Պատմությունը կրկնվում է: Թերեւս ոչ նույնությամբ, թերեւս ասիմետրիկ, թերեւս սպիրալաձեւ,- ինչպես ասում է գաղափարակից պատմաբան ընկերս,- բայց կրկնվում է: Դերերն ու դերակատարները փոխվում են, իրավիճակն ու պայմաններըՙ նույնպես, բայց գալիս է մի պահ, մերկ եւ մերկապարանոց իրականության մի վիճակ, որը ժապավենի հետադարձ պտույտով մեզ բերում-կանգնեցնում է 100 տարի առաջ արձանագրված իրականությանը դեմ-հանդիման, փշուր-փշուր անելով այն առասպելը, թե հայի հետին խելքը, ինչպես վերջերս հիշեցնում էր ՀՀ հիմնադիր նախագահը, ամենեւին էլ լավը չէ, իմաստուն չէ:
101 տարի առաջ Զորավար Անդրանիկը զենք-զինամթերքը Ս. Էջմիածնին հանձնելով մեկնելուց առաջ օրվա իշխանություններին հորդորում էրՙ մեզ չթշնամացնել վերջին ու միակ բարեկամիՙ Ռուսաստանի հետ, մինչդեռ իշխանությունները նայում էին հեռո՜ւնՙ դեպի Սեւր, չտեսնելու տալով իրենց քթի տակ ձեւավորվող Աթաթուրք-Լենին նոր տանդեմը, դեպի Ալեքսանդրապոլ ներխուժող թուրքական բանակները, հյուսիս-արեւելքից արշավող Կարմիր բանակի «փրկչական» առաջխաղացքը: Իրավիճակՙ որը հետագայում, անկախ Հայաստանի վերջին վարչապետի եւ նրա ընկերների կողմից պիտի բնութագրվեր իբրեւ «թուրքական մուրճի ու ռուսական սալի միջեւ» կացություն, մինչ ուրիշներ, դեռեւս սփյուռքացող ամբոխներ, տարբեր երկրներում պիտի շարունակեին երգել նույնՙ հին երգըՙ «թե ինչպես կորավ հայ ազգի գահը»…
Այժմ, «գահը», այսինքն պետությունը, այսինքն պետական անկախությունը կորցնելու դատավճիռն է դրված սեղանին, ստորագրված երեք երկրների պետերի կողմիցՙ Ռուսաստան, Ադրբեջան եւ… Հայաստան, բայց այնտեղ չկա գլխավոր դերակատարի ստորագրությունըՙ Թուրքիան, որի արյունոտ ձեռքերը լրիվ, կամ գրեթե լրիվ ազատ են ամբողջովին գաղութացնելու Ադրբեջանը, Կարսի տխրահռչակ պայմանագիրն անտեսելով զավթելու Նախիջեւանը, զորք կուտակելով այնտեղ, Մեղրիով իրեն համար ճանապարհ հարթելու դեպի Թուրանական երազի իրականացում, միաժամանակ կամք թելադրելու Հայաստանին: Հակակշռողը, դարձյալ, ռուսական զորքն է, որը բոլորի զարմանքը շարժող արագությամբ եւ կարգապահությամբ արդեն տարածվել է մեջտեղից կիսված բուն Արցախում եւ մեր սահմանների վրա: Այդ զորքը եկել է մնալու. արդեն հոսպիտալներ է սարքում, սնունդ է մատակարարում ստեփանակերտցիներին, ուղեկցում Արցախ վերադարձողներին, նրանց քաղաքացիություն շնորհելու խոստում տալիս, պատրաստվում է վերջապես գործի դնել Իվանյան պողոտայի վրա գտնվող մեր սիրունիկ օդակայանը ու, ամենայն հավանականությամբ, շուտով կձեռնարկի նոր ճանապարհների կառուցմանըՙ թերեւս մինչեւ… Թաթարստան:
Անշուշտ արցախցին դժգոհ չէ «փրկչական» այդ միջամտությունից, ու, թերեւս, դեմ չի լինի նաեւ Արցախը ռուսական պրեֆեկտուրայիՙ հոգատարության վերածելու մտքին: Դեմ չենք կարող լինել նաեւ մենք, երբ միեւնույն սեղանին դրված է մեր 150 հազար ազգակիցների կյանքը:
Այսուհանդերձ, հայ ժողովուրդը իր մեծամասնության մեջ դեմ է նոյեմբերի 10-ի փաստաթղթին եւ զայն ստորագրողին, ոչ այնքան փաստաթղթին, որքան զայն ստորագրողին: Քանզի անձնատվական այդ փաստաթուղթը մտածող յուրաքանչյուր մարդու համար այսպես կոչված վթարային հարկադիր վայրէջքի նման մի բան է, որի որոշ դրույթներ մերժելի են, իսկ որոշ դրույթներՙ վերատեսության ենթակա: Իսկ ինչ վերաբերում է ստորագրողին, նրա մեղքն այն է, որ պատերազմի 4-րդ կամ 5-րդ օրը, երբ հրամանատարական կազմի համար պարզ էր նախահարձակ ուժերի եւ մեր պաշտպանական բանակի միջեւ կարողականության հսկա տարբերությունը, պետք էր ընդառաջ քայլ կատարեր դեպի Մոսկվա եւ հրադադար կնքեր, իր իսկ բառերովՙ «ցավոտ կորուստներով», եւ ոչ թե անձնատուր լինել:
Սակայն ճշտենքՙ ոչ թե ինքըՙ ստորագրողն է անձնատուր եղել, այլՙ երկիրը, պետությունը, Արցախը: Վարչապետը մնում է, համառորեն, չխորշելով ճնշիչ որեւէ գործողությունից, ընդհակառակըՙ ներկայանում է որպես մի նոր «փրկիչ» 30 հազար մեր բանակայինների, ազգի ու պետության:
Ուղղակի սարսափել կարելի էր չորեքշաբթի օրը երեկոյան կառավարության շենքի առաջ պարզված տեսարանից. ոչ թե պետական անվտանգության ուժերն էին երկրի ղեկավարի անվտանգությունը պաշտպանում, այլ սարսափազդու ավտոմատավորներ: Թվում էրՙ Երեւանը մեկ ակնթարթում վերածվել է Նիկարագուայի մայրաքաղաք Մանագուայի, եւ սանդինիստական «գերիլլոսները» պաշտպանում են Դանիել Օրտեգային: Դա պետականության, ժողովրդական պետության աղճատման քստմնելի պատկեր էր: Այնինչ գործող վարչապետը ժամ առաջ պետք էր հրաժարական տար ոչ միայն ստորացուցիչ փաստաթուղթը ստորագրելու, պետական կառույցները անդամալուծելու, բանակը պառակտելու, այլեւ իր փոխարեն մեկ այլ անձի հնարավորություն տալու, որպեսզի առնվազն փորձի փաստաթղթում որոշ շտկումներ անել եւ ներքին խաղաղությունը վերականգնել:
Ասենքՙ գործող վարչապետը կարիք էլ չուներ նման «գերիլլոսներով» իրեն շրջապատելու: Ինքը դեռեւս պետք է, որպես ստորագրող կողմ, հատկապես Մոսկվային, որը ամեն գնով պաշտպանում է եւ կպաշտպանի նրանՙ մինչեւ նախագծված մի հանգրվան:
Մնում է հուսալ, նաեւ ամեն ջանք թափել, որպեսզի երկիրը զերծ մնա ներազգային բախումներից, պետականությունըՙ կազմաքանդումից, մինչեւ դարմանենք վերքերը, վերականգնենք պետական ինստիտուտները, բարոյալքումից դուրս բերենք ժողովրդին ու գործի դնենք մեր ողջ ներուժը:
Ես դեմ չեմ ռուսական բանակին, բայց դեմ եմ, որ որեւէ օտար բանակ է գալիս մեզ պաշտպանելու, նույնիսկ եթե դա մեր միակ դաշնակցի բանակն է: