45-ամյա Արա Ասատուրյանըՙ Երեւանից, բազմաշնորհ անձնավորություն է: Անգլերենի մասնագետ, որ աշխատել է որպես թարգմանիչ եւ արհեստավարժ դաշնակահար, որը, սակայն, մի կողմ է թողել այդ երկու մասնագիտությունները եւ հետեւել իր իրական կոչմանըՙ պարերի բեմադրում, ուսուցում եւ կատարում: Նա ուսանել է Երեւանի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում ու Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում: 2011 թվականին սովորել է Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի պարարվեստի ասպիրանտուրայում:
2005 թվականից Ասատուրյանն ակտիվ գործունեություն է ծավալում Երեւանի պարային ասպարեզումՙ բեմադրելով մի շարք մեծ ու փոքր ներկայացումներ. «Վիրտուալ աշխարհից այն կողմ» («Գիսանե» երիտասարդական թատերական փառատոնում ճանաչվել է լավագույն ներկայացում), «Չարենց» (երաժշտությունըՙ Գրիգոր Հախինյանի), «Երազներ հայրենիքի մասին» (ներշնչված Փառիկ Նազարյանի կատարած ժողովրդական երգերից), «Գիտցե՛ք, որ դեռ կենդանի եմ» (խորեոգրաֆիկ ֆանտազիաՙ Պետրոս Դուրյանի բանաստեղծությունների եւ Մայքլ Նայմանի երաժշտության հիման վրա), «Հայրեններ» (խորեոգրաֆիկ ֆանտազիա միջնադարյան հայրենների եւ ֆրանսաբնակ երգահան Լիլիթ Դանիելյանի երաժշտության հիման վրա), «Մահը եւ օրիորդը» (երաժշտությունը ՙ Լյուդովիկո Էինաուդիի), «Ո՞ւր է, մա՛հ, հաղթանակը քո» (Գրիգոր Խաչատրյանի հետ համատեղ), «Տեսիլաժամեր» (երեք հայ բալետմայստերների հետ համատեղ), «Հինգ նամակ» (Երեւանի օպերայի եւ բալետի թատրոն) եւ այլն:
Արա Ասատուրյանը պարեր է բեմադրել Անդրեյ Բաբաեւի «Արծվաբերդը», Ավետ Տերտերյանի «Կրակե օղակը» (երկուսն էլՙ բացօթյա կատարմամբ Շուշիում), Ժորժ Բիզեի «Կարմեն» օպերաների, Աստոր Պիացոլլայի «Մարիա դե Բուենոս Այրես» տանգո օպերետի համար: Գրիգոր Խաչատրյանի եւ Արման Ջուլհակյանի հետ համատեղ բեմադրել է «Հոգիս», «Ամեն», «Խոստանում ենք» (Թերի Ջորջի «Խոստումը» ֆիլմի հիման վրա), «Սասունցիների պարը», եւ «#44 / Գենետիկ ամնեզիա» բալետները: Ասատուրյանը համագործակցել է նաեւ բեմադրիչներ Արմեն Մելիքսեթյանի («Կույրերը». ռոք-օպերա, «Կուրաժ մայրիկը ու նրա զավակները». մյուզիքլ), Գրիգոր Խաչատրյանի (Եվրիպիդեսի «Մեդեա», Բոմարշեի «Ֆիգարոյի ամուսնությունը», Շեքսպիրի «Օթելլո», Բելեցկիի «Թույն», Եվրիպիդեսի «Բաքոսուհիներ»), Նորա Գրիգորյանի (Էրդմանի «Ինքնասպանը», Պուշկինի «Եվգենի Օնեգին», Մարկեսի «Ես միայն եկա զանգահարելու համար») հետ:
Արա Ասատուրյանը բեմադրություններ է իրականացրել Հայաստանի խոշոր պարային ընկերությունների համար, ինչպիսիք են Երեւանի օպերայի եւ բալետի ազգային թատրոնը, «Բարեկամություն» պարի պետական համույթը, Երեւանի պետական խորեոգրաֆիկ քոլեջը», Նորքի Հայորդյաց տունը, Արցախի պարի պետական անսամբլը, իսկ Սոֆիայի պարային ակադեմիայում բեմադրել է «Երազանքի բալլադ» խորեոգրաֆիկ ներկայացումը:
– Ա՛րիկ, քեզ համար կարծես թե անհնարին էր բեմական պարի կախարդական աշխարհ մուտք չգործելըՙ ծնված լինելով հայ բալետի երկու ականավոր ներկայացուցիչների ընտանիքում, անգամ եթե նրանք դեմ էին, որ դու պարող դառնաս:
– Այո՛, թե՛ մայրս, թե՛ հայրս բալետում էին: Մայրսՙ Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստուհի Էլվիրա Մնացականյանը, ավելի քան 30 տարի եղել է Երեւանի ազգային օպերայի եւ բալետի թատրոնի պրիմա բալերինան, իսկ հայրսՙ Աշոտ Ասատուրյանը, իր ժամանակի մեծագույն բալետմայստերներից էր: Որքան ինձ հիշում եմՙ պարել եմ: Ես բառացիորեն մեծացել եմ թատրոնում. ցերեկը դահլիճում փորձերն էի դիտում, իսկ երեկոյան, իմ անձնական կուլիսիցՙ ներկայացումները: Եվ ամեն փորձից հետո գալիս էր իմ փառքի րոպեն. գնում էի դահլիճի կենտրոն ու սկսում էի պարելՙ ինչ որ նոր տեսել էիՙ լիներ Ժիզելը, Բազիլը թե փոքրիկ կարապներից մեկը: Երբեմն (իհարկե, միայն կատակով) որոշ պարողներ կամ նույնիսկ փորձավարներ խնդրում էին ինձ հիշեցնել իրենց որոշ շարժումները կամ նույնիսկ դրվագներ, եւ դրանք իմ ամենաերջանիկ պահերն էին, քանի որ կարողանում էի պարել եւ իմացածիցս բաժին հանել մյուսներին: Իմ ապագան ինձ համար որոշակի էր, բայց պարզվեց, որ ծնողներս այլ ծրագիր ունեն: Նրանք չափազանց բարձր չափանիշներ ունեին պարային կարողություններս գնահատելու մեջ ու մի օր ինձ ասացին. «Եթե դու իսկապես ակնհայտ ձիրքեր ունենայիր, քեզ կուղարկեինք Լենինգրադՙ սովորելու, բայց իրականում դու շատ ավելի լավ ես երաժշտության ու լեզուների ասպարեզում, ուստի մենք չենք ուզում քո իսկական տաղանդները զոհաբերել հանուն կորդեբալետի պարողի կասկածելի ապագայի»: Նրանք թե՛ ճիշտ էին, թե՛ սխալ: Ճիշտ էին, քանի որ չնայած ես չդարձա ականավոր երաժիշտ կամ բարձրակարգ թարգմանիչ, բայց, որպես անհատականություն, ես շատ ավելին եմ սովորել եւ փորձել, քան կսովորեի միայն պարելու դեպքում: Նրանք նաեւ սխալ էին, քանի որ մարդ չի կարող խուսափել իր ճակատագրից. վաղ թե ուշ նորից կվերադառնա իր ճանապարհին: Իմ դեպքում դա մի փոքր ուշացավ, բայց ես դեմ չեմ: Երբ երեխա էի, իսկապես վրդովված էի ծնողներիս դիրքորոշման համար, բայց հիմա շնորհակալ եմ, քանի որ այսքան տարի անց ես կրկին պարի աշխարհում եմ, բայցՙ շատ ավելի մեծ գիտելիքներով ու փորձով, մի բան, որ անհրաժեշտ է լավ պարաստեղծ լինելու համար:
– Նախկին մասնագիտություններդ նպաստո՞ւմ են պարին: Եթե այո, ապա ինչպե՞ս:
– Իհա՛րկե, նպաստում են: Երեւանի կոնսերվատորիայում սովորածս տարիներն ինձ փայլուն դաշնակահար չդարձրին, բայց տվեցին երաժշտական խորը գիտելիքներ: Հորս երազանքն էրՙ ինձ տեսնել մեծ բեմում դաշնամուր նվագելիս: Երբ նա երեխա էր, նրա ընտանիքը չափազանց աղքատ էրՙ դաշնամուր ունենալու համար, ուստի նա ստիպված էր սեղանի վրա ստեղներ նկարել, որ դաշնամուրի դասերից հետո կարողանար տանը պարապել: Հայրս, լինելով թիֆլիսեցի կոշկակարի վեց երեխաներից մեկը, ավարտեց Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի պարարվեստի բաժինը: Նա իմ երբեւէ ճանաչած ամենախելացի եւ բանիմաց անձանցից մեկն էր: Հայրս հեշտությամբ կարդում էր երաժշտական պարտիտուրաներ եւ չափազանց երաժշտական էր թե՛ աշխատանքի, թե՛ կյանքի ընթացքում: Նրա օրինակը չէր կարող ինձ չոգեշնչել: Ես շատ փորձեցի արդարացնել նրա սպասելիքներըՙ որպես երաժիշտ, եւ չնայած չկարողացա իրականացնել նրա երազանքը, բայց հիմա ունեմ այն ամենը, ինչ ինձ անհրաժեշտ է որպես պարադիրի: Երաժշտության իմ խորը գիտելիքներն ինձ շատ են օգնում: Ցավոք, հայրս կյանքից հեռացավ նախքան պարաստեղծ դառնալու որոշումս կայացնելը, բայց ես հուսով եմ, որ նա կհպարտանար իմ երազանքի ընտրությամբ:
Ինչ վերաբերում է լեզուներին, ապա ես կարծում եմ, որ դրանք այսօր էական են գլոբալ մտածող յուրաքանչյուր արվեստագետի համար:
– Ես դիտել եմ քո առաջին «Երազներ հայրենիքի մասին» մեկ գործողությամբ բեմադրության տեսագրությունըՙ հիմնված հայ ժողովրդական երգերի վրա, ամերիկահայ հրաշալի երգչուհի Փառիկ Նազարյանի կատարմամբ: Հայ գեղջկական պարերի նորարարական մեկնաբանությունները կարծես թե թարմ մոտեցում էին մեր բեմական պարին, բայց նման փորձեր դու չշարունակեցիր:
– Այո՛, դա իմ առաջին բալետներից էր եւ ինձ համար էվրիկայի պես մի բան էր: Հայկական պարն իմ առաջնահերթությունը չի եղել որպես պարաստեղծ, բայց երբ առաջին անգամ լսեցի Փառիկ Նազարյանի ձայնըՙ հմայվեցի: Ասես նրա ձայնը մտավ մեջս եւ տարավ ինձ դեպի իմ սեփական հոգին: Եվ ես բազում տեսլականներ ունեցա: Միգուցե նա կոտրեց իմ գենետիկ ծածկագրերը կամ նման մի բան, ինչին ես դեմ չէի: Կարծում եմՙ յուրաքանչյուր արվեստագետ իր կյանքի ինչ-որ պահի հայրենիքի, իր արմատների եւ նախնիների, իր ինքնության վերաբերյալ նման պատկերացումների կարիք ունի: Այո՛, հետագայում ես խորասուզվեցի ժամանակակից պարի եւ այլ փորձարարությունների մեջ ու հեռացա հայ ժողովրդական պարից, բայց ո՞վ գիտի, միգուցե մի օր ես մի նոր ձայն լսեմ ու նոր տեսլականներ կունենամ:
– Այժմ մեզանում կարծես ակտիվացել է խորեոգրաֆիկ տարրերով սինթետիկ թատերական ուղղությունը, ու դու դրա սակավաթիվ ներկայացուցիչներից ես: Ինչպե՞ս ես գնահատում այդ ոլորտը:
– Արդեն երկար տարիներ ակտիվորեն համագործակցում եմ դերասանների ու բեմադրիչների հետ: Բազմաթիվ համատեղ նախագծեր եմ ունեցել իմ լավագույն ընկերներից եւ Հայաստանի լավագույն բեմադրիչներից մեկիՙ Գրիգոր Խաչատրյանի հետ: Մեր առաջին փորձը Եվրիպիդեսի «Մեդեան» էր: Եվ դա ճիշտ կետն էր սկսելու համար: Հին հունական թատրոնը սինթետիկ արվեստի բնօրրանն է, ուստի արվեստի սինթետիկացման ներկայիս բոլոր փորձերը պարզապես անիվ հայտնաբերելու հավակնոտ ջանքեր են: Հույները դա արեցին ավելի քան երկու հազար տարի առաջ, եւ մենք այսօր նույնն ենք անում մեր սեփական «նորարարական» ձեւերով: Ես սիրում եմ աշխատել դերասանների հետ, երբեմն նույնիսկՙ ավելի, քան պարողների հետ: Նրանք նման են կավիՙ մտքի եւ հոգու ճկունությամբ, ու նաեւ սպունգի, որոնք ցանկանում են սովորել եւ կլանում են այն ամենը, ինչ տալիս ես նրանց: Ես սիրում եմ աշխատել նաեւ բեմադրիչների հետՙ օգնելով նրանց տեսանելի դարձնել իրենց գաղափարները: Եվ նրանցից շատ բան եմ սովորում: Արդեն երկար տարիներ ես Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում երիտասարդ դերասաններին բեմական շարժում եմ դասավանդում ու մինչ այժմ շատ բան եմ սովորել: Թատերական տեխնիկան մեծապես հարստացրել է իմ ոճն ու խորեոգրաֆիայի իմ ընկալումը: Այսօր ես զգում եմ, որ կանգնած եմ թատրոնի եւ պարի խաչմերուկում, բայց չպետք է ընտրություն կատարեմ: Հիանալի էՙ մաս կազմել այս երկու ֆանտաստիկ աշխարհների եւ փորձել դրանք միաձուլել`օգտագործելով սեփական երեւակայությունը:
– Որտե՞ղ է ծնվում պարային շարժումըՙ մտքո՞ւմ, մարմնո՞ւմ, սրտո՞ւմ:
– Այս հարցը երեւի թե տվել են բոլոր պարաստեղծներին: Հիմա պատասխանելու իմ հերթն է: Եվ ես կասեմ, որ… պատասխան չունեմ: Հիմա ես մտածում եմ իմ մարմնով, ապա շարժվում եմ սրտով կամ զգում մտքով: Ամեն ինչ միահյուսված է եւ վաղուց դարձել է անգիտակցական ու բնազդային: Երբեմն, տարիներ շարունակ ինչ-որ բան է լինում մտքում, ինչ-որ ներշնչանք կամ տպավորություն, որոնք պարզապես պետք է կյանքի կոչել: Բայց ինձ համար, ամենայն հավանականությամբ, բանալին երաժշտությունն է: Երաժշտությունը տալիս է բոլոր պատասխանները: Այն բացում է մարդու միտքն ու սիրտը, եւ մարմնին ստիպում է շարժվել, եւ սա այն ամենն է, որ հարկավոր է ինչ-որ բանի ծնունդ տալու համար: Բայց սա, իհարկե, բավարար չէ: Երբ երեխան ծնվում է, պետք է մեծացնել նրան ու թողնել, որ նա գնա եւ ապրի իր սեփական կյանքովՙ բեմում, տեսագրության մեջ կամ ինչ-որ մեկի հիշողության մեջ ու սրտում:
– Ասում են, որ արեւի տակ նոր բան չկա, այդուհանդերձ, կարելի՞ է նոր պարային շարժումներ «հայտնաբերել»:
– Չեմ կարծում, որ բանը շարժման մեջ է: Դու կարող ես բառ հորինել, բայց դա իմաստ չի ունենա այնքան ժամանակ, քանի դեռ չի մտել համատեքստի մեջ ու չի կենդանացել: Նույնը վերաբերում է շարժմանը: Երբեմն այն գալիս է ինքնաբերաբար, ոչ մի տեղից, երբեմն պահանջում է մեծ ցավ եւ ջանք, երբեմն էլ դրա մեջ շատ իմաստ եւ փիլիսոփայություն ես դնում, իսկ երբեմն էլ ընդհանրապես իմաստ չի ունենում: Բայց այն պետք է զգալ բոլո՛ր դեպքերում. Միայն այդ դեպքում այն կունենա բավականաչափ էներգիաՙ սրտեր շարժելու համար: Չեմ կարծում, որ պետք է հասկանալ պարը: Պարզապես զգացե՛ք այն ու կհասկանաք շատ ավելի մեծ եւ խորքային մի բան: Այո՛, ընդամենը մեկ պարզ շարժում կարող է շարժել տիեզերքը, եւ այն պետք չէ լինի նոր, պետք է լինի ճշմարիտ եւ անկեղծ:
– Քեզ, կարծես, ոգեշնչում է հայ գրականությունը…
– Այո՛, եւ ոչ միայն հայ: Ես պոետիկ հոգի եմ եւ սիրում եմ բանաստեղծներին: Նրանք այնքա՛ն հզոր են եւ միաժամանակՙ այնքա՛ն փխրուն: Պոեզիան ինձ համար շատ նման է պարի: Այն ունի իր ռիթմը եւ իր մեղեդին, իր տրամաբանությունը, որը սնվում է փոխաբերություններով, ակնարկներով, ենթատեքստերով, խորը հոսքերով եւ ներաշխարհներով: Ինձ դուր է գալիս իմ բալետների համար սեփական պատմություններ հորինելը, իսկ բանաստեղծներն իրենց տարօրինակ եւ միստիկ կյանքով շատ բերրի հող են իմ երեւակայության համար: Սովորաբար ես որպես հիմք վերցնում եմ որեւէ բանաստեղծի կյանքից մի հետաքրքրական մանրամասն, իսկ մնացածն անում է նրա պոեզիայի մթնոլորտը: Իմ հերոսներից էին Նահապետ Քուչակըՙ իր անուշ ու հմայիչ գործերով («Հայրեններ»), Պետրոս Դուրյանն իր եղերերգություններով («Գիտցե՛ք, որ դեռ կենդանի եմ»), Եղիշե Չարենցն իր խելահեղ հեղափոխական ներբողներով («Չարենց»), Մարինա Ցվետաեւան եւ Բորիս Պաստեռնակն իրենց բանաստեղծական սիրային երկխոսությամբ («Բեմի մութ անկյուն թռչող ձուկը»): Եվ, հավանաբար, բազմաթիվ նոր հետաքրքրական պատմություններ էլ կլինեն:
– Ի դեպ, դու ակտիվորեն զբաղվել ես նաեւ պոեզիայի թարգմանությամբ: Քո որոշ թարգմանություններ հայ դասական պոեզիայից անգլերեն, կարդացել եմ Ստեփանակերտի «ԳեղԱրմ» ամսագրում: Մտադիր չե՞ս դրանք հրատարակել մի հատորով:
– Ես ատում եմ առօրյա աշխատանքը: Երկար տարիներ աշխատել եմ լրատվական գործակալությունումՙ թարգմանելով անհետաքրքիր լուրեր: Այն կարծես բանտ լիներ իմ մտքի ու հոգու համար: Ուստիեւ ես գտա փախուստ բանաստեղծության թարգմանության մեջ: Արդեն ասել եմ, որ պոեզիան ինձ համար նման է պարի, իսկ բանաստեղծություն թարգմանելը պարի պես մի բան է: Զգում ես ռիթմը, լսում մեղեդին, ընկալում ասվածի էությունը, զգում չասվածի խուսափողական բույրը եւ ահա՛ հայտնվում ես ինչ-որ անհայտ մոլորակի վրաՙ պարելով անթիվ բառերի եւ իմաստների հետ: Ես թարգմանել եմ բազմաթիվ հեղինակներիՙ հայերենից եւ ռուսերենից անգլերեն, հայերենից եւ անգլերենից ռուսերեն, անգլերենից եւ ռուսերենից հայերեն: Արդեն բավականին մեծ աշխատանք է արված, ընկերներս անընդհատ համոզում են, որ հրատարակեմ, բայց ես դեռ համոզված չեմ, որ արժի: Ինձ համար դա ավելի շուտ նման է հոբիի, մի տեսակ օդափոխության, մի բաժակ լավ կարմիր գինուՙ տխուր անձրեւոտ օրը: Կարծում եմ, որ վեբի եւ ռեփի մեր նյութական աշխարհում այլեւս տեղ չկա բանաստեղծության համար: Մարդիկ աշխարհը շատ նյութական են ընկալում, կախարդանքը համարում են ինքնին ենթադրվող մի բան, երաժշտությունը զգում են ընդամենը մակերեսորեն եւ չեն խորանում կարդացածի մեջ: Ուստիեւ հարց է առաջանում, թե ինչ-որ մեկին պե՞տք են իմ բանաստեղծական թարգմանությունները: Թե՞ գրախանութի դարակների վրա մի գեղեցիկ ձեւավորված հատոր ունենալը կլինի ընդամենը զուր ինքնաբավարարում:
– Ես երբեմն նույնպես այդ հարցը տալիս եմ իմ գրքերը հրատարակելիս… Ա՛րիկ, քո տաղանդի մեկ այլ կողմը բացահայտվում է մոնոներկայացումների մեջ: Պատրաստվու՞մ ես ընդլայնել ներգրավվածությունդ նաեւ դրամատիկական թատրոնում:
– Դա նույնպես հոբիի պես մի բան է: Ես պրոֆեսիոնալ դերասան չեմ, բայց բեմադրիչների ու դերասանների հետ այսքան տարի շփվելուց հետո դերասանությունը տեսնում եմ ներսից ու ինձ դուր է գալիս տեսածս: Դեր խաղալը, ուրիշին մարմնավորելը կամ նորը ստեղծելը շատ հետաքրքրական գործընթաց է: Զվարճալին այն է, որ իմ առաջին չորս հերոսները կա՛մ ծերեր էին, կա՛մ խելագարներՙ Չեխովի «Կարապի երգի» ծերացող դերասանը, Ռոզեւիչի «Զվարճալի ծերուկի» ծիծաղելի ծեր մոլագար դժբախտը, Գոգոլի «Խելագարի հիշատակարանի» անհույս սիրահարված խենթ չինովնիկը եւ Պիացոլայի «Մարիա դե Բուենոս Այրեսի» սադիստ հոգեբույժը: Դա նման էր չար կախարդանքի: Ես այլեւս չէի ուզում խաղալ խենթ ծերերի ու որոշեցի սեփական մենաներկայացումներս ստեղծել: Վերջինը «Ձմեռվա ճանապարհն» էրՙ Ֆրանց Շուբերտի մասին մի ներկայացում, որտեղ ես խաղում եմ, պարում ու երգում, ինչպես նաեւ պատմում եմ մարդկանց, թե որքան դժվար է մաքուր արվեստի նվիրյալ լինել շոու բիզնեսի հավիտենական ժամանակներում: Եվ կախարդանքը վերացավ: Իսկ վերջին դերս Բրեխթի «Կուրաժ մայրիկն ու նրա զավակների» երաժշտական տարբերակում մի հմայիչ, նախաձեռնող եւ արկածային խոհարար էր: Ինձ շատ է դուր գալիս մյուզիքլի ժանրը եւ միշտ ուրախ եմ մասնակցելու նման նախագծերի: Արդեն մի շարք մյուզիքլներ եմ պատրաստել կամ համատեղ արտադրել, եւ երազում եմ մի օր մի իսկապես մեծ եւ գեղեցիկ ներկայացում բեմադրել: Եվ, իհարկե, այն պետք է լավը լինի:
– Մի քանի տարի առաջ դու մասնակցեցիր «Պրակտիկում-լաբորատորիայի» հիմնադրմանը, որի նպատակն էր պատրաստել սինթետիկ տիպի համընդհանուր դերասաններ, որոնք կտիրապետեն ինչպես պլաստիկ, այնպես էլ դրամատիկական թատրոնին: Ո՞ր փուլում է այն հիմա:
– Այդ նախագիծը մենք կոչեցինք «Սոմա»: Ինձ եւ եւս երկու պարաստեղծներիՙ Աիդա Սիմոնին եւ Ռիմա Պիպոյանին քարտ բլանշ տրվեցՙ ստեղծելու մի բան, որը կխթանի դերասանների եւ պարողների համագործակցությունը եւ հետագայում սինթետիկ տեսակի թատրոնի հիմք կդառնա: Հայաստանում մենք դեռ չունենք ժամանակակից պարի, երաժշտական կամ փորձարարական արվեստի թատրոններ: Որոշ խմբեր որոշակի փորձեր կատարում են, բայց կան շատ պարող դերասաններ եւ դերասանությամբ զբաղվող պարողներ, որոնք կցանկանային հարթակ ունենալ թատերական եւ խորեոգրաֆիկ նոր հետաքրքրական հայտնագործությունների համար: Մեզանից յուրաքանչյուրը ստեղծեց իր աշխատանքը: Առաջնախաղը հաջող էր: Մենք ստացանք բազմաթիվ հաճոյախոսություններ եւ խոստումներ, բայց կովիդ-19-ը եւ 44-օրյա պատերազմը մեր նախագիծը հետաձգեցին: Այսօր Հայաստանը ծանր ժամանակներ է ապրում, եւ արվեստն ու մշակույթը առաջնահերթությունների շարքում չեն: Մենք ամեն դեպքում կանենք մեր գործը, եւ հուսով եմ, որ մի օր այն իր պտուղները կտա:
– Դու Հայաստանը ներկայացրել ես պարի եւ թատրոնի բազմաթիվ միջազգային փառատոներում: Հնարավորություն ունեցե՞լ ես համագործակցել մեր հայրենակիցների հետ:
– Այո՛, 2019-ին Փարիզում մենք մի հիանալի նախագիծ ունեցանք: Ֆրանսաբնակ դերասանուհի Արմինե Գաբրիելյանը նախաձեռնեց բեմադրել մի ներկայացում տարբեր երկրների հայ արվեստագետների մասնակցությամբ: Նրա եւ իմ լավ ընկերներից մեկըՙ շատ տաղանդավոր բեմադրիչ Խորեն Չախալյանը , որն այժմ թատերական բեմեր է նվաճում Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում, առաջարկեց մի սինթետիկ ներկայացում պատրաստել Կոմիտասի մասին: Նա բեմադրիչն էր, եսՙ պարադիրը, Կոմիտասի աստվածային երաժշտությունը կատարեցին գերմանահայ տաղանդավոր դաշնակահարուհի Լուսինե Խաչատրյանը (հռչակավոր ջութակահար Սերգեյ Խաչատրյանի քույրը) եւ շվեյցարաբնակ փայլուն երաժիշտ Թամար Էսկենյանը , որը նվագում է ֆլեյտա, շվի, դուդուկ եւ փողային այլ գործիքներ: Այսպիսով, դա հայ տաղանդների խումբ էր Ֆրանսիայից, Շվեյցարիայից, Գերմանիայից, Ռուսաստանից եւ Հայաստանից: Եվ բոլորս խոսեցինք, խաղացինք, պարեցինք, երգեցինք, նվագեցինք եւ հիանալի ժամանակ անցկացրեցինք բեմում: Շատ գեղեցիկ նախագիծ էր, Փարիզի հանդիսատեսը ցնցված էր: Դժբախտաբար, մեկուսացումը խանգարեց մեզ ներկայացումը ցուցադրել այլ տեղերում ու մեր հույզերը փոխանցել Գերմանիայի, Շվեյցարիայի եւ այլ երկրների հանդիսատեսին:
Ես սիրում եմ շփվել աշխարհի հայերի հետ: Որտեղ էլ պարել եմ, հանդիպել եմ հայրենակիցներիՙ Ռուսաստանում, Լեհաստանում, Մոլդովայում, Բուլղարիայում, Մեքսիկայում: Նրանք միմյանցից կարծես թե շատ տարբեր են, ոմանք լավ չեն խոսում հայերեն, բայց բոլորը եղբայրներ ու քույրեր են: Մենք ընտանիք ենքՙ անկախ նրանից, թե որտեղ ենք ապրում: Եվ մենք պետք է օգտագործենք բոլոր հնարավորությունները միասին լինելու համար: Առաջին անգամ այս զգացողությունն ունեցա մոտ տասը տարի առաջ, երբ քո շնորհիվ, իմ լավ ընկեր Արծվի՛, մասնակցեցի «Պո-Արաքս» ընկերակցության կազմակերպած հայագիտական ամառային դասընթացին Վենետիկում: Դա իմ կյանքի ամենաերջանիկ ամիսներից մեկն էր, եւ ոչ միայն այն պատճառով, որ ես Վենետիկում էի, այլեւ որ մաս կազմեցի ամբողջ աշխարհից եկած հրաշալի մարդկանց մի ընտանիքի: Ինձ համար մեծ անակնկալ էր այդ ընտանիքում մի շարք ոչ հայերի տեսնելը: Այդ մարդիկ երկար տարիներ հաճախում էին այդ դասընթացը, եւ նրանցից ոմանքՙ ամեն տարի: Երբեք չէի սպասում, որ տարբեր մշակույթների պատկանող այդքան շատ մարդիկ սիրում են Հայաստանը եւ ցանկանում են հայերեն խոսել: Այդ անկեղծ սերն ու նվիրվածությունը շատ բան փոխեցին իմ հայրենիքի եւ մայրենիի հանդեպ իմ իսկ վերաբերմունքի մեջ:
– Ինչպես ասացիր, ժամանակները հիմա նպաստավոր չեն բարձր արվեստի համար, հատկապես Հայաստանում, բայց, այնուամենայնիվ, ի՞նչ նոր գործերի վրա ես աշխատում:
– Երբեք չեմ դադարում աշխատել: Սա միակ բանն է, որը ես կարող եմ արհեստավարժորեն անել իմ եւ իմ երկրի համար: Ես հեռու եմ քաղաքականությունից, կեղծ լուրերից եւ սոցցանցերում առկա այդ ողջ ատելությունից: Արվեստի եւ մշակույթի ամբողջ աշխարհն իմ մեջ է, եւ այնտեղ ես ինձ հարմարավետ եմ զգում: Շատ եմ ուզում մի օր մեր հասարակությանը տեսնել այդ աշխարհում, եւ ես անում եմ ամեն ինչ դա հնարավոր դարձնելու համար:
– Մայիսի սկզբին ինձ շատ տպավորեց վերջին ներկայացումդՙ «# 44 / Գենետիկ ամնեզիան»: 44-օրյա պատերազմի թեման, որն արտահայտվել է հայկական նոր պարի եւ երաժշտության մեջ, կարեւոր խնդիրներ է արծարծում ոչ միայն ներկա ծանր ժամանակաշրջանի, այլեւ ընդհանրապես մեր ազգային ինքնության պարզաբանման համար: Այդ բեմադրությունն արժանի է ամբողջ աշխարհին ներկայացվելու ոչ միայն որպես ուժգին հակապատերազմական ուղերձ, այլեւ մեր իսկ ավելի լավ ինքնաճանաչման համար: Պատմի՛ր, խնդրեմ, թե ինչպես առաջացավ այդ գաղափարը եւ ովքե՞ր են օգնել դրա իրականացմանը:
– 44-օրյա աղետալի պատերազմը խորը, անբուժելի վերքեր է թողել մեր սրտերում եւ բացել է մեր աչքերը նոր իրականության լույսի ներքո: Որպես հայ ազգի եւ արվեստի ներկայացուցիչներ, մենք, ավելի կոնկրետ` Գրիգոր Խաչատրյանը որպես բեմադրիչ եւ Արման Ջուլհակյանն ու եսՙ որպես պարադիրներ, չէինք կարող չարտահայտել մեր անձնական զգացմունքներն ու վերաբերմունքն այդ ողբերգության վերաբերյալ: Արդյունքում ստեղծեցինք «# 44 / Գենետիկ ամնեզիա» խորագրով ժամանակակից բալետըՙ որպես հարգանքի տուրք մեր հերոսներին ու մեր անցյալին եւ որպես ուղերձՙ գալիք սերունդներին: Բալետի որոշ դրվագներ բեմադրվեցին պատերազմի վերջին օրերին, եւ հաջորդ ամիսներին այդ գաղափարը միավորեց նվիրյալների ստեղծագործական մի խմբի, մեր ընկերներ եւ համախոհներ Պատրիկ Մալաքյանին (կինոռեժիսոր, աշխարհահռչակ բեմադրիչ Անրի Վերնոյի որդին) ու Յան Ֆրանչեսկիին Ֆրանսիայից եւ Վարդան Ղուկասյանին ու Արթուր Բարխուդարյանին Հայաստանից, որոնք ժամանակ եւ ջանք չխնայեցին այս նախագծի իրականացման համար: Արդյունքում, մայիսի 6-ին մենք հանրությանը ներկայացրինք 44 րոպեանոց մի աշխատանք, որն արտացոլում էր մեր ընդհանուր ցավն ու վիշտը եւ արտահայտում էր մեր ընդհանուր բողոքն ու հույսերը: Ցուցադրումը հեռարձակվեց ուղիղ եթերում եւ հասանելի է youtube-ում (տե՛ս Hashtag44 ֆեյսբուքյան էջը): Յուրաքանչյուր հայ կամ ոչ հայ կարող է դիտել մեր բալետը, եւ եթե հավանի, կարող է նվիրատվություն կատարելՙ օգնելու մեզ այն ցուցադրել Արցախում կամ նույնիսկ արտերկրում:
Մեր պարողները չափազանց տաղանդավոր պատանիներ են (15-18 տարեկան) Էջմիածնի ՀԲԸՄ եւ Նորքի երիտասարդական կենտրոնի «Նարեկ» պարային համույթից: Այդ երեխաներն արդեն իսկ պարում էին մեր շատ ներկայացումներում, պարում էին տարբեր պատմություններ, որոնցից մի քանիսը շատ ողբերգական էին, մի մասը վերաբերում էր Հայոց ցեղասպանությանը: Նրանք ամեն ինչ անում էինՙ արտահայտելու այն, ինչ մենք էինք ուզում, որ արտահայտեն, եւ նրանք դա անում էին հիանալի կերպով, բայց այդ ամենը կարող էին պարզապես պատկերացնել: «# 44-ն» այլ պատմություն է. այդ երեխաները մեր համահեղինակներն էին, որովհետեւ, ցավոք, նրանք ամեն ինչ տեսնում էին իրենց աչքերով, եւ դա այլեւս ոչ թե պարզապես պատմություն էր, այլ իրենց սեփական կյանքը: Այսպիսով, նրանք շատ ճշմարիտ, անկեղծ եւ նվիրված էին նախագծի ողջ ընթացքում եւ սրտաճմլիկ կերպով հուզական էին ու համոզիչՙ բեմում:
Ես ցանկանում եմ, որ մենք այլեւս նման բալետներ չստեղծենք եւ հուսով եմ, որ մեր երեխաներն այլեւս երբեք նման փորձառություն չեն ունենա, այլ կապրեն եւ կպարեն միայն ուրախ պատմություններՙ երջանիկ, խաղաղ երկրում:
Ես հավատում եմ, որ մեր գեղեցիկ արվեստը եւ ֆանտաստիկ մշակույթը կփրկեն մեզ, եւ որ Հայաստանի նման գոհարը չի կորչի, այլ պայծառ կփայլի ամբողջ աշխարհում…