Ստացվել է այնպես, որ վերջին 2-3 տարում ամեն ինչում եւ ամենուր գերիշխում է սենսացիաներով հագեցած հեղափոխական մթնոլորտը: Հասարակ ընտանեկան, ընկերական ու հարեւանական միջավայրից սկսած մինչեւ պետական ամենաբարձր կառույցներում առաջնային եւ ուղղորդող են դարձել սենսացիաները, որոնց կուտակումն էլ ի վերջո հանգեցնում է մի նոր հեղափոխության: Սակայն հեղափոխության վերաբերյալ տեսություններ մատուցելովՙ հեղափոխություն չես անի: Հետեւաբար հարկավոր է մեջտեղ բերել մի լուրջ հայեցակարգ, մի նոր, թարմ լոզունգ-կոչ, եւ բոլորը ձեր կողքին կլինեն: Բայց այս անգամ ցանկանում եմ սենսացիաներին մի փոքր հանգամանալից անդրադառնալ:
Շաբաթվա կարեւոր հանգրվաններից մեկը Փաշինյանի քաղաքական հակագրոհներն էին ընդդեմ Սերժ Սարգսյանի: Դրանցում «Իսկանդերի» թեմային անդրադառնալով վարչապետն ուզեց ցույց տալ, որ նախկին վարչակարգի գնած զենքերը խոտան են եղել: Սակայն դա բումերանգի էֆեկտ ունեցավ եւ հանգեցրեց մի նոր քաղաքական արշավի հենց իր դեմ: ճիշտն այստեղ այն էր, որ այդ զենքի պարկուճներով լիցքավորումը 10 տոկոսով ավելի քիչ է եղել, որը չի նշանակում, թե այն խոտան է եղել: Միանգամայն սպասելի էր սակայն, որ այդ հայտարարությունը նպաստում է մեր դաշնակցի հետ հարաբերությունների վատթարացմանը: Իհարկե, հետո հայտարարվեց, որ վարչապետին սխալ են զեկուցել այդ մասին, սակայն պարզ էր նաեւ, որ դա քաղաքական հարաբերություններ վատթարացնող հարցն էլ չէ: Ռուսաստանը մեզ ընտրել է իրեն դաշնակից նախ եւ առաջ իր քաղաքական շահերից ելնելով եւ ՀՀ-ն չի լքի, քանի դեռ հզոր է: Մեր քաղաքական միամտության մասին է վկայում նաեւ այն, որ Փաշինյանը մի «Իսկանդերի» մասին հայտարարությամբ ոմանց համար կարող է Պուտինի «դաբրոն» ապահովել իշխանության գալու համար:
Փաստ է, որ Արցախյան պատերազմն ավարտվել է, սակայն ներքին հակասությունների ավարտը չի երեւում եւ սենսացիաների պակաս չկա: ՊՆ Գլխավոր շտաբը հայտարարությամբ պահանջեց վարչապետի հրաժարականը: Ոմանք դա որակեցին ռազմական հեղաշրջման սկիզբ, իսկ Փաշինյանըՙ ռազմական հեղաշրջման փորձՙ թելադրված Սերժ Սարգսյանի կողմից եւ ստորագրեց ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ազատման հրամանը: ՀՀ նախագահը չհաստատեց հրամանը: Տարօրինակն այն է, որ ԳՇ-ն երկրորդ հայտարարությամբ հաստատեց նորից, որ ոչ մի ուժի կողմից չի ուղղորդվում եւ գործել է իր իսկ կամոք: Սովորաբար երբ խոսքը վերաբերում է ռազմական հեղաշրջմանը, հայտարարությանը պետք է հետեւի հեղափոխությանը եւ ռազմական դիկտատուրայի ստեղծմանը միտված ռազմական գործողությունը: Բայց դա տեղի չունեցավ:
Առերեւույթ թվում է, թե ԳՇ-ն քաղաքական հայտարարություն արեց, որը հակասում է բանակիՙ քաղաքականությանը չխառնվելու իրավական ակտերին: Կարելի է կարծել, որ հայտարարություն կատարողները իրոք ձգտել են հեղաշրջման, բայց չեն գնացել դրան արտաքին ճնշման (ենթադրվում էՙ ռուսական) պատճառով, քանի որ Մոսկվային ձեռնտու չէ այստեղ իշխանափոխությունը: Բացառված չէ նաեւ, որ նրանց կանգնեցրել է Թուրքիայի հանդեպ վախը, որի արտգործնախարարի հայտարարությունը բավական խոսուն էր: Իրավիճակի սթափ վերլուծությունը ցույց է տալիս, որ դրա հետեւանքները կարող են ողբերգական լինել: Սակայն տեսանելի դարձավ նաեւ, որ ԳՇ հայտարարությունը նպաստեց, որպեսզի վարչախումբը լուրջ հաշվեկշռի ենթարկի իր ուժերը եւ արտահերթ ընտրությունների մասին կարեւոր հայտարարություններ անի: Եվ եթե այս անգամ ընդդիմադիրները չհամաձայնեն, ավելի կնպաստեն Փաշինյանի վարկանիշի բարձրացմանը: Այնպես որ խելամիտ կլինի լիցքաթափվել, համախմբել բոլոր ուժերը եւ կազմակերպված ու միասնաբար մասնակցել նոր ընտրությունների: Քանի որ առանց արյան իշխանության հասնելու այլ ճանապարհ չի երեւում:
Ակնհայտ է, որ Փաշինյանը արտաքին քաղաքականության, դիվանագիտության, տնտեսության, իրավագիտության, անվտանգության, ռազմական ոլորտներին տիրապետում է զուտ լրագրողական մակարդակով: Բայց երբ ամբողջ պետության ճակատագիրը այդպիսի մարդու ձեռքում է, գիտելիքների նման մակարդակը խիստ անբավարար է: Ողբերգությունն այն է, որ անգամ պատերազմը տանուլ տալուց հետո էլ Փաշինյանն այնքան է տարված իր անձով եւ իր աթոռով, որ չի պատկերացնում, թե ինչ է տեղի ունեցել եւ «թավիշին վերջ տալու» մասին է խոսում: Այս դեպքում պատահական չէ, որ մարտնչող տգիտության եւ դիլետանտիզմի դեմ ի վերջո ընդվզեցին նաեւ զինվորականները: Փաստ է, որ այս իշխանության բոլոր ձախողումներից ամենաշոշափելին ռազմական պարտությունն է, որի գլխավոր պատճառներից մեկն էլ վարչապետի «նապոլեոնական» այդ հակումներն են: Դրանց արդյունքը որոշ գեներալների ասելով պատերազմի ժամանակ շատ դեպքերում քաոսի հանգեցնող մեկը մյուսից «փայլուն» որոշումներ ընդունելն է եղել: Հիմա էլ վարչապետը զարմանում է, թե ինչո՞ւ է աշխատավարձը բարձրացած սպայական կազմ ունեցող եւ ելակ ուտող զինվորների բանակն իր հրաժարականը պահանջում: Զարմանում է, քանի որ անսպասելի եղավ այն իրողությունը, որ բանակում նաեւ պատվախնդիր սպաներ կան, որոնց համար առաջնայինը պետությունն է ու հայրենիքը… Կարծում եմ, այդպիսիք քիչ չեն նաեւ ոստիկանության համակարգում եւ այլ կառույցներում:
Դեռեւս 1930-ականներին հայ հասարակական-քաղաքական գործիչ, փիլիսոփա, խմբագիր Հայկ Ասատրյանը (*) նկատել է, որ հայության մեջ առաջացել է մի շերտ, որը հայությունից հեռացել է, հայկական ամեն ինչ ատում է, իր նպատակներին հասնելու համար պատրաստ է անցնել ցեղակիցների դիակների վրայով, հայի եւ Հայաստանի հանդեպ վարվում է այնպես, ինչպես կվարվեր թուրքը: Հայկ Ասատրյանը նրանց այդպես էլ կոչեցՙ թուրքացած հայեր, եւ ահազանգեց, որ այդ տեսակն այնքան մեծաթիվ է, որ սպառնում է ազգի գոյությանը: Ասատրյանը նրանց դեմ պայքարը համարեց ամենակարեւոր հարցը եւ գտնում էր, որ քանի դեռ այդ շերտը ճնշված չէ, հայությունը չի կարող տեղ ունենալ արեւի տակ: Հետաքրքրական էՙ ի՞նչ կասեր նա մեր օրերի համար:
Ընդհանուր առմամբ այս ամենում հարցականներն էլ շատ-շատ են: Պատերազմի քառասունչորս օրերի ընթացքում բանակը դեպի թշնամու տարածք մի սանտիմետր չի առաջացել, չի օգտագործել ժամանակակից տեխնիկա, պարտվել է, տալով հինգ հազար զոհ ու տաս հազար վիրավոր, իսկ գեներալիտետը լուռ էր: Նոյեմբերի 9-ին էլ բանակը ծպտուն չհանեց, չպահանջեց վարչապետի հրաժարականը: Բայց երեքուկես ամիս հետո, երբ խոսք հնչեց «Իսկանդերի» մասինՙ պահանջում է Նիկոլի հրաժարականը: Պարզից էլ պարզ է, որ բանակի ողջ հրամանատարությունն իր մեղքի բաժինն ունի պարտության համար, բայց վարչապետից հրաժարական է պահանջում «Իսկանդերին» վատաբանելուց հետո: Կարծում եմ այս ամենի պատճառն այն է, որ նրանք ընդամենը զոհ գնացին ժամանակակից քաղտեխնոլոգիային եւ չհասկանալով քաղաքական այդ խարդավանքըՙ օգնեցին սեւ վարչախմբին սպիտակ երեւալու գործում: Ամենացավալին այն է, որ հերթական անգամ հինգ հազար տարվա պատմություն ունեցող ազգիս օրը ցերեկով մատների վրա խաղացրին, խաբեցին ինչպես մանկահասակ երեխա, իսկ բանակի գհեներալիտետը փոխանակ զբաղվի իր գլխավոր առաքելությունն իրականացնելու գործով եւ ժողովրդին պաշտպանի նմանատիպ որոգայթներից, ինքն է երկու ոտքով ընկնում այս պարզունակ հնարքների թակարդը: (**)
Հատկանշական է նաեւ այն իրողությունը, որ 30 տարվա մեջ երբեք Թուրքիան չէր արձագանքել ՀՀ ներքին գործերին: Իսկ հիմա մեկ օրվա ընթացքում ամենաբարձր ամբիոններից հաջակցություն Նիկոլ Փաշինյանի երեք հայտարարություն է անում: Մտավախություն ունեմ, որ պատմությունը դարձյալ կրկնվի եւ չեմ բացառում անգամ, որ Հայաստանը «ռազմական հեղաշրջման» փորձը կանխելու համար Թուրքիայից օգնություն խնդրի: Իսկ Ռուսաստանն առանց երկրի «օրինական ընտրված» ղեկավարության խնդրանքի իրավունք չի ունենա միջամտելու Հայաստանի ներքին գործերին:
Այս խորապատկերի վրա 19 գեներալի եւ մոտ այդքան էլ գնդապետի տարածած հայտարարությունը նման էր համբերությունը հատած առյուծի մռնչոցի, քանի որ նրանք գտնում են, թե երկրի ներկայիս իշխանությունը վտանգ է Հայաստանի գոյության համար, եւ միակ փրկությունը նրա հեռացումն է: Հարգարժան որոշ գեներալներ, հոգեւորականներ, փաստաբաններ, լրագրողներ եւ այլք առիթն օգտագործելով փորձում են իրենց ծրագրերն ու փրկության իրենց ուղին դարձնել մեկ տարվա անտանելի փորձություններից դառնացած, նյարդայնացած, խոր ցավի ու հիասթափության մեջ հայտնված հայության նպատակն ու օրակարգը: Մոռանալով, որ հաջողության հասնելու համար հարկավոր է ներկայացնել նաեւ տնտեսական, դիվանագիտական եւ մյուս բոլոր խնդիրների իրատեսական լուծման ուղիներ: Նրանք թերեւս պիտի հիշեն, որ երկրի կործանման սարսափով ու ոսկե սարերի խոստումով ընդդիմություններ Հայաստանը 30 տարի շարունակ տեսել է եւ նոր, թարմ ելքեր առաջարկեն: Հարկավոր է չմոռանալ, որ ժողովրդի զգալի մասը հավատում է, թե Հայաստանի բոլոր պրոբլեմների պատճառը նախկին իշխանավորներն են, ովքեր թալանել են ժողովրդին: Կոռուպցիայի դեմ օրինական պայքարը նրանք անվանում են «թավիշ» եւ միակ ճիշտ քայլը համարում են բոլոր նախկիններին անհապաղ բանտ նետելն ու բոլորի դղյակները խլելը:
Համոզված եմ, որ ժողովուրդը հոգնել է այս ամենից, հիասթափվել բոլորից եւ հույսով սպասում է մի նոր, թարմ եւ չկեղտոտված ու չվարկաբեկված ուժի: Ուժ, որն իր նոր, պատճառաբանված ու ժողովրդին իրապես սրտամոտ կոչերով, սեւ ու սպիտակ միավորելով, տնտեսական, քաղաքական ու ազգային հստակ օրակարգով Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը կբռունցքի ու ժողովրդին կառաջնորդի դեպի նոր հաղթանակներ:
*) 1921 թ.-ից բնակվել է Բուլղարիայում: Փիլիսոփայական գիտությունների դոկտոր: Եղել է Նժդեհի հիմնադրած Ցեղակրոնության գաղափարակիցը: Խմբագրել է «Ռազմիկ», «Ցեղ եւ հայրենիք» պարբերականները: Նժդեհի հետ հիմնադրել եւ քարոզել են Տարոնականություն հայրենասիրական հոսանքը: Գործուն մասնակցություն է ունեցել ապացուցելու, որ հայերը հնդեվրոպական (արիական) եւ ոչ թե սեմական ծագում ունեն, որը փրկել է նրանց ջարդից: Գրել է «Հայաստան-Արիական նախադիրք Առաջավոր Ասիայում» գիրքը: 1944 թ. ձերբակալվել է եւ տառապել խորհրդային բանտերում:- (Ծ. Հեղ.)
**) Հիշեցնենք, որ Փաշինյանի հրաժարականը պահանջող ԳՇ-ի հայտարարությունը հաջորդեց Սպայակույտի պետի տեղակալ Տիրան Խաչատրյանի պաշտոնազրկման որոշմանը, որը հարցազրույցի ժամանակ քմծիծաղով էր ընդունել «Իսկանդերի» վերաբերյալ Փաշինյանի անգրագետ հայտարարությունը: Ծ.Խմբ.: