(Pashinyan”s Mission Impossible to Moscow)
Մկանների ցուցադրության պայքար է գնում Մոսկվայի եւ Անկարայի միջեւ, եւ Հայաստանը ներքաշված է դրանում: Քառասունչորսօրյա պատերազմը անհրաժեշտ էր Ռուսաստանին, որպեսզի կարողանա իր ռազմական ներկայությունը վերադարձնել Ադրբեջան: Այն անհրաժեշտ էր նաեւ Թուրքիային, որպեսզի հաղթանակ ապահովի Ադրբեջանին, փոխարենը տիրանալով վերջինիս ինքնիշխանությանը:
Թուրքիան այդ հնարավորությանը երկար ժամանակ էր սպասում: Նախագահ Էրդողանն ավելի է խանդավառված այդ հաղթանակով, քան նախագահ Ալիեւը, որովհետեւ Թուրքիայի համար պատմական մի երազանք իրականություն է դառնում: Այդ պատճառով էր նա Բաքվում կայացած զորահանդեսի ժամանակ հիշատակել Էնվեր փաշային, որ մի դար առաջ փորձել էր հիմնել թուրանական կայսրությունը: Ներկայիս, նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության հետեւանքում մեկ խոչընդոտ այդ ճանապարհային քարտեզում վերացվել էՙ Հայաստանի հարավային ծայրամասի միջով Ադրբեջան-Նախիջեւան միջանցքի կառուցումը:
Ստորագրված հայտարարությունը դեռ ամբողջությամբ մեկնաբանված չէ: Թուրք-ադրբեջանական կողմը պնդում է, որ այդ ճանապարհը պետք է գործի տարածքային իրավունքներից անկախ եւ պետք է վերահսկվի ռուսական խաղաղապահ զորքերի կողմից, մինչդեռ հայկական կողմը պահանջում է, որ այն գործարկվի բնականոն ձեւով, երբ բոլոր կողմերի համար բաց կլինեն ամեն տեսակի տրանսպորտային երթուղիները:
Թուրքիան վերահսկում է Ադրբեջանին ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքական առումներով, ինչը նշանակում է, որ վերջին հաշվով նա վերահսկելու է նաեւ երկրի տնտեսությունը: Անկարան կարողացավ ադրբեջանական նավթն ու գազը շատ արագ հասցնել Բալկանյան եւ Եվրոպայի մնացած երկրներին, հնարավորություն տալով նրանց ազատվել ռուսական էներգակիրների կախվածությունից: Դրա համար էլ Ադրբեջանում իր ռազմական արկածախնդրությունից բացի, Մոսկվան վերջինիս փորձում է հրապուրել, որպեսզի անդամակցի Եվրասիական տնտեսական միությանը: Հայաստանը, տեխնիկական առումով, կարող է վետո դնել այդ անդամակցությանը, բայց ներկա հանգամանքներում Ռուսաստանը հաշվի չի առնի Հայաստանի կարծիքը:
Այդ վերաբերմունքը նկատելի էր նաեւ հունվարի 11-ին Մոսկվա ժամանած Ալիեւի եւ Փաշինյանի ընդունելության արարողակարգում: Հայաստանում Մոսկվա այդ այցելության առթիվ մտահոգություն կար, որ Փաշինյանը ստիպված կլինի առանց խորհրդակցելու ստորագրել մեկ ուրիշ համաձայնագիր, որն առավել լուրջ խնդիրներ կպարտադրի Հայաստանին: Բայց պարզվեց, որ հանդիպումը նախատեսված էր հստակեցնելու նոյեմբերի 9-ի հայտարարության գործարկման մեխանիզմները:
Ողջունելով հյուրերին, նախագահ Պուտինը գոհունակություն հայտնեց, որ նոյեմբերի 9-ի հայտարարության սկզբունքները գործադրվում են ռուսական խաղաղապահների վերահսկողության ներքո, եւ 48 հազար տեղահանված հայեր արդեն վերադարձել են Ղարաբաղում իրենց բնակավայրերը: Նշենք, որ նախքան պատերազմը Ղարաբաղում ապրող հայերի թիվը 150 հազար էր: Պուտինն ավելացրեց, որ Ռուսաստանը ներդրումներ է կատարում, որպեսզի անդամահատված անկլավում բնականոն կյանքը վերահաստատվի: Հանդիպման ընթացքում համաձայնություն ձեռք բերվեց, որ «ապաշրջափակվեն տարածաշրջանում գործող բոլոր տնտեսական եւ տրանսպորտային ճանապարհները»: Այդ նպատակի համար կողմերը որոշեցին երեք երկրների փոխվարչապետներից բաղկացած «աշխատանքային խումբ» կազմել, որն իր առաջին նիստը կգումարի առաջիկա հունվարի 30-ին: Այդ ժամանակ էլ կմշակվի (մինչեւ մարտի 1-ը) «անվտանգ միջազգային երթեւեկություն կատարելու» ծրագիրը: Նման ծրագրի գործադրման արձանագրություն հնարավոր էր ստորագրել Մոսկվայում, բայց դա իրենից ոչինչ չէր ներկայացնի, քանի որ հիմնական խնդիրները մնում են դեռ չկարգավորված:
Մոսկվա մեկնելու նախօրյակին նախագահ Ալիեւը մի շարք վրդովեցուցիչ հայտարարություններ կատարեց Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանի Արցախ այցելության կապակցությամբ: Նա պահանջեց, որ Արցախ այցելողները նախ ստանան Բաքվի թույլտվությունը: Նա նույնիսկ սպառնաց, որ ԱԹՍ-երով կսպանի Արցախ այցելող որեւէ քաղաքական գործչի: Ռուս խաղաղապահները եւ Մոսկվան չեն արձագանքել այդ հայտարարություններին: Եթե բոլոր ճանապարհները ապաշրջափակվելու են եւ վերահսկվելու են ռուս խաղաղապահների կողմից, ապա ի՞նչ է նշանակում այդ սպառնալիքը: Ալիեւը հայտարարել է, որ շուտով կսկսվի Նախիջեւանը Ադրբեջանին կապող (Հայաստանի տարածքով) ճանապարհի շինարարությունը: Հաղորդվում է նաեւ, որ թուրքական ինքնաթիռներ Թուրքիա-Ադրբեջան թռիչքներ են իրականացնումՙ օգտագործելով Հայաստանի օդային տարածքը: Եթե հայտարարության 8-րդ կետը դեռ չի գործադրված, ապա ինչո՞ւ է այս միակողմանի շտապողականությունըՙ օգտվելու նրա պայմաններից:
Հունվարի 11-ի նոր փաստաթղթի ստորագրումից հետո երեք երկրների ղեկավարները հանդես եկան հակասական հայտարարություններով:
Պուտինն իր գոհունակությունն արտահայտեց, որ երկու կողմերը հարգում են հայտարարության պայմանները: Ալիեւը հայտարարեց, որ Արցախի խնդիրն արդեն անցյալ է դարձել եւ այժմ ժամանակն է տարածաշրջանում նոր ուղիներ բացելու եւ գործարարությունը (բիզնեսը) զարգացնելու համար: Իսկ Փաշինյանը դժգոհեց, որ ռազմագերիների հարցը դեռ չի լուծված, եւ դա անհնարին է դարձնում գործադրել հայտարարության մյուս կետերը:
Իրականում ճիշտ է, որ նախատեսված ճանապարհները չեն կարող կառուցվել նահատակված հայ զինվորների աճյունների վրա:
Ինչ վերաբերում է հայ ռազմագերիներին, պետք է նշել, որ Ադրբեջանը նրանց որպես պատանդ է պահում եւ խոչընդոտում որոնողական աշխատանքները, որպեսզի հավելյալ ցավ պատճառի հայ ընտանիքներին, քաջ գիտենալով, որ դա է՛լ ավելի կսրի անկայունության մթնոլորտը Հայաստանում: Նա նաեւ «ահաբեկիչներ» է սկսել բնութագրել հայ ռազմագերիներին, որպեսզի պատճառաբանի կամ արդարացնի նրանց բաց չթողնելը:
Փաստաթղթի ստորագրումից հետո արտասանված ելույթները նման էին երեք խուլ մարդկանց, որ իրար հետ զրուցում են: Ռուսաստանը համոզված է, որ փաստերը հիմնավորված են եւ վերջնական: Պուտինը քանիցս հայտարարել է, որ Արցախի կարգավիճակի հարցը որոշվելու է ապագայում: Փաշինյանը հիշեցրեց կարգավիճակի հարցը, բայց մյուս երկու կողմերը չարձագանքեցին նրան:
Եթե ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի սկզբունքներից մեկըՙ Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցը լուծված է, ապա ժամանակն է լուծելու նաեւ մյուս սկզբունքըՙ Արցախի ինքնորոշման հարցը: Ապագան հիմա՛ է:
Պուտինը պարզապես արջի ծառայություն է մատուցում Մինսկի խմբին, կարծելով, որ համանախագահները կուլ են տալու իր գործողությունները: Բայց նման բան երեւի տեղի չունենա:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն է հետապնդում այս հարցը մյուս երկու համանախագահների անունից, քանի որ Մ. Նահանգները խրված է ներքին խժդժությունների մեջ: Նախքան մոսկովյան հանդիպումը Մակրոնը նախաձեռնություն ցուցաբերելով հեռախոսային զանգերով Պուտինին եւ Փաշինյանին ասել էր, որ ղարաբաղյան խնդրի քաղաքական լուծումը պետք է անպայման քննարկվի:
Ռուսաստանի արտգործնախարարության հրատարակած հայտարարության մեջ նշվում է, որ Մակրոնն ու Պուտինը քննարկել են պատերազմի մարդասիրական օժանդակության խնդիրները, բայց ոչ մի խոսք չկա խնդրի քաղաքական լուծման վերաբերյալ: Պուտինի հետ հեռախոսազրույցում Մակրոնը նշել է, որ մարդասիրական օժանդակությանն առընթեր Մինսկի խումբը պետք է քննարկի նաեւ խնդրի քաղաքական կարգավորման հարցը, հիշեցնելով Արցախի անկախության ճանաչման բանաձեւի ընդունումը Ֆրանսիայի օրենսդիր մարմնի երկու պալատների կողմից: Նա նաեւ հստակեցրել է, որ միակողմանի լուծումները ոչ մի դեպքում ընդունելի չեն լինի Մինսկի խմբի մյուս համանախագահների կողմից:
Այժմ երբ Ֆրանսիան համոզիչ կերպով հայաստանամետ դիրքորոշում է որդեգրել, ո՞վ է այն արհեստավարժ դիվանագետը, որ Ֆրանսիայի այդ դիրքորոշումը կկարողանա տարածել նաեւ Մինսկի ամբողջ խմբի վրա:
Մոսկվայում իր պաշտոնական հանդիպումներից հետո Փաշինյանը ծրագրել էր հանդիպել նաեւ Մոսկվայում ապրող հայ գործարար շրջանակների ղեկավարների հետ, բայց Մոսկվայի հայկական դեսպանատան առաջ նա դեմ առ դեմ եկավ թշնամական ցուցարարների, եւ ստիպված վերադարձավ Հայաստան ձեռնունայնՙ դիմակայելու համար առավել թշնամական խմբավորումների:
Այնպես որ, իրոք Փաշինյանի Մոսկվա կատարած այցը անհնարին առաքելություն էր:
Հայաստանում 17 կուսակցություններից բաղկացած ցուցարարներից բացի, նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ ծրագրում է Հայաստանը առաջնորդել դեպի չորրորդ հանրապետություն, հույս ունենալով ստեղծել տեխնոգրադների անցումային կառավարություն: Փաշինյանին եւ իր թիմին ուղղված հրաժարականի կոչերը գնալով ավելի սուր բնույթ են ստանում, քանի որ նրանց կարողություններից վեր է լուծելու Հայաստանի ներկա խնդիրները: Նրանց պակասում են դիվանագիտական հմտությունները, իսկ նրանց ամբարտավանությունը հավասարազոր է նրանց տգիտությանը: Հրաժարականի կոչերին հակառակ, նրանք կառչած մնում են իրենց այն տեսակետին, որ միայն արտահերթ ընտրությունների արդյունքում կարող են լքել իրենց զբաղեցրած պաշտոնները: Նրանք հավատացած են, որ իրենց ձեռքում գտնվող պետական ապարատների միջոցով կկարողանան հաղթանակ տանել ընտրություններին, ճիշտ այնպես ինչպես նախկին առաջնորդներն էին (Սարգսյանն ու Քոչարյանը) արել:
Տասնյոթ կուսակցությունների թվում են Հանրապետականն ու Հայ հեղափոխական դաշնակցությունը, որոնց գործունեությունը լավ փաստարկված է: Բացի այդ, Փաշինյանի թիմը այնքան է սեւացրել նրանց, որ ամբողջովին վարկաբեկված են: Միակ կենսունակ ու խոհեմ այլընտրանքային թեկնածուն նախագահ Արմեն Սարգսյանն է, բայց նա էլ դարձել է կառավարության զրպարտչական մեխանիզմի զոհը:
Հասարակությունը Հայաստանում ծայրահեղորեն բեւեռացված է եւ սոցցանցերն էլ ջանք չեն խնայում է՛լ ավելի սրելու իրավիճակը:
Ե՛վ կառավարությունը, ե՛ւ ընդդիմությունը ունեն իրենց «լավ յուղոտված» սոցցանցերը, որպեսզի մրոտեն դիմացինին, ի հաշիվ հասարակության վստահության կորստի: Եթե ամենազոր նախագահ Թրամփի թվիթերյան գրառումները կարող են լռեցվել, որպեսզի խռովությունների առաջքը հնարավոր լինի առնել, ինչո՞ւ Հայաստանը չի կարող նույնը անել լարվածությունը նվազեցնելու եւ երկխոսության ավելի դրական մի մթնոլորտ ստեղծելու համար:
Միայն լարվածության թուլացման պայմաններում կարող է հասարակությունը բուժել իր վերքերը, հավաքել ուժերը եւ համերաշխ մթնոլորտում մտածել Հայաստանի վտանգավոր ապագայի մասին: Մինչ այդ Հայաստանը պարտավոր է դիմագրավել իր սեփական ճակատագրի անհնարին առաքելությունը:
Անգլ. թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ (The Arm. Mirror-Spectator)