Շուշին մեր չսպիացող, արնածոր վերքն է. ոչ ոք այդպես էլ չհասկացավ, թե ինչու Շուշին ընկավՙ առանց ծնկելու: Ռազմական փորձագետները երկար ժամանակ վերլուծում, համոզում, ապացուցում էին, որ բերդաքաղաքն իր բարձր ու անառիկ դիրքի շնորհիվ հնարավոր չէ գրավել. խորխորատներով, ձորերով, ժայռերով մագլցելու համար հսկայական ժամանակ է պետք, եւ անհնար է դա անել աննկատ: Առավել եւս հնարավոր չէ անմատչելի վայրերով բերդաքաղաք բարձրացնել զենք ու զինամթերք:
Բոլորս ենք հիշում, թե նոյեմբերի 9-ի հայտարարությունից առաջ Շուշիի մասին ինչ իրարամերժ տեղեկություններ էին հաղորդում պաշտոնական օղակները:
Շուշիում կռիվներ մղած տղաներից գրեթե ոչ ոք ողջ չի վերադարձել: Բայց օրեր շարունակ թշնամու, այդ թվումՙ թուրք հատուկջոկատայինների ու վարձկանների հետ մերձամարտի մեջ մտած մեր զինվորները զանգահարել են իրենց հարազատներին ու որոշ տեղեկություններ հաղորդել իրավիճակի մասին:
Սահակյանների ընտանիքին մինչ օրս բազմաթիվ հարցեր հանգիստ չեն տալիս: Նրանց 18-ամյա ժամկետային զինծառայող որդին պատերազմի առաջին իսկ օրերին Հադրութում է եղել: Նրանց զորամասը ռմբակոծվել է հենց սեպտեմբերի 27-ին. վաշտի կեսը զոհվել է: Արտակը բազում անգամներ մահացու վտանգներից փրկվել է, կռվել ու 40-րդ օրը մարտերը շարունակել Շուշիում: Այդ ընթացքում Արտակն ու նրա ընկերները զանգահարել են հարազատներին ու պատմել, որ անընդհատ մերձամարտեր են տեղի ունենում, բացի այդ նաեւ ռմբակոծումներ են լինում, բայց բերդաքաղաքը շարունակում է իրենց տիրապետության տակ մնալ:
Արտակը մարզիկ էր, զինվորական հմտություններին լավ էր տիրապետում: Հարազատները վստահ էին, որ անգամ ձեռնամարտի դեպքում Արտակը բոլորին կհաղթի: Ընկերներն այդ ընթացքում մեկը մյուսի հեռախոսով կապվել են տնեցիների հետ ու պատմել, թե ինչ վիճակում են գտնվում, վստահեցրել են, որ շատ շուտով իրենց օգնական մեծ ուժեր են միանալու, եւ Շուշիի պաշտպանությունը լիարժեք իրականացվելու է:
Այդպես մի քանի օր տղաները կռվել ենՙ սպասելով ռազմական նոր ուժերի: Այդ ընթացքում շտապօգնության մեքենաներին հաջողվել է ծանր վիրավորներին հասցնել Ստեփանակերտի հոսպիտալ. մեքենաներից մեկը, սակայն, ճանապարհին պայթեցվել է: Արտակը ուսից վիրավոր է եղել, բայց գերադասել է ծանր վիրավորներին ուղարկել հոսպիտալ, ինքը մնացել էՙ համոզված, որ ուր որ է ռազմական ուժերը կհասնեն իրենց ու աներես ճանճերի պես վրա տվող թշնամուն վերջնականապես հետ կշպրտեն:
Եվ ահա նրանց է մոտենում հայկական զինված ուժերի համազգեստով, հայերեն լավ խոսող զորքը: Տղաների մտքով չի անցնում, որ նրանք թուրք հատուկջոկատայիններ են: Սկսվում է հերթական մերձամարտը:
Հարազատներն Արտակի մարմնի վրա դաշույնի վերքեր են տեսել. խոշտանգման հետքեր տղայի վրա չեն եղել, բայց Արտակի գլխին կրակել են. դա կոչվում է հրազենային մահացու վնասվածք գլխուղեղի շրջանում: Քանի որ այդ օրերին տղաները մեկը մյուրի հեռախոսով են զանգել հարազատներին, ու բոլորի հեռախոսազանգերը հանկարծ դադարել են, ծնողներն անհանգստացել են ու գրեթե միաժամանակ սկսել իրենց զավակների փնտրտուքըՙ Արցախի ու Հայաստանի հոսպիտալներում ու հիվանդանոցներում: Հետո պարզվել է, որ 31 տղաներն էլ նույն տեղում ու գրեթե միաժամանակ են զոհվելՙ բոլորի գլխին հրազենային մահացու կրակոց:
Իրենց զավակներին փնտրող ծնողները նաեւ պետական դռներ են թակել ու այդ ընթացքում գրավոր վկայություններ ներկայացրելՙ պատմելով վերջին օրերին տղաների հաղորդած տեղեկությունները Շուշիից: Մինչ օրս այդ վկայություններին ոչ մի ընթացք չի տրվել:
Առեղծվածային հարցերի պատասխանները չգտնելովՙ հարազատները ստիպված են եղել միմյանց հաղորդած տեղեկությունները համադրել, վերլուծել ու եզրահանգումներ անելՙ տղաներին դավաճանել են, դավադրություն է կազմակերպվել, մեծ խաղՙ իբր Շուշիի պաշտպանություն, իսկ իրականում Շուշիի դարպասները ներսից են բացել ու թուրք հատուկջոկատայիններին, վարձկաններին ներս թողել, մեր տղաներին դեմ-դիմաց թողել նրանց հետՙ առանց օգնական ուժերի, առանց մարտը վարող հրամանատարների, առանց լրացուցիչ զինտեխնիկայի: Ամեն ինչ կազմակերպվել է այնպես, որ Շուշիից ոչ ոք ողջ դուրս չգա, ոչ մի վկա ողջ չմնա:
«Այդ տղաները, նաեւ որդիս իրենց հետ շատ գաղտնիքներ տարան: Հարց է առաջանումՙ ինչպե՞ս եղավ, որ բոլորը գլխուղեղի հրազենային վնասվածք ունեն: Ես կասկածում եմ, որ այդ կրակոցը ստուգող, ապահովագրող նշանակություն է ունեցել. կրակողն այդպիսով համոզվել է, որ նրանք հաստատ մահացել են, այսինքնՙ չեն խոսի, ոչինչ չեն պատմի: Արտակիս ընկերը, հաստատ գիտեմ, որ դարձյալ Շուշիում է եղել: Հետո նա անհետացավ: Շուշիից հանված 109 մարմինների մեջ նրանը չկար: Հարազատներն ամիսներ շարունակ փնտրում էին ու վերջերս գտանՙ Ջաբրայիլում: Մարմինը դեռ տաք էր: Պարզվեցՙ գերի է եղել: Շուշին ու Ջաբրայիլն ինչքա՜ն հեռու են իրարից: Ինչո՞ւ էին նրան վերջերս սպանել ու թաղել Ջաբրայիլում: Ես կասկածներ ունեմ, որ անգամ Շուշիում գտնված գերիներին ողջ չեն թողել հենց նույն պատճառով, որ օրերից մի օր հանկարծ չխոսեն, թե ինչ է կատարվել Շուշիում»,-պատմում է Արտակի մայրը:
Իսկ Շուշին պաշտպանելու մեկնած, բայց այդպես էլ բերդաքաղաքի մատույցներին չմոտեցած կամավորներն էլ պատմում են, որ իրենք ահռելի զինտեխնիկայով գնացել են կռվողներին օգնության, բայց իրենց հետ են ուղարկելՙ ասելով, թե նոր ուժերի կարիք չկա, վերադարձեք:
Ի՞նչ է կատարվել Շուշիում: Ի՞նչ առեղծված ու դավադրություն է թաքցնում թշնամուն հանձնված բերդաքաղաքը, ինչե՜ր է տեսել Շուշին: Մի բան պարզ է. ոչ ոք չի խոսում Շուշիի մասին: Շատերը ընդվզեցին, վրդովվեցին, թե ինչու է Փաշինյանը Շուշին անվանել տխուր ու դժգույն, ադրբեջանական քաղաք: Բարկացանք, Շուշիի գունեղ լուսնակարները հրապարակեցինքՙ Փաշինյանին հակառակն ապացուցելու համար, բայց այդպես էլ ոչ մի ուսումնասիրություն չարվեցՙ Շուշին ինչպե՞ս ընկավ, ինչպե՞ս հանձնվեց թշնամուն: Ի վերջո, զոհվածների հարազատները կարող են վկայություն տալ, հեռախոսազանգերը կարող են հետազոտվել, բայց կարծես դիտավորյալ պինդ փակվել է Շուշիի անկման ամոթալի ու ողբերգական էջը:
Ընդմի՞շտ է փակվել: