Թուրքականըՙ նոր կանոնակարգում New Regional Order in Disorder
Թվում է, թե երկրագնդի ամբողջ տարածքում նորանոր փոխակերպումներ եւ զարգացումներ են տեղի ունենում: Նախագահ Բայդենը հիմնովին շրջեց իր նախորդիՙ Դոնալդ Թրամփի քաղաքական ընթացքը, որ Մ. Նահանգներին դեպի մեկուսացում էր առաջնորդել միակողմանիորեն առաջ տանելով «Ամերիկան առաջնային է» սկզբունքը: Նախքան պաշտոնը թողնելը, նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոն համազարկ արձակեց ընդդեմ Չինաստանի, հետեւանքների վերահսկողությունը թողնելով նորակազմ իշխանությանը, որն արդեն Ռուսաստանին մեկուսացնելու կամ նրա գործողությունները պարփակելու խնդիրներ ուներ իր օրակարգում: Բայց Բայդենի վարչակազմի այդ նոր, ագրեսիվ քաղաքականությունն ընդդեմ Ռուսաստանի, անպայմանորեն իր արձագանքն է գտնելու Եվրոպայում:
Թրամփի մեկուսացման քաղաքականության պատճառով Եվրոմիությունը սկսել էր թեքվել դեպի Ռուսաստանը, հիմնականում առեւտրի եւ էներգակիրների բնագավառներում համագործակցելու միջոցով, բայց Եվրոմիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ջոզեֆ Բորելի վերջերս կատարած ճանապարհորդությունը աղետալի հետեւանքներ ունեցավ, քանի որ Ռուսաստանը հրաժարվեց մարդու իրավունքների պաշտպանության հարցերում որեւէ զիջումների գնալ: Այդ պատճառով էլ Եվրոմիությունը որոշեց համագործակցել Վաշինգտոնի հետ եւ սաստկացնել պատժամիջոցները Ռուսաստանի դեմ:
Մինչ Արեւմուտքը Մոսկվային եւ Պեկինին է թիրախակալել, Թուրքիանՙ ՆԱՏՕ-ի ծածկույթի ներքո, իրեն ազատ է զգում խուսանավելու երկու ճամբարների միջեւ եւ ջանասիրաբար հետապնդելու իր կայսրության ամրապնդման գործընթացը:
Թուրքիան արդեն լարված հարաբերություններ ունի Արեւելյան Միջերկրականումՙ Եգիպտոսի, Իսրայելի, Սաուդյան Արաբիայի, Հունաստանի եւ Կիպրոսի հետ: Նա նաեւ օտարացրել է վաշինգտոնյան իր բազմաթիվ ընկերներին: Այդուհանդերձ նա ամեն ջանք գործադրում է այժմ կարգավորելու իր հարաբերությունները Մ. Նահանգների հետ:
Վերջերս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաշտեցման ուղերձ ուղարկեց Բայդենի վարչակազմինՙ նշելով, որ երկու երկրների համընդհանուր շահերը մեծապես գերակշռում են տարակարծություներին: Եվ իրոք, Վաշինգտոնի եւ Անկարայի միջեւ գոյություն ունեցող հարցերից շատերը իրենց բնույթով շրջադարձելի են, դրանց թվում են ժողովրդավարական բարեփոխումները, մարդու իրավունքների ակտիվիստ Օսման Կավալայի ազատ արձակումը եւ ռուսական S-400 հրթիռների ձեռք բերումը:
«Foreign Policy» (Արտաքին քաղաքականություն) պարբերականի այս տարվա փետրվարյան համարում Նիկոլաս Դենֆորթը շատ ճիշտ է բնութագրում Էրդողանի քաղաքականությունը, նշելով «ներքին եւ արտաքին քաղաքականության հարցերում էրդողանը կարողանում է դրսեւորել ճկունությունՙ կարճաժամկետ ծրագրերի եւ հետեւողականությունՙ երկարաժամկետ ծրագրերի համար: Որոշակի ճնշումների դեպքում նա քանիցս տակտիկական ճիշտ քայլեր է կատարել, որոնք ընկերացել են դրական հռետորաբանությամբ եւ աննշան զիջումներովՙ խնդրահարույց երկրների հանդեպ»:
Թուրքիան Ադրբեջանի եւ Նախիջեւանի էկսկլավի միջոցով շրջապատել է Հայաստանը: Կարսում վերջերս կայացած միացյալ զորավարժությունները Հայաստանի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի շարունակությունն էին: Հայաստանն ու համաշխարհային հանրությունը պետք է գիտակցեն, որ թուրքական սպառնալիքն իրական է եւ հարատեւող: Էրդողանի համար պատկերը պարզ է: Եթե իթթիհատական իր նախնիները կարողացել էին իրականացնել մի ամբողջ բնիկ ժողովրդի ոչնչացնել, տիրանալ նրա պապենական հողերին համաշխարհային հանրության աչքերի առաջ եւ մնալ անպատիժ, ուրեմն նման գործողություն հնարավոր է կրկնելՙ առանց լուրջ հետեւանքների:
Վերջերս թուրքական լրատվամիջոցները վերահրատարակեցին քարտեզներ, որոնք «Ստրատֆորն» էր տարիներ առաջ հրապարակ հանել: Դրանցում ուրվագծվում էր Թուրքիայի ազդեցության գոտիների ընդլայնումը ապագայում: Նույն աղբյուրները բացահայտեցին, որ մինչեւ 2050 թվականը Թուրքիայի այդ ազդեցության գոտիների ցուցակում են լինելու Բալկանները, Հյուսիսային Աֆրիկան, Միջին Արեւելքը, Կովկասը, Կենտրոնական Ասիան, Ռուսաստանի որոշ տարածքներ (Կրասնոդարը, Ստավրոպոլը, Ռոստովը, Աստրախանը, Ղրիմը), Սաուդյան Արաբիան, Իրաքը, Հունաստանը, Կիպրոսը, եւ այլն:
Ծրագիրը բոլորովին տարակուսանք չպետք է ենթադրի: Դա պարզապես էրդողանական երազանք չէ: Անկարայի քաղաքականությունը մշակողները լրջորեն հետապնդում են այդ նպատակները: Իսկ թուրքերը երբեք չեն տատանվել արյուն թափել հասնելու համար իրենց նպատակներին:
Էրդողանը հետեւում է Հիտլերինՙ հասնելով տեխնոլոգիական գերակայության եւ հասարակությանը սնուցելով ատելության եւ գերազանցության, այսինքնՙ զինված իսլամի, գաղափարներով: Էրդողանը նաեւ օրինականացրել է, Սիրիայից սկսած մինչեւ Լիբիա, Չեչնիայիցՙ մինչեւ Ղարաբաղ, ջիհադիստ ահաբեկիչների օգտագործումը, նրանց բաշխելով աշխարհիկ եւ հոգեւոր պարգեւներՙ 2000 դոլար կանխիկ յուրաքանչյուր գյավուրի (անհավատի) համար այս կյանքում եւ 72 կույսերՙ այն կյանքում:
Վերստին անդրադառնալով Դենֆորթի գրությանը, կարդում ենք Էրդողանի հետագա ծրագրերի մասին: «Ի դեմս սպառնալիքների (իրական, երեւակայական, թե ինքնաստեղծ), Անկարան փորձում է օգտագործել համաշխարհային կարգուկանոնը փոխելու հնարավորությունները, դրանք ծառայեցնելով իր նպատակներին: Սիրիայում եւ Իրաքում սանձազերծած միջսահմանային ռազմական գործողություններով, Լիբիայում եւ Ադրբեջանում ռազմական իր ներկայությամբ եւ Արեւելյան Միջերկրականում էլ ուժային բուռն սպառնալիքներ արձակելովՙ Անկարան շատ արագ կողմնորոշվել է, թե որտեղ «ստատուս քվոն» փխրուն է եւ բարենպաստ, այնտեղ կարելի է վեճերը լուծել ուժային միջոցներով»:
Թուրքիան խառնաշփոթ է առաջացնում բազմաթիվ տարածաշրջաններումՙ ստեղծելով անկարգություններ, որպեսզի հետագայում իր պայմանները թելադրի խնդրի կարգավորման համար: Նման դեպք տեղի ունեցավ Սիրիայում, որտեղ «Իսլամական պետության» հետ համագործակցելով Թուրքիան պատճառ դարձավ, որ 100 հազար քաղաքացի սպանվի եւ չորս միլիոն մարդ տեղահան արվիՙ ստեղծելով գաղթականների աննախադեպ խնդիր: Հետո նա ստանձնեց բարեգործի դերըՙ խոստանալով հոգ տանել նրանց եւ չթողնել, որ ողողեն ամբողջ Եվրոպան, փոխարենը անշուշտ միլիարդներ կորզելով եվրոպական երկրներից:
Թուրքիայի ընթացիկ տարածաշրջանային հարաբերությունները գուցե անմիջականորեն ուղղված չեն մեկուսացնելու Հայաստանին կամ սպառնալու նրան, բայց վերջին հաշվով ամեն ինչ դրան է հանգում: Օրինակ, Թուրքիան Պակիստանին է միանում, որպեսզի սուննիների աշխարհում գերակայության հասնի եւ մարտահրավեր նետի Սաուդյան Արաբիային: Վերջինս OIC (Իսլամական համագումարների կազմակերպություն) ղեկավարն է, մի պաշտոնՙ որին ձգտում է հասնել Թուրքիան:
Վերոնշյալ կազմակերպությունը հրաժարվել է Քաշմիրի հարցը ընդգրկել իր քննարկումների օրակարգում: Դա էլ ճեղք է առաջացրել Պակիստանի եւ Սաուդյան Արաբիայի հարաբերություններում: Թուրքիան ի նպաստ իրեն է օգտագործում այդ իրավիճակը: Թահա Սիդդիկի անունով մի լրագրող «Investigative Journal» (Հետաքննական հանդես) պարբերականում հոդված է տպագրել, որի վերնագիրը խիստ հատկանշական էՙ «Թուրքիայի եւ Պակիստանի ջիհադիստները համագործակցո՞ւմ են»:
Իրականում, այո՛, Թուրքիան Սիրիայում ահաբեկիչ ջիհադիստների է հավաքագրել, որպեսզի մեկնեն եւ Քաշմիրում կռվեն պակիստանցիների փոխարեն, ինչպես պակիստանցի ջիհադիստներ էին կռվել Ղարաբաղում հայկական ուժերի դեմ: Պակիստանը ահաբեկիչների որջ է, որտեղ ապաստանում են Օսամա բեն Լադենի եւ Աֆղանստանի թալիբների նման չարագործներ: Պակիստանի կառավարությունը բոլոր միջազգային համաժողովներում միշտ էլ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմնակիցն է եղելՙ ընդդեմ Հայաստանի:
Պակիստանի հետ ահաբեկիչներ փոխանակելուն զուգընթաց, Թուրքիան մի այլ քայլ էլ է կատարելՙ կազմակերպելով Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի արտգործնախարարների հանդիպումըՙ քննարկելու համար կովկասյան տարածաշրջանի առեւտրա-էներգետիկ ծրագրերը: Անկարան նաեւ անուղղակի ազդանշաններ է հասցեագրել Հայաստանինՙ նշելով, որ «եթե Երեւանը իրեն լավ պահի», ապա ինքն էլ կներառվի տարածաշրջանային այդ զարգացման ծրագրերի մեջ:
Սա առաջին հերթին նշանակում է հրաժարվել Ցեղասպանության ճանաչումը հետապնդելուց, մի հանգամանք, որը մղձավանջ եւ վարկաբեկում է դարձել Թուրքիայի համար, եւ վերջնականորեն վավերացնել 1921 թվի Կարսի պայմանագիրը, որ երկու երկրների սահմաններն է ընդգծել:
Բոլոր գործնական նպատակներով, Թուրքիան գաղութացրել է Ադրբեջանինՙ օգնելով, որ պատերազմում հաղթանակ տանի եւ դրանով նպաստի Իլհամ Ալիեւի խարխլած հեղինակության վերականգնմանը: Բայց պարզվում է, որ Թուրքիան պատրաստվում է Ադրբեջանի տարածքն օգտագործել որպես հարթակՙ ընդարձակելու իր պանթուրանական կայսրության սահմանները եւ հասնելու մինչեւ Կենտրոնական Ասիա: Տագնապալի ազդանշան է այն, որ Դեվլեթ Բահչելիի Գորշ գայլերը ծրագրում են Շուշիում դպրոց բաց անել: Գորշ գայլերը համագործակցում են Էրդողանի Առաջադիմություն եւ բարգավաճում կուսակցության հետ եւ համարվում են Թուրքիայի թաքուն պետության արտաքին թեւերից մեկը, որ բազմաթիվ քրեական գործերի եւ ոճրագործությունների մեջ է ներգրավված, ինչպես օրինակՙ լրագրողներ Աբդի Իփեքչիի եւ Հրանտ Դինքի սպանությունները, ինչպես նաեւ Ահմետ Աղջայի (Գորշ գայլեր խմբակգցության անդամ) ձեռամբ Հռոմի պապ Հովհաննես Պողոսի դեմ մահափորձը: Առավել վրդովեցուցիչ է այն, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահները ներկա են գտնվելու այդ դպրոցի հիմնարկեքի արարողությանը:
Այդ առիթով Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Էրդողանի կառավարությունը օգնել է Ադրբեջանին Հայաստանի դեմ մղած 44-օրյա պատերազմում եւ շարունակելու է այդ օգնությունը ապագայում եւս: Սա նշանակում է, որ Թուրքիան եւ Ադրբեջանը պատրաստվում են նորանոր փորձանքներ ու չարիք պատճառել տարածաշրջանում:
Պանթուրանական գաղափարի ընդարձակման համար որպես հարթակ ծառայելու Ադրբեջանի նոր կարգավիճակը է՛լ ավելի է արմատավորվում Փոլ Գոբլի տարիներ առաջ կատարած կանխագուշակումով: ԿՀՎ-ի այս նախկին աշխատակիցն ու պետքարտուղարության պաշտոնյան լրագրող էր դարձել եւ որպես գիտաշխատող տեղակայվել Ադրբեջանում: Հեղինակ է տարածաշրջանի վերաբերյալ մի շարք վիճելի ծրագրերի: Նա է, որ 2000 թվականին առաջ քաշեց տարածքների փոխանակման «Մեղրիի ծրագիրը», որն այդ ժամանակ շատերի կողմից ընկալվեց որպես «Փորձնական փուչիկ», բայց արի ու տես, որ այն իրականություն դարձավ 2020ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ:
Գոբլի հոդվածը տպագրվեց «Eurasia Daily Monitor» պարբերականի փետրվարի 18-ի համարում չափազանց նշանակալի վերնագրովՙ «Ադրբեջան-Կենտրոնական Ասիա հետզհետե աճող կապերը հակամարտություններ կարող են առաջացնել Ռուսաստանի եւ Իրանի հետ»:
Գոբլը հատկապես շեշտում է. «Երեւանի դեմ մղած հաղթական պատերազմով Բաքուն ցույց տվեց, որ կարող է ինքնուրույն գործել: Բայց նույնքան կարեւոր է այն, որ Ադրբեջանը Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի ժողովուրդներին եւ կառավարություններին ցույց տվեց, որ շնորհիվ Թուրքիայի հետ իր հարաճուն կապերի, դարձել է մի ուժ, որի հետ պետք է հաշվի նստել»:
Այնուհետեւ Գոբլը ազդարարում է. «Ավելին, Քաբուլը, Բաքուն եւ Աշխաբադը վերջերս մի ուրիշ կարեւոր համաձայնագիր ստորագրեցին, որն ստացավ «Lapis Lazuli Corridor» անվանումը: Դրանով Թուրքմենստանի եւ Ադրբեջանի տարածքներով Աֆղանստանը միանում է Թուրքիային»:
Սոսկ վարկածային տեսակետ է այն, որ Բաքուն կարող էր «հաղթանակ տանել» առանձին: Ինչո՞ւ այդ դեպքում կարիքն զգացվեց դիմելու 2000 սիրիացի եւ պակիստանցի ջիհադիստների, թուրք զինվորական փորձագետների եւ հազարավոր անօդաչու սարքերի: Եվ ինչո՞ւ 44 օր տեւեց այդ մասնակի հաղթանակը:
Հոդվածի հեղինակը սակայն ճիշտ է, որ այս զարգացումները անհանգստացնելու են Ռուսաստանին եւ Իրանին: Վերջինս մարտադաշտում չլինելով հանդերձ մեծ վնաս կրեց: Պատերազմի հետեւանքով նրա սահմանագիծը Ադրբեջանի հետ երկարեցՙ դժվարացնելով պաշտպանությունը Իսրայելի հետախուզական աշխատանքների դեմ: Թեհրանը պարտավոր է ռազմավարական ճշգրտումներ կատարել, քանի որ շատ ավելի խոցելի է դարձել իր միջուկային ծրագրերի դեմ ուղղված Իսրայելի կանխարգելիչ հարձակումների հավանականությունը: Խոցելիությանն առընթեր, Իրանի տարածքը մասնատման թիրախ է դարձել նաեւ: Բաքվում դեկտեմբերի 10-ի տոնահանդեսում հնչած Էրդողանի խոսքերն ան մասին, թե իրանական Ադրբեջանը վերականգնվելու էՙ լեզվի սայթաքման արդյունք չէր, ոչ էլ սխալ մեկնաբանված անդրադարձ, քանի որ այդ ազդանշանից հետո, թուրքական եւ ադրբեջանական լրատվամիջոցները սաստկացրել են իրենց արշավը Իրանի դեմՙ մեղադրելով վերջինիս Հարավային Ադրբեջանը (ազերիներով բնակեցված Իրանի հյուսիսային շրջանը) գաղութացնելու մեջ: Իրանի 85 միլիոն բնակչության 38 տոկոսը թուրք-ազերիական ծագում ունի: Բաքուն եւ Անկարան էթնիկական խլրտումների են հրահրում նրանցՙ կոչ անելով տեր կանգնել իրենց լեզվին եւ ժառանգությանը:
Գոբլի անցած ուղու վրա հիմնվելով, կարելի է ասել, որ Ադրբեջանի նոր դերակատարությունը Իրանի մասնատման հարցում միայն Անկարայի եւ Բաքվի շահերից չի բխում, այլ աղերսվում է նաեւ Վաշինգտոնի եւ Թել Ավիվի շահերի հետ:
Քառասունչորսօրյա պատերազմից հետո Իրանի իշխանությունը խուճապի էր մատնված եւ ամիջապես իր արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆին ուղեւորեց Բաքու, Անկարա, Երեւան, Թբիլիսի եւ Մոսկվա, որպեսզի համընդհանուր խաղից դուրս չմնա: Իրանը նույնիսկ համաձայնվեց անդամակցել Եվրասիական միությանը, որպեսզի արժանանա իր հյուսիսային հարեւանի բարյացակամությանը:
Թուրքիան աշխարհի ամենատարբեր մասերում խնդիրներ է առաջացնում եւ անպատիժ մնում: Այդ խառնաշփոթի մեջ նա իր նոր կարգուկանոնն է սերմանում: Թուրքիան վստահաբար գնում է հիտլերական Գերմանիայի անցած ուղիով, օգտագործելով միեւնույն մարտավարությունըՙ իրագործելու համար իր տարածքային փառասիրությունը:
Բրիտանացի վարչապետ Նեվիլ Չեմբերլեյնի 1938-ին Բեռլին կատարած խաղաղեցնելու այց-առաքելությունը միայն ավելի ոգեւորեց Հիտլերինՙ առաջ տանելու իր փառասիրությունը:
Ո՞վ է կանգնեցնելու նոր հրեշին, նախքան որ նա վտանգի աշխարհի խաղաղությունը:
Անգլ. թարգմանեցՙ ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ (Armenian Mirror-Spectator)