ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ
Խորհրդային Միության փլուզումից հետո, երբ անկախություն ձեռք բերեց, Հայաստանն իր սահմաններն անվտանգ էր համարում Ռուսաստանի հետ ունեցած իր ռազմական դաշնակցության շնորհիվ։ Եվ Մոսկվան, իրոք, վստահություն էր ներշնչում իր «մոտիկ հարեւանությամբ» գտնվող դաշնակիցներին, իրեն համարելով Կովկասի տերն ու տիրակալը։ Մոսկվայի համար ձեռնտու էր, որ Իրանը գտնվում էր արեւմտյան պատժամիջոցների ներքո, որն ստիպում էր այդ երկրին բարեկամներ եւ դաշնակիցներ որոնել այլ վայրերում։
Թուրքիան եւ Ադրբեջանը փառամոլական ձգտումներ ունեն տարածաշրջանի հանդեպ։ Թուրքիայի նպատակն է սեպ խրել Ռուսաստանի եւ Չինաստանի միջեւ եւ իր ուժն ու կարողությունը ցույց տալով ի վերջո իր տիրապետության տակ վերցնել Կենտրոնական Ասիայի բոլոր թյուրքական պետություններին։ Ադրբեջանն, իր հերթին, ընդարձակվելու այլ ծրագրեր ունի եւ ցանկանում է իր կազմի մեջ ներառել «հարավային Ադրբեջանը» (Հյուսիսային Իրանը կամ Ատրպատականը) եւ «արեւմտյան Ադրբեջանը» (Հայաստանը)։
Հակառակ երկու երկրների հանդեպ ունեցած իրենց կասկածներին, արեւմտյան իշխանությունները եւ Իսրայելը այդ ծրագրերին հավանություն են տալիս եւ նույնիսկ քաջալերում։
Թուրքիան առանձնապես գլխավոր դերակատարություն չուներ տարածաշրջանում, մինչեւ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բացահայտեց իր պանթուրանական, կայսերական նկրտումները եւ որոշեց ստուգել իր դիրքերում ամուր կանգնած մնալու Ռուսաստանի կարողությունն ու վճռականությունը։
Եվ ինչպես ցույց են տվել Անկարայի եւ Մոսկվայի միջեւ ցարդ տեղի ունեցած առճակատումները (Սիրիայի, Լիբիայի եւ Ղարաբաղի ռազմաճակատներում) Ռուսաստանը տեղի է տվել Թուրքիայի առաջխաղացումներին եւ հաշտվել վերահսկողությունը տարածաշրջանի եւ կիսել նրա հետ։ Թուրքիան խրախուսված իր ձեռքբերումներովՙ ավելին է պահանջումՙ Ուկրաինային զինելով իր «բայրակդար» ԱԹՍ-երով եւ հարցականի տակ դնելով Ղրիմի հանդեպ ունեցած Ռուսաստանի պահանջների օրինականությունը։
Էրդողանի խոսնակ Իբրայիմ Կալինը նույնիսկ սպառնաց Ռուսաստանինՙ նշելով, որ Թուրքիան կարող է ներսից պայթեցնել այդ երկիրըՙ ոտքի հանելով այնտեղ բնակվող 25 միլիոն մահմեդականներին։ Վլադիմիր Պուտինի վարչակազմը իրեն ոչ հարիր լռություն է պահպանում, ապացուցելով սպառնալիքի հնարավոր իրականացումը։
Բացի քսանհինգ միլիոն մահմեդականներից, թվում է, թե Պուտինի շրջապատը ենթակա է նաեւ ադրբեջանական նավթային քարոզչությանը Մոսկվայում։ Ըստ «Lragir.am-ի»ՙ ազերի բռնապետ Իլհամ Ալիեւը 10 միլիարդ դոլար կաշառք է հասցրել Պուտինի մերձավոր բարեկամներին, Ռուսաստանի նախագահի ընկեր Իլհամ Ռահիմովի միջոցով, որպեսզի ապահովի պատերազմում Հայաստանի պարտությունը։
Փաստը, որ Ռուսաստանը չի կարողացել իրականացնել Հայաստանի հանդեպ ՀԱՊԿ երկրների ստանձնած պարտավորությունները կարելի է բացատրել երկու առանձին պատճառներով կամ դրանց միավորումով։ Մեկն այն է, որ Ալիեւի կաշառքն իր դերը խաղացել է եւ երկրորդըՙ որ Ռուսաստանը վախենում է Թուրքիայի հետ առճակատումից այն հիմնավորումով, որ վերջինս կարող է ճեղքեր առաջացնել իր վերահսկողական կառույցում։
Մայիսի 12-ից սկսած ադրբեջանական զորքերը Սյունիքում եւ Գեղարքունիքում հատել են Հայաստանի սահմանը եւ մնացել այնտեղՙ հակառակ Եվրոմիության, Մ. Նահանգների, ԵԱՀԿ-ի եւ համաշխարհային այլ կազմակերպությունների դուրս գալու անմիջական պահանջներին։ Նրանք ոչ միայն կրկնապատկել են իրենց զինվորների նախնական քանակը (300), այլեւ հասցրել մինչեւ հազարի, սպանել մեկ հայ զինվորի եւ գերեվարել 6 ուրիշների հենց ռուսական խաղաղապահ ուժերի աչքի առաջ։ Ռուսաստանը որոշ պարտավորվածություններ է խոստացել թուրք-ադրբեջանական տանդեմին եւ դա, ինչ խոսք, ջլապնդել է Բաքվին։
Մյուս կողմից, նկատի ունենալով հունիսի 16-ին Ժնեւում սպասվող նախագահներ Ջո Բայդենի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, Էրդողանը որոշել է նույն օրը այցելել Շուշի, հավանաբար զգուշացնելու համար Ռուսաստանին, որ այդ հանդիպման ժամանակ հանկարծ չշեղվի իրենց նախնական համաձայնություններից։
Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը անզոր է որեւէ բան անելու։ ՀԱՊԿ-ին ուղղված նրա դիմումը ուշադրության չարժանացավ, եւ նա հուսահատ քայլի դիմեցՙ առաջարկելով հայկական եւ ադրբեջանական զորքերին զբաղեցնել հավասար հեռավորության դիրքեր եւ հրավիրելով ռուս եւ միջազգային դիտորդների, որպեսզի վերահսկեն սահմանագծման եւ սահմանազատման գործընթացը։ ԵԱՀԿ-ն անմիջապես պատասխանեց, ի հեճուկս Մոսկվայի, եւ իր պատրաստակամությունը հայտնեց ընդառաջելու այդ առաջարկին։ Մյուս կողմից Եվրոմիության արտաքին գործերի նախարարները պատրաստվում են այցելել Երեւան, Թբիլիսի եւ Բաքու։
Տարածաշրջանի նկատմամբ որեւէ արտաքին ուշադրություն կամ հետաքրքրվածություն անշուշտ մտահոգում է ե՛ւ Մոսկվային, ե՛ւ Անկարային, որովհետեւ մանրազնին քննարկման առարկա է դարձնում իրենց միջեւ կայացած համաձայնությունը։
Փաշինյանը շատ զգույշ էր եւ փորձում էր չհեռանալ Պուտինի հրահանգներից, բայց տեղի տալով ներքին ճնշումներինՙ համարձակվեց նախ Փարիզ գնալ եւ հանդիպել նախագահ Էմանուել Մակրոնին եւ ապա Բրյուսելՙ հանդիպելու Եվրոմիության նախագահ Շառլ Միշելին, պարզելու համար, թե գործնականորեն որքանով են նրանք պատրաստ օգնելու Հայաստանին դիմակայելու ադրբեջանական ճնշումները։
Այս միջազգային արձագանքը բնականաբար իր ազդեցությունն ունի Հայաստանի ներքին քաղաքականության վրա, հատկապես նախընտրական արշավի այս թեժ օրերին։ Քսանվեց քաղաքական կուսակցություններ եւ չորս դաշինքներ գրանցվել են մասնակցելու խորհրդարանական ընտրություններին։ Հատկանշական է, որ Հայաստանի հանդեպ ունեցած իր պարտավորությունները կատարելու Ռուսաստանի դժկամության պայմաններում ավելի հնչեղ են դառնում հակառուսական քաղաքական խմբավորումները։ Նրանցից ոմանք իրոք ուժեղ քաղաքական միավորներ ենՙ ոչ նման Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանի խմբակցության, որը չափազանց թույլ կշիռ ունի Հայաստանի քաղաքական դաշտում։
Աչքի ընկնող արեւմտամետ խմբավորումներ են Բաբաջանյան-Շիրինյան դաշինքը, Ազգային ժողովրդական բեւեռ խմբավորումը, որտեղ «ծանրքաշայիններ» են Վարուժան Ավետիսյանն ու Գարեգին Չուքասզյանը, եւ Անդրեաս Ղուկասյանի «Կառուցողական» կուսակցությունը։
Այս բոլորը պարզապես ցույց է տալիս, որ Հայաստանն ունի այլընտրանքային տարբերակներ, որոնց վրա կարելի է հույսը դնել։ Սակայն ռեալիստական չէ մտածել, որ դրանցից որեւէ մեկը կստանա ընտրողների աջակցությունը, քանի որ վերջիններս միշտ էլ ռուսաստանամետ են եղել։ Փորձառությունն էլ նրանց հուշում է, որ Ռուսաստանը չի ների Հայաստանին, եթե վերջինս փորձի դուրս գալ իր ազդեցության սահմանից, ինչպես դա պատահեց 2008-ին Վրաստանի հետ։
Միջազգային դռները բախելուն եւ ներքին քաղաքական խառնաշփոթը դիմակայելուն զուգահեռ, Փաշինյանը նաեւ Ալիեւի դեմ պետք է կռվի։ «Իմ քայլը» դաշինքի նախագահ Լիլիթ Մակունցը պնդում է, որ ոչ մի բանակցություն տեղի չի ունենա Ադրբեջանի հետ, մինչեւ վերջինիս զորքերը չհեռանան հայկական տարածքներից։ Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը, որ համագործակցում է Ռուսաստանի եւ Ադրբեջանի իր գործընկերների հետ գործարկելու համար նոյեմբերի 9-ի հայտարարությունըՙ հաղորդակցության միջոցների վերականգնման միջոցով եւ ինքըՙ Փաշինյանը հավաստիացնում են, որ Զանգեզուրի միջով ադրբեջանական միջանցք բացելու վերաբերյալ ոչ մի քննարկում տեղի չի ունենում, մինչդեռ նախագահ Ալիեւը շարունակում է կրկնել, որ Հայաստանը չի կարող խուսափել այդ միջանցքը բաց անելու եւ ռուսական զորքերի վերահսկողության տակ դնելու իր նախնական համաձայնությունից։
Թուրքիայի Տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարար Ադիլ Կարաիսմայիլօղլուի Բաքու այցելության օրերին, նախագահ Ալիեւը զեկուցել է այդ ուղղությամբ կատարված աշխատանքների մասին եւ հակառակ հայկական կողմի ժխտումներին նշել էՙ «ինչպես գիտեք, պատերազմի ավարտից անմիջապես հետո Հայաստանը առարկել էր այդ գաղափարի իրականացմանը, բայց վերջերս ինձ տեղեկացրին, որ հայկական կողմը ճիշտ կողմնորոշվելով հասկացել է միջանցքի կառուցման կարեւորությունը եւ արդեն դրական արդյունքներ կան»։
Փաշինյանի եւ իր թիմակիցների ժխտումները հասկանալի են, որովհետեւ եթե Ալիեւի խոսքերը ճիշտ լինեն, անպայմանորեն բացասական ազդեցություն կունենան ընտրությունների արդյունքների վրա, որոնցում կարծես Փաշինյանի կուսակցությունը դեռեւս պահպանում է իր գերակայությունը։
Բայց երբ փոթորիկը հանդարտվի, մենք գուցե իմանանք, որ Ալիեւը ճիշտ էրՙ ի դժբախտություն մեզ։