ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր ամենշաբաթյա ասուլիսում կանգ է առել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ գերիների փոխանակման ցավոտ հարցի վրաՙ Ռուսաստանի նախագահի եւ արտգործնախարարի այն տեսակետների վրա հիմնվելով, թե օպտիմալ տարբերակ է «բոլորը բոլորի դիմաց» ձեւաչափով գերիների փոխանակումը խնդրի շուտափույթ կարգավորման համար: Ռուսական կողմն, ըստ Զախարովայի, շարունակելու է աջակցել խնդրի լուծմանը: Երեկ Հայաստան վերադարձվեց 5 գերիՙ այն 62-ից, որոնք գերի էին ընկել եռակողմ համաձայնագրի ստորագրումից բավական հետո, հայկական բնագծից: Նաեւ դեռեւս Ադրբեջանում գտնվող այդ 62-ից մնացած 57 գերիների համար հնարավորություն է ստեղծվել հեռախոսազրույց ունենալ իրենց հարազատների հետ: Երեւում էՙ հունվարի 30-ին Մոսկվայում կայանալիք եռակողմ հանդիպումից առաջ փորձ է արվում մի փոքր մեղմել գերիների շուրջ իրավիճակը: Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի փոխվարչապետները Մոսկվայում բանակցելու են տարածաշրջանի հաղորդակցության ապաշրջափակման վերաբերյալ: