Այս պատերազմը ցույց տվեց, որ ապրում ենք մեր հազարամյա պատմության ամենավճռորոշ փուլերից մեկում: Ադրբեջանաթուրքական հրոսակախմբերը փորձեցին ոչ միայն տարածքներ, գյուղեր կամ քաղաքներ գրավել, այլեւ Հայկական հարցը լուծել թուրքավարի, այսինքն` շարունակել եւ ավարտին հասցնել Հայոց ցեղասպանության իրենց քաղաքականությունը: Ակնհայտ է, որ թշնամուն չհաջողվեց իրականացնել իր նպատակը, որովհետեւ նրանց դեմ ելավ մեր անկախության սերունդը, որը, ցավոք, մեծաթիվ զոհեր տվեց, բայց փաստորեն չպարտվեց: Միանգամայն գնահատելի է նաեւ, որ դժվարին պահին օգնության հասավ մեր վաղեմի դաշնակից Ռուսաստանը:
Եվ այսպեսՙ մինչ պատերազմի արդյունքների շուրջ բորբոքվում են կրքերը, մինչ նոր թափով վերսկսվել են դիմություն-ընդդիմություն կամ որ նույնն է` Ազատության հրապարակ-Բաղրամյան 26 անզիջում փոխհրաձգություններն ու երկուստեք միմյանց հասցեին մեղադրանքներ տեղացնելն ու ավելի հայրենասեր ներկայանալը, չհավակնելով անսխալական լինելուց, փորձենք հստակեցնել Հայաստանի շուրջ ստեղծված քաղաքական իրադրությունը: Նախ արձանագրենք, որ պատերազմն այս կամ այն կերպ դադարեցվեց, իսկ բախումները երկուստեք տեղափոխվեցին ներքին դաշտ: Ճիշտ է, Բաքվում դեռեւս «հաղթանակային էյֆորիան» է գերիշխում, բայց այնտեղ էլ արդեն հասկացել են, որ հաղթանակը թվացյալ է ու առայժմ միայն արտերկրում բնակվողների շուրթերից են դժգոհություններ հնչում:Համոզված եմ, ամենամոտ ապագայում դրանք կտեղափոխվեն երկրի ներսը: Ենթադրում եմ, որ նրանց վերլուծաբաններն էլ են հասկացել. Գիտական շրջանառությունից Ադրբեջանին որպես պետություն հարկավոր է արդեն հանել, քանի որ սեպտեմբերի 27-ից գոյություն ունի սոսկ Թուրքիայի հանրապետության Ադրբեջանի նահանգ: Մեզ համար այս դեպքում այն իրողությունն է, որ այսուհետեւ չկան հայ-ադրբեջանական, այլ կան միայն հայ-թուրքական հարաբերություններ: Ճիշտ է, Ադրբեջանն օգտագործելով իր ռազմատեխնիկական առավելությունը տարածքներ նվաճեց եւ առերեւույթ հաղթեց, սակայն իրականում նա ավելի շատ պարտվեց: Որովհետեւ նրա հիմնանպատակն Արցախի վերացումն էր, իսկ այն թեեւ փոքրացավ, բայց չվերացավ եւ որպես սուբյեկտ շարունակում է իր դերակատարությունը տարածաշրջանում: Ավելի կարեւորն այն է, որ Ադրբեջանի տարածքում այլեւս կատարված իրողություն է Ռուսաստանի ռազմական ներկայությունը: Մի իրադարձություն, որն իմ կարծիքով դառնալու է ապագա արմատական փոփոխությունների իրական եւ իրավական հիմք: Թեեւ Սիրիայում զիջեց դիրքերը, սակայն կարելի է հաղթած համարել Թուրքիային, որովհետեւ երեսուն տարի հետեւողական պայքարից հետո վերջապես նա էլ մտավ Հարավային Կովկաս ու Նախիջեւան:
Հաղթեց Ռուսաստանը, որովհետեւ նրա բանակը մտավ Ադրբեջան, եւ ենթադրելի է, որ դեռ շատ երկար կմնա այնտեղ, քանի որ Ռուսաստանի քաղաքականության հիմնական ուղղությունը` վերականգնել ԽՍՀՄ անունով կայսրության երբեմնի սահմանները, Այսրկովկասում սկսում է իրականանալ: Կարելի է նաեւ արձանագրել, որ Ռուսաստանը` հանձին իր դաշնակից Հայաստանի, նաեւ պարտվեց, սակայն կարծում ենքՙ միայն ժամանակավորապես: Քանի որ բոլորովին էլ ոչ պատահաբար օրերս Կրեմլը Ժիրինովսկու բերանով հայտարարեց. «Թուրքիան պետք է հեռանա Ղարաբաղիցՙ զորքերը դուրս բերելով Ադրբեջանից: Հակառակ դեպքում կվերականգնենք Մեծ Հայաստանը, Ստամբուլը կդարձնենք Կոստանդնուպոլիս եւ Թուրքիայից ոչինչ չի մնա»:
Իսկ ում համար պարզ չէ, որ Ռուսաստանի հաղթանակը մեր հաղթանակն է, քանի որ ՌԴ տարածքում այսօր բնակվում է ավելի քան 2 մլն. 122 հազար հայ: Ռուսաստանը Հայաստանի կարեւոր արտաքին տնտեսական գործընկերն է: Ռուսաստանը Հայաստանի տնտեսությունում արտասահմանյան գլխավոր ներդրողն է: Քանի որ պատերազմի քառասունից ավելի օրհասական օրերի ընթացքում, արյունալի պայքարի հորձանուտում գտնվող Արցախին եւ Հայաստանին աջակցում էր միայն Ռուսաստանը: Իսկ այսօր մեր ու բացահայտ ագրեսոր Ադրբեջանի միջեւ անընդհատ հավասարության նշան դրած, միայն ռազմական բախումները դադարեցնելու մասին անպտուղ մի քանի թռուցիկ հայտարարություններ հեղինակած ու մեզ զրո աջակցություն ցուցաբերած Արեւմուտքը նոր-նոր է միայն վերակենդանացման նշաններ ցույց տալիս եւ ոչինչ չտվող նույնաբովանդակ հայտարարություններ անելուց այն կողմ չի անցնում: Դե արի ու շնորհակալություն մի հայտնիր ռուս խաղաղապահների ծնողներին եւ Ռուսաստանի իշխանությանըՙ այս դժվարին պահին ազգիս զավակներին պաշտպանելու համար:
Որոշ, անգամ մտլեռանդ ռուսամոլ վերլուծաբանների զգուշավոր կարծիքով, սա Ռուսաստանի կողմից նախօրոք պլանավորված ռՔզմավարություն էր: Անգամ ռուս քաղաքական գործիչներից ոմանք նշում են, որ Ռուսաստանը ոչ ՀՀ-ի եղբայրն է , ոչ բարեկամը, ուստի անհրաժեշտ էր, որ այսպես էլ վարվեր: Պարզապես հիշեցնենք ՙ մեր օրերում, թերեւս Ալիեւ-Էրդողան զույգից զատ, վաղուց բարեկամ ու ախպեր պետություններ չկան: Իսկ, որ դրանց կոշտ ապահարզանին էլ շուտով ականատես կլինենք, կասկածից դուրս է: Հստակ է մի կարեւոր հանգամանքՙ բոլորն առաջնորդվում են իրենց պետական շահերով: Հատկանշական էր ու բոլորովին էլ ոչ պատահական, որ մոտ երկու շաբաթ առաջ Պուտինի կողմից մի քանի անգամ հնչեցվեց հայերի ցեղՔսպանության թեման: Այսինքնՙ պարզ հասկացնել էր տրվում, որ երբ արցախահայության գլխին նոր ցեղՔսպանության վտՔնգ կախվեր, Ռուսաստանը կարող էր տարածաշրջան զորք մտցնել, եվ այդժամ ոչ ոք չէր կարողանա նրան մեղադրել: Անդրադառնալով արցախա-ադրբեջանական հակամարտությանը, օրեր առաջ բավական հետաքրքրական հայտարարությամբ հանդես եկավ Պետդումայի նախկին պատգամավոր, ՌԴ զինված ուժերի գնդապետ Սեմյոն Բաղդասարովը. «Թուրքերը, ադրբեջանցիները հարձակվել են ամենատաղանդավոր եւ ամենառուսամետ ազգերից մեկի վրա: Արցախի հայերը ամենառուսամետն են: Ի՞նչ պետք է անեինք մենք: Կա՛մ Ռուսաստանի Դաշնությունը պիտի ճնշեր Էրդողանին եւ կանգնեցներ պատերազմը, կա՛մ զորքով մտներ Ղարաբաղ եւ ուս-ուսի կռվեր հայերի հետ` թուրքերի, ադրբեջանցիների եւ այլ կեղտոտ, ստոր տեռորիստների դեմ: Նախկինում առանց ռուսական ցարի մեկ թնդանոթ չէր կրակում Եվրոպայում, ի՞նչ է` այժմ մեր «արջը» պետք է զիջե՞ր թուրքական «գայլին» եւ «շակալին»: Երբե՛ք»:
Մեզ համար հստակ էր, որ Ռուսաստանը սեփական շահերից ելնելով չէր կարող բաց թողնել այդպիսի հնարավորությունը, եւ ստրատեգիական շատ կարեւոր տարածքում, որտեղից Ռուսաստանը վերահսկողության տակ կվերցներ թե՛ Իրանը, թե՛ Ադրբեջանն ու նրա նավթն ու գազատարները, թե՛ հնարավորություն կստանար ներազդելու նաեւ Թուրքիայի ու Վրաստանի վրա, չէր կարող բաց թողնել: Հետեւապես ուղղակի Ռուսաստանը ձիով քայլ կատարեց ու բոլորին կատարված փաստի առաջ կանգնեցրեց: Իհարկե, կատարվածից Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան տեղյակ չեն եղել ու իրենց վրդովմունքն են հայտնում եւ փորձում են ինչ-որ ձեւով հակազդել: Բայց դա տեղի է ունենում ընդամենը դիվանագիտական հարթակում, խոսակցությունների մակարդակով եւ միանգամայն ենթադրելի է, որ մոտ ապագայում ամեն ինչ կհարթվի-կգնա:
Կհարթվի ու պատմության աղբաման կնետվի նաեւ կարճ ժամանակ հայ-ռուսական հարաբերություններում եղած փոխադարձ անվստահության մթնոլորտը, որը հիմնականում գեներացնում էին արտաքին (ոչ ազգային) օրակարգով շարժվող որոշ խմբավորումներ: Վստահ եմ, որ մոտ ապագայում ներհասարակական անառողջ ու ներքաղաքական փոխադարձ թշնամական մթնոլորտը եւս իր տեղը կզիջի հայրենիքի վերքերը համախմբված ուժերով բուժելու գործին: Մերՙ փաստորեն միակ հավանական ու իրական դաշնակից Ռուսաստանը եւս համապատասխան եզրակացությունները կանի եւ բոլորովին էլ բացառված չէ, որ դրանց արդյունքում մոտ ապագայում հայ-ռուսական ցամաքային անմիջական սահման ունենալու իրողության ականատեսը դառնանք, որի արդյունքում մեր ամենադժվարին պահին իրեն «փայլուն դրսեւորած եղբայրական» Վրաստանից այդ առումով կախումը եւս զրոյանա:
Վստահ եմ, այս պատերազմի մասին ապագայում շատ է գրվելու, իսկ այսօր, երբ դեռ դրա հոտը կախված է օդում, երբ դեռ մեծաթիվ շիրիմաթմբերից բացի կան նաեւ անհետ կորածներ փնտրող եւ նույնիսկ սեփական որդու դին գտնել ու հողին հանձնել երազող մայրեր, հարկավոր է սգալով հանդերձ, կորուստի ցավն անթեղել, սեղմել ատամներն ու հետեւություններ անել ապագայի համար: Ապագայի, որը կորցրած որդիների որդիներինն ու թոռներինը պիտի լինի, որը լուսավոր, խաղաղ ու արժանապատիվ լինի: Նախ արձանագրենք, որՙ ա) թեեւ վիճակը ծանր է, բայց դրանից գլուխներս կորցնելու իրավունքը չունենք: Հարկավոր է հիշել, որ անհամեմատ ավելի բարդ ու ծանրագույն ժամանակներ ենք հաղթահարել եւ հաղթանակներ կռել, բ) հասարակությանը բոլոր հնարավոր միջոցներով զերծ պահել ցնցումներից, մտածել այդ գործում յուրաքանչյուրիս ներդրման ձեւն ու չափը, գ) օրնիբուն, քրտնաջան ու նաեւ մեր նահատակների փոխարեն աշխատելով ոտքի հանենք տնտեսությունը, դ) բոլորիս եւ առաջին հերթին իշխանությունների ու էլիտայի արժանապատիվ կեցվածքով պոտենցիալ ներդրողների համար գրավիչ դարձնենք երկիրն ու մեզ, ե) դադարենք եւ իսպառ մեզանից դուրս մղենք սեւ ու սպիտակի բաժանելու չարամիտ մարտավարությունը, զ) սովորենք նոր ձեւերով ու մեթոդներով աշխատել, հանդուրժել միմյանց, ուրախանալ իրար հաջողություններով եւ այլն…
Իսկ ինչ է հարկավոր դրա համար.
1. Այսօր ավելի քան ակնհայտ է, որ մարդկության ապագան գիտելիքն է, ինտելեկտը: Հետեւապես ուժեղ եւ հզոր կլինեն այն երկրներն ու ժողովուրդները, որոնք կգնահատեն գիտելիքի ուժը: Այսինքնՙ հարկավոր է մեզանում հիմնավորապես դուրս մղել կառավարություններ կազմելու կուսակցական սկզբունքը, ինչպես նաեւ այսուհետ անհրաժեշտ է, որ Հայաստանը կառավարեն գիտնականներն ու բարձրակարգ պրոֆեսիոնալ մասնագետները:
2. Պատերազմն ի ցույց դրեց մի տխուր եւ ցավալի իրողությունՙ մեր բանակաշինությունը շատ հեռու է արդիական պահանջներից: Ռազմական գործի մասնագետ չեմ, բայց ակնհայտ է, որ բոլոր առաջադեմ երկրները գնում են պրոֆեսիոնալ եւ գերժամանակակից զինատեսակներով հագեցած զինված ուժերի ստեղծման ուղիով: Հրթիռային համակարգեր, կործանիչ ավիացիա, ԱԹՍ եւ այլն: Այնիչ մենք տասնյակ հազարներով պատանիների լցրել ենք կազարմաները եւ հպարտացել սննդի որակի բարելավմամբ: Պատերազմը հուշեց, որ պարզապես հարկավոր է ուսումնասիրել եւ, ինչու չէ, նաեւ ընդօրինակել առաջավոր փորձը:
3. Պարզել բանակի զարգացմանը խոչընդոտողներին եւ դուրս մղել նրանց: Ակնհայտ երեւում էր, որ մեր հիմնական կորուստները եղան ԱԹՍ-ներից եւ գերճշգրիտ զենքերից: Եվ դա այն դռպքում, երբ իրականությունն ակնհայտ ցույց տվեց, որ մենք տեղյակ չէինք կամ դասեր չէինք քաղել համաշխարհային փորձից ու մնացել էինք պատերազմելու գրեթե ֆիդայական կռվի մակարդակում:
4. Ակնհայտ էր, որ մեր բանակում մեծ տարածում ունեին այնպիսի արատավոր երեւույթներ, ինչպիսիք են անհոգությունն ու մեծամտությունը, անգրագիտությունն ու արհամարհանքը գրքի ու գիտության նկատմամբ: Այնինչ կրթությունը եւ գիտությունը պետք է առաջնայնութուն դառնան բանակի համար, կարգազանց, լկտի պահվածք ունեցողի, պատգամավոր քեռու հովանավորյալ պորտաբույծի փոխարեն խելացի, գրագետ, լեզուների ու համակարգչային ծրագրերին տիրապետողը այսուհետ պետք է դառնա բանակի խորհրդանիշն ու «հարգված տղեն»:
5. Չգիտեմ ինչպես, չգիտեմ որտեղից, բայց հարկավոր է միջոցներ գտնել, որպեսզի հնարավոր դառնա շտկել այն իրողությունը, որ մեր բանակը դադարի վիզ ծռելով փող մուրալուց: Ում համար է գաղտնիք, որ մեր ռեզերվները շատ արագ սպառվեցին, որովհետեւ դրանք ուղղակի շատ քիչ էին եւ տարբեր անվանումներով կազմակերպված փող մուրալով հարց լուծելը նման է երազախաբության:
Ասելիք իսկապես շատ կա: Ցավի ու ափսոսանքի զգացողությունները ճնշում են, բայց հենց այս դժվարին պահին եմ ուզում ասել, որ ապագան մերն է լինելու, եթե սթափվենք, ձգենք մեր գոտիները, միմյանցից արդեն թաքուն արտասվենք, անթեղենք մեր համընդհանուր ցավն ու դուրս գանք ասպարեզ: Յուրաքանչյուրս մեր հնարավորությունների, խելքի, բազկի ուժի, քաղցր ժպիտի, միմյանց սատար կանգնելու պատրաստակամությամբ կերտենք մեր լուսավոր ապագան: Այն ապագան, որն ուղղակի պարտք ենք մեր երեխաներին ու նաեւ մեր նահատակներին: Ավելինՙ ապրենք ոչ միայն մեր, այլեւ նրանց փոխարեն…
ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ, պրոֆեսոր