Հարցազրույցը վարեց ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆԸ
Հարցազրույցՙ ՀՀ-ում Ղազախստանի դեսպան ԹԻՄՈՒՐ ՈՒՐԱԶԱԵՎԻ հետ
«Երբ միմյանց լավ ենք ճանաչում եւ դա վերաբերում է թե՛ մշակույթին, թե՛ պատմությանը եւ աշխարհագրությանը, ապա դա նաեւ նպաստում է երկկողմ տնտեսական աճին, ապրանքաշրջանառության ավելացմանը»:
ԹԻՄՈՒՐ ՈՒՐԱԶԱԵՎ
– Պարոն դեսպան, կար ժամանակ, երբ մենք մեկ Միության անդամ էինք, սակայն հետխորհրդային շրջանում կապերը նվազեցին ու արդեն ժամանակի ընթացքում խնդիրներ առաջացան նաեւ միմյանց ճանաչման հարցում: ՀՀ-ում Ղազախստանի դեսպանատունը մեծ աշխատանք է իրականացնում այդ ուղղությամբՙ մշակութային, քաղաքական, տնտեսական կապերի ամրապնդման համար: Սակայն, չնայած այդ աշխատանքին, իսկ մենք Ղազախստանի հետ նաեւ ՀԱՊԿ եւ ԵԱՏՄ անդամ պետություններ ենք, այնուամենյանիվ իրար ճանաչելու ու հասկանալու համար հսկայական ճանապարհ կա անցնելու: Ըստ Ձեզ ի՞նչ է հարկավոր այս ուղղությամբ իրականացնել:
– ՀՀ-ում Ղազախստանի ամբողջ աշխատանքը ուղղված է նրան, որ խորացնենք երկկողմ հարաբերությունները ամեն մի ոլորտում, աշխատանքներ իրականացնենք բոլոր ուղղություններով, այդ հարաբերությունները աճեն թե՛ դեպի վեր եւ թե՛ դեպի խորություն: Սակայն, մինչ այդ նկատեմ, որ մենք ձեզ հետ միասին հանդիպել ենք մի ժամանակաշրջան, երբ Ղազախստանում տոնվում են դեկտեմբերյան միանգամից երկու կարեւոր տոն: Դեկտեմբերի 1-ին մենք տոնում ենք առաջին նախագահի տոնը, քանի որ նրա ներդրումը Ղազախստանի կայացման եւ հզորացման մեջ անգնահատելի է, անցած տարիների ընթացքում մեր երկիրը աճել է անգամներ եւ ես համոզված եմ, որ առաջին նախագահիՙ Նուրսուլթան Նազարբաեւի դերը Ղազախստանի հզորացման ու բարգավաճման մեջ անգնահատելի է, ու հատկապես այն հաջողություններում, որոնք մեր պետությունը գրանցել է թե՛ արտաքին եւ թե՛ ներքին քաղաքականության մեջ:
Ղազախստանի տնտեսությունը ամենախոշորներից է նախկին ԽՍՀՄ հանրապետություններում, դե իհարկեՙ Ռուսաստանից հետո, այն մեծ է Ուկրաինայի տնտեսությունից, Բելառուսից եւայլն: Մեր երկրի ՀՆԱ-ն ավելի մեծ է, քան Կենտրոնական Ասիայի մի շարք պետությունների տնտեսությունները միասին վերցրած: Ես գլուխ չեմ գովում, այլ փաստերով ուզում եմ ցույց տալ, թե ինչի կարող է հասնել պետությունը գրագետ ու հմուտ առաջնորդի կառավարման պայմաններում:
Եվ բնական է, որ Ղազախստանի նախաձեռնությունները, այդ թվում նաեւ միջազգային, Նազարբաեւի գլխավորությամբ, արգելվեցին Սեմիպալատինսկում միջուկային փորձարկումները, հրաժարումը միջուկային զենքից եւ այլն, նպաստեցին պետության հզորացմանը:
Անակախության տարիներին Ղազախստանի տնտեսությունում ներդրումները կազմել են մոտ 330 մլրդ դոլար, ու այստեղ մենք խոսում ենք արտասահմանյան ուղղակի ներդրումների մասին: Պարզ է, որ առանց արտասահմանյան ներդրումների հնարավոր չէր լինի բարձրացնել տնտեսությունը եւ կառուցել հզոր պետություն: Ներդրումների խթանման համար մենք ստեղծեցինք ներդրումային լավագույն մթնոլորտը: Արտասահմանյան ներդրողը գալիս է մեզ մոտ, որովհետեւ այսօր մեր երկիրը հենվում է գրագետ ու լավ օրենսդրական բազայի վրա, լավ որակի աշխատանքային ռեսուրսների, գիտակրթական լավ բազայի վրա եւայլն: Օրինակ, Նազարբաեւ համալսարանը աշխարհի լավագույն համալսարանների ցանկում է:
Այսինքն անցած 29 տարները մենք անցանք բավականին լավ տեմպերով, բարձրացանք համաշխարհային տնտեսության մեջ, լավ արդյունքների հասանք: Ճիշտ է, 2020թ.-ին, համավարակի պայմաններում, մենք ունեցանք խնդիրներ, սակայն կարողացանք պահպանել միջտրանսպորտային փոխադրումները, եւ, օրինակ, Հայաստան-Ղազախստան առեւտրաշրջանառությունը այս տարվա 4 ամիսներին աճել է 47 տոկոսով, ինչը լավ արդյունք է:
Համավարակի պայմաններում մենք կարողացանք ավելացնել միջին աշխատավարձը Ղազախստանում, նախագահի հրամանով պահպանեցինք փոքր բիզնեսի համար հարկային արձակուրդները 3 տարով եւայլն: Սոցիալապես անապահով եւ աշխատանքը կորցրած ընտանիքներին տրվում են փոխահատուցումներ, սոցիալական օգնությունները շարունակվում են:
Եվ, բնականաբար, դեկտեմբերի 16-ին մենք տոնում ենք անկախության հերթական 29-րդ տարեդարձը եւ փորձում ենք հասկանալ, թե ինչի ենք հասել այս տարիների ընթացքում: Եվ համեմատ ԱՊՀ մյուս երկրների, մենք լավ արդյունքներ ունենք: Օրինակ, անցած տարիներին մեր տնտեսական աճը միջինը կազմել է 4 տոկոս տարեկան եւ միայն այս տարի աճի այդ տեմպը կարող է դանդաղել եւ կազմել 2,2 տոկոս, ինչը նույնպես լավ արդյունք է համամետած այլ պետությունների:
– Ղազախստանի տնտեսական աճը իհարկե տպավորիչ է. դուք նշեցիք, որ մեր երկրների ապրանքաշրջանառությունը աճել է 47 տոկոս, ինչը լավ է, թեեւ ընդհանուր առմամբ այն մեծ թիվ չի կազմում: Եթե երկկողմ ճանաչողությունը զարգանա եւ խորանա, թե՛ մշակութային, թե՛ պատմական եւ այլ ուղղություններով, արդյոք այն կնպաստի՞ նաեւ երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացմանը:
– Դուք ճիշտ հարց տվեցիք, քանի որ, եթե միմյանց լավ ենք ճանաչում, ու դա վերաբերում է թե՛ մշակույթին, պատմությանը եւ աշխարհագրությանը, ապա դա նպաստում է նաեւ երկկողմ տնտեսական աճին, ապրանաքաշրջանառության ավելացմանը եւայլն: Օրինակ, այսօր Ղազախստանը արտադրում եւ արտահանում է տրասֆորմատորներ, էլկտրասարքեր, մետաղյա իրեր, եւ բնական է, որ հայ բիզնեսմեններըՙ շինարարական ընկերությունները եւ այլն, կարող են ավելացնել երկկողմ ապրանքնաշրջանառությունը:
Մենք, դեսպանատունը, տարին 3 անգամ տալիս ենք վիճակագրություն Ղազախստանի արտահանման հնարավորությունների մասին, մենք հայ ներդրողներին ասում ենք, որ կան հետաքրքրական ներդրումային ծրագրեր, եկեք եւ ծանոթացեք: Այդ մասին լավ գիտի նաեւ Ղազախստանի հայկական համայնքը:
– Ղազախստանում գործող հայկական համայնքը կարող է դրական դեր խաղալ, խթանիչ լինել երկկողմ հարաբերությունների, այդ թվում առեւտրաշրջանառության աճի համար:
– Ղազախստանում բնակվում է մոտ 30 հազար հայ, որոնցից կեսը Ղազախստանի քաղաքացիներ են , իսկ մնացածը ժամանակավոր, սեզոնային միգրանտներ, որոնք գալիս են որոշակի աշխատանքներ իրականացնելու համար:
Մեր երկիրը լավ պայմաններ է ստեղծում աշխատանքային միգրատների համար, դա, ինչպես գիտեք, ԵԱՏՄ-ի աշխատանքի ուղղություներից մեկն է եւ ղազախական շատ ընկերություններ ներգրավում են հայ աշխատողներին տարբեր աշխատանքների մեջ: Ի դեպ, Ղազախստանը 3-րդ տեղն է գրավում, ՌԴ-ից եւ ԱՄՆ-ից հետո, դեպի Հայաստան տրանսֆերների փոխանցման ծավալների առումով: Տարեկան միջինը 25-40 միլիոն դոլար է փոխանցվում դեպի Հայաստան:
Սակայն հույս դնել միայն հայկական համայնքի վրա, թե դա կլինի խթանիչ, ճիշտ ուղղություն չէ, պետք են ավելի լայն բիզնես կապեր զարգացնել, ոչ միայն ազգային կապերի, այլեւ ավելի լայն ընդգրկմամբ եւ սկզբունքով, ինչ կապ ունի թե դու ինչ ազգության ես, պետք է ստեղծել լայն, համակարգված բիզնես համակարգեր:
– Բիզնես զարգացման համար կարեւոր է նաեւ կապերը կառավարությունների միջեւ, որոնք կստեղծեն այդ ճանապարհները, ինչը կնպաստի երկկողմ առեւտրաշրջանառության աճին:
– Մենք ստեղծել ենք միջկառավարական հանձնաժողով, որը ցավոք սրտի վերջին շրջանում, պայմանավորված սկզբում համավարակով, հետո պատերազմով, չէր աշխատումՙ հետաձգվում է այդ հանձնաժողովի աշխատանքը: Ես միշտ հրավիրում էի հայկական ընկերություններին, որոնց հետ նստում եւ քննարկում ենք, թե ինչ ուղղություններում, ինչ բնագավառում կարելի է ներդրումներ իրականացնել: Ճիշտ է, այստեղ ճանապարհների, լոգիստիկայի խնդիր կա, մենք չունենք ընդհանուր սահմաններ եւ այլն: Պետք է նկատեմ, որ մեր առեւտրային առաջարկները մասամբ համընկնում են նաեւ ՌԴ-ի առաջարկների հետ եւ հասկանալի է, որ ՀՀ-ի համար Ռուսաստանից ներկրում անելը ավելի ձեռնտու է:
Բայց պետք է շեշտեմ, որ ներկրումներըՙ հատկապես էլեկտրական սարքավորումների, շինարարական, մետաղական ապրանքների, հրուշակեղենի եւ այլն, Ղազախստանից դեպի ՀՀ աճում է: Ներկայումս սկսում ենք նավթամթերքներ, կաուչուկ, տարբեր տեսակի մեքենաշինական յուղերի ներկրումը դեպի ՀՀ:
ՀՀ-ի արտահանումը դեպի Ղազախստան հիմնականում ալկոհոլայինՙ կոնյակ, գինի, ապրանքներ են, ոսկերչական, կա նաեւ, ոչ մեծ չափով, դեղագործական, ծխախոտային ապրանքների ներկրում, եւայլն: Անցյալ տարի երկկողմ շրջանառությունը եղել է շատ ցածր, մոտ 9 միլիոն դոլարի շրջանակներում, սակայն այս տարի աճը կազմում է մոտ 50 տոկոս: Բայց նկատենք, որ ընդհանուր առմամբ դա քիչ է, եւ առեւտրաշրջանառությունը այս տարի կկազմի մոտ 13-14 միլիոն դոլար:
Մենք հույս ունենք, որ պատերազմի դադարեցումը, նոյեմբերի 9-ի հայտարարության կնքումը, կարող է նպաստել սահմանների բացմանը եւ նոր հնարավորությունների ստեղծմանը երկկողմ հարաբերությունների զարգացման առումով:
– Քանի որ խոսքը եղավ Ղարաբաղյան հիմնահարցի մասին, մենք գիտենք, որ ժամանակին, օրինակ, 1991թ-ին, Ղազախստանը շատ ակտիվ միջնորդական առաքելություն էր իրականացնում, հիշենք թեկուզ Նազարբաեւի եւ Ելցինի այցը Երեւան, Բաքու, ինչը շատ կարեւոր էր խաղաղության հաստատման համար: Եվ հետագայում էլ Ղազախստանը բավականին հավասարակշիռ դիրքորոշում ուներ այս հարցում. արդյոք վերջին իրադարձություններից հետո կարո՞ղ է ինչ-որ փոփոխություն լինել:
– Ղազախստանի դիրքորոշումը խնդրի լուծման շուրջՙ փոփոխության չի ենթարկվել, որովհետեւ Ղազախստանը միշտ էլ ունեցել է բաց, թափանցիկ, ազնիվ ու հավասարակշիռ դիրքորոշում: Դուք նշեցիք, որ 90-ի սկսզբին Նազարբաեւը եւ Ելցինը եղան Երեւանում, Բաքվում, Ստեփանակերտում խաղաղարար միջնորդությամբ, եւ այն ժամանակ շատ բան արվեց դրա համար: Հնարավոր եղավ ընդունել1991 թ. սեպտեմբերի 23-ի հայտարարությունը, որը կողմերին կոչ էր անում խաղաղ բանակցություններով լուծել խնդիրը:
Ի դեպ, այդ հայտարարության նմուշը ես տեսել եմ Նազարբաեւի կողմից գրչով կատարված ուղղումներով:Այդ հայտարարությունը հետագայում նպաստեց, այդպես կոչված Բիշքեկյան զինադադարի կնքմանը: Ղազախստանը իսկզբանե ունեցել է ազնիվ, բաց դիրքորոշում, եւ մենք երկու կողմերին էլ կոչ ենք արել խնդիրը լուծել առանց ռազմական գործողությունների, առանց ռազմատենչ հեռետորաբանության եւայլն:
Մեր դիրքորոշումը հիմնված է եղել երկու սկզբունքների վրա. հարցը պետք է լուծել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխանի որոշումների հիման վրա եւ Մինսկի խմբի համանախագահների բանակցային գործընթացի շրջանակում, սակայն որոշումները պետք է լինեն իրական, այլ ոչ թե ձեւական, եւ այս հարցում մենք պետք է շարժվենք հիմք ունենալով միջազգային իրավունքի սկզբունքները:
Հատուկ ուզում եմ շեշետել, որ այս հակամարտության ժամանակ Ղազախստանի ԱԳՆ-ն երկու անգամ հանդես եկավ հայտարարությամբ, դեռ սեպտեմբերի 27-ին կոչ արեց դադարեցնել ռազմական գործողությունները եւ մենք առաջարկեցինք հարթակՙ «Ասիայում փոխհարաբերությունների եւ վստահության միջոցների հաստամանը խորհրդակցություն» կառույցը, որտեղ մենք նախագահում ենք:
Ի դեպ, շուտով այն կձեւավորվի որպես ամբողջական կազմակերպություն, դրան անդամակցում են արաբական երկրները, Իսրայելը, ինչպես նաեւ Հայաստանը եւ Ադրբեջանը: Շատ երկրներ են անդամակցում այս կառույցին, որոնք միմյանց միջեւ խնդիրներ ունեն ու նպատակՙ որպեսզի Եվրասիական մայրցամաքում լինի վստահություն եւ խաղաղություն:
Երկրորդ հայտարարությունը արեցինք նոյեմբերի 11-ին, որտեղ հատուկ շեշտեցինք ՌԴ-ի դերի խաղաղության հաստատման գործում, հաջորդ օրը մեր նախագահ Տոկաեւը խոսեց Պուտինի հետ եւ շեշտեց թե՛ Պուտինի եւ թե՛ ռուս խաղաղապահների դերի կարեւորությունը խաղաղության հաստատման համար:
– Այս առումով մի հարց եւս, մենք գտնվում ենք մի տարածաշրջանում, երբ մեր շուրջ կան հակամարտություններ, պատերազմներ, որտեղ ընդգրկված են նաեւ ահաբեկչական կազմակերպություններ: Ինձ հայտնի է, որ ՄԱԿ-ում Ղազախստանի նախագահության շրջանում ձեր երկիրը առաջ քաշեց նախաձեռնություն, որը կոչվում է Ահաբեկչությունից ազատ, խաղաղությանը հասնելու վարքագծի կոդեքս: Ես գիտեմ, որ 80-ից ավելի երկրներ ստորագրել են, սակայն ՀՀ-ն այդ ստորագրողներից չի: Ինչքանով է կարեւոր ՀՀ-ի կողմից նմանատիպ նախաձեռնություններին միանալը, քանի որ ահաբեկչության խնդիրներին բախվում ենք նաեւ մենք:
– Մերձավոր Արեւելքում սկսված անհանգստությունները ազդեցին նաեւ Ղազախստանի վրա, քանի որ մեր երկիրը հայտնվեց այդ ահաբեկչության վտանգի տակ: Ցավոք սրտի, մեր շատ քաղաքացիներ հայտնվեցին ահաբեկչական այդ կառույցներում, որտեղ կային նաեւ ընտանիքներՙ կանայք, երեխաներ եւայլն:
Ղազախստանը բախվեց մի խնդրի, եւ երբ այն սկսեց իրեն սպառնալ, մենք 2015թ. ՄԱԿ-ի նստավայրում Նազարբաեւն առաջարկեց ընդունել կոդեքս ահաբեկչության կանխարգելման համար եւ ստեղծել համընդհանուր, միջազգային ահաբեկչությունը կանխարգելելու կանոններ: ՄԱԿ-ի անդամ երկրների կեսից ավելին միացան դրան, հետեւաբար ես առաջարկում եմ նաեւ ՀՀ-ին միանալու այդ կոդեքսին եւս:
Այդ կոդեքսը սահմանում է եւ մենք կարող ենք փորձել տարբերակել ու հասկանալ, թե ով է ահաբեկիչը, ով է ապստամբը եւ այլն: Ես կարծում եմ, որ այս կոդեքը կարեւոր է ոչ միայն ՀՀ-ի համար, այլեւ տարածաշրջանի բոլոր երկրների, քանի որ հարկավոր են ընդհանուր կանոններ, որոնք պետք է պարտադիր լինեն բոլորի համար: Բնականաբար Ղազախստանը շահագչգռված է այդ կոդեքսի ընդունմամբ:
Անցած տարի Ղազախստանը Սիրիայից էվակուացրեց իր քաղաքացիներինՙ մոտ 450 տղամարդ եւ կին, որոնցից շատերը, հատկապես կանայք եւ երեխաները, հասել էին այնտեղ իրենց կամքից անկախ: Այդպիսիք 50-ից 60 հոգի էին, որոնք արմատական իսլամիստներն էին, մնացածըՙ նրանց ընտանիքի անդամները եւայլն: Հասկանալի է, որ ահաբեկիչները դատապարտվեցին, սակայն նրանց ընտանիքի անդամները անցան վերականգնողական որոշակի կենտրոներով եւ վերադարձան բնականոն կյանքի:
Այս առումով ուզում եմ շեշտել, որ սա ամենամասշտաբային էվակուացիան էր, որը կազմակերպվել է մեկ առանձին վերցված պետության կողմից: