքների ընդունման առումով:
Սողոմոնյան որոշման հարկ կլինի: