ՍԵՐԺ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Բակունց գրողին տակավին դպրոցական տարիներից սիրեցիՙ ընթերցողական վայելում ունենալով նախ նրա «Ալպիական մանուշակ» գոհարակերտ պատմվածքը: Հետո, արդեն դպրոցական ծրագրերից զատ, հափշտակված ընթերցեցի «Միրհավ», «Սպիտակ ձիավորը», «Խոնարհ աղջիկը», «Ծիրանի փողը», «Այու սարի լանջին» ու էլի շատ սքնաչելի գրվածքներ: Եվ քանի դեռ չուենեի բանասիրական կրթություն, շահեկանորեն միառժամանակ զերծ էի կանխակալ գրականագիտական, հաճախ սուբյեկտիվ ուղղորդումներից, տարակարծիք մեկնաբանություններից, ուստի կարդացածս ընկալում էի զուտ պատանեկան ջինջ հոգովՙ անմիջական ու յուրովի:
Բակունցը կյանքիս ուղեկիցն է. տասնամյակներ շարունակ վերընթերցում եմ ոսկեգրիչ սիրելի գրողին կրկին ու կրկին: Եվ ամեն անգամ զարմանալիորեն չնկատված բակունցյան մի նրբերանգ, նոր ծալք եմ հայտնաբերում կամ բացահայտում ինձ համար: Օրինակ, բավականին ուշ նկատեցի, որ հավերժական սիրո առասպել «Միրհավ»-ի հերոսուհի Սոնան, Դիլան դայուն «տաք հնձանում» աշնան հանդիպումին հաջորդած ամռանը «մեռավ երեխայի վրա»: Ինչու՞ է հեղինակը մատնանշումՙ «Այդ աշնան հաջորդ ամառը»: Ուրեմն, ինն ամիս է անցել, եւ ցավալիորեն չապրեց նրանց մաքրամաքուր սիրո պտուղը եւ հենց ինքըՙ ոսկեփետուր միրհավի պես Սոնան… Եվ «Սոնային լաջվարդ շապիկով թաղեցին…»:
***
… 2020-ի սեպտենբերի 20-ին, վերահաս աղետաբեր պատերազմից ուղիղ յոթ օր առաջ, որպես սրտի վաղեմի փափագ, Ակսել Բակունցի ծննդավայրՙ Գորիս մեկնեցի: Նպատակս տարիներ առաջ իմ ձեռքբերած, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Հենրիկ Մամյանիՙ Ակսել Բակունցին վայելուչ հագուկապով պատկերած գեղարվեստական ուշագրավ գրաֆիկ աշխատանքը գրողի տուն-թանգարնին նվիրելն էր: Միշտ խորհում էի, որ նկարի ճշմարիտ հասցեատերը, արդարեւ, թանգարանը եւ նրա հազարավոր այցելուներն են:
Բացվող օրվա վաղ առավոտյան իմ մեքենայով ճամփա ելա: Նորածագ արեւի առաջին շողերի հետ արդեն Աշտարակից Գորիսՙ 280 կիլոմետրանոց երկարուձիգ ճանապարհին եմ:
Խաղաղ այգաբաց է Արարատյան դաշտում: Ոսկեւորված հսկայաբերձ Մասիսների դիմաց, լայնահուն մայրուղու երկու կողմերում, հողի աշխատավորները բերրի այգիներում, դեռ ցողը վեր չելած, խաղողի բերքահավաքի են: Ե՛վ նրանք, եւ՛ Հայաստան աշխարհում ու Արցախում բոլոր-բոլորը, խաղաղ սրտով իրենց աշխարհաշեն առտնին գործերին ենՙ մեր թշնամյաց կողմից նյութվող մոտալուտ դավերին անտեղյակ, միամիտ ու անհոգ… Մտադիր եմ ճանապարհային հանգույց Գորիսում, փոքրիկ առաքելությունս ավարտելուց հետո, զբոսաշրջելՙ կա՛մ Տաթեւ, Կապան, Մեղրի ուղղությամբ, կա՛մ էլՙ Խնձորեսկ, Ստեփանակերտ, Ամարաս ու Գանձասար:
Երանավետ ժամանակներ. գործնականում բաց են իմ առջեւ երկրիս բոլոր ճանապարհները, եւ ոչ մի խոչընդոտ, արգելափակոցներ, այլազան դրոշներ, որ շուտով պիտի ցցվեն մեր պատմական հողերի վրա եւ մեր սրտի մեջ…
Արեւն ավելի բարձրացավ: Անցա Վայոց Ձորը, Սարավանդը եւ հիմա Որոտանի լեռնանցքի ամենաբարձր կետում եմՙ ծովի մակարդակից 2344 մետր բարձր: Հենց այստեղ, լեռների գրկում, վեր է խոյացել «Զանգեզուրի դարպասներ» բազալտակուռ, լեռնային տեղանքին ու ճանապարհին հիանալիորեն ներդաշնակվող հոյակերտ կառույցը, որին ժողովուրդը նաեւ «Զանգեր» է անվանում:
1980-ականների վերջին այս կոթողը ստեղծվեց Սիսիանի շրջանի երկարամյա ղեկավար, գրականագետ եւ լրագրող Շչորս Դավթյանի մտահղացմամբ եւ անդուլ ջանքերով: Ճարտարապետը մեծաքանքար Ռաֆայել Իսրայելյանի տաղանդաշատ որդին էՙ Արեգ Իսրայելյանը, քանդակագործըՙ Սյունյաց աշխարհի բարի ծնունդ, ՀՀ ժողովրդական նկարիչ Գետիկ Բաղդասարյանը: Հուշարձանի քիվերին Զանգեզուրի խորհրդանիշ զանգերն են քանդակված:
Այստեղից է սկսվում ներկայիս Սյունիքի մարզըՙ հասնելով մինչեւ Արցախ եւ Արաքս: Մտածում եմՙ տեսնես այս լեռնաշխարհում կա՞ գեթ մեկ հողակտոր, որին չի դիպել Զանգեզուրի գավառային հողբաժնի գյուղատնտես Ալեքսանդր Թեւոսյան-Բակունցի օրհնված ոտքը…
Արդեն վայրէջք ճանապարհով եմ ընթանում: Առջեւս հորիզոնից-հորիզոն, լայն ու ընդգրկուն լեռնային լանդշաֆտին հատուկ բնապատկեր է փռվածՙ դեղնականաչավուն գույներով ողողուն: Հեռվում կարծես Սիսիան քաղաքից ինչ-որ բան է նշմարվում, որից շատ այն կողմ բանաստեղծ Համո Սահյանի գովերգած Գյազբել, Աղոթարան վիթխարահասակ լեռներն ենՙ կաթնասպիտակ մշուշով շղարշված: Այնտեղ, ձորերի մեջ ծվարած, բանաստեղծի հայրենի Լոր գյուղն է, ուր մեկ ուսումնական տարի ուսուցչություն է արել Սուրբ Էջմիածնի Գեւորգյան ճեմարանի 16-ամյա սան Ալեքսանդր Թեւոսյանը: Ապագա գրող Ակսել Բակունցի գրական հասունացման ճանապարհին, գյուղական բուն կյանքի եւ գեղջկական հոգեբանության ճանաչողության իմաստով, անտարակույս, ծանրակշիռ դեր է ունեցել հայկական հնամենի այս շենը, որտեղ էլ պատանի Ալեքսանդր վարժապետի սրտում ծլարձակում է… Նորին մեծություն սե՜րը («Խոնարհ աղջիկը»): Համո Սահյանն իր մի հուշագրում Բակունցի մասին, ի խորոց սրտի, ասում է. «Տեսնում եմ նրան… Եվ հուշերիս մեջ նրա ասպետական կերպարի առաջ իրենց ճերմակ գլուխներն են խոնարհում իմ ծննդավայրի երախտապարտ լեռները»:
Հեռաստանում թանձրապատ մշուշների պատռվածքից փորձում եմ տեղորոշել Որոտանի կիրճը: Մտաբերում եմ ԽՍՀՄ եւ Հայաստանի ժողովրդական նկարիչ Մարիամ Ասլամազյանիՙ ինձ պատմած այն հիշարժան դրվագը, երբ որ ինքը, իր նկարչուհի քույրըՙ Երանուհին եւ նրանց հյուրընկալած Բակունցը, ձիեր հեծած Տաթեւի վանք են գնում (ի դեպ, հետագայում գրողի մասին նկարչուհին հուշեր հրատարակեց պատմաճանաչողական անչափ արժեքավոր «Կյանքիս դավթարը» հուշագրությունների գրքում, եւ որի մասին ամբողջական երկու էջով, իմ նախաձեռնությամբ, անդրադարձ տպագրվեց «ԱԶԳ» թերթի 2006թ. հոկտեմբերի 14-ի համարում):
Մինչ վանական համալիր հասնելը, Որոտանի գեղատեսիլ կիրճիՙ «Սատանայի կամուրջ» անվանվող վայրում, Մ. Ասլամազյանն առաջարկում է երեքով լուսանկարվել: Սակայն Բակունցը հրաժարվում է:
– Ակսե՛լ, կարծում ես, որ մենք արժանի չե՞նք քեզ հետ լուսանկարվելու, – վիրավորված գանգատվում է խորհրդային երկրում արդեն բավականին ճանաչում ունեցող Մ. Ասլամազյանը: Բակունցը տխուր ժպտալով, դառը մի իրողություն է խոստովանում.
– Սիրելինե՜րս, իմ գլխին օրավուր «սեւ ամպեր» են թանձրանում… Պարզապես չեմ ուզում սույն ֆոտոփաստով վտանգեք ձեր ծաղիկ կյանքը…
Բակունցի կանխագուշակումը, ցավոք, իրականացավ. լուսեղեն մարդուն, մեր մեծագույն գրողին զրպարտում, հանիրավի ձերբակալում, ապա երկար ու տանջալի հարցաքննություններից հետո, Երեւանի բանտից ծածուկ Հրազդանի կիրճ են տանում, գնդակահարում ու թաղում իր իսկ ձեռքով փորած խորշում… Ցայսօր տակավին անհայտ է նրա շիրմատեղին, ինչպես որ իր ընկերոջ ու գրչեղբայր հանճարեղ Եղիշե Չարենցինը…
1930-ականների խորհրդային բիրտ իրականություն… Նախ կալանեցին միտքն ու հոգին, ապա ֆիզիկապես ոչնչացրեցին անզուգական մի գրողի, որի արձակը համաշխարհային մեծությունների գլուխգործոցների մակարդակի վրա է: Հզոր գեղարվեստականությամբ, անզուգական հայերենով, համամարդկային գաղափարներով, քնարականությամբ առլեցուն բակունցյան գրական հունձքը, ինչը նա սրտաբուխ հանձնեց ժողովրդին եւ որն, ինքնին, մի ամբողջ գրականություն է, իրականում դարձավ գրողի անձնական ողբերգությունը, նրա Գողգոթան…
Կապտագորշ, սահուն ասֆալտուղին, ասես կիլոմետրեր ձգվող լայն ու երկար ժապավեն, անընդհատ քանդվում-բացվում ու փռվում է իմ առջեւ: Հընթացս Բակունցի ժամանակակիցներից էլի մի դրվագ եմ վերհիշում: Շատ տպավորիչ ու ճանաչողական է Վախթանգ Անանյանի «Բակունցի հետ» հուշը: Այն հրապարակվել է 1959-ին, երբ տեւական լռությունից հետո, առաջին անգամ պետականորեն նշվել է շինծու մեղադրանքով դատապարտված, իսկ հետստալինյան տարիներին, 50-ականների կեսին, արդարացված գրողի ծննդյան 60-ամյակը (ի դեպ, Վ. Անանյանը ժամանակին ինձ պատմել է, որ հոբելյանի առթիվ նա վերջապես պատեհություն է ունենում արտահայտելու ավելի քան քսան տարի սրտում անթեղված սերն ու ցավըՙ առ «անբասիր հոգի սիրելի Ակսելը»):
Քեզանից հողի հոտն եմ առնում, – գյուղատնտեսական «Մաճկալ» թերթի խմբագիր Վ. Անանյանին մի օր զգացված ասել է հանգամանքների բերումով մայր բնությունից կտրված, մայրաքաղաքում աշխատող եւ ապրող հողապաշտ Բակունցը:
Սրտառուչ է հուշ-պատմվածքի վերջին հատվածը: Բանտարկված Վ. Անանյանը վկայում է. «…նրա ձեռագիրը տեսա բանտի կամերայի մի մութ անկյունումՙ խոնավ պատի ծեփին. «Այսօր տանում են գլուխս ուտելու: Ակսել Բակունց…»: Չոքեցի երեսով դեպի պատըՙ գլուխս ափերիս մեջ, եւ լուռ ողբացի իմ ընկերոջ, իմ ուսուցչի ողբերգական վախճանը: Կսկծացի կախարդական Միրհավի համար, որ արյուն տալով գնաց թաղվեց անհայտության մեջ…»:
Ակսել Բակունցի մասին գրված գրականագիտական բազում աշխատությունների ու հոդվածների մեջ հարկ է առանձնացնել Հակոբ Կարապենցի գնահատականը:
«Մենավոր մի գագաթ է Բակունցը,- գրում է սփյուքահայ անվանի գրականագետը: Նրանից առաջ եւ նրանից հետո արեւելահայ արձակը երբեք չհասավ այն բարձունքին, որ Բակունցն էրՙ ինքնատիպ, բյուրեղ, գրեթե անառիկ: … Զանգեզուրի մթին կիրճերից բարձրացավ գրանիտե հասակը Բակունցի: Ինքն էր ու իր ներքին տիեզերքը: … Բակունցի դեպքում գունատվում են բնորոշումները:…Անակնկալ եկավ Բակունցը, մի բացարձակ ֆենոմեն, որ մեծ գաղտնիքի պես կախվել է հայ գրականության ճակատին»: Հ. Կարապենցը նաեւ ընդհանուր աղերսներ է տեսնում Բակունցի եւ Ու. Ֆոլկների, Է. Հեմինգուեյի, Ալբեր Քամյուի, Ջեյմս Ջոյսի ստեղծած բարձրակարգ արձակի հետ, եւ դա ամենեւին չափազանցված չէ…
***
Մայրուղու վերջնամասի աջ կողմում հին օրերի մի ցուցանակ կաՙ Օդանավակայան: Այո, մոտերքում էր Գորիսի երբեմնի աշխույժ առօրյայով ապրող ու գործող օդանավակայանը, որից այսօր ընդամենը բարի հիշողություններ են մնացել:
Մտքիս կիզակետում դարձյալ մեր ժողովրդի պանծալի զավակ Ակսել Բակունցն է, լուսավոր, անհասանելի հանճարը, նա, որի հոգու թարգման գրիչը խոսքարվեստի ինչպիսի՜ նոր որակ, ինչքա՜ն շռայլ, անխամրելի գույներ բերեց գրականություն…
Խորին հարգանքով եմ աչքերիս մեջ առնում Բակունց ծնած այս լեռնաշխարհը…
Վերջին կեռմանի բարձունքից, լեռնագոգ տափարակի վրա, մեկեն բացվում է հիասքանչ քաղաք Գորիսի համայնապատկերըՙ կանոնավոր, ուղիղ փողոցներ, վարչական ու բնակելի շենքեր: Իսկ կանաչավետ պարտեզներով պարուրված առանձնատները բնաշխարհիկ, հայկական ժողովրդական, նաեւ ավանդական եւ արդի ճարտարապետական տարրերի համադրումով զուտ գորիսյան ոճի ինքնատիպ գեղեցկագույն նմուշներ են, որոնք քաղաքին առանձնահատուկ կոլորիտ են հաղորդում: Այնուամենայնիվ, Գորիսի «առանձնաշնորհյալ» դիմագիծ են երկինք միտող կոնաձեւ «ցից» քարաժայռերըՙ քերծերը: Դրանցից փուխրերի ներսում հնում համառ մարդիկ անձավ-կացարաններ են փորել եւ այդ յուրատեսակ քարափոր տներում ապրել սերունդներով…
Բարձունքից զմայլված դիտում եմ քաղաքը, շրջակա լեռներն ու ձորերը: Մտաբերում եմ գորիսյան տեղանունները, սակայն առանց տեղացի օգնական-հուշարարի դժվար է որոշակիորեն զանազանել, թե որն է Լաստի խութը, որըՙ Դրնգանը, Գյունեյ թաղը կամ Գայլաբունի ձորը, Պղնձաքարը, Շորը… Չէ՞ որ դրանց մասին իրենց գրվածքներում բազմիցս հիշատակել են Ակսել Բակունցը («Կյորես», «Բրուտի տղան» եւ այլն) եւ Վահան Բակունցը իր հեղինակած «Մեծ հույզերի սերմնացանը»ՙ ավագ եղբորը նվիրված հիշողությունների հիանալի գրքում:
Հատում եմ Մեղրի-Իրան եւ Արցախ տանող ճանապարհների հանգույց-խաչմերուկը, ավտոմեքենան վարում նվիրական անուններ կրող քաղաքիՙ Դավիթ-Բեկ, Գարեգին Նժդեհ, Անկախության փողոցներով եւ Մաշտոցի 41-ում կայանում իմ փնտրած նշանավոր տան մոտ:
Գրանիտե եռալեզու ցուցանակը ծանուցում էՙ ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ, ցուցատախտակի վերնամասում գրողի պրոֆիլով պատկերված դիմանկարն է: Տան պատի ոճավորված խորշում Բակունցի բազալտե կիսանդրին էՙ բարեհարմար ագուցված:
Փողոցում ուշադրությունս գրավում է սիզամարգում ամուր ու աներեր կանգնած վիթխարի ընկուզենինՙ բունը դալար լիանաներով ընդելուզված (հետո կիմանամ, որ ծառը պատանի Սանթրի-Ալեքսանդրի տնկածն էՙ դարահասակ կենդանի մասունք-հուշարձան…. Ցանկանք, ուրեմն, որ այն էլի մեկ դար այսպես խշշա կանաչ…):
Կամարաձեւ փայտե դարպասի բաց փեղկով ներս եմ մտնումՙ սալարկված կոկիկ բակ, խնամված, ընդարձակ այգի եւ, իհարկե, գրողի հորենական տունը: Այն, կարելի է ասել մեկուկես հարկանի էՙ լայն պատշգամբով, հնաոճ ցանցապատ դռներով ու լուսամուտներով: Տունը 19-րդ դարի վերջին կառուցել է Ակսել Բակունցի խոհեմ հայրըՙ Ստեփան Թեւոսյան Բակունցը:
Ծանոթանում եմ թանգարանի տնօրեն Վարդան Սարգսյանի, աշխատակցուհիներՙ Անժելա Միքայելյանի, Անահիտ Հարությունյանի, Լարինա Սարգսյանի հետ:
Ավարտվել է հերթական էքսկուրսիան: Այցելուները մոտենում, երախտիքի անկեղծ խոսքեր են ասում աշխատակիցներինՙ սիրելի գրողի կյանքի ու գործունեության մասին նոր, հարուստ ու հանգամանալի տեղեկություն ստանալու համար: Այցելուներից ճանաչում, ողջունում եմ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Արամ Վարդանյանին, որի հայրենի Թալինի նշանավոր Աշնակում («Դու ծանո՞թ ես Աշնակ գյուղին, / Ուր ծիրանն է հասնում ճյուղին…», Գ. Էմին, «Սասունցիների պարը»), մենք ընդհանուր շատ ընկերներ ու բարեկամներ ունենք: Նա տիկնոջ հետ է Երեւանից Գորիս եկել, եւ պարզապես հաճելի է իմանալ, որ նրանք էլ են բակունցապաշտներ…
Վարդան Սարգսյանն է ինձ առաջնորդում թանգարան: Նրանից տեղեկանում եմ, որ մշակութային այս օջախը 1970թ.-ին բացվել եւ կայացել է տեղական իշխանությունների ջերմագին հոգածության շնորհիվ, իսկ 1976թ.-իցՙ դարձել Երեւանի Ե. Չարենցի անվան արվեստի եւ գրականության թանգարանի մասնաճյուղը: Հետագայում գրողի ծննդյան բարեառիթ հոբելյաններիՙ 90 եւ 105-ամյակների կապակցությամբ, այն հիմնովին նորոգվել ու բարեկարգվել էՙ վերափոխվելով հուշահամալիրի: Գովելի է եւ սրտացավ վերաբերմունքըՙ անխաթար պահպանվել են տան բնօրինակ ճակատը եւ, ընդհանրապես, նրա ճարտարապետական կերպը գրեթե այնպես, ինչպես Բակունցի բնակության ժամանակ էր: Բակունցների տունը գրավիչ ու ակնահաճո է նաեւ իր պարզութամբ, ինչը այցելուներին հնարավորություն է ընձեռում լավագույնս պատկերացնելու զանգեզուրյան հայկական օջախի կենդանի կյանքն ու կենցաղը:
Տնօրենը գործիմացորեն, սիրով ու արժանի հպարտությամբ է ներկյացնում թանգարանը: Անցնում ենք բոլոր չորս սրահներով, ծանոթանում հարուստ ու բազմաբովանդակ ցուցանմուշներին: Դրանք տան հնաոճ կահույքը, գրողի անձնական իրերն են, գրքերը, տետրերը ու փաստաթղթերը, ժամանակի պարբերական մամուլում հրապարակված նյութերըՙ գրական եւ մասնագիտական (ճիշտն ասած, թող ինձ ներվի, հոգուս խորքում ափսոսանք եմ զգում, որ մեր արձակի անզուգական Վարպետը, մասնագիտության եւ աշխատանքի բերումով, թանկագին ժամանակ է վատնել բազմաքանակ գյուղատնտեսական թեմաներով հոդվածների, ուղեցույցների ու գրքույկների վրա…):
Գրողի ննջարանում նրա մահճակալն է, հագուստը, աշխատասեղանն ու աթոռը, մայրիկի գործած գունագեղ գորգերից: Հարեւանությամբ նաեւ փոքրիկ խոհանոց կա եւ թոնիր, որտեղ հոգատար, անխոնջ Բաղչագյուլ մայրիկը լավաշ է թխել, հեսը մեջը համով բաղարջ ու գաթա…
Հաջորդ սրահի պատին «Ակսել Բակունցի մոր դիմանկարը» յուղաներկ աշխատանքն է, որի հեղինակը մեծն Մարտիրոս Սարյանն է: Կտավիցՙ Վարպետի հավերժացրած անթարթ հայացքով նայում է Բաղչագյուլ մայրիկը:
Այստեղՙ անհրաժեշտ փոքրիկ նախապատմություն.
1935թ.-ի ամռանը, նկարիչ ընկերների հետ Գորիս է գալիս Մ. Սարյանը եւ իր պարտքն է համարում անպայման այցելելու Ակսել Բակունցին:
– Ակսելի հրճվանքին չափ ու սահման չկար, – գրում է Վահան Բակունցը: Նրանք երկարատեւ ուրախ զրուցում են:
– Այստեղ ինչ-որ կարոտ էր առաջացել գույների ու խոսքի մեծ Վարպետների միջեւ, – դիպուկ նկատում է Վ. Բակունցը:
Ե՛վ Վահան Բակունցը, ե՛ւ Մարիամ Ասլամազյանը ականատես են եղել նկարի կերտմանը: Իրենց հուշագրություններում նրանք հաճույքով են պատմում այդ եղելությունը: Վ. Բակունցն իր «Մեծ հույզերի սերմնացանը» գրքում հիշում է, որ Մ. Սարյանը Գորիս էր եկել նկարելու «ինքնատիպ ու գեղեցիկ բնությունը»: Գորիսով հիացած Վարպետին արդեն հասկանալի է դառնում, «թե որտեղի՞ց են Ակսելի սքանչելի սյուժեները… Այդ բոլորը Գորիսի աննման բնությունն է նվիրել նրան»:
Մարիամ Ասլամազյանն էլ «Կյանքիս դավթար»-ում հիշատակում է. «Ակսելը Սարյանին հրավիրեց իր տանն ապրելու եւ ստեղծագործելու: Այս ընթացքում Մարտիրոս Սերգեյիչը նկարեց Ա. Բակունցի մայրիկի դիմանկարը եւ նվիրեց նրան»: Ակսելը երեխայի պես ուրախացել էր նկարի համար: Նա հիացմունքով մորը ասում էր. «Դու գիտե՞ս, թե ո՞վ է նկարել քո դիմանկարը: Մենք բոլորս էլ կհեռանանք այս աշխարհից, իսկ այս նկարը կմնա հավերժ»:
Այստեղ արժե մեջբերել նաեւ Վահան Բակունցի հիշատակած այն դրվագը, թե ամոթխած մայրը ինչքան է նեղվել նկարվելիս: Նա հետո գանգատվել է, որ իրեն անշարժ «մին ժամից ավել էդ մարդը նստացրել ա չոր աթոռին, թա պատկերդ քաշում եմ: Հոգիս տյուս եկավ, համութից քիչ էր մնում տափը ճղվեր մեջը մտնեմ: Բա կնիկարմատը էդքան վախտ խալխի տղամարդու երեսին կյեշի՞»:
Երախտագետ Մարիամ Ասլամազյանն էլ է բարի հիշատակ թողել տուն-թանգարանին, ասել է թեՙ բակունցների հյուրընկալ օջախին:
Նկարչուհին, ի սեր անմոռաց ընկերոջՙ Ակսելի, հետագայում պատկերել է նրան սիրելի մայրիկի հետՙ Գորիսի երկնամուխ, արեւառ ժայռերի ֆոնին: Հիմա թանգարանին մի առանձնակի շուք ու հմայք է տալիս այս բազմախոսուն հոյակապ յուղաներկ կտավը:
Կանգ ենք առնում ցուցանակի պատին փակցված մի հնօրյա փաստաթղթի առջեւ եւ ուշադիր ընթերցում եմ:Դարձյալ փոքրիկ ծանոթագրություն. Ակսել Բակունցի կենսագրության հայտնի փաստ է, որ 1910թ. մայիսին նա բարձր առաջադիմությամբ ավարտում է Գորիսի հնգամյա ծխական դպրոցը: Ճակատագրորեն բախտորոշ է լինում Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գեւորգյան ճեմարանի առաջադեմ սան, ազգակից Երեմիա Բակունցի խորհուրդը Ալեքսանդրինՙ ուսումը շարունակելու հեղինակավոր նույն կրթօջախումՙ ճեմարանում: Գործը հաջող ընթացք է ունենում. մի մեծ խումբ համախոհ, մտավոր գորիսցիներ «ԽՈՆԱՐՀ ԽՆԴԻՐ»-ով եւ «որդիական վստահությամբ» դիմում են հղում Ամենայն Հայոց կաթողիկոս Տ. Տ. Մաթեոս Բ-ինՙ «Ձեր հայրական խնամքը վայելող ճեմարանի գիշերօթիկ սաների շարքում ընդունելու տեղւոյս ծխական դպրոցը ամենագովելի ու առանձնայատուկ ընդունակութեամբ աւարտած Ալեքսանդր Ստեփանի Թեւոսեան Բակունցին»: «Առ որ մնամք Ձերդ Սրբազան Օծութեան Սրբազնագոյն աջը համբուրող ամենախոնարհ որդիք: 1910թ. 10-ն օգոստոսի, քաղ. Գորիս»:
Խնդրագրի վերջում հերթով ստորագրել են 152 մարդ: Այսպիսով, բարի կամքի տեր արժանապատիվ այդ մարդիկ, տաղանդավոր, օժտված պատանու առջեւ բացեցին լույսի ու լուսավորության նախադուռըՙ ժամանակի հետ գիտության դժվարավերելք, բարձրագնա աստիճաններով ելնելու … հայ արձակի գագաթը…
Դրսում, արեւոտ պատին հենած ցանցավանդակներում, զանազան թռչուններ են պահվում: Դրանցից ամենաշքեղն, իհարկե, փասիանն էՙ միրհավըՙ իբրեւ կենդանի խորհրդանիշ Ակսել Բակունցի անմահ «Միրհավի»: Խորհրդանշական է եւ այն իրողությունը, որ տուն-թանգարանին կից գործող գրական ակումբը նույնպես «Միրհավ» անունն ունի: Այստեղ հանրության համար պարբերաբար կազմակերպվում են գրական-երաժշտական միջոցառումներ, ընթերցումներ, գրքերի շնորհանդեսներ, ավելի խորությամբ է ուսումնասիրվում Բակունցի գրական ժառանգությունը, անդրադարձումներ կատարվում Հայաստանի գրական եւ մշակութային կյանքին:
Իջնում ենք ներքնահարկ: Այստեղ Բակունցի ընտանիքի մառանն է, հացատունը եւ խոհանոցըՙ մեծ թոնիրով, առաստաղից չորս լարով կախվածՙ դարս-դարս լավաշի տախտակամածով, հնաոճ կոմոդով, մեծ ու փոքր կճուճներով, կուժ ու կուլայով, պղնձե, փայտյա եւ խեցեղեն կենցաղային իրերով: Այցելել եմ նաեւ Վահան Տերյանի եւ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան դարձած հայրական օջախները: Ճշմարիտ էՙ բոլորն էլ հայկական-հայաշունչ են, սակայն առաջինում Ջավախքին, մյուսումՙ Լոռուն, իսկ այստեղ Զանգեզուրին բնորոշ իրերն ու կենցաղավարությունն ենՙ նկատելի զանազանություններով: Եվ դա բնական է. չէ՞ որ Պատմահայր Խորենացու համար Հայաստանի ամեն երկրամաս մի … աշխա՜րհ էր …
Հուշահամալիրի ուշագրավ մաս են բազալտյա ժանեկազարդ խաչքար-շատրվանըՙ ցայտաղբյուրով եւ ծառաբների վրա արված քանդակները: Հատկանշական է, որ ժամանակին Ակսել Բակունցի ձեռքով տնկված թթենին եւ երկու ընկուզենին, մոտ 80-90 տարի մարդկանց առատ պտուղներ շռայլելուց հետո, երբ ծերացան ու չորացան, գորիսեցի շնորհաշատ քանդակագործ Ժիրայր Մարտիրոսյանը դրանց հաստաբուն բնափայտը կերպավորեց իբրեւ բանկունցյան գրական հերոսներՙ Սոնա («Միրհավ»), Արթին պապ («Նամակ ռուսաց թագավորին») եւ գրողի մայրիկինՙ զանգեզուրյան գլխակապով:
Քայլում ենք այգու բարձր ծառերի եւ վարդենիների միջով: Ոտքերս գետնին եմ դնում մի տեսակ երկյուղածորեն, ավելի հուզումնալի… ախր ուրիշ խորհուրդ ունի այս այգին, ուր մեծն Բակունցի հեռավոր ոտնահետքերն են…Այգին փթթում է կանաչ շնչով ու արեւահամ պտուղներ տալիս: Թանգարանի տնօրենին խնդրում եմ ցույց տալ բաղատանձի այն ծառը, որի զովասուն սաղարթների ստվերում փռված կարպետների ու գորգերի վրա հանգստացել է Բակունցը, պարապել ժամերով ու գրել, հաճախ էլՙ խնջույքներ արել: Ահավասիկ հիշատակման արժանի մի քանի պերճախոս տողեր Մ. Ասլամազյանի «Կյանքիս դավթար»-ից.
«Մի անգամ Գիշոկը (Բակունցի փոքր եղբայրը-Ս. Մ.) եկավ մեզ մոտ սովորակնից շուտ: Ակսելն էր ասել, որ թողնենք ամեն ինչ եւ շտապենք նրա մոտ: Բակ մտնելով բոլորս մնացինք զարմացած. չորս կողմը հյուրեր: Սեղանի գլխամասում Ակսելն էր. նա թամադա էր: Մոտեցավ մեզ եւ ասաց. «Ես կատարում եմ Շիրվանի պատգամը: Նա ինձ պարտավորեցրել է, որ իր մահվան օրը մեծ սեղան գցեմ, հրավիրեմ նրանց, ում ես կցանկանամ, ինքս լինեմ թամադա ու քեֆ անենք եւ հիշենք նրան առանց տխուր խոսքերիՙ որպես ընկերոջ եւ գրող Ալեքսանդր Շիրվանզադեի: Այսօր առավոտյան ես հեռագիր ստացա եւ հիմա կատարում եմ հանգուցյալի կամքը»: Այդ երեկո Ակսելը ավելի սրամիտ ու նրբախոս էր, երկար պատմում էր իր ու Շիրվանի հանդիպումների եւ արկածների մասին»:
Վ. Սարգսյանն ասաց, որ, ցավոք սրտի, այլեւս չկա այդ «պատմական» տանձենին, սակայն «մի հուսադրող փաստ. նախկին ծառի դեռեւս կենսունակ արմատից ահա այս դալար շիվն է աճում եւ մենք հատուկ խնամք կտանենք, որպեսզի աճի, կրկին մեծ տանձենի դառնա»: Ձեռնահաս տնօրենը տնկարան է հիմնել, որով շարունակաբար կազնվացնի, կերիտասարդացնի այս նշանավոր այգին: (Ես էլ, ի դեպ, խոստացա Աշտարակի իմ այգուց այստեղ հասցնել արտասովոր խոշոր պտուղներ տվող ընկուզենու տունկ, որի «հայրը», ասում են, սերում է Հնդկաստանի նախկին վարչապետ Ինդիրա Գանդիի նստավայրի այգուց…):
Արեւը դեպի մայրամուտ է թեքվում: Ես տուն-թանգարանին եմ հանձնում բերածս նկարը: Հաճելի անակնկալ կար. պարզվեց Վարդան Սարգսյանը արձակագիր է եւ նա ջերմ ընծայագրով ինձ նվիրեց վերջերս Ստեփանակերտում լույս տեսած իր «Երկաթե թիթեռնիկների մեղեդին» պատմվածքների գիրքը:
Այգու տաղավարում եղավ հյուրասիրություն: Թարմ լավաշ, ընկույզ ու ծաղկաբույր մեղր, մրգեր… Հյութեղ խնձորների «հեղինակն» էլ է Բակունցը: 1920-ականների կեսին գյուղատնտես Ալեքսանդր Բակունցի ներմուծած ծառերի «ժառանգներից են», որոնք պատվաստի եղանակով վաղուց ի վեր տարածվել են Գորիսում եւ շրջակայքում:
Թեյ են մատուցում Բակունցի ընտանիքի մեծ ինքնաեռից: Բուրավետ է, քանզի Գուսան Աշոտի գովերգած «ծաղկավառ Զանգեզուրի հազար տեսակ վարդերից» ու լեռնային թեյախոտերից է «առել սնունդ»:
Ես շնորհակալություն եմ հայտնում եւ հրաժեշտ եմ տալիս մեծն Ակսել Բակունցի հիշատակը վառ պահող նվիրյալ աշխատակազմին: Հրաժեշտ եմ տալիս եւ Ակսել Բակունցի նորօրյա ոգեղեն, հայաշունչ օջախին ու բռնում վերադարձի ճանապարհը:
Քաղաքի կենտրոնում Բակունցի տպավորիչ հուշարձանն էՙ բաց գիրքը ձեռքին, քարեղեն անքթիթ հայացքը հարազատ ծննդավայրին: Գիշեր ու զօր նա իր շողշողուն Գորիսի բարգավաճումն է լռին տեսնում, քաղաք, որին երախտավոր զավակը յուօրինակ գրական հուշարձան նվիրեցՙ անկրկնելի «Կյորես»-ը: