Վերջին մեկ ամսում Երեւանի կենտրոնական փողոցներում նորից կարելի է հանդիպել օտարերկրացի զբոսաշրջիկների, մեծամասնությունըՙ իրանցիներ են:
Համավարակի սահմանափակումների պատճառով մեկ տարվա դադարից հետո իրանցիները կրկին Հայաստանում ենՙ տոնելու Նովրուզը (իրանական Նոր տարին).նրանք մարտի 21-ին են նշել այն: Այս տարի Հայաստան այցելած իրանցիների թիվը անշուշտ զիջում է 2019-ի եւ դրան նախորդող տարիների թվերին:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսից աշխարհում ամենից շատ տուժած երկրներից է Իրանը, եւ ըստ ՀՀ առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության եւ հանրության հետ տարվող աշխատանքների բաժնիՙ իրանցիներիՙ Հայաստան մուտքի թույլտվության համար գործում է նույն կարգը, ինչ մեր երկրի մուտք գործող յուրաքանչյուր, այդ թվումՙ ՀՀ քաղաքացու համար (Կառավարության որոշման համաձայնՙ հունվարի 11-ից Հայաստան մուտք գործող անձինք կա՛մ պիտի իրենց հետ ունենան սահմանված ժամկետում վավեր նմուշառման (թեստի) պատասխան, կա՛մ անցակետում նմուշառվեն, իսկ եթե ոչ, պարտադիր պիտի ինքնամեկուսացվեն):
Այս տարի Նովրուզին Հայաստան այցելած իրանցիների թիվըՙ 2019 թվականի համեմատ նվազել է 3-4 անգամ, այս մասին հայտնում է տուրիստական ընկերության տնօրեն Գրետա Տոնոյանը :
«Ըստ մեր տուրիստական ընկերության կատարած հաշվարկների, հոսքը 3-4, եթե ոչՙ 5 անգամ նվազել է: Դա պայմանավորված է ե՛ւ համավարակով, ե՛ւ պատերազմով, ինչպես նաեւ իրենց երկրի տնտեսական իրավիճակն է պատճառը. նրանց ազգային արժույթն էապես արժեզրկվել է, ինչն էլ ֆինանսական խնդիրներ է առաջացրել»,- ասում է տիկին Տոնոյանը:
Ըստ ՀՀ զբոսաշրջության կոմիտեի, 2017-ին Նովրուզի տոնի ընթացքումՙ Իրանից Հայաստան էր եկել 220 հազար 147 քաղաքացի (+16,6%), 2018-ի մարտին 2017-ի նույն ժամանակահատվածի հետ համեմատած զբոսաշրջիկների թիվը նվազել է 27%-ով, կազմելովՙ 160 հազար 645, իսկ 2019 թվականինՙ 160 հազար 676 իրանցի:
Սննդի կետերում եւ սրճարաններում էլ ի պատասխան հարցին, թե արդյոք շա՞տ են այս տարի իրանցի զբոսաշրջիկները, դրական արձագանքեցին: Ի դեպ, ժամանցի վայրերում իրանցիներին համարում են բավականին շռայլ հաճախորդներ:
«Հիմնական հաճախորդները ունեւորներն են, որոնք բավականաչափ գումար են հատկացնում այստեղ ժամանակ անցկացնելու համար, բայց դե մեր տեղացի հաճախորդների հետ համեմատել չենք կարող»,- նշում է քաղաքի կենտրոնում գործող սրճարաններից մեկի աշխատակից Անահիտը :
Նախորդ տարիների համեմատ այս տարի Երեւանի բարձրակարգ հյուրանոցային ծառայությունները այս ամիսներին 40-50%-ով նվազեցրել են գները, եւ իրանցի զբոսաշրջիկները այժմ կարողանում են սենյակներ ամրագրել ավելի բարձր դասի հյուրանոցներում:
Մեզ հետ զրույցում Երեւանի հյուրանոցներից մեկի սպասարկաման բաժնի աշխատակիցն ասում է, որ իրանցիները հիմնականում նախընտրում են հանգրվանել Երեւանում, տուրփաթեթներ են պատվիրում նաեւ դեպի Գառնի, Սեւան, Ծաղկաձոր, բայց մեկ օրովՙ առանց գիշերակացի: Երեւանում նրանց հիմնական զվարճանքի վայրերն են ռեստորանները, փաբերը:
Իրանում սոցիալ-տնտեսական խնդիրների պատճառով, այս տարի Հայաստան ժամանածների մեծ մասը միջին եւ բարձր եկամուտ ունեցող հաճախորդներ են:
Տուրիստական ընկերության տուրօպերատոր Մանվել Կարապետյանը եւս նկատում է, որ իրանցիների հոսքն անհամեմատ քիչ է:
«Այս տարի իրանցիները հիմնականում էկոնոմ տուրփաթեթներ են պատվիրում: Կոնկրետ մեր ընկերության տվյալներովՙ եթե նախկինում այս ընթացքում 10-15 ավտոբուս իրանցի հյուրեր ունեինք, այս տարի մեկ ավտոբուսի չափով մարդ էլ չի եկել»,- ասում է տուրօպերատորը, ապա հավելում, որ հուսով են, որ թեկուզ այս հունով, բայց զբոսաշրջիկների այցը Հայաստան կշարունակվի:
Այսպիսով կարող ենք ասել, որ զբոսաշրջային ոլորտը թեեւ փոքր քայլերով, փորձում է «արթնանալ» խորը քնից, փորձելով կրկին խթանել Հայաստանի տնտեսության զարգացումը: Իսկ այստեղ միայն զբոսաշրջային ոլորտի մասնագետները չէ որ պետք է փնտրեն խնդրի լուծման եղանակներ, այլ նաեւ պետական մարմինները նույնպես պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն ոլորտի զարգացմանը: