յս տարին յուրահատուկ էր: Ռուսներն այդպիսիներին անվանում են զերկալնի կամ սիմետրիկ («зеркальным или симметричным»), քանի որ այն բաղկացած է երկու կրկնվող թվերից, իսկ այդպիսի թվերն այնքան էլ հաճախ չեն հանդիպում: Հաջորդն, օրինակ, 3030 թվականն է: Փորձը ցույց է տալիս, որ այդ տարիները լինում են կա՛մ շատ հաջողակ, կա՛մՙ ծայրահեղ վատ: Իսկ ամենավտանգավորն այն է, որ այդտեսակ տարիներին սովորաբար կարեւոր դերակատարություն են ունենում արկածախնիր բնույթ ունեցողները: Մեր դեպքում դա լիովին համապատասխանեց իրականությանը…
Իրատես լինենք, իսկ իրատես լինելը հենց այսօրվա աշխարհաքաղաքական զարգացումների տեսանկյունից թելադրում է ունենալ ինքնիշխան եւ կենսունակ պետություն: Դրա համար անհրաժեշտ էր նախՙ պաշտպանել եղածը, հետո ուղիներ որոնել քարը քարի վրա դնելու եւ, ի վերջո սեւրյան երազին հասնելու համար: Սակայն իրատես լինելուն զուգահեռ պետք է նաեւ հեռատես լինել: Մի բան, որը մեր դեպքում այնքան էլ մոտ չէ իրականությանը:
Տարեվերջ է: Սովորաբար մարդիկ ամփոփում են անցած տարին, նշում դրա լավ ու վատ կողմերը, ձեռքբերումներն ու կորուստները: Սակայն այս անգամ շատ դժվար է, հայերեն շարքային բառերովՙ անհնարին, արտահայտել տարվա ազգիս բերած դժբախտություններն ու անդառնալի կորստի ցավը: Ասում ենՙ մեկ-երկու մարդու սպանությունը հանցագործություն է, հազարներինըՙ վիճակագրություն: Չգիտեմ ում կողմից, բայց շատ անսիրտ է ասված: Չէ որ հազարների խեղված ճակատագրեր ունեցանք, չիրականացած երազանքներ, չկազմված ընտանիքներ ու հազարավոր մանկան ճիչեր չեն լսվելու…
Հայկական բարձրավանդակ անունով պատմական Հայաստան ենք ունեցել, որի տարածքը շուրջ 400.000 քառ. կմ. էր: Այն ո՛չ արեւելյան Թուրքիա եւ ո՛չ էլ Անատոլիա էր: Այդ հսկայածավալ Հայաստանից դարերի ընթացքում մեզ մնաց 29.743 քառ. կմ. տարածքով Հայաստանի Հանրապետությունը եւ հազարավոր ազատամարտիկների արյան գնով ու 1991 թ. սեպտեմբերյան հռչակագրով ազատագրված Արցախի Հանրապետության 11.458 քառ. կմ. հողատարածքը:
Սակայն Արցախյան հայրենական պատերազմի վերջին իրադարձությունների ավարտին, 2020 թ. նոյեմբերի 9-ին, Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ կնքված «հայտարարության» համաձայն, որը հայ հասարակությունը «անձնատվության (կապիտուլյացիայի) նվաստացուցիչ փաստաթուղթ» անվանեց, հայերն Ադրբեջանին զիջեցին Արցախի տարածքի մոտ 80 տոկոսը, այսինքնՙ շուրջ 8.280 քառ. կմ.: Այսինքնՙ հայ ժողովուրդը դարերի ընթացքում կորցրել է իր պատմական տարածքի ավելի քան 90 տոկոսը: Հիրավի, դառնակսկիծ իրողություն է սա:
Ավելացնենք, որ 2000 տարի առաջ պատմական Հայաստանում ապրող հայ ազգաբնակչության թիվը շուրջ 2,5 միլիոն է եղել: Իսկ այդ ժամանակ ամբողջ աշխարհի բնակչությունը եղել է շուրջ 300 միլիոն: Այսինքնՙ աշխարհի 120 բնակիչներից մեկը հայ է եղել: Մեր օրերում Երկիր մոլորակի բնակչությունը շուրջ 7,5 միլիարդ է հաշվվում, որից մոտավորապես 3 միլիոնը բնակվում է Հայաստանի եւ Արցախի Հանրապետություններում: Եթե դրան գումարենք սփյուռքահայությանը, ապա այսօր աշխարհում ապրող հայությունը մոտավոր հաշվարկով 10 միլիոն է կազմում: Այնինչ, աշխարհի բնակչության թվաքանակի աճի միջին մակարդակին համապատասխան այսօր հայության թվաքանակը կկազմեր ավելի քան 60 միլիոն: Այսինքնՙ բազմանալու, հզորանալու եւ մեր ունեցածը պահելու փոխարեն, մենք բոլոր առումներով նահանջել ենք եւ կորցրել հայրենի հողատարածքի շուրջ 367.079 քառ. կմ.-ը եւ ունեցել ենք հայ բնակչության 50 միլիոն աճի կորուստ: Իսկ այս դեպքում ամեն ինչում միայն օտարին ու վայրագ թշնամուն մեղադրել եւ հավիտենապես զոհ դարձած լինելու հոգեբանությունը որդեգրելըՙ որեւէ տեղ չի հասցնի: Ընդհակառակը, այս ցավալի իրողություններից հետո գոնե պիտի սթափվենք ու մեզ հարց տանք. ինչպե՞ս պահենք գոնե այն, ինչ այսօր ունենք: Գոնե այսօր պիտի հասկանանք, որ ունենալը եւ ունեցածը պահել կարողանալըՙ տարբեր երեւույթներ են, իսկ հայրենասիրությունըՙ սերունդների թողած ավանդը ճիշտ գնահատելու, այն մշակել կարողանալու, ունեցածը պահպանելու եւ այն սերունդներին փոխանցելու նվիրական հանձնառություն է:
Մեր հասարակությունը երկուսուկես տարի առաջ ոչ թե հանուն, այլ ընդդեմ սկզբունքով իշխանափոխություն «իրականացրեց» եւ խաղում է ժողովրդավարության դաշտում: Իսկ նշանավոր մտավորական Հայկ Ասատրյանի բնորոշմամբ «Դեմոկրատիզմը (ժողովրդավարությունը) մտածումի անսկզբունքություն է, բոլշեւիզմը` բարոյական կյանքի»: Սակայն երկուսն էլ չեն խոստանում հոգու, բանականության, սրտի, կամքի, բարոյական զգացումի ներդաշնակություն, դրանով էլՙ անհատի եւ հասարակության, ազգի եւ պետության, ժողովրդի եւ դասակարգի օրգանական միություն («Տարոնի Արծիվ», 1939թ., թիվ 10): Մեր համար պարզ պիտի լինի, որ այդ հակասությունները վերացնելու եւ օրգանապես միացյալ ազգություն եւ պետություն ստեղծելու ձգտում ունի ազգայնականությունը: Ազգն է դավանում ազգային ոգու հավիտենականությանը, եւ պատմություն, մշակույթ, պետություն եւ այլն համարվում են նրա հայտնությունը: Վստահաբար նորմալ ժողովուրդների մոտ ամեն ինչ ստորադասվում է ազգի հավիտենականին եւ դրանով ստեղծվում է հավիտենանպատակ` ամբողջական ազգային հասարակությունը եւ նրանց համար ազգն է բոլորի ճակատագիրը, եւ բոլորը գործում են հանուն նրա:
1990-ական թթ. այդ մտայնությամբ էր առաջնորդվում իմ սերունդը, որը կարդացած էր, պատմություն գիտեր, արվեստ էր սիրում, առողջ էր ու կոփված, ուստի բոլորովին էլ պատահական չէր, որ անկախություն վերանվաճեց ու արցախյան հերոսամարտում հաղթեց: Նա գիտեր, որ Վաթեռլոյի ճակատագրական, վճռորոշ ճակատամարտում, երբ Բրյուխերն արդեն թարմ ուժեր էր նետել ռազմի դաշտ, ու Նապոլեոնի պարտությունը կասկած չէր հարուցում, քանի որ նրա գվարդիան ընկավ շրջափակման մեջ: Անգլիացիները հիացմունքով էին նայում, թե ինչպես են կռվում փրկության ոչ մի շանս չունեցող իրենց կատաղի հակառակորդները: Եվ անգամ այդ արյունոտ պահին նրանցից շատերը գոռում էինՙ հանձնվեք, քաջե՛ր: Ու Նապոլեոնի հավատարիմ գեներալ Կամբրոնը, որի անունը ոսկյա տառերով է գրվել ֆրանսիական զենքի պատմության մեջ, ինչպես Հյուգոն էր նկարագրում, ատամների արանքից զզվանքով նետում էՙ գվարդիան մեռնում է, բայց չի հանձնվում: Այդ ճակատամարտից անցել են հարյուրավոր տարիներ, բայց աշխարհի բոլոր ժողովուրդները գիտեն քաջերի քաջի այս թեւավոր արտահայտությունը:
Իմ արդեն ճերմակամազ սերունդն ապշեց, որ 2020-ի նոյեմբերի 13-ինՙ խայտառակ կապիտուլյացիայից հետո, մի խումբ մարդիկ, որոնց մեջ կային նաեւ հայտնի դաշտային հրամանատարներ, կառավարության դիմաց գերագույն գլխավոր հրամանատարին ստորացուցիչ պարտության համար շնորհակալություն հայտնեցին: Վստահ եմ, սա էլ են հիշելու սերունդները, սրա մասին էլ է գրքեր գրվելու…Եվ սա թողած, այսօր վիճում են, եթե պատերազմն անխուսափելի էր, ապա հնարավոր էր ավելի պատշաճ պատրաստվել դրան: Այնինչ, մեր ազգընտիրների ղեկավարությամբ հասանք մի իրավիճակի, երբ հասարակությունը, բանակն ու արտաքին դաշնակիցների հետ հարաբերությունները գտնվում էին ամենավատ, ամենաանպատրաստ վիճակում: Դա դեռ բավական չէր, իշխանությունն այսօր իրեն ենթակա քարոզչամեքենաների միջոցով տարածում է «մեր պարտության պատճառը Մոնումենտի դղյակներն են», որ «Հայաստանը փակել է 80-ականների զենքի ամոթալի էջը», որ Ադրբեջանն այլեւս չի կարող ՀՀ-ի հետ ուժի լեզվով խոսել եւ այլ թեզերը: Սրան պետք է գումարել ՍՈՒ-երի, ՕՍԱ-ԱԿԱ-ներիՙ հարյուրավոր միլիոն դոլարների գնումները, որոնք այս պատերազմի ընթացքում ունեցան զրո նշանակություն: Այսօր ակնհայտ է դառնում, որ քաղաքական ղեկավարությանՙ բանակի բարեփոխումների մասին վերամբարձ հայտարարություններն սկսել են ու վերջացել բանակին ելակ մատակարարելու հաճելի, բայց պատերազմի ժամանակ զրո նշանակություն ունեցող գործընթացով:
Ավելին, արտաքին խաղացողների հետ հարաբերությունների զրոյացմանն էր խոսքը վերաբերում, մինչդեռ ամենի ինչ իրականում հակառակն էր արվում: Իսկ ամենավտանգավորն այն էր, որ Հայաստանում քաղաքական ամենաբարձր էշելոնում հակառուսական տարրերի առկայությունն օրեցօր ավելի ու ավելի ակնհայտ էին դառնում: Անթաքույց կերպովՙ հեղափոխությունից հետո ՀՀ-ում բանալի ոլորտների ղեկավարներ նշանակվեցին մարդիկ, որոնք իրենց կյանքի գերագույն հատվածը նվիրել էին ՌԴ դեսպանության դիմաց ակցիաներ անելուն ու հակառուսական կոչեր հնչեցնելուն: Այսօր էլ կառավարությունում, խորհրդարանում կան բազմաթիվ մարդիկ, որոնք որքան էլ փորձում են իրենց ներկայացնել Մոսկվայի հետ հարաբերությունների ջատագովներ, շարունակում են լինել հակառուսականության ջահակիրներ: Պատերազմի ժամանակ էլ պարբերաբար տեղեկատվություն էր տարածվում, թե հեսա պարսիկները կխփեն Ջաբրայիլի ու Զանգելանի կողմիցՙ էնտեղ ահաբեկիչներ են տեղակայվել, որոնց Թեհրանը չի կարող հանդուրժել: Այնինչ պարսիկները ոչ միայն չխփեցին, այլ ամենաբարձր մակարդակով առնվազն ադրբեջանամետ հայտարարություններ արեցին: Այստեղ է, որ ակամա հարց է առաջանում, լավ իմանալով Իրանի վերաբերմունքը դրան, արդյո՞ք մեզ պետք էր պատերազմից առաջ Իսրայելում դեսպանություն բացել: Կամ մեկ այլ իրողություն. անգլոսաքսոնական համակարգը մեր երկրում մոտ 600 մլն դոլար էր ներդրելՙ Ամուլսարի հանքի շահագործման համար: ՀՀ-ի հեղափոխական կառավարությունը 2.5 տարվա մեջ վախենալով ֆեյսբուքյան դիսլայքերից ՙ իր մեջ ուժ չգտավ լուծելու այս խնդիրը: Հետեւանքըՙ ԱՄՆ-ի ու իր դաշնակիցների կրավորական պահվածքն էր այն ժամանակ, երբ Հադրութում հայ ծերունու ականջ էին կտրում: Էս շարքը կարելի է շարունակել…
Բայց այսօր մեր հասարակությանն անհրաժեշտ է ու կարեւոր օր առաջ ձերբազատվել նախՙ «փրկչի» բարդույթից, քանի որ դեռեւս նախորդ իշխողների կողմից մատուցվող այլընտրանք չտեսնելու բարդույթը հունից հանել եւ միաժամանակ բթացրել էր հասարակությանը, որից էլ ցասումը հասցրեց նրան, որ հասարակությունը գնաց կառավարման հմտություններից բացարձակապես զուրկ մեկ այլ «փրկչի» հետեւից: Գարեգին Նժդեհն ասում էր, որ կենսաբանական անբարոյականը պատմության մեջ շատ հաճախ ղեկավարվում է խոյի հոգեբանությամբ, եւ բարոյապես տկար հոտն էլՙ ոչխարի պես հետեւում է նրան: Իսկ նմանն ընդունակ է ատել իր ցեղի Աստծուն, ներել իր դահիճին եւ սիրել նրան: Ժամանակին ՀՀԿ-ն պարտավոր էր այլընտրանք ունենալ եւ եթե իրոք չուներ, ապա դա նրա մեծագույն ձախողումներից մեկն էր: Այս օրերին էլ է հասարակությանը նույն սցենարը մատուցվում: «Փրկիչը» միակն է, իսկ այլընտրանքըՙ հին «փրկիչը», արդեն մերժվել է: Այնպես որ իբրեւ թե այլ ելք չկա եւ ստիպված պետք է ապավինենք գործող «փրկչին»: Այսինքնՙ չկողմնորոշվող, ամեն ինչից հուսահատ զանգվածները դարձյալ կանգ են առնում գործող կամ մերժված «փրկչի» վրա: Կարծում եմ, հայ ժողովուրդը դեռ այդքան չի այլասերվել, որ այսքան սահմանափակվի նրա լուրջ խորհելու, ինքնակազմակերպվելու, ընտրություն եւ փրկություն գտնելու հնարավորությունը: Այլընտրանք չունենալու թեզը հերթական ինքնանվաստացումն է: Մենք պարտավոր ենք ձերբազատվել «փրկչի» բարդույթից եւ ինքներս մեզ փրկենք: Ճիշտ այլընտրանք միշտ էլ եղել է, եւ հիմա էլ կա….
Պակաս կարեւոր չէ, որ պիտի սովորենք հարցնել ու պահանջել այս կամ այն որոշման կամ գաղափարի-ծրագրի գինը, թեՙ ով է վճարելու այդ գինը, ինչպե՞ս եւ ինչո՞վ: Որպեսզի իմանանք մեր վճարելիքը ու հասկանանքՙ ընդունելի՞ է մեզ համար այն, թե՞ ոչ: Որպեսզի ճշտելու եւ որոշման վրա ազդելու հնարավորություն ունենանք: Որովհետեւ գոնե սրանից հետո յուրաքանչյուր գաղափար պիտի ենթադրի հստակ պատասխանատվություն, ընդ որումՙ կոնկրետ-հասցեական պատասխանատվություն, որը կարողանանք վերջապես դուրս բերել հայրենասիրության, պաթոսի, հերոս-դավաճանի տիրույթից եւ տանել իրավունքի-պարտականության, արդարության դաշտ: Հասկանում եմ, որ դժվար է լինելու, որ արմատական-հոգեկերտվածքային-արժեհամակարգային փոփոխություններն առաջինն իրականացնողները կամիկաձեներ են լինելու ու դառնալու են հերոս-դավաճան գաղափարաբանության առաջին զոհերը: Պարզ է նաեւ, որ ներքին այս աղետալի միջավայրից զատ արտաքին միջավայրն էլ բարենպաստ չէ: Պարզ է նաեւ, որ փնտրողը միշտ որեւէ ճանապարհ անպայման կգտնի:
Գաղտնիք չի, որ այսօր հայ ժողովուրդը շատ բարդ իրավիճակում է գտնվում եւ կանգնած է պետականությունը կորցնելու վտանգի դիմաց: Շատերն այս օրերին վերլուծաբան են դարձել եւ պետությունը փրկելու քողի ներքո փորձում են անձնական ձգտումները կյանքի կոչել: Վախկոտը հերոս է ձեւանում, սուտն ու ճիշտը խառնվել են իրար: Ամեն ոք իրեն իմաստուն է կարծում, ամեն անփորձ պատկերացնում իրեն պետությունը փրկող եւ նույնիսկ սգավոր մայրերի ցավն է շահարկվում: Ամենացավալին էլ այն է, որ վարկաբեկվում է մեր բանակը: Իսկ այդ ամենը հոգեպես սպանում է հերոսածին մայրերին, որոնք մտածում են, որ իրենց որդիները ոչ թե հայրենիքի հերոսական պաշտպանության, այլ պետական այրերի դավաճանության զոհ են: Յուրաքանչյուր ոք ԶԼՄ-ներում եւ այլ հարթակներում մի լուր այնպես է մատուցում, կարծես թե դրանում շարադրվածի ականատեսն է: Տեղեկատվական դաշտը խեղված է լուրերով եւ բամբասանքներով: Այնինչ, հարկավոր է միաբան լինել, չցածրացնել ու արժեզրկել մեր բանակն ու նրա հերոսական մաքառումները: Հասել ենք մի կետի, որ թշնամին մեզ դավաճան չի կոչում, մեր բանակն էլ դավաճանների հավաքածու չէ: Ինչ է, աշխարհի՞ն ենք ծիծաղեցնում մեր վրա, դա՞ է եղել մեր նպատակը: Իհարկե ոչ եւ երիցս ոչ:
1945 թ. խորհրդային զորքերի փայլուն հաղթանակների եւ զորավար Ժուկովի երկաթյա տրամաբանության արդյունքում Քեյթելը ստորագրեց Գերմանիայի անվերապահ կապիտուլյացիան: Սակայն եթե մենք չստորագրեինք համաձայնագիրը, մեր 30000 բանակը կընկներ շրջՔպՔտմՔն մեջ: Գուցե իսկապես ճիշտ է նաեւ, որ Շուշին անհնար էր պահել եւ Ադրբեջանի զորքը մտնում էր Ստեփանակերտ: Այդ դեպքում ինչպե՞ս բացատրել այն տրամաբանությունը, որ 26 տարի այդ պահին սպասող թուրքական երկու պետությունները երբ կարող էին իսպառ վերջ դնել հակամարտությանը եւ ամբողջովին գրավել Արցախը, անտրամաբանորեն ոչ միայն կանգ առան, այլեւ համաձայնվեցին, որ ռուսները կանգնեցնեն պՔտերՔզմը եւ Ռուսական ռազմաբազա մտցնեն իրենց պատկանող Արցախ: Միանգամայն ենթադրելի է, որ հայերը չէին պարտվել, իսկ ադրբեջանական զորքը հյուծվել էր ու այլեւս մարտունակ չէր, որն էլ ստիպեց Ալիեւին գնալ այդ քայլին:
Եթե իսկապես ազերի բանակը հաղթում էր եւ հայկական բանակը շրջապատման մեջ էր, ուրեմն Արցախը նոյեմբերի 9-ից հետո այլեւս չպիտի լիներ, այնինչ այժմ նա գծում է սահման մի երկրի, որը իբր իրենն էր եւ հիմա արդեն այդ երկրում երրորդ պետության զորքեր են: Ենթադրում եմ, որ այստեղ մութ եւ անտրամաբանակա բան կա: Այլապես ինչո՞ւ ռուսական զորքն այդպիսի կայծակնային արագությամբ տեղակայվեց Արցախում, որը ամենեւին էլ խաղաղապահ զորք չէ, այլ օդադեսանտային հատուկ զորամիավորում, դեռ ոչ մի տեղ խաղաղապահներին չի հաջողվել 1.5 օրում տեղակայվել անծանոթ երկրում: Կամ, ո՞րն էր տրամաբանությունը Ռուսական ամենաբարձր պաշտոնյաների արագ արձագանքման ջոկատի նման Հայաստան ժամանելն ու երկու կողմին թաքնված մեսիջ ուղարկելը, որ եթե որեւէ կողմ հրաժարվի համաձայնագրից, ապա արդյունքը կլինի պատերազմ ու արյունահեղություն; Ուշադրություն դարձրեք տրամաբանության բացակայությանը, քանի որ այդ մեսիջը ուղղված է նաեւ իրեն հաղթող համարող Ադրբեջանին: Եզրակացությունը մեկն էՙ հայկական բանակը զբաղեցնում էր ամուր ու զորեղ դիրքեր եւ դեռ կարող էր ոչնչՔցնել թշնՔմուն: Անկասկած, ռուսները թույլ դաշնակցի համար ուժեղ քայլ կատարեցին, բայց մեզ չեմ կարողանում հասկանալ եւ չեմ տեսնում ժուկովյան երկաթյա տրամաբանության աքսիոման, այստեղ ավելի շուտ ապացուցման կարիք ունեցող տրամաբանության թեորեմա է:
Պատերազմում կրած պարտությունը անկումային տրամադրություններ է առաջացրել, շատերն են խոսում արտագաղթի մասին: Հատկապես զավեշտալի է ինտելիգենտնիկների գրառումները մինչեւ վերջ կռվելու ու պատվով մեռնելու մասին: Նրանք հիմնականում բանակում չծառայածներ են եւ առիթը ներկայանալու դեպքում նորից պահի տակ կթռնեն: Մինչդեռ հարկավոր է գտնել եւ հանրությանն առաջարկել տարածաշրջանում Հայաստանի գոյատեւման բանաձեւը, քանի որ արդեն մի հազար տարի լավ գիտենք, թե թուրքն ով է, ու ինչ հակումներ ունի: Կռվելու եւ պատվով մեռնելու կարգախոսն այլեւս հնացած ու անընդունելի է: Ապագան կերտել է պետք գլուխն աշխատեցնելով, ինքնագովազդը կեղծ ազգասիրությամբ եւս անընդունելի է: Հարկավոր է գիտակցել վերջապես, որ հրեա ազգը, որը դարերով պետություն չուներ, այժմ ունի, որ Իսրայելի տարածքն անապատային է, չունի թանկարժեք մետաղ կամ նավթ, շրջապատված է արաբականՙ իրեն թշնամի պետություններով, գտնվում է Պաղեստինի տարածքում, ունի ռազմական հզոր արդյունաբերություն, բայց նրա հետ հաշվի են նստում բոլոր պետությունները: Որ Հայաստանը եւս շրջապատված է թշնամիներով, ունի որոշ քանակությամբ թանկարժեք մետաղներ, շատ բերրի հողեր եւ մեծ քանակությամբ խմելու քաղցր ջուր: Որ հայերը ամենախելացի ազգերից են, սակայն նման տխուր կարգավիճակ ունեն: Պատճառն այն է, որ հատվածական մտածողության կրողներ ենք, միասնական չենք, ունենք խելացի անհատներ, բայց ամբողջություն չենք կազմում, չենք լրացնում իրար, որից էլ շատ ենք տուժում եւ դա մեր խելքի (գիտելիքն ու խելքը չշփոթենք) պակասից է: Մեծ պոտենցիալ ունենք, որը չենք զարգացնում եւ կիրառում, կա՛մ ուրիշ երկրի համար ենք կիրառում: Այսօր սովորելն էլ արդեն հարգի չէ, որովհետեւ ներկայիս Հայաստանյան փողատերերը սովորելով չեն դիզել իրենց կապիտալը, այլ ավելի շատՙ չսովորելով:
Այժմ հարկավոր է թոթափել, ձերբազատվել անտանելի եզրույթներից, համատարած քայլեր ձեռնարկել պետությանը (եւ ոչ չինովնիկների) օգուտ տալու համար ու մի օր մեր մասին էլ յուրաքանչյուր երկրի քաղաքացի կարտահայտվի այնպես, ինչպես մենք հիմաՙ Իսրայելի մասին: Հստակ է մեկ բան. այսօր մենք նոր քաղաքական մտածողության կարիք ունենք: Այսօր երջանկահիշատակ Կարեն Դեմիրճյանի բառերով ասածՙ մեզ մուրճերի զարկ է հարկավոր, այլ ոչ թե ատամների կրճտոց, բարություն, այլ ոչ թե չարություն եւ նախանձ, համախմբում, այլ ոչ թե հաշիվների մաքրում: Հասարակությունը պետք է զգոն լինի, որպեսզի առանձին չկայացած մարդիկ պահը չօգտագործեն իրենց շահադիտական նպատակների, փառամոլության ծարավը հագեցնելու եւ վրեժխնդրության համար: Չմոռանանք նաեւ, որ ամեն Թալեաթ իր Թեհլիրյանն ունի եւ յուրաքանչյուր Էնվեր փաշա ունի իր Հակոբ Մելքումովը: