Հայաստանյան տնտեսագիտական ու տնտեսվարական միտքը, որքանով որ այն կա, ՀՀ տնտեսության կայացման ու զարգացման խնդիրը լուծելու փոխարեն երբեմն նաեւ ինքն է դրանք ստեղծում: Ասենք, շուրջ երկու տարի առաջ մոտ 50 տնտեսագիտության դոկտորների ներկայացուցիչների կողմից հայտարարվեց հայկական Դավոս անցկացնելու գաղափարը, որին իրենց զեկույցներով մասնակցելու եւ ելույթներ ունենալու էին ոչ միայն հայազգի, այլեւ համաշխարհային այլ երեւելիներ: Ավաղ, ժամանակն անցնում է, հայաստանյան տնտեսությունը խրվում է ճգնաժամի մեջ, իսկ ելքեր նախանշողներ չկան:
2019-ի աշնանը նման մի միջոցառում ձեռնարկեց ՀՀ արդյունաբերողների ու գործարարների միությունը, աջակցությամբ Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի դոկտորա-պրոֆեսորական կազմի, որտեղ հնչեցված «Ի՞նչ անել» հարցի պատասխանը մինչ օրս չի գտնվել: Վիճակն առավել է անորոշանում ու խճճվում, երբ հեռուստաէկրաններին հայտնված ոլորտի գիտնականներն ու մասնագետները թվեր ու տոկոսներ են հնչեցնում մեր նույնիսկ անելանելի վիճակի շուրջ, երկիրը սակավահող ու ընդերքն աղքատիկ են ներկայացնում, դեպի ծով ելք չունենալը ողբերգություն են համարում եւ նման բաներ: Մեր գործընկեր լրագրողներն ու հաղորդավարներն էլ կարծես զլանում են հարցնել, թե ինչպես են զարգացել ու կայացել նույն այդ հարուստ ընդերնքն ու դեպի համաշխարհային ջրեր ելքեր չունեցող, հետն էլ իրոք սահմանափակ հողային կարողություններ ունեցող տասնյակ այնպիսի երկրներ, ինչպիսիք են, ասենք Ավստրիան ու Չեխիան, Սլովակիան ու Շվեյցարիան, գրեթե սակավահող Ճապոնիան ու Իսրայելը, չմոռանալով Սինգապուրը, ուր ՀՆԱ-ի ցուցանիշը աստղաբաշխական է, միայն հավի մսի տարեկան արտադրությունը, երբ գյուղնախարարություն էլ չկա, անցնում է 120 հազար տոննայից, երբ ՀՀ ցուցանիշը հազիվ դրա 10 տոկոսն է կազմում: Թե ինչու եմ նման գնահատական հնչեցնում, ստորեւ.
Օրեր առաջ «տնտեսագետ» ներկայացած հեռուստատեսային հաղորդման հյուրը խոսելով ՀՀ պարենային ապահովության ու պարենանվտանգության հարցերից, անվարան հայտարարեց. Հայաստանը ցորենի արտադրությունով երբեք ինքնաբավ լինել չի կարող: Ապա թվեր հիշեց, ըստ որոնց երկրում արտադրվում է պահանջարկի 30 տոկոսը, 70 տոկոսը ներմուծվում է: Եզրակացությունն առավել կտրուկ էրՙ առավելագույնը, որ կարելի է անել Հայաստանի պարագայում, նշված տոկոսների փոխատեղումն է:
ՀՀ շարքային քաղաքացին, որն այսուհանդերձ որոշակի հետաքրքրություն ու նաեւ մտահոգություն է ցուցաբերում երկրում մնալ-ապրելու առումներով, երկընտրանքի վիճակում է հայտնվում: Եթե այսչափ անորոշ է մեր վաղվա օրը, անզոր ենք անգամ հանապազորյա հացն ունենալու խնդրում, թերեւս ժամանա՞կն է… Չէ՞ որ արտերկրներ մեկնած իր հարազատ-բարեկամները, ընկեր-ծանոթները նման մտահոգություններ չունեն, անգամ գնային աննորմալ տատանումներից չեն խոսում: Իսկ ահա մեր մասնագետներն ահազանգում են, տոկոսներ նշում, դրանք ուղեկցում անբարյացակամ հարեւանների հնարավոր պահվածքի հետ: Իսկ ոչի՞նչ, որ այդ չարակամ երկրի բնակչությունը 2000 թվականին 65 մլն էր, ցորենի արտադրությունը 21 մլն տոննա, հիմա բնակչությունը 82 մլն է, ցորենի բերքըՙ 20 մլն տոննա: 1 բնակչի հաշվով ցորենի արտադրությունը 340 կգ-ից իջել է 250 կգ-ի, որն ինչ-որ բան չի՞ հուշում: Թերեւս այլ ոլորտներում էլ է համանման վիճակ, ի վերջո թուրքական լիրան հենց այնպես չէ դոլարի համեմատ 1,5 ցուցանիշից արժեզրկվել մինչեւ 8 լիրայի:
Թվերն ինչի՞ մասին են խոսում, գուցե տեղն է դրանց անդրադառնալ, որը մասնագետների հացն ու ջուրն է, այն քաղաքական տերմինաբանությամբ փոխարինելն անընդունելի ու նվազագույնը մերժելի է, եթե այլ գնահատական չտանք: ՀՀ մոտ 3 մլն հեկտար տարածքի 500 հազար հեկտարը վարելահողերն են, արդյունավետ գյուղատնտեսական գործունեություն ծավալելու դաշտեր, որտեղ կայացած տնտեսություններ ունեցող երկրներում մինչեւ 4 մլն տոննա ցորեն են ստանում: Մեր առայժմ 3 մլն-ի պահանջարկն այս թվի հազիվ 10 տոկոսից մի փոքր ավելին է, որն ալյուրի վերածելուց հետո կդառնա արտադրվող 300 հազար տոննա հացը, պատրաստվող 20-30-հազարական տոննա մակարոնեղենն ու հրուշակեղենը: Նման պարագայում ոմանք հակաճառում են, որ եթե խնդիրն այդչափ դյուրին է, ինչո՞ւ տասնամյակներ շարունակ այն լուծում չի ստանում: Տեղին հարց է, որի հասցեատերը ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն է, աննշան կրճատումներով մտցված ՀՀ էկոնոմիկայի նախարարություն: Բացեք գյուղատնտեսության ոլորտին վերաբերող մասնագիտական որեւէ գրականություն եւ կտեղեկանաք, որ 1 հեկտարից միջին 7-8 տոննա ցորենի բերքի ստացումը իրողություն է, այդ թվում ՀՀ տարբեր մարզերում, տարբեր հողագործների կողմից: Միաժամանակ կան նաեւ ֆերմերային տնտեսություններ, ցավալիորեն ոչ քիչ, որտեղ բերքատվությունը 2 տոննա եւ անգամ պակաս է ստացվում: Հետեւանքըՙ տնտեսագետի նշած 30 տոկոս սեփական ինքնաբավության մակարդակը: Եվ սա այն պայմաններում, երբ կան ոլորտի պատասխանատու պետական բազմաճյուղ կառույցներ, ագրարային համալսարան, ինստիտուտներ ու քոլեջներ, արտերկրներից օգնողներ: Ակնկալիքների ծով, իրողությունումՙ գրեթե սով: Փոխարենը ծանոթացեք, թե ինչ է խոստանում մասնագիտական միտքը: Տարիներ առաջ կազմված «Հայաստանի գյուղատնտեսությունը» ծրագրի հեղինակային խումբը խոստանում էր, «մինչ 2012 թվականը հացահատիկային սերմնաբուծության համակարգի բարելավման, ագրոտեխնիկական պահանջների կատարման եւ ոռոգելի տարածքների ընդլայնման շնորհիվ պարենային ցորենի ինքնաբավության մակարդակը հասցնել 70-80 տոկոսի»: Ինքնախաբեության ինչպիսի ջանք, որը դժվար է երեւակայել, քանզի մինչեւ այսօր ունենք այն 30 տոկոս ինքնաբավությունը, որն ունեինք տասնամյակներ առաջ:
Մարտ-ապրիլ ամիսները գարնան գյուղատնտեսական աշխատանքների պատասխանատու շրջան է: Տարօրինակորեն, նաեւ ցավալիորեն, այն չի նշմարվում ո՛չ ՀՀ կառավարության ձեռնարկումներում, ո՛չ էլՙ էկոնոմիկայի նախարարության արած-չարածում: Միակ բանը, որ հիշեցվում է, դա Արցախի ցորենի բերքի նվազումն է: Իսկ որ Հայաստան երկրի հողերի մի զգալի մասը չի մշակվում, ցանքատարածություններն էլ աննշան բերք են տալիս, դա գյուղոլորտի տնտեսագիտական ու տնտեսվարական պատասխանատուներին պարզապես չի հետաքրքրում ու մտահոգում:
Աշխարհում ցորենի ավելցուկ ինչքան ասես կա, հովանավորվող բիզնեսն էլ կազմ ու պատրաստ է, շուկայական հարաբերություններն էլՙ ազատ ու… սանձարձակ: Գները բարձրացրու, քաշը նվազեցրու, որակն իջեցրու… Ոմանք այն վայրի են կոչում, որից գործընթացը չի սահմանափակվում: Ամենուր ելքը գտել ենՙ անհարկի ներմուծումները փոխարինել տեղական արտադրանքով: Միայն ոչ Հայաստանում, քանզի այստեղ կառավարիչները յուրօրինակ ենՙ շուկան ամենազոր է, շուկան կփրկի… Սա ՀՀ տնտեսության պատասխանատուների մոտեցումն է, որոնց գործարար միջավայրի ստեղծման, շուկան դիտարկելու ունակությունները որեւէ ձեւով չեն նշմարվում: Թերեւս ցնցող էր ՀՀ վարչապետիՙ երկրում ջրերի կուտակման հնարավորությունների ուսումնասիրման շուրջ նախորդ օրվա դիտարկումը: Ո՜ւրՙ զարգացումը, ո՜ւրՙ ճառի պաթետիկությունը:
12.04.2021թ. Երեւան