Քառասունչորսօրյա լարված պատերազմական գործողություններից, մարդկային եւ տարածքային վիթխարի կորուստներից հետո վերջապես Հայաստանում եւ Ղարաբաղում հաստատվեց տխուր մի խաղաղություն, որը Հայաստանի համար նույնքան վտանգավոր է, որքան պատերազմն էր: Վերականգնումը չափազանց դժվար է լինելու, քանի որ բանակը թուլացած է, եւ անկարող է պաշտպանելու երկրի սահմանները, տնտեսությունը քայքայված է, եւ մարդկային դժբախտությունն էլՙ անտանելիորեն ծանր:
Առաջին հերթին անհրաժշետ է, որ սգավոր ընտանիքները տիրանան իրենց սիրելիների դիակներին եւ պատշաճ ձեւով հողին հանձնեն նրանց: Ադրբեջանը ձգձգում է այդ եւ ռազմագերիների փոխանակման գործընթացները, որպեսզի ավելի մեծ ցավ պատճառի հայ ընտանիքներին:
Կործանարար պարտության քաղաքական հետեւանքները շատ ավելի ծանր են, քան հայրենի հասարակությունը կարող է տանել ներկայիս, հաշվի առնելով, որ այն զուգորդվում է նաեւ համավարակի պատճառած աղետով:
Հարցերը չափազանց շատ են: Արդյոք հնարավո՞ր էր խուսափել պատերազմիցՙ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարողանալո՞ւ է երկիրը դուրս բերել աղետալի ճգնաժամից եւ ձեռնամուխ լինել վերականգնողական աշխատանքների, պատերազմում իր անկարողությունը ցույց տալուց հետո:
Բայց առավել կարեւոր հարցն այն է, որ քաղաքական բնապատկերն է փոխվել կովկասյան տարածաշրջանում եւ հարցականի տակ է դրվել Հայաստանի գոյությունը որպես ինքնիշխան պետություն:
Տարածաշրջանի գլխավոր դերակատարներըՙ հանձինս Ռուսաստանի եւ Թուրքիայի, շատ լավ ամրացրել են իրենց դիրքերը: Ակներեւ է, որ պատերազմը երկու կողմերի համար էլ անհրաժեշտ լծակ էր հետապնդելու եւ հասնելու իրենց մարտավարական նպատակներին: Այժմ Հայաստանի ղեկավարների պարտականությունն է կազմել վերականգնման ճանապարհային քարտեզը, հաշվի առնելով հակամարտող կողմերի նպատակները: Դժբախտաբար խուսանավելու հնարավորությունները չափազանց փոքրացել են: Երկու պատճառներից մեկն այն է, որ երեք տասնամյակների ընթացքում Հայաստանը չի կարողացել պատշաճ մակարդակով կառուցել իր պաշտպանողական զորքերը, եւ երկրորդՙ բաց է թողել դաշնակցային հարաբերություններ հաստատելու դիվանագիտական հնարավորությունները:
Ադրբեջանի կողմից սանձազերծված ողբերգական եւ արյունալի պատերազմի ողջ ընթացքում միջազգային հասարակությունը ոչինչ չարեց բացի արջի ծառայություն մատուցելուց: Այժմ փրկությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեռքերում է, որ պատերազմի ընթացքում մեկուսացվել էր Ռուսաստանի եւ Թուրքիայի կողմից:
Սակայն պարզվում է, որ «բուժումն» ավելի վատ է, քան «հիվանդությունը»: Իրենց «անհրաժեշտ» պատերազմը սանձազերծելուց հետո, Ռուսաստանն ու Թուրքիան պատասխանատվության բաժինը թողել են ԵԱՀԿ-ի ուսերին, որն էլ անցյալ շաբաթ համատեղ հայտարարություն է հրապարակել, որի տակ ստորագրել են Մինսկի խմբի համանախագահող երկրներիՙ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի արտգործնախարարները:
Մինչ Հայաստանը կփորձի մեկնաբանել եւ իրագործել պատերազմի ավարտը ամրագրող նոյեմբերի 9-ի փաստաթղթի դրույթները, ԵԱՀԿ-ի հայտարարությունը առավել մթագնում քաղաքական կացությունը: Այդ փաստաթուղթը անհրաժեշտ է մասերի բաժանել եւ քննարկել դրանում ընդգրկված յուրաքանչյուր նախադասություն եւ ենթատեքստ:
Համանախագահները այդ հայտարարության մեջ ողջունում են հրադադարը եւ անուղղակիորեն իրենց երախտիքն են հայտնում Ռուսաստանին այդ նախաձեռնության համար: Այնուհետեւ նրանք կոչ են անում փաստաթուղթը ստորագրող կողմերին ջանասիրաբար կատարելու իրենց պարտավորությունները եւ ընդունելու, որ պատերազմում մասնակցել են նաեւ օտար վարձկաններ: Նրանք պահանջում են, որ այդ վարձկանները ամբողջ կազմով եւ արագ հեռանան տարածաշրջանից եւ կողմերին հորդորում են դյուրացնել նրանց դուրս բերումը: Այս նախադասությունը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի փաստաթղթի ամենացինիկ արտահայտությունն է, որովհետեւ նա չի նշում Թուրքիայի անունը, որ անօրինաբար մարտադաշտ բերեց այդ վարձկաններին եւ այնուհետեւ ավելի ցինիկ տոնով «կողմերին հորդորում է դյուրացնել նրանց դուրս բերումը տարածաշրջանից», այդպիսով պատասխանատվությունը բարդելով բոլոր կողմերի վրա:
Հայաստանի կառավարության պարտականությունն է բուռն կերպով դատապարտել ուսերին բարդված քաղաքական այս անարդար բեռը:
Հաջորդ հարցը «միջազգային մարդասիրական իրավունքի խնդիրն է», մասնավորապես ռազմագերիների եւ զոհվածների դիակների փոխանակման խնդիրը: Միջազգային Կարմիր խաչի եւ Հայաստանի կառավարության կոչերն այդ հարցում մնացել են անպատասխան Բաքվի իշխանությունների կողմից: Ինչպե՞ս են արձագանքում համանախագահողներն այս անտարբերության աղաղակող փաստին, ի՞նչ միջոցների են դիմում: Ոչ մի նշում չկա իրենց փաստաթղթում:
Համանախագահողները նաեւ «ընդգծում են Լեռնային Ղարաբաղի եւ նրա շուրջը գտնվող պատմական եւ կրոնական ժառանգությունների պահպանման կարեւորությունը»: Այս հարցի վերաբերյալ հավաստիացումներ ենք ստացել նախագահ Վլադիմիր Պուտինից, որ իր անձնական վերահսկողության տակ է վերցնում դրանք: Բայց նախագահ Ալիեւն այդ հավաստիացումները ծաղրի է ենթարկել Քելբաջարում գտնվող ամենապատմական հայկական վանքերիցՙ Դադիվանքում որպես վերակացու նշանակելով Ուդի աղանդին պատկանող կեղծ մի կրոնավորի:
Մի խոսքով, այն ինչ ներառված է փաստաթղթում, վրդովեցուցիչ է: Բայց այնՙ ինչ չի ներառված այնտեղ, առավել աղետալի է, որովհետեւ թերագնահատում է այն արժեքները, որ Մինսկի խումբը մինչ օրս պաշտպանում էր: Խոսքն անշուշտ Ղարաբաղի իրավական կարգավիճակի մասին է:
Ղարաբաղի ազատագրման նախորդ պատերազմի ավարտից ի վեր Մինսկի խումբը շարունակում էր բանակցություններ վարել որոշակի սկզբունքների հիման վրա: Այդ սկզբունքները վերցված էին Հելսինկիի հայտարարության վերջնական օրենքից, որ պահանջում է զերծ մնալ ուժի գործադրումից, համալրել տարածքային ամբողջականությունը եւ հարգել Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը:
Համանախագահների ներկա փաստաթուղը ոչ մի նշում չի պարունակում այս սկզբունքների վերաբերյալ: Ոչ էլ դատապարտում է այդ սկզբունքները խախտողին: Ադրբեջանը, հակամարտությունը ուժի միջոցով կարգավորելու իր գործադրությամբ խախտել էր առաջին սկզբունքը: Այս մասին ոչ մի ակնարկ չկա Մինսկի խմբի փաստաթղթում:
Խախտելով առաջին սկզբունքըՙ Ադրբեջանը հասավ երկրի տարածքային ամբողջականությունը պահպանելու իր նպատակին, բայց դրանով իսկ օրինազրկեց երրորդ սկզբունքը: Այնպես որ, եթե Ադրբեջանը արդեն «գործադրել» է սկզբունքներից երկուսը, ԵԱՀԿ-ին մնում է փրկել երրորդ սկզբունքը, որն էՙ սահմանել Լեռնային Ղարաբաղի օրինական ինքնորոշման կարգավիճակը: Եվ քանի որ փաստաթղթում երրորդ սկզբունքի մասին ոչ մի նշում չկա, ապա հարց է առաջանում, թե ինչու վերադառնալ ԵԱՀԿ-ի շրջանակներում բանակցությունների գործընթացին, երբ խախտվել են երկու սկզբունքներն ու զրոյականի վերածվել երրորդը:
Կարեւոր է իմանալ ու պարզել, թե համանախագահներից ո՞ր մեկն է դեմ եղել կարգավիճակի հարցը օրակարգում ներառելուց: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու արտգործնախարար Սերգեյ Լավրովը վերջերս նշում էին, որ կարգավիճակի հարցը որոշված չէ եւ դրան պետք է անդրադառնալ հետագայում:
Հետաքրքրական է, որ Ֆրանսիայի եւ Միացյալ Նահանգների դիրքորոշումները արտահայտված չեն փաստաթղթում: Ֆրանսիայի Սենատն ու Ազգային ժողովը վերջերս միաձայն ընդունեցին Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու բանաձեւը: Նախագահ Մակրոնն էլ քննադատեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ղարաբաղյան պատերազմում օտարերկրացի վարձկաններ ներգրավելու համար: Իր հերթին, Մ. Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպման նիստում խստիվ մեղադրեց Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն Արեւելյան Միջերկրականում ապակայունացնող գործողություններ ծավալելու եւ Ղարաբաղում վարձկաններին օգտագործելու համար:
Այս քաղաքական դիրքորոշումներից ոչ մեկը ընդգրկված չէ Մինսկի խմբի փաստաթղթում:
Մինչդեռ BBC-ին տված իր հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նշեց, որ հայերը բաց են թողել Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծելու հնարավորությունը եւ ներկայիս շատ ուշ է դրան անդրադառնալը: Ղարաբաղի հայերին կտրվի ադրբեջանական քաղաքացիություն, եւ նրանք ավելի բարձր աշխատավարձ եւ թոշակ կստանան, քան Հայաստանը կարող է ապահովել: Նման հայտարարություններ կատարեց նաեւ Ադրբեջանի արտգործնախարար Ջայհուն Բայրամովը:
Փաստը, որ Մոսկվան առկախում է իրավական կարգավիճակի հարցը, խոսում է թաքուն դրդապատճառների մասին: Ռուսաստանը ցանկանում է հայերին առաջարկել իր քաղաքացիությունը, օգտագործելով այն նույն մեթոդը, որով մուտք գործեց Աբխազիա եւ Հարավային Օսեթիա, այսինքնՙ մշտական իրավունք վերապահելով իրեն պաշտպանելու իր օրինական քաղաքացիներին, եթե Ադրբեջանը մի օր որոշի իր տարածքից հեռացնելու ռուսական զորքերին: Միջազգային գործերի ռուսական խորհրդի պարբերականում տպագրված հոդվածում Պիետրո Շաքարյանը նշում է, որ համաձայն ռուսական իդեալական սցենարի, Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը կորոշվի չեզոք, անկողմնակալ ձեւով: «Եթե Կրեմլը իրոք արդար եւ մշտական լուծում է ցանկանում տալ այս ձգձգված խնդրին, ապա նա կարող է այդ տարածքը պահպանել որպես անկախ մի միավորիՙ ռուսական խաղաղապահների վերահսկողության ներքո, թույլ տալով, որ հայերն ու ադրբեջանցիները միասին ապրեն կողք-կողքի:
Հայերը ոչ միայն պարտվեցին պատերազմում, այլ ստիպված են դիմակայելու նաեւ խաղաղության հաստատման մռայլ հետեւանքները:
Հակառակ ժխտումներին, Թուրքիան շարունակում է հայտարարել, որ խաղաղապահ ուժերին ինքն էլ է մասնակցելու: Նա արդեն մտադիր է հայտնվելու ղարաբաղյան զորքերից վերագրավված տարածքներում: Սա նշանակում է, որ թուրքական ներկայությունը չի սահմանափակվելու սոսկ այսպես կոչված «վերահսկողական կետնրոնում» իր ներգրավվածությամբ:
Ահազանգող է նաեւ այն, որ Ռուսաստանը համաձայն է նման մի «վերահսկողական կենտրոն» էլ ստեղծելու Ղրիմում: Հարց է առաջանում, եթե Ռուսաստանը այդքան թույլ է ու հաշտվողական, կամ համակերպվող, ապա որքա՞ն վստահելի կարող են լինել նրա խաղաղության երաշխիքները:
Եթե Մինսկի խումբը վերադառնալու է բանակցությունների գործընթացին որպես ուղեցույց ունենալով դեկտեմբերի 3-ին ստորագրված այս փաստաթուղթը, ապա նշենք, որ սխալ քայլերով է ընթանում եւ հարվածում է իր իսկ առաջադրած սկզբունքներին:
Անգլ. թարգմանեցՙ ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ (The Arm. Mirror-Spectator)