Այլ երկրներում, մանավանդ մեր երկրի այլ պայմաններում, արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի, ո՛րեւէ արտգործնախարարի հրաժարականը կթողներ ռումբի ազդեցություն: Մանավանդ նման ձեւի հրաժարականըՙ նախարարության աշխատակազմի առջեւ, հանդիսավոր պայմաններում, հրաժեշտի ճառով: Մինչդեռ մեր երկրում, նույնիսկ քաղաքական շրջանակում, հրաժարականի փաստը ընդունվեց լրահոսի հերթական վերնագրի ձեւով: Անշուշտ եղան արձագանքներ. ոմանք մեղադրեցին նախարարինՙ պաշտոնակատարի հանգամանքում աթոռը թափուր թողնելու եւ նոր նախարարի նշանակման անհնարինությունը մատնացույց անելով, ուրիշներ մեղադրեցին նրան նախորդ նախարարի հրաժարվելուց հետո Նիկոլի առաջարկով նույն պաշտոնը ստանձնելու համար, եւ տակավին ուրիշներՙ հաճույքով ընդգծեցին նախարարի ու նրա տեղակալների եւ առնվազն 6-7 դեսպանների հրաժարականների առկայությունըՙ որպես ապացույց Նիկոլի ապիկար իշխանության հետ անհամաձայնության: Խորքային քննարկումներ դժբախտաբար չեղան, անհրաժեշտ ուշադրություն չդարձվեց Արա Այվազյանի հրաժեշտի խոսքում ձեւակերպված այն մտքի շուրջ, թե իր հրաժարականը պայմանավորված է այն մտավախության հետ, որ մարդիկ կարող են կասկածել, թե նախարարությունը «կարող է որեւէ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային եւ պետական շահի դեմ են եղել»:
Դիվանագիտական լեզվով արտահայտված այս միտքը հուշում է, որ, իրոք, մի մեծ, կործանիչ մի նոր դավադրություն է հյուսվում մեր երկրի ու պետականության դեմ, որին դեմ է հայկական դիվանագիտությունը, որն արդեն իսկ, կործանիչ պատերազմից եւ ստորացուցիչ անձնատվությունից առաջ թե հետո, գտնվում էր աութսայդերի կարգավիճակում: Շատ են ապացույցները, շատ է խոսվել ու գրվել դրանց մասին. բավարար է հիշել նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարությունից անտեղյակ լինելու վերաբերյալ նախկին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի խոստովանությունը: Նիկոլականության պայմաններում, մոլագար միապետի հիվանդ ուղեղի առկայության դեպքում ի՞նչ գործ ունի արտաքին գործերի նախարարությունը միապետական այս երկրում, ո՞րն է դրա գոյության իմաստը, այնպես ինչպես ռազմա-պաշտպանական ամբողջ համակարգինը, որը պատերազմի 4-րդ օրը պահանջում էր ամեն գնով դադարեցնել այն, բայց «Գերագույնը» չլսեց:
Ընդունված է ասել, որ թնդանոթները որոտում ենՙ երբ դադարում են գործել դիվանագետները: Մեր եւ բոլոր պարագաներում կարելի է շարունակել այս միտքըՙ երբ լռում են թնդանոթներըՙ սկսում են գործել դիվանագետները: 30 տարվա փորձառություն, հրաշալի կադրեր ստեղծած մեր դիվանագիտությունը վերջին 3 տարիներին ու մանավանդ այսօր, երբ գոնե ժամանակավորապես լռել են թնդանոթները, անգործության է մատնված: Երբ, ընդհակառակն, հենց հիմա՛ է ժամանակը, այսքան կորուստներից, զոհերից, ունեզրկումից եւ անգամ նորանոր դիրքեր ու տարածքներ կորցնելուց եւ միջազգային ինքնամեկուսացումից հետո անդուլ աշխատանք տանելուՙ կորցրածի ինչ-որ մաս, ինչ-որ բան փրկելու, նոր աղետներ կանխելու, բարենպաստ միջավայր եւ հարաբերություններ ստեղծելու համար: Հենց հիմա՛ է ժամանակը արտաքին գործընկերներին ցույց տալու, որ լկտի Ալիեւը, պատերազմում 10 հազար զինվորի կորուստ տալուց հետո, այժմ ծաղրում է, որ մենք չենք կարողանում պաշտպանել մե՛ր սահմանները, եւ ոչ թե «իր»: Ճիշտ ժամանակն է հրապարակավ հարց տալու Նիկոլին, թե մեր դիվանագետները օտարերկրացի իրենց գործընկերներին ինչպես պետք է բացատրեն նրաՙ «պարտության հաղթանակը» անբացատրելի բառակապակցությունը:
30 տարվա ընթացքում կուտակված փորձը, վաստակը, կապերն ու հարաբերությունները ահա՛ փոշիանում են մեր աչքի դիմաց: Բնավ այն մտքին չեմ, որ ներսում թե դրսում պաշտոնավարած մեր դիվանագետները անթերի են աշխատել: Ձախողումներ եղել են (կարդալ ներկա համարի 8 եւ 10 էջերը, որտեղ Ադրբեջանի ղեկավարին հաջողվել է մեզնից շատ ավելի խորը ներկայություն ապահովել Քրիստոնեության գլխավոր կենտրոններից Վատիկանում), որոշ դեսպաններ ընդմիշտ են հեռացել Հայաստանից, ուրիշներ ջանքերի մեծ մասը ի գործ են դրել անձնական բարեկեցություն ստեղծելու համար, ու տակավին ուրիշներ, այս դժնդակ օրերին, լուռ սպասում են առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքինՙ կրկին անգամ կողմնորոշվելու, ոչ թե միջազգային ասպարեզում, այլՙ սեփական կարիերայի տնօրինման համար:
Իզուր: Մոլագարը որոշել է պետական կառույցներում քար-քարի վրա չթողնել, պետությունը քանդել այնպեսՙ որպեսզի իրենից հետո ոչ ոք, ոչ մի նախագահ, ոչ մի վարչապետ, ոչ մի զորահրամանատար, ոչ մի նախարար, ոչ մի ղեկավար չկարողանա կարկատել պատառոտված մեր երկիրը, լուծարված կառույցները, կազմաքանդված բանակը, պոռնկացված անվտանգության ծառայությունները, քայքայված տնտեսությունը, եւ ամենակարեւորըՙ սփոփել վշտակիր ու հուսալքյալ մեր ժողովրդի հոգին: Նիկոլը վաղուց է խոստացելՙ իրենից բացի վարչապետ չի՛ք: Իրենից հետոՙ ջրհեղեղ:
Հետեւաբար, արտգործնախարարի, նրա տեղակալների եւ մի քանի դեսպանների հրաժարականը ուրիշ բան չէ, եթե ոչՙ դեմարշ, պարզապես: Իսկ թե փոխարենը ի՞նչ կարող էին անել նրանք, ես չէ, որ պիտի բացատրեմ:
Հակոբ ԱՎԵՏԻՔՅԱՆ