ԴԱՎԻԹ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ, Պատմ. գիտ. թեկնածու
Երբ տարիներ շարունակ հետեւում էի «ոչմիթիզականության» խոսույթի զանգվածայնացման ամոթալի գործընթացին, իմ ամենամթին երեւակայական գործողությունների անգամ մտացածին ենթադրություններում չէի կարող պատկերացնել դրանց կործանարարության իրական հետեւանքները եւ մասշտաբները: Դրա ջատագովների ինքնավստահությունն ու նրանց բերած փաստարկման թվացյալ անհերքելիությունն իրականում իմացական ապատիայի մեջ էր գցում «ոչմիթիզականության» խոսույթի պոտենցիալ ընդդիմախոսների ինտելեկտուալ շերտինՙ ոչ մի հնարավորություն չտալով այդ խավին հասունանալու եւ կայանալու իբրեւ ազգային դիմադրողականության միակ եւ անփոխարինելի երաշխիք: «Ոչմիթիզականության» մասին տեր-պետրոսյանական պատկերացումն ի սկբանե ծնունդ է առել ոչ թե իբրեւ ազգափրկիչ ու խաղաղասիրական հարացույց, այլ իբրեւ աշխարհաքաղաքական իրողությունների անշրջելիությունն ապացուցող եւ ուղղորդող կարծրատիպ, իբրեւ իքնապահպանության բնազդի խափանիչ: Այո՛, հենց այդքան պարզ է հաշվարկը: Եվ «ոչմիթիզական» ծիսակարգի ողջ մոգականությունը այն է, որ ո՛չ «ոչմիթիզական» եզրույթի հասցեատերերն են իրականում այդպիսին, ո՛չ էլՙ առավել եւս դրա հեղինակը:
Ողբերգությունն այն է, որ «ոչմիթիզականության» խոսույթի եւ այդ տիրույթում կառուցված բոլոր մեղադրաճառերի գլխավոր հասցեատերերը իրականում ոչ մի աղերս չունեն իսկական եւ համակարգային «ոչմիթիզականության» հետ, ավելինՙ «ոչմիթիզականության» շահառուները ի սկզբանե կանխամտածված էին եւ ենՙ իբրեւ այդ խոսույթի «պատվարժան» հասցեատերեր միայն այն պարզ պատճառով, որպեսզի հանկարծ չձեւավորվի իրական «ոչմիթիզական» առանցք, որպեսզի դրա ձեւավորման սաղմնային ու սկզբնական փուլում հնարավորություն լինի չեզոքացնել կամ գոնե մեկուսացնել ազգային շահերը սպասարկող կուռ հանրույթի ձեւավորման գործընթացը: Եթե առավել պարզունակ դարձնենք պատկերը, ապա տարիներ շարունակ Հայաստանում իշխել են «կեղծոչմիթիզականները»ՙ իրենց շուրջ հյուսելով «կեղծոչմիթիզականության», կեղծազգայնականության եւ կեղծպահպանողականության մտացածին ու ֆիկտիվ լեգենդներով: Մինչդեռ, եթե Հայաստանի քաղաքական վերնախավը իրականում լիներ ոչմիթիզականՙ այդ հայեցակարգի լիարժեք ու բովանդակային իմաստով, ապա մենք կունենայինք վերանորոգված ու ազատ հայրենիք:
Իսկ ինչ է ոչմիթիզականությունը. ընդամենը ինքնիշխանության դիրքերից, աշխարհաքաղաքական ուժերի հավասարակշռության պահպանմամբ, ճշգրիտ արտաքին քաղաքական վեկտորների ընտրություն, տնտեսության զարգացում, ինքնուրույն ռազմարդյունաբերության ստեղծում եւ այլ նման տարրական բաներ, որի մասին գիտեն բոլոր նորմալ ազգերը եւ պարզապես ծիծաղում են նրանց վրա, ովքեր չունեն ինքնապաշտպանության տարրական բնազդ: Իսկ Հայաստանում ոչ մի իշխանություն այդպիսին չի եղել, ընդհակառակըՙ բոլորը միակողմանիորեն հանձնել են երկրի տնտեսական եւ քաղաքական ինքնիշխանությունը, այսինքնՙ զբաղեցրել են «կեղծոչմիթիզականի» հարմարավետ նիշանՙ նեոբոլշեւիզմի դրոշի ներքո: Դե, իսկ վերջին «ոչմիթիզական» հերձվածն էլ նախկին մայր հերետիկոսությունների աղետալի մետամորֆոզն է, հերձվածՙ որին ախուսափելիորեն խարույկ են հանելու վարդապետական բոլոր շեղումների ներկայացուցիչներըՙ իրենց թվացյալ խարիզմատիկ ռահվիրայի առաջնորդությամբ:
Լինելով ազգային «փրկության» ծրագրի հաշվենկատորեն կառուցված իմիտացիաՙ «ոչմիթիզականության» խոսույթը լավագույնս ծառայում էր եւ փաստացի ծառայեց ցարաբոլշեւիկյան կայսրության աշխարհաքաղաքական շահերի մանեւրականության սպասարկմանըՙ նորանոր հորիզոններ բացելով ռուս-թուրքական հերթական դաշինքի կայացման կամ դրա վերագործարկման համար:
Ամենասարսափելին այն է, որ «ոչմիթիզականության» խոսույթի ծիլերը դրա գաղափարախոսները կառուցեցին Արցախյան հերոսամարտի իրական հերոսների շիրիմների վրաՙ վերջիններիս սխրանքները դարձնելով քաղաքական շահարկումների, սեփական ազգակործան փաստարկման համակարգերի մշակման եւ դրանք զանգվածային դարձնելու կործանարար ու հեռուն գնացող նպատակադրությամբ: Նրանց համոզմունքն այն էր, թե մեր հերոսները ազատագրել են մեր հայրենիքը, որպեսզի բոլորիս համոզեն, թե դրա մի մասը թշնամուն հանձնելովՙ իբր կկարողանանք կանխել պատերազմը եւ արյունահեղությունը, կխուսափենք նոր զոհերից, առանց անգամ հասկանալու կամ մի գուցե հանցավոր իմացությամբ, որ այս ամենը բերելու է աղետի, սարսափելի մեծ զոհերի եւ նույնիսկ պետականության կորստյան իրական վտանգի:
Ինձ համար առավել ողբերգական իրողությունը նաեւ այն է, որ ես տարիներ շարունակ, առանց որեւէ սարկազմի, ցավով եմ հետեւել այդ խոսույթի գենեզիսի հիմքում կանգնած մարդու նկատմամբ մեր բազմաթիվ հայրենակիցների (նրանց մեջ ցավոք կան նաեւ մարդիկ, ընկերներ, որոնց ես ակնածանքով եւ խորը հարգանքով եմ վերաբերվում) անվերապահ հավատարմության եւ նվիրվածության մոգական ֆենոմենին: Ես նրանց հետ բանավեճ չունեմ, նրանցից շատերը իրենց իսկ ազնվության եւ սկզբունքայնության զոհ են: Անլուծելի է նաեւ այն առեղծվածը, թե ինչպես են հետեւում մի մարդու, որը ոչ մի նորարարություն չի բերել հայ քաղաքական մտքի մեջ որը ոչ մի համակարգային, կուռ, ամբողջական ու գաղափարահեն հայեցակարգ անգամ չկարողացավ ստեղծել (ի տարբերություն, օրինակՙ Ռաֆայել Իշխանյանի երրորդ ուժի բացառման օրենքի), բացի «պատերազմ, թե խաղաղություն» ի սկզբանե կանխորոշված ելքով կեղծ դիլեմայից, որը պարտադրվեց մի ողջ ժողովրդի:
Արդեն հասկանալի է, որ ոչ միայն պետք է ճեղքվի «ոչմիթիզականության» առասպելաբանության գորդյան հանգույցը, այլեւ միասնական ազգային տանդեմի ձեւավորմամբ անհրաժեշտ է կանխել նմանօրինակ կործանարար փորձարարության առաջացման չնչին հնարավորությունն անգամ: Այսքան ժամանակ այդպես էլ չհասկացանք, որ «ոչմիթիզականության» խոսույթնՙ իր բոլոր մետաստազներով եւ քայքայիչ թարախապալարներով, օտարների կողմից ներդրված տրոյական ձի է, որի մեջ ծվարել են բոլշեւիզմի ու ցարիզմի նենգադավ շահերը սպասարկող զանազան վերապրուկներ. առասպելաբանական լեզվով ասածՙ այն հիշեցնում է մահաբեր Գորգոն Մեդուզայի գանգըՙ իր թունոտ օձավարսերով, եւ պետք է գտնվի հաղթական Պերսեւս, որը կգլխատի Աթենասի կողմից պատժված Գորգոնինՙ ի ցույց դնելով այն մեր թշնամիներին: