Երկուշաբթի, Սեպտեմբերի 22, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ, ԳԵՆԵՐԱԼ

28/05/2021
- 28 Մայիսի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով


ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՅՎԱԶՅԱՆ


Հունիսի 5-ը գեներալ-գնդապետ, այսօր արդեն նաեւ Հայաստանի Ազգային հերոս Գուրգեն Հարությունի Դալիբալթայանի ծննդյան օրն է. նա այս տարիՙ 2021-ին կդառնար 95 տարեկան:
Գեներալ Գուրգեն Դալիբալթայանի կենսագրությունը կարելի է բաժանել 2 հավասար մասերիՙ խորհրդային, որը 1971-ին պսակվեց գեներալ-մայորի զինվորական կոչումով, եւ հայաստանյան շրջանի, որը զինվորական ծառայությունից բացի նաեւ ղարաբաղյան ազատագրական պատերազմն էր, բանակի կազմավորման ու կայացման լրջագույն աշխատանքըՙ երկրի համար ճակատագրական այդ փուլում:
Կարծես, ճակատագրով նրան էր բաժին ընկել լինելու հայոց նորաստեղծ բանակի թիվ մեկ զորավարըՙ պաշտպանության նախարարի 1-ին տեղակալն ու ԶՈՒ գլխավոր շտաբի 1-ին պետը, ապա նաեւ ՀՀ նախագահի խորհրդականն ու ԶՈՒ գլխավոր ռազմական տեսուչը: Նա առաջինն է արժանացել հայոց բանակի գեներալ-լեյտենանտի պատվավոր կոչմանՙ 1992 թ. մայիսի 29-ինՙ Հայաստանի եւ ԼՂՀ պաշտպանության ամրապնդմանն ուղղված ծրագրերի, այդ թվում նաեւ Խոջալուի, Շուշիի եւ Բերդաձորի ենթաշրջանի հայկական բնակավայրերի ազատագրման, Լաչին-Գորիս ճանապարհի բացման մարտական գործողությունների մշակման ու իրագործման համարՙ ինչպես ասված է ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի միջնորդության մեջ:
Իսկ 1996-ի հունիսի 4-ին (գեներալի ծննդյան 70-ամյակի նախաշեմին) նրան առաջինը շնորհվեց նաեւ հայոց բանակի գեներալ-գնդապետի կոչում: Այդ առթիվ հանրապետության նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ուղերձում ասված է. «Անուրանալի է Ձեր մեծ ներդրումը Արցախի պաշտպանության կազմակերպման գործում, երբ Դուք զորավարին վայել հայրական խրատով եւ հոգատարությամբ ոգեւորում ու գոտեպնդում էիք երիտասարդ հայ ազատամարտիկներինՙ սերմանելով նրանց հոգիներում արիություն, հայրենասիրություն եւ հավատարմություն զինվորական պարտքի նկատմամբ:
Անկարելի է չհիշատակել նաեւ այն ակտիվ գործունեությունը, որ Դուք Ձեզ հատուկ երիտասարդական ավյունով ծավալում եք այսօր Հայաստանի Հանրապետության Գլխավոր ռազմական տեսուչի պատասխանատու պաշտոնում»:
Գեներալ-գնդապետի հասցեին հետագայում գնահատանքի գրեթե նույնպիսի խոսքեր ասացին նաեւ ՀՀ եւ ԼՂՀ ռազմական ղեկավարները: Այսպեսՙ «Գեներալ Դալիբալթայանն իր ծանրակշիռ ներդրումն ունեցավ Արցախյան ազատամարտի ռազմական գործողությունների պլանների մշակման աշխատանքում եւ անձամբ տեղերում գործուն մասնակցություն ունեցավ դրանցից մի քանիսիՙ Մալիբեյլիի, Ղարադաղլիի, Խոջալուի, Շուշիի, Լաչինի, Քելբաջարի նախապատրաստմանն ու իրականացմանը, հաճախ հայ զինվորի հետ կողք կողքի կռվեց մարտի դաշտումՙ ցուցաբերելով խիզախության եւ անձնվիրության եզակի օրինակ (ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյան , 2006):
«Միայն Գուրգեն Դալիբալթայանի նման մարդ-անհատները կարող էին տասնամյակների անդուլ ծառայությամբ վաստակած հանգիստը թողնել եւ շարունակել զինվորին ուսուցանել ռազմական գործ, նրան դաստիարակել հայրենիքը պաշտպանելու վճռականությամբ, մտածել բանակի մարտական եւ օպերատիվ պատրաստության բարձրացման ուղղությամբ ու, որ շատ կարեւոր է, մեզՙ այսօրվա զինվորականներիս վարակել ընտրած մասնագիտությունը հարգելու զգացողությամբ…» (ԼՂՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Սեյրան Օհանյան , 2006):
Իսկ Հայ եկեղեցու Արցախի թեմի հոգեւոր առաջնորդ Պարգեւ Սրբազանը նրան կնքել էր «Պաշտպան հայրենյաց» պատվանունով. «…Տիպար եւ օրինակՙ բազում հայորդիների համար, Մարդ, ում հիշելիս ժպիտ ու ջերմություն է իջնում հոգուդ վրա, ու բարի վստահություն է պատում քեզ»:
Պատանի Դալիբալթայանին դեռեւս դպրոցական հասակից էին ձգում սահմանապահ ուղեկալի հետ շփումները ռուսաբնակ Գորելովկա գյուղում, որտեղ հանգամանքների բերումով Մեծ Արագյալից տեղափոխվել ու ապրում էր նրա ընտանիքը:
Նրան այդ մղումը 1944-ին տարավ Թիֆլիսի հետեւակային ուսումնարան, որտեղ սովորեց 3 տարի: Այդպես սկսվեց նրա զինվորական կյանքը, որը 1947-51-ին շարունակվեց Էջմիածնում տեղակայված Հայկական Թամանյան դիվիզիայի շարքերում, ապաՙ Քանաքեռի մոտոհրաձգային գնդումՙ նախ որպես վաշտի հրամանատար, ապա (1957-ից)ՙ գումարտակի շտաբի պետ:
1958-ին նա գործուղվեց Մոսկվայի Մ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա, որը բոլորովին այլ միջավայր էր. հասունության ու մկրտության իսկական դարբնոց:
Դալիբալթայանն ակադեմիայում նախ հմտացավ բանակի կազմակերպական կառուցվածքի, տարբեր ռազմական թատերաբեմերում միաժամանակ գործող ուժերի ղեկավարման, ռազմական տեխնիկայի զանգվածային օգտագործման նրբություններին:
Նա ակադեմիան ավարտեց 1961-ին եւ դարձյալ ծառայության նշանակվեց Անդրկովկասում, այս անգամՙ Ադրբեջանի տարածքում տեղակայված 295-րդ մոտոհրաձգային դիվիզիայում, 1967-69-ինՙ Կիրովաբադումՙ 23-րդ մոտոհրաձգային դիվիզիայի հրամանատարի տեղակալի պաշտոնում, որտեղ 1968-ին նրան շնորհվեց գնդապետի կոչում:
Այդ ժամանակ բոլորովին անսպասելի լարվածություն առաջացավ Չինաստանի հետ սահմանինՙ փոխադարձ հրաձգություն ու զոհեր եղան:
Խնդիր դրվեց Չինաստանի սահմանագծի երկայնքով առանձին դիվիզիա կազմավորելու մասին, եւ հրամանատար նշանակվեց գնդապետ Դալիբալթայանը:
Այդ ճակատում դրսեւորվեցին Դալիբալթայան զինվորականի ողջ տաղանդն ու հնարամտությունը, անսպասելի իրավիճակներում նրա ճիշտ կողմնորոշվելու ճկունությունը: Խնդիրը կատարվեց արտակարգ արագ, եւ կես տարի անցՙ 1971-ին, գնդապետ Դալիբալթայանին շնորհվեց գեներալ-մայորի կոչում:
«Այդպես չի լինում,- հիշում էր գեներալը,- երբ դիվիզիայի հրամանատարը նման կարճ ժամանակամիջոցում արժանանում է գեներալի կոչման»:
Այնուհետեւ նա գործուղվեց Արեւմուտքՙ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտՙ զորքերի հարավային խմբակցության շտաբի պետի տեղակալի պաշտոնով: Այդ ընթացքումՙ 1976 եւ 1978 թթ-ին նա սովորեց նաեւ ԽՍՀՄ ԶՈՒ ԳՇ-ին կից ղեկավար անձնակազմի ակադեմիական կուրսերումՙ խորանալով հատկապես ուսումնական զորավարժությունների պլանավորման ու կազմակերպման, այդ նպատակով անձնակազմի ուսուցման առանձնահատկությունների մեջ:
1980-ին գեներալ Դալիբալթայանը տեղափոխվեց Հյուսիսկովկասյան ԶՕՙ հրամանատարի մարտական պատրաստության գծով տեղակալի պաշտոնով, որտեղից 1987-ին զորացրվեց, ինչպես ընդունված է ասելՙ անցավ վաստակած հանգստի:
Սակայն դրանից շատ չէր անցել, երբ 1988-ին պայթեց Ղարաբաղյան շարժումըՙ «Ղարաբաղը մերն է» կարգախոսով, եւ Հայաստան եկավ նաեւ գեներալ-մայորն ու իր աջակցությունն առաջարկեց համապատասխան մարմիններին: 1991-ի մայիսին նա նշանակվեց նորակազմ Պաշտպանության կոմիտեի ԶՈՒ շտաբի պետ: Նրա առաջին անելիքը եղավ հմուտ սպաների հավաքագրումը այդ կառույցի շուրջ եւ զորակոչված երիտասարդներին զենքի հետ վարվեցողության ու կրակի վարման կանոնների ուսուցումը:
Զգալով, որ պարտադրանքն այդ պայմաններում լավագույն միջոցը չէ, նա ազատամարտիկների հետ հարաբերություններում գերադասեց նրանց համոզելու, սիրաշահելու, կարեւորելու մարտավարությունը, եւ հաջողությունը չուշացավ: Նրան սկսեցին հարգել, ենթարկվել, լսել եւ անվերապահորեն կատարել նրա առաջադրանքները:
Նա անձամբ մեկնում էր տեղեր եւ հանդիպում ջոկատների հետ, հավասարը հավասարի նման զրուցում, լսում նրանց կարծիքը, խորհուրդներ տալիս: Այդպես նա շատ արագ վերածվեց գեներալ ֆիդայու եւ ստացավ Դեդ պատվանունը: Նա մարտիկներից շատերի պապի տարիքին էր:
Զինվորները նկատել էին, որ Դալիբալթայանի ղեկավարած կամ նրա մասնակցությամբ մարտերը հիմնականում ավարտվում են հաղթանակով, եւ ասացվածք էր դարձելՙ «Դալիբալթայանի ոտքը խերով է»:
1991-ի դեկտեմբերին ՊԿ-ն ամբողջապես ներառվեց ՀՀ պաշտպանության նախարարության կազմի մեջ, իսկ գեներալ Դալիբալթայանը նշանակվեց ՀՀ ՊՆ նախարարի 1-ին տեղակալ, ԶՈԻ ԳՇ պետ: Նկատենք, սակայն, որ երբ բանակի ներքին կառուցվածքի հետ կապված առանձին հարցեր հստակեցնելու համար Մոսկվայից հրավիրվեց գեներալ Նորատ Տեր-Գրիգորյանը, Դալիբալթայանն ինքնակամ հրաժարվեց ԳՇ պետի պաշտոնիցՙ տեղը զիջելով նրան: Ինքը շարունակեց մնալ ՊՆ նախարարի 1-ին տեղակալի պաշտոնում: Այդ ընթացքում մշակվեցին Մալիբեյլի, Ղուշչալար, Կրկժան, Ջանհասան, Խոջավենդ, Խոջալու, Շուշի, Լաչին, Քելբաջար եւ թշնամու բազմաթիվ այլ կրակակետերի վերացման պլաններն ու հերթով իրականացվեցին:
Ինչ վերաբերում է Շուշիի ազատագրմանը, որը կապված է Կոմանդոսիՙ գեներալ Արկադի Տեր-Թադեւոսյանի անվան հետ եւ հայտնի է «Հարսանիք լեռներում» անվամբ, ուներ նաեւ ԳՇ-ում Դալիբալթայանի գլխավորությամբ մշակված «Հրազդան» ռազմագործողության պլանը: Այն ապրիլի 29-ին տարվել է Ստեփանակերտ, որը, ըստ ԳՇ պետի տեղակալ գնդապետ Լեոնիդ Մարտիրոսովի , հատկապես չէր տարբերվում «Հարսանիք լեռներում»-ից: Դա չխանգարեց, սակայն, որ Դալիբալթայանն այդ պլանի գործողության ժամանակ գտնվեր հրամանատարական կետում եւ ազատամարտիկների հետ առաջինը մտներ Շուշի:
Շուշիին հաջորդեց Լաչինի ազատագրումը, որն իրականացավ Դալիբալթայանի անմիջական ղեկավարությամբ:
Այս հաղթարշավը, սակայն, զարմանալիորեն ընդհատվեց ներքին քաղաքական տարաձայնությունների պատճառով: Ադրբեջանցիներին հաջողվեց հյուսիսիցՙ Շահումյան-Մարտակերտից ներխուժել ու առանց լուրջ դիմադրության վերցնել ամբողջ Մարտակերտի շրջանը, հասնել մինչեւ Սարսանգի ջրամբար, հարավումՙ Ասկերանի շրջան:
Կես տարի անցՙ 1993-ի մարտի 4-ին, միայն հնարավոր եղավ կանգնեցնել թշնամու լայնամասշտաբ հարձակումը Սարսանգի ուղղությամբ եւ անցնել հակահարձակման: Ապրիլին սկսվեց Քելբաջարի ազատագրման գործողությունը. Հայաստանի սահմանն անցնելիս գեներալն ասաց. «Հիշեք այս պատմական պահը…»: Այդպես վերականգնվեց հայոց բանակի հաղթարշավը, եւ շուրջ մեկ տարվա հաղթական գործողություններով ազատագրվեցին Աղդամը, Ֆիզուլին, Զանգելանն ու Կուբաթլուն, եւ 1994թ. մայիսին կնքվեց հրադադարի քառակողմ պայմանագիրը, որը գործում էր մինչեւ Ղարաբաղյան երկրորդ պատերազմը (2020, սեպտեմբեր-նոյեմբեր):
1993-ին ստեղծվեց ՀՀ ԶՈՒ գլխավոր ռազմական տեսչությունը, գլխավոր ռազմական տեսուչ, ՀՀ նախագահի պաշտպանության գծով խորհրդական նշանակվեց գեներալ-լեյտենանտ Գուրգեն Դալիբալթայանը: Նա այդ աշխատանքին լծվեց մեծ սիրով ու պատասխանատվության բարձր զգացումով:
Գեներալի այդ աշխատանքը շարունակվեց շուրջ 14 տարի. կարող էր էլի շարունակվել, եթե, ինչպես ասում են, անամպ երկնքում որոտ չպայթեր: Նա, շատերի համար անսպասելի, ելույթ ունեցավ քաղաքական ընդդիմության միտինգներից մեկում եւ հայտարարեց, որ ինքն իր ժողովրդի հետ է: Դա, բնականաբար, դուր չեկավ իշխանություններին, եւ նա 2007 թվականին ազատվեց գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնից: Մեկ անգամ էլ ընդգծենք, որ նրա այդ աշխատանքն իսկապես նվիրում էր բանակին, առավել կատարյալ ու մարտունակ բանակ ստեղծելու անմնացորդ նվիրում:
Բայց բանը դրանով չավարտվեց, մի չհայտարարված պայքար սկսվեց նրա դեմ, բոլոր հնարավոր միջոցներով աշխատում էին շրջանցել նրա վաստակը: Գեներալն այդ բանը զգում էր, եւ ներքին մի խռովք ապրեց նման անարդար վերաբերմունքի համար:
Այդ բանը շատ ավելի ցցուն դարձավ, երբ ժամանակին իր ղեկավարությամբ գործած մի շարք զինվորականներ արժանացան Արցախի Ազգային հերոսի կոչման, իսկ ինքըՙ ոչ:
Սակայն հայտնի ճշմարտություն է. որքան էլ արդարությունը հիվանդանա, այն երբեք չի մեռնում: Եվ դա կատարվեց գեներալ-գնդապետի մահվանից 6 տարի անց, Արցախյան երկրորդ պատերազմի ավարտին, երբ ՀՀ նախագահի հրամանով գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանին հետմահու շնորհվեց Հայաստանի Ազգային հերոսի բարձրագույն կոչում (2021, հունվար):
Արժանին մատուցվեց Արժանավորին:
Փառք ու պատիվ Հայաստանի Ազգային հերոս, գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանին, ում անունն անքակտելիորեն կապված է հայ ժողովրդի մերօրյա ազատագրական պայքարի եւ հայոց ազգային բանակի ստեղծման պատմության հետ: Կասկած չկա, որ նրա կյանքն ու գործը անգնահատելի օրինակ եւ հայրենասիրության իսկական դասեր կլինեն ապագա հայ սպայի ու զինվորի համար:
Ծնունդդ շնորհավոր, Գեներա՛լ:
2.05.2021
ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԳԻՏԱԺՈՂՈՎ ` ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՀԱՐՑԵՐԻ ՀԱՐՑԸ` Ո՞ՒՄ ՏԱԼ ՁԱՅՆԸ

Համանման Հոդվածներ

19 սեպտեմբերի, 2025

Ադրբեջանի տնտեսությունը կոլապսի մեջ

19/09/2025
19 սեպտեմբերի, 2025

Դուրս գալ տեխնոլոգիաների զոհի կարգավիճակից

19/09/2025
19 սեպտեմբերի, 2025

Բաքվի հպարտանքը, Հայաստանի խաղաղությունը եւ ՌԴ-ի դերը

19/09/2025
19 սեպտեմբերի, 2025

Իրանի եւ Իսրայելի միջեւ նոր պատերազմի հավանականությունը

19/09/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՐՑԵՐԻ ՀԱՐՑԸ` Ո՞ՒՄ ՏԱԼ ՁԱՅՆԸ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 60
Նորություններ

ԱԽ քարտուղարը՝ ԱԱԾ տնօրենի Բաքու այցի մասին

22/09/2025

ԱԱԾ տնօրենի մասին ԱԱԾ–ն կխոսի, եթե անհրաժեշտություն լինի։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 2–ին, Երևանում մեկնարկած ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ «Ռոուզ-Ռոթ»...

ԿարդալDetails

Ինչո՞ւ Արցախում հայեր չկան. Freedom House -ի նոր զեկույցը

22/09/2025

Անկախության տարեդարձը Փաշինյանի տոնը չէ. նա ատում է այդ անկախությունը, որովհետև ոչ թե ինքը, այլ ուրիշներն են բերել այն. Լևոն Տեր-Պետրոսյան

22/09/2025

Ես գնահատում եմ մեր ազգերի միջև կապը․ Չարլզ III-ի շնորհավորանքը՝ ՀՀ նախագահին

22/09/2025

Չարլի Քըրքի կինը հայտարարել է, որ ներում է ամուսնուն սպանողին

22/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական