Երիտասարդ չինուհի Շի Սյինյուին առաջին անգամ հանդիպել եմ 2019 թ., Երեւանում, Եղիշե Չարենցի տուն-թանգարանում, որտեղ նա «Չարենցը եւ նրա ժամանակը» գիտաժողովում հանդես եկավ «Չարենցըՙ չինարեն» թեմայով զեկուցմամբ: Վարժ հայախոս Սյինյուն ներկայացրեց մինչ օրս Չարենցի պոեզիայից կատարված չինական թարգմանությունները:
2013-2017 թվականներին Շի Սյինյուն սովորել է Պեկինի օտարերկրյա ուսումնասիրությունների համալսարանում, որտեղ ստացել է միջազգային տնտեսագիտության եւ առեւտրի, նաեւ անգլերենի եւ գրականության բակալավրի աստիճան: 2017-2020 թվականներին ուսանել է Երեւանի պետական համալսարանի հայոց լեզվի եւ գրականության ֆակուլտետումՙ ավարտելով գերազանցությամբ: Դրանից առաջ դասընթացների է մասնակցել Մեծ Բրիտանիայի Վեսթմինսթերի համալսարանում եւ Իտալիայի Սալեզյան պապական համալսարանում: Շի Սյինյուն թարգմանություններ է կատարում անգլերենից եւ հայերենից չինարեն:
– Հարգելի Սյինյու, ենթադրում եմ, որ արդեն համակերպվել ես այն մտքի հետ, որ քո վարժ հայերենը լսողները պիտի պարտադիր հարցնեն, թե ինչպես է սկսվել քո այդ հետաքրքրությունը մեր լեզվի հանդեպ: Ես բացառություն չեմ:
– Այո, ես բազմիցս պատասխանել եմ այս հարցին: Պեկինի մեր համալսարանը հայտնի է լեզվական ուսումնասիրություններով. այնտեղ ավելի քան 90 լեզու են դասավանդում: Սովորում էի քոլեջի երկրորդ կուրսում, երբ հնարավորություն ունեցանք ուսանելու նոր օտար լեզու, եւ այդ ցուցակում կար նաեւ հայերենը: Իմՙ հայերենն ընտրելու երեք հիմնական պատճառ կար: Նախ, առաջին տարին էր, որ համալսարանը սկսել էր հայոց լեզվի դասընթացը, եւ ես ուզում էի լինել այն սովորող առաջին խմբի մեջ: Երկրորդ, ինձ միշտ հետաքրքրում են հնդեվրոպական լեզուները: Հայերենը, որպես հնդեվրոպական լեզուների ընտանիքի եզակի ճյուղՙ իր յուրօրինակ այբուբենով, անմիջապես գրավեց ինձ: Երրորդ, երկրի պատմությունը կարդալուց հետո ինձ չափազանց հիացրեց նրա լեգենդար անցյալը:
– Իմ վաղեմի ծանոթությունները ցույց են տալիս, որ Հայաստան եկող մարդիկ տարբեր տեսակի մշակութային ցնցումներ են ունենում: Ինչպիսի՞ն էր քո՛նը:
– Ես մեծ մշակութային ցնցումներ ապրել եմ Լոնդոնում, քանի որ առաջին անգամ էի արտերկրում, բայց, անկեղծ ասած, այստեղՙ Հայաստանում, շատ մշակութային ցնցումներ չեմ ունեցել: Հայաստանը, որպես եվրասիական երկիր, համադրում է եվրոպական եւ ասիական մշակույթը: Ես գտել եմ համընդհանուր արժեքներ, որոնց դավանում են ինչպես չինացիները, այնպես էլ հայերը, ինչպես, օրինակ, ընտանեկան սերտ կապերը, ինչը նույնպես ինձ ստիպում է մոտ զգալ հայերին: Բայց ես դժվարություններ ունեցա, երբ սկսեցի սովորել հայ բանասիրության ֆակուլտետում, քանի որ բոլոր դասընթացները դասավանդվում էին միայն հայերեն, իսկ հայերենի իմ իմացությունը դեռ աղքատիկ էր: Այդ ընթացքում ես շատ եմ տառապել, որպեսզի ռեժիմով սովորեմ ու հասնեմ դասընկերներիս:
– 2008 թվականին հարցազրույց կարդացի Երեւանում սովորող չինացի ուսանող Ճանճուն Ճյանի հետ, որն ասում էր, թե հայերը հյուրասեր են, հայերենը խրթին է, վարորդներըՙ հայհոյող, իսկ ուսանողներըՙ «գլուխ պահող»: Ինչպիսի՞ն են քո՛ տպավորությունները:
– Ես լիովին համաձայն չեմ իմ հայրենակցի հետ, հատկապես վերջին կետի վերաբերյալ: Ինձ թվում էՙ դա կարծրատիպ է: Համենայն դեպս, ինչպես գիտեմ, իմ տեղացի դասընկերներից ոմանք շատ աշխատասեր են: Ամեն տեղ կան թե՛ ծույլ, թե՛ աշխատասեր ուսանողներ: Հետեւաբար, ես անձամբ համաձայն չեմ նրա հետ այս իմաստով, թեեւ ունենք ընդհանուր որոշ կարծիքներ:
Իմ տեսակետից, Հայաստանը մի գեղեցիկ փոքր երկիր էՙ հիանալի պատմությամբ եւ մշակույթով: Ընդհանրապես, հայերը բարի են, հյուրընկալ եւ քաջ: Նաեւ, որպես բանասիրական ֆակուլտետն ավարտած ուսանող, կցանկանայի ասել, որ հայոց լեզուն իսկապես բարդ է եւ արժե այն սովորել: Ինձ շատ է տպավորել, որ հայերի մեծ մասը երկլեզու է կամ բազմալեզու, ինչը նշանակում է, որ նրանք խելացի եւ ուշիմ մարդիկ են:
– Ի՞նչ տվեց Հայաստանը քեզ:
– Այն ինձ համար մի նոր աշխարհի դուռ բացեց եւ ամբողջովին փոխեց իմ կյանքը: Հայաստանում իմ ապրած ժամանակն ինձ բազմաթիվ պատկերացումներ տվեց: Կյանքիս տեմպը դանդաղեց, եւ ես ավելի շատ ժամանակ ունեի վայելելու այն: Ինձ ոգեշնչեց` գրել փոքրիկ բանաստեղծություններ եւ նույնիսկ պատմվածքներ: Բացի այդ, ես այստեղ շատ լավ ընկերներ եմ ձեռք բերել, ինչը նույնպես մեծ հարստություն է ինձ համար:
– Մեր երկու ժողովուրդները միմյանց ճանաչում են դարեր շարունակՙ սկսած Մետաքսի ճանապարհի ժամանակներից: Այժմ Երեւանում կա Կոնֆուցիուսի կենտրոն, եւ մի քանի համալսարաններում դասավանդվում է չինարեն: Ի՞նչ կասես Չինաստանում հայերեն դասավանդելու մասին:
– 2019-ին Պեկինի օտարերկրյա ուսումնասիրությունների համալսարանում ստեղծվեց հայկական ֆակուլտետ: Այժմ այնտեղ սովորում է 14 ուսանող, ուսուցիչներից երկուսը չինացի են, մեկըՙ հայ: Բացի այդ, վերջերս լեզվաբանությամբ հետաքրքրված ընկերներիցս մեկը նույնպես հայերեն է սովորում եւ կազմել է հայոց լեզվով հետաքրքրվող մարդկանց մի փոքր խումբ: Նրանք այժմ սկսել են որոշ ուսումնական նյութեր ներբեռնել չինական կայքերում:
– Հետաքրքրական կլինի իմանալ քոՙ որպես բանասերի կարծիքը, թե ի՞նչ հիմնական դժվարությունների են բախվում հայերեն սովորող չինացի ուսանողները:
– Չինարենը եւ հայերենը պատկանում են տարբեր լեզվաընտանիքների, ինչը երկու լեզուները դարձնում է տարբեր տեսակներիՙ գրելու համակարգի, հնչյունաբանության եւ քերականության տեսանկյունից: Առաջին դժվարությունը, որին կարող են բախվել չինացիները, այբուբենն է: Քոլեջում իմ հայերենի դասընթացների հենց սկզբում կար ավելի քան 20 ուսանող: Այբուբենը սովորելուց հետո մնացել էր տասից պակաս: Մի անգամ մայրիկիս հայերեն սովորեցրի, նա հասցրեց գրել բոլոր տառերը, բայց ի վերջո հրաժարվեց, երբ հասկացավ, որ չի կարող կարդալ տպագիր տառերը, քանի որ դրանք տարբեր են: Բացի այդ, չինարենը կարող է խնդիրներ ունենալ որոշակի տառերի արտասանության հետ, քանի որ որոշ հնչյուններ չինարենում գոյություն չունեն: Չինարեն սովորողների համար մեկ այլ մարտահրավեր է հայերենի բարդ քերականությունը եւ ճկուն կառուցվածքը, օրինակՙ չինարենում հոլովներ եւ խոնարհումներ չկան:
– Դու չինարեն ես թարգմանել Չարենց: Ունե՞ս թարգմանական այլ ծրագրեր:
– Ես մեծ հետաքրքրություն ունեի «Սասնա ծռեր» էպոսի նկատմամբ: Իրականում, չինարեն արդեն կա երկու թարգմանություն, բայց միայն մի քանի մարդ գիտի այն: Երկուսն էլ թարգմանվել են ռուսերենից: Առաջին թարգմանությունը հրաշալի է, բայց այդ լեզուն լայնորեն չի օգտագործվում այսօրվա ժամանակակից չինարենում, մինչդեռ մյուս թարգմանությունը թեեւ կատարված է ավելի ժամանակակից լեզվով, բայց այնքան էլ որակով չէ: Բացի դրանից, էպոսը թարգմանելիս անհրաժեշտ է, որ շատ թաքնված իմաստներ փոխանցվեն ընթերցողներին, ուստի ես կցանկանայի թարգմանել էպոսի նոր տարբերակը չինարենՙ հայ բանասիրության իմ գիտելիքներով: Այնուամենայնիվ, դա ինձ գերհզոր մարտահրավեր է թվում, ուստիեւ չեմ շտապում: Մի չինացի գիտնական մի անգամ ասել է. «Եթե դուք բավականաչափ գրքեր չեք կարդացել, բայց շտապում եք գիրք գրել, դուք վնաս եք հասցնում մատաղ սերնդին»: Կարծում եմ, որ սա կարող է կիրառվել նաեւ թարգմանության վերաբերյալ, ուստի ես պետք է կատարեմ իմ ուսումնասիրությունները հայ բանասիրության ոլորտումՙ պատրաստվելու այս մեծ գործին: Բացի այդ, չինարեն սովորողների համար հայոց լեզվի դասագրքեր չկան: Մտածում եմ գրել: Բանասիրության ֆակուլտետում սովորածս շատ հետաքրքիր է, բայց հասանելի է միայն հայոց լեզվով: Ուստի մտածում եմ նաեւ հայ բանասիրության որոշ գիտական գրքեր կամ հայ գրականության գործեր չինարեն թարգմանել:
– Քո ֆեյսբուքյան ստատուսներից մեկում գրել ես. «Ես մի քիչ հայ եմ»: Շատ հուզիչ էր դա կարդալ:
– Քիչ օտարազգիներ են խոսում հայերեն, հատկապես չինացիներ, այնպես որ, երբ ես տեղացիների հետ հայերեն եմ խոսում, նրանք միշտ շատ են զարմանում: Հիշեցի մի անգամ, երբ հայերեն խոսելուց հետո մի խանութի վաճառող ինձ հարցրեց. «Դու մաքուր հայ ե՞ս»: Սա ես պատմեցի հայ ընկերոջս, նա ծիծաղեց եւ ասաց, որ ես իրենից նույնիսկ ավելի հայ եմ, քանի որ լեզուն սովորել եմ հայ բանասիրության ֆակուլտետում եւ միշտ օգտագործում եմ շատ գրական բառեր: Բացի այդ, ռուսերենի իմ վատ իմացության պատճառով ես միշտ օգտագործում եմ հայերեն բառեր, որոնց փոխարեն շատ հայեր պարզապես դրանց ռուսերենն են օգտագործում: Չի կարելի հերքել, որ երկրում ապրելը, լեզուն սովորելը եւ գրականությունն ուսումնասիրելը շատ առումներով ազդել են ինձ վրա եւ որոշ չափով ինձ ավելի «հայ» դարձրել. Իմ խոսքովՙ այո, ես մի քիչ հայ եմ:
– Դու վերադարձել ես Հայաստան, ինչո՞վ ես զբաղվում հիմա:
– Թարգմանում եմ իմ դասախոսիՙ պարոն Թադեւոս Տոնոյանի բանաստեղծություններից նմուշներ չինարեն: Այժմ սովորում եմ արեւմտահայերեն, ուզում եմ մեկ այլ հայագիտական մագիստոսական դասընթացի մասնակցել Ինալկոյումՙ Փարիզի Արեւելյան լեզուների ինստիտուտում: Այդպիսով, ավելի լայն գիտելիքներ կունենամ հայերենի եւ հայերի մասին: