«Վե՛ր կաց», «Wake Up». սա երգիծանկարների ցուցահանդեսի խորագիր է, միաժամանակՙ սթափության կոչՙ ուղղված հանրությանը: Հարգարժան հայեր, սիրելի ժողովուրդ, կարող էիք ապրիլի 10-14-ը Նկարիչների միությունում այցելել Երգիծանկարիչների ասոցիացիայի հիմնադիր Սուքիաս Թորոսյանի ՙ Toto-ի նախաձեռնած ցուցահանդես: Հումորով ու սարկազմով արված նկարները միգուցե ձեր մեջ բույն դրած թմբիրը ցրեին, սթափեցնեին, ու ազգային արժանապատվությունը, ազգային դիմադրողականությունը միգուցե հաճելիորեն գլուխ բարձրացնեին:
«Վե՛ր կաց» խորագրով ցուցահանդեսին ներկայացված էին հայտնի երգիծանկարիչների, ինչպես նաեւ Ճարտարապետության եւ շինարարության համալսարանի առաջին կուրսի ուսանողների վերջին մեկ տարվա աշխատանքները: Սուքիաս Թորոսյանը գրաֆիկայի բաժնի իր ուսանողներին ինքնադրսեւորման հնարավորություն է տվել: Կոմիքսներով, անիմացիայով հետաքրքրված ուսանողներ կան, որոնց Toto-ն խրախուսում է, ոգեւորում, որպեսզի այս արվեստը կենդանանա, չկորչի:
«Հարավային Կորեայում երգիծանկարչության, անիմացիայի, կոմիքսների արվեստի 160 բուհ կա: Շատ երկրներ են հասկացել, որ մոտ ապագայում մենք անցնելու ենք վիրտուալ ուսուցմանը, որտեղ պատկերային մատուցմանը մեծ տեղ է հատկացվելու: Երեխաները չեն սիրում դասագիրք կարդալ, անգիր անել: Իսկ դասագրքերը շատ շուտով կոմիքսային են լինելու. մարդիկ մեծ տեքստեր այլեւս չեն ուզում կարդալ: Վիրտուալ իրականությունում պատկերների միջոցով շուտով քիմիա ու ֆիզիկա է մատուցվելու»,- նկատում է Սուքիաս Թորոսյանը:
Ցուցահանդեսին յուրաքանչյուր երգիծանկարիչ ներկայացել էր թեմատիկ նկարների ամբողջական շարքով: Ընդհանրապես, Երգիծանկարիչների ասոցիացիան ամեն տարի ցուցահանդեսով է ներկայանումՙ ամեն անգամ ցուցադրելով ամենաթարմ աշխատանքները: Երգիծանկարչությունը հին ու անցած իրողություններ չի սիրում, երգիծանկարչության «մատը» միշտ պետք է ժողովդրի զարկերակին լինի, արագ որսա իրադարձությունները, տրամադրությունները, այդ պահին տիրող մթնոլորտը – օպերատիվ կերպով վերարտադրի դրանք:
Toto-ն արդեն երեսուն տարի քաղաքական երգիծանկարիչ է: Ինչին անդրադառնում էՙ սոցիալական թեմա կլինի, թե մշակութային, վերջում կապվում է քաղաքականությանը, ուզած-չուզածՙ քաղաքական երանգ է ստանում: Եթե քաղաքական դաշտը կեղտոտ է, մյուս ոլորտներում մաքրություն ակնկալելը սին երազանք է:
«Վե՛ր կաց» երգիծանկարների ցուցահանդեսում գերիշխում էր քաղաքական թեման, ինչը եւ սպասելի էրՙ կապված հատկապես վերջին մեկ տարում մեր երկրի արտաքին ու ներքին քաղաքական վայրիվերումների հետ: Արտաքին քաղաքակությանը վերաբերող աշխատանքներում առյուծի բաժինը Իլհամ Ալիեւինն ու Էրդողանինն էՙ հայատյաց, արյունարբու ախորժակով: Դեռ պատերազմի ժամանակ էր Վրեժ Քասունին այդ կերպարների երգիծանկարները ստեղծել. շարքը ներկայացված էր նաեւ այս ցուցահանդեսին: Արզօ -ն նույնպես քաղաքական թեմաներով էր ստեղծագործելՙ հետաքրքիր մտածողությամբ ու կերպարներով: Դե իսկ Հարություն Չալիկյանի ՙ քաղաքական հայտնի գործիչների երգիծական դիմանկարները մի ամբողջ բույլ են կազմումՙ Սերժ Սարգսյան, Զոհրաբ Մնացականյան, Նիկոլ Փաշինյան, Պարույր Հայրիկայն, Էդուարդ Շարմազանով եւ այլք:
Եթե հայ իրականությանն անտեղյակ մեկը ներկա լիներ երգիծանկարների ցուցահանդեսին, բոլոր աշխատանքները նայելուց հետո հաստատ կարող էր պատմել, թե ինչ է կատարվել Հայաստանում վերջին մեկ-մեկուկես տարվա ընթացքում. առանցքում, իհարկե, պատերազմի, կորսված երազանքների, քաղաքական ամենաթողության, մեր ցավի նկատմամբ աշխարհի քար անտարբերության, թուրք-ադրբեջանական ագրեսիայի, ցեղասպանության նկրտումների թեմաներն են:
Չի շրջանցվել նաեւ կորոնավիրուսը: Երկու շրջանակ էլ դատարկ էին, մեկի վրա գրվածՙ Հայաստան, մյուսի վրաՙ Արցախ: Երկուսի մեջ էլՙ «վերանորոգվում են»: Սուքիաս Թորոսյանը խորհրդանշաբար է այս լուծումը տվել: Եթե չարթանանք թմբիրից, Հայաստանն ու Արցախը չվերանորոգենք, տխուր վերջաբան կունենանք:
«Մեր պետությունն այս արվեստի, այս ուղղության վրա ուշադրություն չի դարձնում: Ադրբեջանն, օրինակ, երգիծանկարչության թանգարան ունի, տարեկան մի քանի անգամ փառատոներ են կազմակերպում: Միգուցե այնտեղ որակյալ երգիծանկարիչներ, մասնագետներ չկան, բայց պետական հոգածություն կա այս ուղղության նկատմամբ: Նշանակում էՙ այնտեղ դպրոց կա, որի հիման վրա կառուցվում է երգիծանկարչության արվեստը: Մենք այդ դպրոցը չունենք: Մենք կորցնում ենք. այն մարդը, որը քաղաքացիական կեցվածք, մտածողություն, հումոր, նկարելու շնորհք ունի, կարող է երգիծանկարներով արտահայտել իրականությունը, այդ իրականությունը ստեղծող հեղինակներին, դեմքերին, ստեղծագործելու դաշտ չունենալու դեպքում այդպես անպտուղ էլ կմնա»,- ոլորտի բացթողումները մատնանշում է Toto-ն:
Պատմում է, որ մի անգամ գումար չեն ունեցել ցուցահանդեսի համար. ապրիլի մեկն էր, ուզեցել են ինչ-որ բան անել, բայց նաեւ լռության օր է եղել, որովհետեւ հաջորդ օրն ընտրություններ էին: «Թեքեյան կենտրոնում» դատարկ շրջանակներ են կախել, մարդիկ եկել, տեսել, զարմացել են, թեՙ էս ի՞նչ եք արել: Պատասխանել ենՙ մեզ մոտ էլ է լռության օր:
Երգիծանկարով շատ խոր գաղափարներ, ասելիք կարելի է հայտնել: Բայց այսօր եզակի լրատվամիջոցներ ու պարբերականներ են հրապարակումներում նաեւ երգիծանկարներ օգտագործում: Երգիծանկարի լեզուն, ոճը, ասելիքն անգամ անհասկանալի ու խորթ են շատ խմբարությունների:
Սուքիաս Թորոսյանը երեսուն տարի այս ոլորտում է, համագործակցում է «Ազգ» , «Armenian Mirror-Spectator» , «Պայքար» պարբերականների հետ, սակայն ոչ բոլոր երգիծանկարիչներն այսօր աշխատանք ունեն: Եղածներն էլ ավելի շատ դրսի հետ են համագործակցում, օտարալեզու մամուլի համար են աշխատում: Այլ երկրներում երգիծանկարչությունը փոքր տարիքից են սովորեցնում երեխաներին: Գերմանիայում սկսել են դպրոցական ծրագրերում ներառել հատկապես կոմիքսների ուղղությունը: Այսինքնՙ հասարակություն է ձեւավորվում, որը փոքր տարիքից հասկանում է շարժանկարի, երգիծանկարի լեզուն, օգտագործում այն, հետեւաբար, ձեւավորում է նաեւ դրա պահանջարկը: Հայտնի է, որ Ֆրանսիայում կոմիքսների գրքեր շատ են հրատարակվում, որովհետեւ պահանջարկ կա: Մի ամբողջ պատմություն կարելի է բառերի փոխարեն շարժանկարներով ներկայացնել, ինչն օգնում է «ընթերցողին» շարժել միտքը, գործողությունների շարունակականությանն ու տրամաբանությանը հետեւել:
Երգիծանկարիչներն էլ են ուզում իրենց մասնագիտությամբ գումար վաստակել: Մեր երկրում նրանց պահանջարկը շատ քիչ է: Աշխատանքի շարժառիթը վարձատրությունն է: Երգիծանկարիչը, կոմիքսների նկարիչը չի կարող ինքն իր համար նկարել, պատվերներն են նրան ոգեւորում, առաջ մղում, ավելի որակյալ դարձնում: Եթե մի երգիծանկարիչ, իր աշխատանքի պահանջարկին հետեւելով, հանրայնացնի նկարները, մյուս երգիծանկարիչների համար դա մոտիվացիա կլինի. «Նա նկարեց, ես էլ նկարեմ, ես էլ իմը ցույց տամ» սկզբունքով:
Տիգրան Մանգասարյանը , որքան էլ փորձում է Հայաստանում կոմիքսների ժանրը զարգացնել, անընդհատ խոչընդոտների է հանդիպում: Նա պատրաստ է անգամ անվճար դասավանդել, միայն թե նոր սերնդի մեջ կոմիքսների նկատմամբ հետաքրքրություն առաջացնի, կայծը վառի: Նա Արցախի բարբառով արցախյան պատերազմի մասին կոմիքսների շարք է ստեղծել, որը դեռեւս չի էլ տպագրել: Այն առաջին անգամ «Վեր կաց» ցուցահանդեսին է ներկայացվել: Օրինակՙ ֆրանսիացիները ժամերով կկանգնեին Տիգրան Մանգասարյանի ստեղծած կոմիքսների առաջ ու ամբողջ պատմությանը կծանոթանային: Իսկ մեր հասարակությունը, մեղմ ասած, անտարբեր է:
Հայ մանրանկարչության ակունքներում կոմիքսների ժանրն օգտագործված է: Հին մատյաններում ծաղկողները, մանրանկարիչները սրբերի մասին պատմություններ են ներկայացրել շարժանկարների միջոցով, օրինակՙ Քրիստոսի ծնունդը, կյանքից դրվագներ, Մկրտությունը: Այսինքնՙ դեռեւս վաղ միջնադարում են նկարիչները կերպարային, պատկերային մտածողությամբ պատմություններ ներկայացրել: Ունենալով այսպիսի հարուստ դպրոցՙ այսօր շարժանկարիչներն ու երգիծանկարիչները մտավախություն ունեն, թե մի օր այս արվեստը կկորցնենք, դաշտում հայտնի անուններին փոխարինողներ չեն լինի: Եվ նրանց մտավախությունը տեղին ու հիմնավորված է:
Նկար 1. Հարություն Չալիկյանի դիմանկարները