Մեղրիի Նռնաձոր համայնքը, որտեղից սկսվում է Հայաստանը, սկսվել է բնակարանաշինության ու վերաբնակեցման ծրագիր:
Պատերազմից անմիջապես հետո գործարար, իրավական ՌԱԿ Ալեք Մանուկյան ակումբի ատենապետ Արմեն Սաքապետոյանն ընկերների հետ այցելել է սահմանամերձ բնակավայրի կարգավիճակ ստացած Նռնաձոր: Տեսնելով բնակիչների ընկճված հոգեվիճակըՙ ընկերներով որոշել են բնակարանաշինության ծրագիր սկսել այնտեղ: Թշնամին Նռնաձորից ընդամենը հինգ-վեց կմ հեռավորության վրա է, բայց անհրաժեշտ է, որ նռնաձորցին չլքի իր բնակավայրն ու կառչած մնա իր հողին:
Արմեն Սաքապետոյանն ու նրա ընկերները ստեղծել են Մեղրիի տարածաշրջանի զարգացման բարեգործական հիմնադրամը, որին միացել են սրտացավ ու պետական մտածողություն ունեցող անհատներՙ վճռելով Նռնաձորը դարձնել ապրելու համար գրավիչ բնակավայր, իսկ Հայաստանի հարավային սահմաններնՙ ավելի ամուր:
Բնակարանաշինության ծրագիրը Նռնաձորում արդեն սկսվել է: Նախապատրաստականՙ հողահատկացման, սահմանների ճշգրտման, թաղամասի, բնակելի տների նախագծման աշխատանքներն ավարտվել են, եւ Նռնաձորում արդեն երկու տուն է կառուցվում:
Բնակելի տների հիմնարկեքի արարողությունը տեղի է ունեցել մայիսի 8-ինՙ արժեւորելով Շուշիի ազատագրման հաղթական օրվա խորհուրդը:
Ընդհանուր առմամբՙ նախատեսված է Նռնաձորում կառուցել երեսուն տուն. այս տարի կկառուցվի հինգ, հաջորդ տարիՙ եւս տասը, 2023-ինՙ տասնհինգ տուն:
Բնակելի տների կառուցումը ծրագրի մի մասն է միայն. Մեղրիի տարածաշրջանի զարգացման բարեգործական հիմնադրամը մոտ ապագայի հետ կապված համակարգված, համալիր նպատակներ ունիՙ Նռնաձորի վերաբնակեցումից մինչեւ բնակիչների սոցիալական, զբաղվածության խնդիրների լուծումը:
Նռնաձորը ժամանակին բնակեցվել էր Գետաշենից տեղահանված փախստականներով, որոնց ընդհանուր թիվը 300-400 է: Այս պահին գյուղում կա 120 բնակիչ. երեսուն տուն կառուցելովՙ ըստ ծրագրի հեղինակների պատկերացումներիՙ վերաբնակեցման ծրագրով եւս երկու հարյուր բնակիչ կավելանա: Գյուղի կյանքը կփոխվի. եթե այսօր դպրոցում սովորում է քսան աշակերտ, ապա շատ շուտով երեխաների թիվը կավելանա եւ անհրաժեշտ կլինի նաեւ նոր ուսուցիչներ ընդունել աշխատանքի: Կյանքը գյուղում կաշխուժանա: Ծրագրի հեռահար նպատակը միայն տների կառուցումն ու վերաբնակեցումը չէ, այլեւ Նռնաձորի լիարժեք, աշխույժ կյանքի համար բավարար պայմանների ստեղծումը: Ամեն ինչ արվելու է, որպեսզի մարդը մեծ ցանկություն ունենա դառնալ նռնաձորցի ու մշտապես ապրել այնտեղ, շենացնել սահմանամերձ գյուղը:
Քանի որ Նռնաձորը ճանաչվել է սահմանամերձ բնակավայր, այդ կարգավիճակը հնարավորություն է տալիս այնտեղ տարբեր գործունեություններ իրականացնելՙ ազատվելով հարկերից: Սա գրավիչ գործոն է, բայց ոչ բավարար պայման, որպեսզի մարդիկ տեղափոխվեն Նռնաձորՙ այնտեղ մշտական բնակություն հաստատելու:
Ամենաբարդ խնդիրներից մեկը, որը ծրագրի հեղինակները համայնքի հետ պետք է ներկայացնեն կառավարությանը, ճանապարհներն են: 1990-ականներից մինչեւ մեր օրերն այնտեղ գրունտային ճանապարհ է գործել, պետք է անցյալ տարի այն ասֆալտապատվեր, սակայն պատերազմը խանգարեց:
Նախ պետք է հստակեցնելՙ այդտեղով երկաթգի՞ծ է անցնելու, թե՞ ճանապարհ է լինելու: Եթե ճանապարհ է լինելու, ուրեմն այն պետք է ընդամենը ասֆալտապատվի. բայց քանի որ ճանապարհների առումով որոշակի հստակեցում չկա, մարդիկ անորոշության պատճառով չգիտեն իրենց հետագա քայլերը: Սակայն մի բան հստակ էՙ Նռնաձորը ռազմավարական նշանակության բնակավայր է, եւ այնտեղ իրականացվող բնակարանաշինության, վերաբնակեցման ծրագիրը ՀՀ-ի համար ռազմավարական նշանակություն ունի:
Նռնաձորը Շուռնուխի նման հայ-ադրբեջանական սահմանի վրա չի գտնվում, անմիջապես թշնամու դիտակետի տակ չէ. ադրբեջանցիներից հեռու է երեք կմ: Գյուղի արոտավայրեը, հանդերը, նռնենիների այգիները մասամբ գտնվում են ադրբեջանցիների դիտակետի ներքո, ինչը գյուղատնտեսությամբ, անասնապահությամբ զբաղվելու դեպքում որոշակի վտանգ կարող է ստեղծել:
Մեղրիի տարածաշրջանի զարգացման բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սաքապետոյանը, ներկայացնելով ծրագրի կարեւորությունը, նշում է նաեւ խոչընդոտները. «Մեղրին պետք է ամենօրյա ուշադրության կենտրոնում լինի: Ցավոք, վերջերս ոչ մի պետական ծրագիր այնտեղ չի իրականացվել, պետությունից մենք որեւէ ֆինասական աջակցություն չենք ակնկալել, ավելինՙ վերաբնակեցման ծրագրի համար դիմել էինք Հայաստանի ու Արցախի միգրացիոն ծառայություներին, սակայն նրանցից եւ ոչ մեկը որեւէ լուրջ պատասխան չի տվել մեզ:
Նրանց դիմել էինք հետեւյալ խնդրով, որ եթե Արցախից կամ հարակից տարածքներիցՙ Լաչինից, Քաշաթաղից, կան տեղահանված բազմանդամ ընտանիքներ, նրանց ուղղորդեն դեպի մեր ծրագիրը: Նման համագործակցությամբ հնարավոր կլիներ սկսել այդ ընտանիքների ինտեգրման գործընթացը: Սակայն համարժեք արձագանք պետությունից չստացանք:
Բայց դա մեզ չի հուսահատեցնում: Մենք մի քանի կառուցապատող ընկերություններով ներդրումներ ենք արելՙ գիտակցելով, որ սա հայրենանվեր գաղափար է, ու կարծում ենքՙ նոր աջակիցներ ու մասնակիցներ ընթացքում էլ կներգրավվեն»:
Նռնաձորի վերաբնակեցման ծրագրին զուգահեռՙ այլ ձեռնարկումներ էլ կյանքի կկոչվեն: Օրինակՙ գինի արտադրող ընկերությունները հետաքրքված են բիզնես-ծրագրերով: Նռնաձորը 150-200 հա չմշակվող այգներ ունի. գինի արտադրողներն առաջարկել են կոոպերատիվ տնտեսություն ստեղծել: Գյուղացիներն այսկերպ նաեւ աշխատանք կունենան: Մի բարերար էլ մինի-ֆուտբոլի դաշտ է ուզում կառուցել: Մտադրություն կա Նռնաձորում անցկացնել նռան փառատոն: Գյուղը տուրիզմի զարգացման լուրջ ներուժ ունի. այստեղ կարելի է հրավիրել էքստրիմի սիրահարներինՙ ավտոմեքենաներով բարձրանալու սարերը:
Նռնաձորի վերաբնակեցման ծրագրում ներգրավվելու համար գործելու են որոշակի չափանիշներ: Ընտանիքները պետք է լինեն բազմանդամՙ երեք-չորս երեխա ունեցող: Նորակառույց տները հանձնվելու են լիարժեք նորոգված ու կահավորվածՙ անգամ վարագույրներով, տեխնիկայով, նաեւ 800 քմ տնամերձ հողամասով:
Նռնաձորցին պետք է կապվի այս հողի հետ ու պատրաստ լինի մշտական բնակության: Տան սեփականության իրավունքը տրվելու է բնակվելուց տասը տարի հետո միայն: Ընտանիքներին տրվելու է մեկ կով. գյուղն ունենալու է ընդհանուր ֆերմա: Յուրաքանչյուր երեխայի ծնունդով պայմանավորվածՙ հատկացվելու է եւս մեկ խոշոր եղջերավոր կենդանի: Չափանիշները խիստ չեն, սակայն պետք է հստակ նախադրյալներ լինեն, որ տասը տարի հետո կունենանք լիարժեք բնակեցված Նռնաձոր: Ի դեպ, Նռնաձորում կարելի է նաեւ չրագործությամբ զբաղվել. Մեղրիի թուզն անմահական է: Դե իսկ Նռնաձորի բրենդը նռնենիների ամենամեծ այգիներն են, որոնք, անկասկած, հիասքանչ են թե՛ ծաղկած ժամանակ, թե՛ պտուղներով ծանրաբեռնված:
ՆԱԻՐ ՅԱՆ