Հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը իշխող ՔՊ -ն, արհամարհելով պատերազմի հետեւանքներից կուչ եկած մեր երկրի բնակիչերի մի մեծ զանգվածի հոգեբանական տրավման, դեպրեսիան, հրավառությամբ ու մուրճով տոնեց իր հաղթանակըՙ ի տես Եռաբլուրի, զոհերի, անհետ կորածների, գերիների ընտանիքների: Բարոյազուրկ վերնախավը ընտրվում կամ վերընտրվում, բայց ավաղ, ընտրախավ չի դառնում, իսկ ավելի ցավալին այն է, որ առանց վերափոխման ու զղջումի, նրան համերաշխության ձեռք են մեկնում տարբեր կուսակցական գործիչներ: Բարոյական դեֆիցիտը կուսական համարվող մեր երկրում շնչահեղձ լինելու դեռ առիթ կտա… մինչ այդ հստակ է դառնում, որ առայժմ առանձին ընտրատեղամասերում ձայների վերահաշվարկի արդյունքում տասնյակներով ավելանում են: Եւ ԿԸՀ-ի ձեռքում է մեր երկրի ապագայի ղեկը: Մաթեմատիկայի եւ իրավաբանության մեջ, բարեբախտաբար, չկա դեֆիցիտ: Քաղաքագետ եւ սահմանադրագետ Վարդան Պողոսյանին դիմեցինք մի շարք հարցեր պարզաբանելու նպատակով:
– Պարոն Պողոսյան, եթե ճիշտ եմ հասկացել, դուք այն կարծիքն եք հայտնել, թե ԿԸՀ հնարավոր է վերահաշվարկ անի կամ անվավեր ճանաչի ընտրությունները:
– ԿԸՀ-ն, ըստ սահմանադրության, պետական անկախ մարմին է, ինքն է կազմակերպում Հայաստանում անցկացվող ԱԺ եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: Բացի նրանից, որ ԿԸՀ-ը կազմակերպում է ԱԺ ընտրությունները, հանրաքվեները, նրա կարեւոր մյուս գործառույթն է նաեւ վերահսկողություն իրականացնել դրանց օրինականության նկատմամբ: Այդ առումով ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշում կայացնողը հենց ԿԸՀ-ն է: Շատերն ասում ենՙ Սահմանադրական դատարանն ի՞նչ կանի, բայց մինչեւ ՍԴ հասնելը, ԿԸՀ-ը պետք է որոշի, թե արդյոք այս ընտրությունները իրավաչափ, սահմանադրությանը համապատասխա՞ն են անցել, թե՞ տեղի են ունեցել խախտումներ եւ ըստ այդմ գնահատելով իրավիճակը, ԱԺ-ի ընտրությունների արդյունքներն ամփոփելիս ԿԸՀ ունի լայն լիազորություններ, որ սահմանված են ընտրական օրենսգրքի 95-րդ հոդվածով: ԿԸՀ-ն 5 տարբեր տեսակի որոշում կարող է կայացնել ընտրությունների արդյունքների վերաբերյալ: «Արմնյուզի» եթերում հարցազրույցում ասել եմՙ ԿԸՀ-ն, կախված վերահաշվարկի արդյունքից, իրավասու է գնահատել խախտումների քանակը եւ ծավալը, ընդ որումՙ քանակը պարտադիր չէ, որ լինի մաթեմատիկորեն այնպես, որ այդ պարագայում հնարավորություն ունենա ճանաչել ընտրությունները: Կարող է որակական չափանիշներ հաշվի առնիՙ խախտումների բնույթը, դրանց զանգվածային լինելը, նույն խախտման կրկնությունը:ԿԸՀ ունի լայն հայեցողությունՙ գնահատելու իրավիճակը եւ որոշում կայացնելու: Ըստ օրենսգրքի, որոշումներից մեկը կարող է լինել ԱԺ- ի ընտրություններն անվավեր ճանաչելու եւ վերաքվեարկություն նշանակելու մասին: Սաՙ մաքուր իրավաբանորեն:
Քաղաքական տեսանկյունից, անկեղծՙ չեմ տեսնում հնարավորություն, որ այսօրվա Հայաստանի քաղաքական իրավիճակում ԿԸՀ -ը այլ որոշում կայացնի, քան այս ընտրությունների արդյունքը հաստատելը: Ես խոսել եմ ընդամենը նրա մասին, որ եթե ԿԸՀ-ը իսկապես հետեւում է ընտրությունների իրավաչափությանը եւ կատարում է իր սահմանադրական պարտականությունները, նա ունի այդ հնարավորությունըՙ հունիսի 25-ին ավարտվող վերահաշվարկից հետո: Մոտ 70 ընտրատեղամասերում վերահաշվարկ է իրականացվել, դրանց արդյունքների հաշվառմամբ հունիսի 27-ին ԿԸՀ պետք է վերջնական որոշում կայացնի: Այդ որոշումները կարող են 95 հոդվածով սահմանված որոշումներից որեւէ մեկը լինել: Կարող է անվավեր ճանաչել, ընտրությունների վերաքվեարկություն նշանակել ողջ երկրի տարածքով, կարող է առանձին տեղամասերում վերաքվեարկություն նշանակել, կարող է պարզապես ընդունել որոշում, որ ԱԺ-ն ընտրվել է եւ մանդատները բաշխելովՙ ընտրությունները վավեր ճանաչեն: Երկրորդ փուլի մասին որոշում չի կարող կայացնել, քանի որ արդյունքներն այնպիսին են, որ դրա հնարավորությունը բացառվում է, որքան էլ փոփոխություններ լինեն, թվաբանորեն ձայների վերահաշվարկի արդյունքում: Վերաքվեարկության արդյունքների վերաբերյալ պաշտոնական տեղեկատվությունը, ըստ էության ազդարարում է բավականին էական խախտումների մասին: Ընդ որումՙ դրանք եղել են, ըստ ԿԸՀ- ի ոչ միայն ի վնաս «Հայաստան» դաշինքի, այլ նաեւՙ ՔՊ-ի:
Կենտրոնանանք «Հայաստան» դաշինքի վրա: Ինչպե՞ս կարող է պատահել, որ պարզապես սխալ են հաշվել եւ առաջին հերթին հենց «Հայաստան» դաշինքի օգտին տված ձայները: Եթե Վանաձորի մի տեղամասում կարծեմ նա ստանում է 100 ձայն, ինչպե՞ս է պատահում, որ գրանցում են 10: Ինչպե՞ս է պատահում, որ այնուամենայնիվ հիմա վերահաշվարկի արդյունքում ստիպված ընդունում են, որ 65 տեղամասում 744 ձայն պակաս է հաշվվել «Հայաստան» դաշինքի համար: Եթե մենք էքստրապոլացիա անենքՙ որ նույն պատկերը եղել է ողջ հանրապետությունում, մոտավորապես 2000 ընտրատեղամասի հաշվարկով, կստացվի, որ 20 հազարից ավել ձայն «Հայաստան» դաշինքը չի ստացել: Ընտրողները փաստացի ձայն են տվել, բայց չի ստացել: 20 հազարը միայն էքստրապոլացիայի արդյունք է, կարող է մնացած տեղամասերում այդպիսի խախտումներ չեն եղել, բայց կարող է եղել են եւՙ նույնիսկՙ ավելի շատ:
Համենայնդեպս միայն այս թվերը ցույց են տալիս, որ մենք լուրջ խնդիր ունենք այս ԱԺ ընտրությունների լեգիտիմության հետ կապված: Ամբողջական տեղեկատվություն չունեմ, որեւէ ձեւով ներգրավված չեմ եղել որեւէ դաշինքի, կուսակցության ընտրական գործընթացներում, որեւէ ինֆորմացիա չունեմ նրանցից, թե ինչ բնույթի են եղել, բայց ենթադրում եմ, որ համենայնդեպս «Հայաստան» դաշինքը լրջորեն քննարկում է բոլոր խախտումները եւ քանի որ իրենք արդեն իսկ հայտարարել են, որ պատրաստվում են դիմել ՍԴ, ապա ենթադրում եմ, որ իրենք առավել մեծ էմպիրիկ բազա կներկայացնեն, թե իրականում ինչպես են տեղի ունեցել 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունները: Եւ արդյոք այն գնահատականները, որ տվել են միջազգային կառույցներըՙ շատ ոգեւորված, ազատ եւ այլն, համապատասխանո՞ւմ են իրականությանը: Իմ սուբյեկտիվ կարծիքով ակներեւ է, որ դրանք ժողովրդավարական ընտրություն չեն կարող դիտարկվել:
Խոսեցի միայն քվեներ տալու, դրանց հաշվարկի մասին: Հաշվի առնենք այն մթնոլորտը, որում տեղի ունեցան ընտրությունները: Այն քարոզչությունը, որ իրականացնում էր իշխող ուժըՙ մուրճի ցուցադրում, ուղղակի սպառնալիքներՙ «փռենք ասֆալտին, ծեփենք պատերին» եւ այլն, միայն այդքանը նորմալ որեւէ սահմանադրական դատարան պետք է հաշվի առնի, եւ ընտրությունների արդյունքները, եթե ԿԸՀ-ն դրանք համարի վավեր, նորմալ որեւէ ՍԴ պիտի ասի, որ նման պարագայում չի կարելի ասել, թե ժողովուրդը կարողացել է իր կամքն ազատ արտահայտել: Իսկ ազատ արտահայտելու իրավունքը սահմանադրական պահանջ է, եւ ժողովրդավարական ընտրության համար բնականաբար անհրաժեշտ է ազատ կամարտահայտումը: Իմ համոզմամբ, նման ազատ կամարտահայտում չի եղել: Չեմ ժխտում, որ ՔՊ-ն ստացել է շատ մեծ քանակությամբ ձայներ, ունեցել է իր ընտրազանգվածը, որ 2018 թվականի համեմատությամբ պակասել է մոտավորապես 200 հազարով: Մյուս կողմից էլՙ հաշվի առնենք, որ ցավոք սրտի, մեր ժողովուրդըՙ ՀՀ քաղաքացիները իրենց մեծամասնությամբ անտարբերություն են ցուցաբերել. Մոտ 51 տոկոսը չի մասնակցել ընտրություններին: Իհարկե 51 տոկոսի մեջ կան բազմաթիվ մարդիկ, որ ֆիզիկապես Հայաստանում չեն գտնվում, բայց նրանք, որ Հայաստանում են… Ակնհայտ է, որ այդքան շատ մարդ չի բացակայում ՀՀ-ից, շուրջ 2,5 միլիոնից 1 միլիոն 250 հազարն ամեն պարագայում չի բացակայում երկրից, այդ մարդկանց դիրքորոշումը պարզապես չեմ կարողանում հասկանալ:
– Ձեր, նաեւ այլ մասնագետների լուսաբանմամբ, ՔՊ ԱԺ-ում երկու երրորդ չի կարող ապահովել, սահմանադրական մեծամասնություն չի կարող ունենալ, եւ դա պայմանավորված է 1 որոշիչ ձայն չունենալով:
– Հաշվի առնենք, որ մեկ ձայնը վերաբերում է միայն ԱԺ այն որոշումներին, որոնց համար անհրաժեշտ է երկու երրորդ մեծամասնություն: Այսինքն եթե արդյունքները չեն փոխվում, ուրեմն ՔՊ -ի ապագա խմբակցությունը ԱԺ-ում հնարավորություն չի ունենալու սահմանադրությունը փոփոխել, իմպիչմենթի ենթարկել: Երբ ընդդիմությունն ունի ուղիղ մեկ երրորդը, եւ այս պարագայում ընդդիմությունն էլ բավականին կուռ է եւ արմատական, ի տարբերություն դեռեւս գործող ԱԺ-ի, բնականաբար մեկ երրորդն ունի բավականին հնարավորություն ԱԺ-ում սկզբունքային պայքար ծավալելու այսօրվա իշխանությունների քաղաքականության դեմ: Բայց ռեալիստորեն հաշվի առնենք նաեւ, որ ՔՊ հնարավորություն ունի ցանկացած օրենք ընդունելու, հնարավորություն ունի ցանկացած սահմանադրական օրենք ընդունելու կամ փոփոխելու, դրա համար անհրաժեշտ է երեք հինգերորդ մեծամասնություն, իրենք ունեն այդ մեծամասնությունը: Այդ երկու երրորդը վերաբերում է միայն ըստ էության սահմանադրության փոփոխություններին, որը կարեւոր թեմա կարող է դառնալ այս լեգիսլատուրայի ընթացքումՙ հաշվի առնելով, որ շատերը սահմանադրության փոփոխության կամ նոր սահմանադրության խնդիր են դնում: Բայց մյուս կողմիցՙ կարեւոր է, որ եթե ընդդիմությունը մասնակցելու է ԱԺ աշխատանքներին, իսկ իմ կարծիքով պարտավո՜ր է մասնակցել, մեծ ակտիվություն ցուցաբերել, հիմա ունի շատ ավելի մեծ իրավական հնարավորություն ԱԺ-ում իր պայքարը ծավալելու համար:
– Նոյեմբերի 9-ի գրավոր թղթի մասին տարբեր ձեւակերպումներ են գործածվումՙ հայտարարություն, արձանագրություն, համաձայնագիր: Ո՞ր տարբերակն է ճիշտ: Այդ թուղթը իրավական տեսակետից ամո՞ւր է: Եթե ճիշտ եմ ընկալում, խորհրդարանական երկրում կարեւոր որեւէ փաստաթուղթ, որ առնչվում է մեր երկրին, մեր ապագային, պիտի հաստատում ստանա ԱԺ-ում: Անընդհատ շրջանառվում է, որ այդ թղթում առկա կետերը իրական կյանք են ստանալու շատ շուտով, Նիկոլ Փաշինյանը, առանց մեր կամքը հարցնելու, ստորագրելու է: Եթե ԱԺ-ում քվեարկության դրվի նման փաստաթուղթ, կարելի՞ է հուսալ, որ ընդդիմությունն ի զորու կլինի չեղարկել այն:
– Թուղթը երեք երկրների միջեւ հայտարարություն է: Այդպես է կոչվում պաշտոնապես, բայց անունը բացարձակապես կարեւոր չէ: Ընդդիմությունը չի կարող չեղարկել, բայց կարող է գործուն մասնակցություն ունենալ ԱԺ-ի համապատասխան որոշման ընդունման գործընթացում: Նախՙ նոյեմբերի 9-ի հայտարարության բնույթը: Այն միասեռ փաստաթուղթ չէ, տարասեռ, տարաբնույթ դրույթներ է պարունակում: Առաջին դրույթը, որ վերաբերում է զինադադարի հաստատմանը, դրա համար որեւէ վավերացում, հաստատում անհրաժեշտ չէ: Դա անմիջապես ուժի մեջ է մտելՙ այնտեղ նշված ժամկետի համապատասխան: Հայտարարության մեջ ներառված դրույթները տարբեր իրավաբանական ուժ ունեն եւ տարբեր ժամկետներում են ուժի մեջ մտնում եւ ուժի մեջ մտնելու համար էլ տարբեր ընթացակարգեր են նախատեսում: Այն կետերը, որ վերաբերում էին զինուժի դուրսբերմանը «գրավյալ» տարածքներից, իմ կարծիքով, ՀՀ օրենսդրության խախտում էին Փաշինյանի կողմից, որովհետեւ այդ տարածքների նկատմամբ վերահսկողությունը, ըստ Արցախի սահմանադրության, Արցախի Հանրապետության իրավազորության ներքո է: Նման պարտավորություն իր վրա կարող էր վերցնել միայն ԱՀ-ն, բայց ՀՀ վարչապետը իր վրա վերցրեց այդ «առաքելությունը»ՙ ըստ գրաֆիկի հանձնեց այդ տարածքները, ընդ որումՙ հանձնեց ժամացույցի ճշտությամբՙ մոռանալով, որ այդ նույն հայտարարության մեջ կա գերիների հանձնման հարցը, որ պիտի անհապաղ կատարվեին, նույնիսկ չփորձեց դրանք բանակցությունների առարկա դարձնել, որ տարածքը հանձնելու դիմաց ստանար բոլոր գերիներին: Հանձնեց եւ ստեղծեց այն տպավորությունը, որ ինքը տվյալ դեպքում գործում է ոչ թե ի շահ Հայաստանի, այլՙ Ադրբեջանի Հանրապետության:
Շատ ավելի անհասկանալի է եւ կարելի է հանցագործություն համարել, երբ ինքը առանց իրավական հիմքի, հայկական ուժերը դուրս բերեց հայկական այն տարածքներից, որոնք դեռեւս հայկական վերահսկողության ներքո էին եւ նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայնՙ պիտի մնային այդ նույն տեղում: Խոսքը Կուբաթլուի եւ Զանգելանի շրջանի որոշ հատվածների մասին է, որոնք ստրատեգիական կարեւորություն ունեն Սյունիքի անվտանգությունը ապահովելու համար, եւ 2020-ի դեկտեմբերին հայկական ուժերը դուրս բերվեցին այդտեղից: Հարց է առաջանումՙ ինչո՞ւ, ի՞նչ իրավական հիմքով: Ո՞վ տվեց այդ լիազորությունը համապատասխան անձին, որն ինչ-որ փաստաթուղթ էր ստորագրել, որի իրավական կարգավիճակը մենք մինչ հիմա էլ չգիտենք: Փաստաթուղթը շատ պատահական հայտնվեց, հանրությունը տեղեկացավ դրա գոյության մասին, երբ ռուս սպան հանձնեց այն նախկին վարչապետ Բագրատյանին, վերջինս էլ այն հրապարակեց: Այդ հրապարակվածից չի երեւում, թե ովքեր են այն ստորագրել: Տեքստի բովանդակությունից հետեւում է, որ հայկական ուժերը պարտավորվում են դուրս գալ այդ տեղանքից, եւ ըստ էության սահմանվում է այն սահմանագիծը, որ պետք է լինի Սյունիքի մարզումՙ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Հիմա այնուհանդերձ անհասկանալի է, թե այս փաստաթուղթն ո՛վ է ստորագրել:
Եթե այն ստորագրվել է, ասենք, վարչապետի կամ մեկ այլ պաշտոնատարի կողմից, ապա դա անպայման պետք է վավերացներ ՀՀ ԱԺ-ն: Դա նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունից դուրս մի նոր պայմանավորվածություն էՙ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ինչ-որ տարածքների շուրջՙ առանց Ռուսաստանի մասնակցության: Նման գործընթաց տեղի չի ունեցել, եւ կարծում եմ, որ ԱԺ-ում, եթե ընդդիմադիր 2 խմբակցությունները իսկապես վերցնեն իրենց մանդատը եւ խորհրդարանում պայքարեն, իրենք պետք է քննիչ հանձնաժողով ստեղծեն հենց այդ հարցով: Ինչու՞ հայկական ԶՈՒ-ն դուրս եկավ այդ տարածքներից: Ի դեպ, այստեղ մեկ երրորդ ունենալը շատ կարեւոր է, Սահմանադրությունը նախատեսում է, որ քննիչ հանձնաժողովներ ստեղծելու համար մեկ քառորդը բավարար է, բայց ի տարբերություն քննիչ մյուս հանձնաժողովների, պաշտպանության, անվտանգության հարցերով քննիչ հանձնաժողով ստեղծելու համար անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի մեկ երրորդի պահանջը: «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները ապագա պառլամենտում ունեն մեկ երրորդ: Ի տարբերություն մյուս քննիչ հանձնաժողովների, պաշտպանության, անվտանգության հարցերով քննիչ հանձնաժողովի գործառույթն իրականացնում է հենց ԱԺ-ի համապատասխան մշտական հանձնաժողովը: Բայց այս հանձնաժողովը պարտավոր է քննիչ հանձնաժողովի գործառույթը ստեղծել, եթե մեկ երրորդը դա պահանջում է: Կարծում եմ թե՛ այդ հարցը, թե՛ առավելեւս պատերազմի առաջացման, ընթացքի, պարտության, բոլոր հիմնախնդիրները ընդդիմությունը պիտի վեր հանի այդ քննիչ հանձնաժողով ստեղծելու պահանջով եւ պետք է համակողմանի քննություն իրականացվի:
– 2016 թվականի ապրիլյան պատերազմի առիթով ստեղծվեց այդպիսի մի հանձնաժողով, որ, եթե չեմ սխալվում, որեւէ բան չգտավ: Բայց դրա մասին այնքան էին գրել, խոսել, որ հանձնաժողովի եզրակացությունը, իմ կարծիքով, որեւէ կերպ չփոխեց մարդկանց մեջ արմատակալած, հաճախ հիմնազուրկ, փաստազուրկ համոզվածությունը: Հիմա այդ քննիչ հանձնաժողվի աշխատանքը պիտի լինի հնարավորինս արագ, որ սխալ, կեղծ տեղեկությունները արմատ չգցեն, մտավոր սեփականություն չդառնան, իսկ վարչապետն էլ հրապարակավ, առանց մանեւրելու հնարավորությանՙ պատասխանի գիտակ իրավաբան, քաղաքագետների հարցերին:
– «Հայաստան» խմբակցությունում իրավաբանները շատ են եւ որակյալ: ԱԺ-ն, փառք Աստծո, խորհրդարանական համակարգում քաղաքական պայքարի հիմնական թատերաբեմն է: Վարչապետը պարտավոր է գալ ԱԺ հարցուպատասխանի: Բացի ուղղակի հարցեր տալուց, բնականաբար, վստահ եմ, որ թե՛ «Հայաստանը», թե՛ «Պատիվ ունեմ»-ը այս հարցում միակարծիք կլինեն, պարզապես պիտի պահանջեն նման հանձնաժողով ստեղծել: Պահանջն արդեն իսկ բավարար է, որ իրավունքի ուժով պաշտպանության հանձնաժողովը զբաղվի այդ հարցովՙ իբրեւ քննիչ: Ընդ որումՙ այդտեղ ընդդիմությունը պիտի ղեկավարի այդ հանձաժողովի աշխատանքըՙ պատերազմի առաջացման, տարածքների հանձնման հետ կապված: Տակտիկայի հարց էՙ միգուցե միացնեն կամ առանձին պահանջեն, բայց ամեն պարագայում ընդդիմությունը, որ այսօր իրականում շահագրգռված է իրականությունը վեր հանել, ներկայացնել հանրությանը, ունի այդ հնարավորությունը:
Կարծում եմՙ այսօրվա իշխող ուժին շատ մեծ անախորժություն է սպասվում ապագա պառլամենտում: Եթե գրագետ գործի ընդդիմությունը, խորհրդարանական տրիբունան կարող է իսկապես շատ արդյունավետ լինել: Նախորդ գումարման ԱԺ-ում ԲՀԿ-ին, ԼՀԿ-ին իսկական ընդդիմադիր չեմ համարել: Եթե ԼՀԿ- ն լիներ ընդդիմադիր ուժ, սահմանադրությունը փոփոխված չէր լինի, ՍԴ քանդված չէր լինի: Այսօրվա իրավիճակում չէինք լինի: Եթե իրենք ընդամենը մեկ ստորագրությամբ միանային ԲՀԿ-ին եւ այն ժամանակ դիմեինՙ դեռեւս չփոփոխված կազմով ՍԴ, որը պետք է որոշեր, թե արդյոք սահմանադրական փոփոխությունը իրավաչա՞փ է, սահմանադրակա՞ն է, թե՞ ոչ: Կար 26 ստորագրություն, անհրաժեշտ էր 27, որ լիներ մեկ հինգերորդ ՍԴ դիմելու համար, դա պակասեց, եւ այդ պատճառով էլ ընդհանրապես քննության առարկա չդարձավ: