Մեկ օր առաջ, երբ նախատեսված էր Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների ժնեւյան հանդիպումը, պատերազմական 32-օրյա պատմությունը իր շարունակության ուղղվածությունը երեւակեց, երբ երեկ, հոկտեմբերի 29-ին, առավոտից Արցախի արտակարգ իրավիճակների ծառայությունը հաղորդում էր Սմերչով հրետակոծվող Ստեփանակերտի. Շուշիի մասին, իսկ Մարտակերտ քաղաքի վրա թշնամին կիրառել էր ռազմական ավիացիա: Դրանից մեկ օր առաջ էլ ադրբեջանաթուրքական տանդեմը, իր ձեռագրին հավատարիմ, Ստեփանակերտի ծննդատունն էր թիրախավորել: Հայկական կողմը, արժանի պատասխան տալով, կարողացավ բարելավել Բերձորի բնագիծը: Նախորդել էին զանազան միջազգայինների բանավոր, տակը բան չունեցող կոչերՙ կրակը դադարեցնելու անհրաժեշտության մասին, Ռուսաստանիՙ Սիրիայի հյուսիսում թուրքական վերահսկողության տակ գտնվող ահաբեկիչների ստվար խումբ ոչնչացնելու գործողությունը: Վերլուծաբանների աչքից չվրիպեց, որ Էրդողանն իրար էր խառվել ու հա ՌԴ նախագահի հետ էր խոսում, ու այդ հեռախոսազրույցների վերաբերյալ իրարամերժ արտահոսքեր էին տեղի ունենում: Դրանից հետո փաստն այն է, որ տանդեմի հարձակողական էյֆորիան մի տեսակ նստել է, մերոնք էլ ավելի վստահ են կարծես իրենց գործողություններում, իսկ թշնամին ավերելու, շատ ենթակառուցվածքներ փչացնելու գործելակերպն է ընտրելՙ երեւի ինչ-որ դադարից հետո կրկին ռազմական ուժի նոր կուտակում պլանավորելով: Ռազմական ուժով հարցն արագ լուծելու թշնամու հոխորտանքն, այդպիսով, դեմ առավ հայկական զինուժի հերոսական պաշտպանությանը, բայց դա դեռ չի նշանակում, որ թշնամին հրաժարվում է նենգ նպատակներից, իսկ Արցախի անվտանգության գոտուՙ քարտեզի վրա այս պահին կարմիր ներկված, այսինքնՙ տանդեմի վերահսկողության տակ գտնվող հատվածը մենք հետ չենք բերելու:
Ահա այս խորապատկերն ունեինք ժնեւում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Ջեյհուն Բայրամովիՙ հոկտեմբերի 29-ին նախատեսված եւ մեկ օրով հետաձգված հանդիպումից: Չգիտենքՙ այսօր, հոկտեմբերի 30-ին, այդ հանդիպումը կրկին կկայանա, թե՞ կրկին կհետաձգվի, կամ այն նախաձեռնած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ինչ նկատի ունեն, երբ ասում են, թե քննարկվելու եւ համաձայնեցվելու է ինչ-որ ժամանակացույց, որը կողմերն սկսելու են իրականացնել: Հա՞: Բա երեք անգամ խախտված հումանիտար հրադադարը նախ կայացրեք, ինչ ժամանակացույցից եք խոսում, ա՛յ համանախագահներ, թուրքադրբեջանական տանդեմը մեր ծաղկուն բնակավայրերն է ամայացնում իր քոչվորի հոգեբանությամբ:
Այնպես որՙչենք կարծում, թե ինչ-որ փաստաթղթի հիման վրա ինչ-որ ժամանակացույցի մասին խոսելը հիմա իրական է, մեզ պարտադրված պատերազմում թշնամուն հետ շպրտելու խնդիրն էլ մեր այսօրվա օրակարգն է, ու ճիշտ են բոլոր նրանք, որոնք Ժնեւից որեւէ բան չեն սպասում: Երկրի վարչապետիՙ վերջին օրերին վրա-վրա տրամագծորեն տարբեր բովանդակությամբ երկու ուղերձներն էլ հենց այդ սպասումներն ունենալ-չունենալուՙ տարբեր գնահատումների հետեւանք է ենթադրաբար, ի վերջո երկրորդ ուղերձի եզրահանգումով, որ ռամաճակատում մեր խնդիրները լուծելու միջոցով միայն թշնամուն իր տեղը ցույց կտանք: Սակայն չէինք ուզենա, որ հանրության գիտակցությունն այդպես հրապարակայնորեն էլի փորձարկման ենթարկվի, դա թող լինի վերջինը: Չի կարելի մի օր խոսել ցավոտ փոխզիջումներից, սահմանափակ ռեսուրս ունենալուց ու հանրությանը սթրեսի ենթարկել, մյուս օրը խոսել մինչեւ վերջ կանգնելուց ու հաղթելուց, ու դա տակտիկական խնդիրների լուծում անվանել: Ազգի ղեկավարները պետք է ազգի հոգեկան վիճակի ու բարձր ոգու մասին էլ մտածեն ի վերջոՙ ամեն մի ուղերձը երկնելով:
Պատերազմի էմոցիոնալ կողմը
Պատերազմից հետո մենք բոլորս այն չենք լինի, ինչ պատերազմից առաջ էինք: Կփոխվեն ոչ միայն երկիրը, նրա ներքին մթնոլորտը, տնտեսությունը, առաջնահերթությունները, այլեւ մեր կյանքն ամբողջապես կփոխվի, մեր ներսն ու մտածողություը բոլորովին այլ կլինեն: Այլեւս չենք կարողանա անմնացորդ ուրախանալ, քանի որ ամեն ուրախանալու հենց սկզբում ենթագիտակցությունը մեզ հիշեցնելու է կռվում զոհված մեր տղաների չապրված կյանքը, նրանց մայրերի, կանանց ու սիրած աղջիկների կիսատ մնացած երազանքները, ստիպելով մեզ զգաստանալ, նրանց չարածի մի մասն իրականացնելու գործը մեզ վրա վերցնել: Էլ չենք կարողանալու շռայլ լինել, անիմաստ ծախսեր անել,շքեղությունների տրվել, քանի որ հուսով եմ հասկացանքՙ հայերիս յուրաքանչյուր ազատ գումարն ինչի վրա պետք է ծախսենք: Չենք կարողանա անտարբեր նայել ամեն օգնության կարոտ մարդուՙ նրանցից յուրաքանչյուրը թանկարժեք է երկրի համար: Չենք կարողանա մեզ թույլ տալ իրար ամբաստանելու, իրար տակ փորելու, իրարից խլելու մինչպատերազմյան հայկական շռայլությունը, քանի որ դա անում է թշնամին, երբ տեսնում է միաբան չենք: Պատերազմն արդեն որերորդ անգամ ներխուժեց մեր գիտակցություն, ու, հուսով եմՙ այս անգամ լրիվ վերափոխեց մեզՙ հետեւություններ անելու առումով, քանի որ ինքնապաշտպանության, ինքնապահպանման բնազդն ու մեխանիզմները նա՛խ մեր ենթագիտակցության մեջ պետք է լինեն, իսկ այս պատերազմի սրբագրումից հետոՙ ամենքս պիտի մեզ ինքնասրբագրենք, որպեսի արժանի լինենք մեր զոհված ու ողջ հերոսներին…
Մենք հենց հիմա արդեն փոխվել ենքՙ ամեն զինվորի զոհվելու լուրն առնելիս աչք ենք թրջում, կուչ գալիս, վրեժով լցվում, մի պահ նույնանում զինվորի մոր ու հարազատի հետ, մեզ մեղավոր ենք զգում ամեն զոհվածի համար, դա անում ենք ազգովին ու արդեն արել ենք մոտավորապես հազար անգամՙ մոտավորապես հազարի հասնող զոհ ունենք, ու վերջը չի երեւում: Դա դարձել է բոլորիս ցավը, ու ապրողների ցավն է լինելու շատ երկար: Բայց մեկ էՙ միով բանիվ չենք պատկերացնում զավակ ու ամուսին կորցրած ընտանիքի ողբերգությունն իր ողջ խորությամբ, այդ ընտանիքին բարեկամ ուրիշ տասնյակ ընտանիքների ափսոսանքի խորությունը (երեկ ես սրտի կսկիծով իմացա մոտիկ մեկի եղբոր զոհվելու մասին, ու այդ կսկիծը երկար դեռ կհետապնդի ինձ.- Մ.Խ.): Բազմապատկեք մի ընտանիքի ողբերգությունը հիսունովՙ ամեն հայի ազգականների թիվը նվազագույնն այդքան է, կստանաք բուն վշտակիրների ահռելի թիվ:
Գումարածՙ աշխարհի տասն միլիոնի ալեկոծումը, որոնք, պարզվեց, բոլորն ապրում են Հայաստանով, ու ամեն զոհված զինվորի վիշտն իրենցն են համարում: Թուրքիայի բորենիական բարքերից նրանց էլ է արդեն բաժին հասնում, քանի որ ներքին հրահանգով թուրքական ահաբեկիչները տեղափոխվել են նաեւ աշխարհի հայերի բողոքի ցույցերի հարթություն, Ֆրանսիայի հայերի հետ, Ֆրեզնոյի հայ ցուցարարների հետ պատահածները ձեզ օրինակ: Այդպիսովՙ ողջ աշխարհի հայերն արդեն մի որոշ իմաստով անձամբ կարող են բախվել թուրքական վայրագությանը, որոնք սովոր են պատերազմը բուն օջախից ահաբեկիչների տեսքով տեղափոխել այլ երկրներ:
Փոխվել է մեր առօրյա կյանքըՙ բոլորս մտմտում են ոնց օգնել մեր բանակին, բոլորս խոսում ենք բայրաքթարից, ԱԹՍ-ից, Իսկանդերից ու ՀՕՊ համակարգերից, բոլորս վերապատմում ենք ռազմի դաշտից ստացված լուրերըՙ մեր գունավորմամբ, բոլորս ռազմական գործի գիտակ ու հրամանատար ենք, բոլորս գիտենք, որ թուրքին արդեն պիտի կոշտ պատասխանել, ու ի՛ր տարածքում, Իսկանդերոոոոո՛վ ու վերջ: Հիմա եւ ընդմիշտ: Հետեւանքների մասին մենք ոչ կարող ենք գլխի ընկնել, ոչ էլ մի քայլ առաջ մտածել, միայն էմոցիոնալ սեղմում ենք մեր բռունցքները ու թուրքին «բեզիմդիր» անում: Սոցիալական ցանցը վերածել ենք տնայնագործ ռազմագետների ու դիվանագետների բուծման, անիմաստ միմյանց դեմ թուր ճոճողների եւ զորահրամանատարներին խորհուրդ տվողների հարթակի: Միեւնույն ժամանակՙ նույն սոցիալական ցանցերում երեւում են լուռումունջ գործ անողները եւ կռվի դաշտում մարտնչողները, ցավոքՙ մի մասը զոհված հերոսների լուսանկարներ որպես, եւ, փառք Աստծո, որ բոլորը դիվան քշող դիվանագետներ չեն, ու մենք հիանալի, հայրենիքը սիրող զինվորի ու պրոֆեսիոնալ մասնագետների մի ողջ սերունդ ունենք:
Աշխարհազոր
Օրերս Ազգային ժողովը լրացրեց «Պաշտպանության մասին» օրենքը, եւ այդ լրացումներով այժմ ստղեծվում է աշխարհազորՙ օրենքը կանոնակարգում է դրա ստեղծման իրավական կողմը: Երկրի ղեկավարներն էլ տեղերում աշխարհազորային ջոկատներ ստեղծելու կոչեր են արել: Աշխարհազորը Հայաստանի վրա հարձակման դեպքում կամավոր հիմունքներով զորքի հետ միասին երկիրը պաշտպանելու գործառույթներ է ունենալուՙ մի շարք լիազորություններով օժտված լինելով եւ հատկապես տեղական սահմանները պաշտպանելու առաքելություն իրականացնելով, եւ ոչ միայն: Այն կառավարելու է ԶՈՒ գլխավոր շտաբըՙ իր կառուցվածքի մեջ գործող աշխարհազորային շտաբի միջոցով: Աշխարհազորի անդամների գործունեությունը կարգավորվելու է պայմանագրով, նրանք ստանալու են զենք եւ համազգեստ, պարտականությունները կատարելիսՙ անվճար սնունդ:
Նույնիսկ այս որոշումը ցույց է տալիս, որ պատերազմը, որոշակի դադարներով, կարող է ձգձգվել: