Այսպիսի Հայաստան չենք տեսել եւ չենք պատկերացրել երկրի անկախությունից ցայսօր: Բառեր, էպիտետներ չկան նկարագրելու տիրող անորոշությունը, անվստահության մթնոլորտը, մարդկանց կոտրվածությունն ու հուսահատությունը, հիասթափությունը բոլորից եւ ամենքից: Մանավանդՙ երեկվա Բաքվի զորահանդեսից հետո, երբ Ալիեւն ասում էրՙ Զանգեզուրը, Երեւանն ու Սեւանը մեր պատմական հողերն են, Էրդողանն էլ, Էնվերի եւ մյուսների գործած եղեռնագործությունից 100 տարի անց խոսում էր Էնվեր փաշայի հոգու փառավորվելուց, սա թող հայերիս վերջին նախազգուշացումը լինի:
Պետական ինստիտուտները ավտոպիլոտով են աշխատում, թվում էՙ ոստիկանությունից բացի էլ ոչ մի կառույց չգիտե անելիքը, երկրի մի կեսըՙ զույգ կաթողիկոս ու գործող նախագահն էլ գումարած, պահանջում են վարչապետի հրաժարականը, վարչապետը համառում է, հրաժարական չի տալիս եւ պաշտոնյա է հանում-նշանակում, Ազգային ժողովում հանգիստ պատասխանում է հարցերին: Ազգային ժողով պատահական ընկած եւ իրավիճակից անտեղյակ մարդը կարող է մտածել, որ այս երկրում 5 հազարից ավելի զոհեր, 10 հազարից ավելի վիրավորներ չեն եղել, Արցախի մեծ մասը թշնամուն չի հանձնվել, եւ միայն փողոց դուրս գալուց հետո հանրահավաքավորների, գերի ընկած ու անհայտ կորած զինվորների խելագարված ծնողների բողոքի գործողությունները տեսնելով կգիտակցի զուգահեռ երկու հայաստանների ողջ ողբերգականությունը:
Երկիր, ո՞ւր են անդրանիկներդ, որ ձեռքը կխփեն սեղանին ու կդառնան խիղճդ (նրանք չէ, որոնք էդ անունը կրելովՙ ԱԺ ամբիոնից խոսում են քո պարտվելուց, թուրքի հետ երկխոսելու պարտադրանքից, չնայած թուրքը դանակով դեռեւս ողջ զինվորիդ որովայն ու կրծքավանդակ է բացում), ո՞ւր են նժդեհներդ, որ թքած կունենան ամեն իզմի վրաՙ միայն թե երկիրդ պաշտպանենՙ անբարոյական անվանելով իրեն երջանիկ զգացող անհայրենիքներին, ո ՞ ւր են քչախոս-գործիմաց գեներալներդ, որ նյութապաշտ չեն ու մեն-միՙ հող պահելու գերխնդիր ունեն ու կարող են անգամ օրհասական պահին երկրի ղեկավարներից հայրենիք չհանձնելու պահանջ ներկայացնել:
Էս ի ՞նչ է կատարվում քեզ հետ, երկիր: Նույնիսկ WarGono-ն է զգուշացնում, թե Ալիեւը խառնակ վիճակից օգտվելովՙ էլի ուզում է հող պոկելՙ այս անգամ Հայաստանից, էլի չես սթափվումՙ խոր ապատիայի մեջ բթացած: Սահման պահող տղերքդ «լայվ» են մտնում ու ասումՙ եկեք մեզ հերթափոխ, հոգնած ենք, գոնե մի երկու օր գանք հանգիստ քնենք, հերթափոխ գնացող չկա, բա էս ինչքան մարդ է գոռում հայրենասիրության մասին, համացանցում որքան ցանցային հայրենասերներ կան:
Արցախյան այս պատերազմում զոհվածներիդ թիվն անընկալելի մեծության էՙ երեկ Ազգային ժողովում փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ասած թվերը որ գումարում ես արդեն հրապարակվածներին, մարդու արյուն է սառչում երակներում, դեռ նույ-նա-կա-նաց-նում են, ու ոնց հասկանում եմՙ այդ թիվը 5 հազարն էլ կանցնի: Ախր դա թիվ չէՙ այդքան ընտանիքի դժբախտություն է, այդքան չծնված երեխաներ են, այդքան կործանված ճակատագրեր են, այդքան շենացնողով նվազած երկիր է:
Գերիներիդ թիվն էլ պարզ չէ, ու պարզ չէ անգամՙ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով որքանի՞ն կվերադարձնի հմուտ խաբեբա Ալիեւը, թե կխաբի, կչքմեղանա, որ իր մոտ չեն ու մեծ մասին կպահի ու կտանջիՙ մինչեւ դուք փաստեր եք փնտրում գերիների ինքնության վերաբերյալ, ասես զորակոչված զինվորների ցուցակ չունեք, եւ ով չի գտնվելՙ պոտենցյալ գերի է, նրա անուն- ազգանունը պետք է հանձնել միջազգային կառույցներին, նրան պետք է պահանջել Ալիեւից:
Համատարած վիշտը, ցավը, ցասումն ու ընկճվածությունը մարդկանց դեմքին են, ու չի կարելի այդ որակի մարդկանց խմբերից սպասել համարժեք գործելակերպ, այս պահին հարկավոր վճռականությունը բոլոր գործերում:
Հայեր, ի՞նչ է կատարվում ձեզ հետ, սահմանը թողել եք տեղական ջոկատների հույսին (հա սահմանը երկարել է, բայց հո ուրիշը չի՞ պաշտպանի մեզ), գերիներիդ ու անտառում (հուսով ենքՙ դեռ ողջ) տղաներին անտեր թողածՙ ընկել- խորհրդարանում կուսակցությունների մասին օրենք եք ընդունում, թե ավելի ժողովրդավար ընտրություններ, թափանցիկ ֆինանսական վերահսկողության մեխանիզմներ ու էլի եսիմինչՙ ի ՞նչ ժողովրդավար, չտեսա ՞ք ժողովրդավարությունն այն երկրների, որոնց աչքի տակ մեր տղերքը զոհվեցին ու մեր հայրենիքը հանձնվեց, իսկ նրանք ժողովրդավարաբար նայում էին սոսկ: Միթե կարծում եք, որ էս վիրավոր ժողովրդի խելքն ու միտքն ընտրություններն են, կամ ինչ-որ թղթյա օրենք շատերիս մեջ նստած շահամոլին փոխելու է: Կամ ԿԲ խորհրդի անդամ եք ընտրում, հաշվեքննիչ պալատի անդամ (չընտրվեց), ու ընդհանրապեսՙ ձեւ եք անում, որ ոչ մի բան էլ չի եղել: Վերջացրեք, ավելի լավ էՙ բոլորդ, պատգամավոր ու պաշտոնյա ելեք գնացեք Արցախ, ղեկավարեք տղերքին անտառներից հանելու գործընթացը, այդպես մի օգուտ գոնե տված կլինեք, թե չէՙ ռուսի ու Պուտինի հույսին ենք մնացել ազգովին: Ասեքՙ չենք կատարում ոչ մի պայմանավորվածություն, մինչեւ գերիներին չտաք, ու տղերքին թույլ չտաք անտառներից հանել: Գնացեք կրկնակի երկարած սահմանի պաշտպանությունը կազմակերպեքՙ սահմանի տղերքն արդեն ուղիղ եթերներով են հրավիրում, թե եկեք մեզ փոխարինեք, մի երկու օր գնանք -փափուկ անկողնում քնենք, սա տերությո՞ւն է, թե՞ անտերություն: Ռուսներից ենք իմանում, որ նոր երեկ, զինադադարից մեկ ամիս անց, որոնողական աշխատանքներ են սկսվելու Հադրութի շրջանում, իսկ հաջորդիվ արդեն Ջաբրայիլում, Զանգելանում եւ Ֆիզուլիում կորոնեն ողջ մնացած կամ զոհված զինվորներին: Գժվե՞լ եք, այսքան ժամանակ ինչու չեք պնդելՙ որոնելու շրջափակման մեջ մնացածներին, սպասում էիք սովից մեռնեին կամ գերի ընկնեի՞ն: Թե չէՙ բոլորիդ միտքը զբաղված է իշխանություն չկորցնելով, իսկ ի՞նչ է, միթե անփոխարինելի մարդիկ կան, պատերազմը եւ պարտությունը զրոյացրեցին անփոխարինելիության ամեն կանխավարկած: Հիմա մի կողմից հրաժարական ուզելը, ու մյուս կողմիցՙ հրաժարական չտալը, որպես զուգահեռ իրականություն, այլեւս մեր կյանքի մաս ենՙ ճգնաժամ է:
Քանի որ մարդկանց մեծ մասը համարժեք հոգեվիճակում չեն հիմա, չեն ըմբռնում ռեալությունը, չեն հասկանումՙ ո ՞վ է ճիշտ, ո ՞վՙ սխալ. հարազատիդ որ կորցնում եսՙ որոշ ժամանակ իրականությունն ըմբռնելու խնդիր ես ունենում, չէ՞. Ժողովուրդն այդ վիճակում է, տասնյակ հազար մարդիկ հարազատ են կորցրել եւ ուղիղ այդ վիճակում են: Մնացածներին, որոնց մինչեւ վերջին վայրկյանը ստում էին, թե «Հաղթելու ենք», ու այդպես ստելով, բթացնելով, հայրենիք հանձնելովՙ մղեցին խորն անհամարժեքության մեջ, որից դուրս գալու, ադեկվատ մտածելու ու գործելու համար դեռ ժամանակ կպահանջի, սա հոգեբաններից հարցրեք:Հայերս, ինչպես թրքուհու ամուսին Մեթյու Բրայզան է չարախնդում, մեր վշտի փուլերն ենք անցնում դեռ:
Ու այսպեսՙ բոլորս գիշերը վեր ենք թռչում քնից, սեփական ձեռքը կսմթումՙ համոզվելու համար, որ ապրում ենք, ողջ ենք, ու այս ամենը մեզ հետ է կատարվում: Մեզ հետ է կատարվում հայրենիքի կորուստը, դրան համակերպվել մղող ու աթոռներից կառչող իշխանության առկայությունը, ամեն օր նոր դավաճանությունների մասին լսելը, ամեն օր անբարոյականության ու մարդկային չնչինության մասին կոմպրոմատները մեր գլխին թափող համացանցի լուրերից մի կերպ չխելագարվելը, այդ բոլորը տանելը: Տանում ենք հինգ միլիարդով հայրենիքը ծախելու թուրքական առաջարկի մասին գնդակի նման միմյանց դաշտ տշվող մեղադրանքը, տանում ենք առաջին դեմքերիՙ անձնական եւ պետական անպիտանության մասին ամենակեղտոտ տեսանյութերն ու տեղեկությունները, սովորական սերիալի նման դիտելով դրանք, ու դրանց հավաստի-անհավաստի լինելը միայն սեփական փորձառությամբ չափելով: Ինչ-որ Դոգ (նախկինում ռազմական ոստիկանությունում աշխատած ոմն մեկի մականունն է) կարող է ամենաանթույլատրելի հայհոյանքներով եւ պետական համակարգից սնվող կոմպրոմատներով համացանցում ուղիղ եթեր մտնել, ու նրա ուղիղ եթերը, չընկնելու համար բռնեք մի ամուր բանից, միաժամանակ նայի 20 հազար եւ ավելի մարդ, այնքան, որքան ներկա են լինում տասնյակ կուսակցությունների հանրահավաքին:
Առհասարակՙ մի ուրիշ ողբերգություն է, որ այս օրերին մարդկանց զանգվածները իրական ԶԼՄ-ներից իրենց հայացքն ուղղում են դեպքի անկիրթ, շրիշակի մակարդակ ունեցող ու իրենց սրտում կուտակված մաղձը, անվստահությունը, անբավականությունը, ցավը հավասարակշռող հայհոյախոսների, փրկիչների ցանցային եթերներ, սա ավելի սարսափելի է եւ խոսում է կրթված շերտերից ժողովրդի որոշակի շերտերի երես թեքելու եւ հիասթափվածության մասին, սա ավեր է, որը կարող է լրացնել մեր ցածրորակ կրթության գործած ավերը, սա վատ բանի է բերելու: Վճարովի, որպես գործիք ծառայող, իրական լրատվություն չմատուցող լրատվամիջոցների պարագան հենց այսպիսի իրականության էր բերելու, անվստահության վերջին հարվածը տվեց ռազմադաշտից եկող պաշտոնական լրահոսիՙ մինչեւ վերջին պահը ստող արծրունիզմը:
Այս խառնափնթորությունը, որ տիրում է հիմա Հայաստանում, որը չի ուրվագծում նոր սերնդի այն անհատականություններին, որոնք այս պահին նախկինների, ավելի նախկինների եւ ներկաների արատավոր շրջանը կկանգնեցնեին, տանելու է նոր վհատության, դրանից սովորաբար օտարին հայացք ուղղելու արատավոր շրջան կարող է սկիզբ առնել: Մի տեսեքՙ ամենքը եւ բոլորըՙ ընդդիմություն, իշխանություն, կախված են Մոսկվա գնալուց, երկրի ազգային անվտանգության ծառայության ղեկավարին որ շաբաթը մեկ կանչեն ու պահանջներ ներկայացնենՙ սրա վերջն է: Որ 2021 թվականիՙ իբր նոր դերակատար դեմքերի ցուցակ կազմեն էս ու էն անկյունում, դնեն ինչ- որ համացանցային քվեարկության, ու այդ ցուցակի կեսից ավելին ռուսական ազդեցության օլիգարխ ու գործիչ լինենՙ հասկանում եք, թե ուր ենք գնում:
Իսկ ԱԺ-կառավարություն, կամ ավելի շուտ պատգամավորներ-Փաշինյան վերջին հարցուպատասխանը ցույց տվեց, որ տարածքներ հանձնողը չի գիտակցում, թե կորցրել է 2018-ին ժողովրդից ստացած վստահության ռեսուրսը մի պարզ պատճառովՙ հաջորդել է պատերազմ, որտեղ իր ղեկավարությամբ մենք հայրենիք ենք կորցրել: Ու անվերջ հղում է անում, որ ժողովուրդը պետք է վճռի: Սակայն անզեն աչքով էլ տեսանելի է, որ եթե այս պահին ընտրություն լիներ, ոչ մի քաղաքական ուժ եւ գործիչ խորհրդարան անցնելու արգելանքի շեմ չէր հաղթահարի: Նիկոլ Փաշինյանը, որ համոզված է, թե իրեն ձայն է տվել ժողովրդի մեծամասնությունը, չի ուզում նկատել շատ պստիիիիիկ այդ բանըՙ վստահության ռեսուրսը փոշիացրել է Արցախը հանձնելով: Ուրեմն եւ այս պահին (մոտակա երեք ամիսը) ընտրությունները խորհրդարանում հայտնվելու համար նվազագույն քվե անգամ չեն բերի ոչ իր ղեկավարած ուժին, ոչ փողոցում հանրահավաք անող ուժերից յուրաքանչյուրին, անգամ նրանց հանրագումարին, նոր վտանգավոր անիշխանության բերելով վիճակը: Այդ պատճառով էլ միգուցե գիտակցվել է, որ այդ ընտրությունները պետք է ավելի ուշ իրականացվեն, դա գիտակցել է, բայց չի խոստովանում անգամ ներկա վարչապետըՙ իր ճանապարհային քարտեզում վեց ամիս ժամկետը նշելով:Օր-օրի կարող են շատ պաշտոնյաներ հրաժարվել ներկա իշխանության պաշտոնյան լինելու «պատվից» , բանը հասնի նրան, որ, ինչպես ասում են, ԺԵԿ պետերը դառնան նախարար, ու առավել խորանա ճգնաժամը: Այնպես որ երեւի պատահական չէր խորհրդարանում էլի ոչ պատահական պատգամավոր Արման Բաբաջանյանի այն պնդումը հարցի տեսքով, թե պետք է հաշտության-համաձայնության մթնոլորտ, եւ դա պետք է կազմակերպի հենց վարչապետը: Իսկ թե ով համաձայնության կգնա պարտության սիմվոլի հետ, դեռ հնարավոր չէ պատկերացնել:
Ասենք, որ ժողովուրդը հիմա հավասարապես վախենում է բոլորից, մարդիկ ասում ենՙ չպետք է թույլ տալ նախկին թալանչիների վերադարձը, չպետք է թույլ տալ ներկա հող հանձնողների իշխանավարումը, նորերն էլ, հույս ներշնչող մեր ներուժը դեռ չի ինքնակազմակերպվել, հրապարակի վրա է այս պահին հանրահավաք անող 16-ի թե 17-ի ձեւաչափում ներառված կուսակցությունների համախումբը: Այս իրավիճակում, երբ ոչ ոք մյուսին չի զիջում, վտանգավորը կարող են դառնալ արտաքին կենտրոնից իջեցված փրկիչ-էմիսարները:
Փաստորենՙ նաեւ սկսվում է դիվանագիտությամբ ինչ-որ բան ուղղելու, եռակողմ փաստաթուղթը բարելավելու ժամանակը, երբ արդեն այս շաբաթվա վերջում Մինսկի խմբի համանախագահները գալու են Երեւան ու Բաքու, մենք չունենք փորձառու, բանակցությունների բոլոր փուլերին տիրապետող բանակցող: Գոնե այդպիսի մեկին, ասենքՙ Արման Նավասարդյանին կամ մեկ ուրիշին պաշտոնապես նշանակեին բանակցող, որը արտգործնախարարի մասնակցությամբ կփորձեր ինչ-որ բան շտկել բանակցություններով: Դա էլ չկա:
Ամփոփեմ հարցնելով. միթե չե՞ք զգում մոտեցող վտանգը, միթե չե՞ք հասկացել երեկ հաղթանակ տոնող զույգ թշնամիների միացյալ զորահանդեսի ուղերձը, որով դեպի ապագա նոր հաղթանակների սկիզբ էր անվանվում Արցախի գրավումըՙ նոր տարածքներ պոկելու ախորժակով արդեն Սյունիքի ուղղությամբ: Եւ ինչպե՞ս ենք մենք պատրաստվում այդ ապագային, ոնց որ թե ոչ մի կերպ, առայժմ այդ է երեւում: Միայն պատկերացրեք, որ մեկ տարի, ըստ ընդդիմության, պետք է հաջորդ խորհրդարանական ընտրություններին պատրաստվի երկիրը, ընդ որումՙ ընդդիմության առաջնորդները չեն խոսում եռակողմ հայտարարությունը չեղարկելու հնարավորությունից, այլ միայնՙ որոշ դրույթներ բարելավելուց, իսկ այդ հայտարարությամբ գծվող սահմանները ստույգ սպառնալիք են Վայոց ձորի համար:
Չգիտեի, որ նույն տրամադրությունը կունենամ ու 100 տարի հետո նույն հարցերը կհնչեցնեմ, ինչ Չարենցը համաշխարհային պատերազմին, Հայոց ցեղասպանությանը հաջորդած Հայաստանի խորհրդայնացնելուց հետո.
«Գուցե ճիշտ որՙ միրաժ է Նաիրին, ֆիկցիա, միֆ. ուղեղային մորմոք, սրտի հիվանդություն… Իսկ նրա փոխարեն կա այսօր մի երկիր, որ կոչվում է Հայաստան, եւ այդ հին երկրում ապրել են երեկ եւ ապրում են այսօր շատ սովորական մարդիկՙ սովորական մարդու սովորական հատկություններով: Եվ ուրիշ ոչինչ: Ոչ մի «երկիր Նաիրի» այլ միայն մարդիկ, որ ապրում են այսօր աշխարհի այն անկյունում, որ կոչվում է Հայաստան, որը հիմա դարձել է Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, իսկ 1917-ից առաջ ոչ այլ ինչ էր, եթե ոչ Ռուսական իմպերիայի մի հետամնաց ծայրամասը եւ ուրիշ ոչինչ… Ուրիշ ոչինչ»: