Մտավախությունները կարծեք իրականություն են դառնում. տարածաշրջանային, ավելինՙ աշխարհաքաղաքական շահերը շրջանցում են մեզ եւ պարտադրվում մեր երկրին։ Հոկտեմբերի 10-ին azg.am եւ azgonline կայքերում գրել էի, որ Մոսկվան մեր հաշվին կարող է զիջումներ ապահովել Ադրբեջանի համարՙ վերջինին տարբաժանելու համար Թուրքիայից եւ իր ազդեցության ծիր վերադարձնելու Բաքվին։ Հոկտեմբերի 14-ին ՌԴ արտգործնախարար Լավրովը, RT հեռուստակայանի տնօրեն Մարգարիտա Սիմոնյանի (հատկանշական է այս պարագան) եւ ուրիշ երկու լրագրողների առաջ գրեթե լրիվ բացեց կարտերը եւ ներկայացրեց Արցախյան կոնֆլիկտի լուծման տխրահռչակՙ փուլային լուծման տարբերակը, որն այլեւս տարբերակ չէ, քանզի ուրիշ բան չի առաջարկվում։
Լավրովը ամիսներ առաջ էր խոսել այդ մասինՙ առանց մանրամասնությունները ներկայացնելու, սակայնՙ գրեթե վերջնագրային տոնով։ Հայկական կողմի պաշտոնական արձագանքը եղել էր անորոշ, լղոզված։ Եվ հիմա նույնը ներկայացվում է Մոսկվայից պաշտոնապես, հավաստիացումով նաեւ, որ համանախագահ մյուս երկրները համաձայն են դրան։ Պետք է ստուգել, հատկապես Փարիզում, մինչ Վաշինգտոնից Պոմպեոն մեզ միայն խորհուրդ է տալիսՙ «կռվեցեք, տղերք, կռվեցեք քաջ-քաջ», ինչը եւ անում ենք։
Տարօրինակն ու անընդունելին այն է, որ կարգավիճակի հարցը վերջում եւ խիստ անորոշ թողնող այդ «կարգավորումը» անորոշ է թողնում նաեւ, փաստորեն, Արցախի անվտանգության հարցը, որն այժմ միս-մինակ իր ուսերին է վերցրել Հայոց բանակն իր սպայական կազմով, մատղաշ զինվորներով ու կամավորներով, տեղահան եղած իր բնակիչներով, ողջ ժողովուրդով։ Նույնՙ հին «կարգավորումը» ներկայացվում է մեզ հիմա, երբ իրավիճակ է փոխվելՙ Թուրքիան անթաքույց մտել է արյունոտ խաղի մեջՙ իր ոճրապարտ հրոսակներով հանդերձ, իսկ Իսրայելը առեւտուր է անում մեր մեռելների վրա, միաժամանակ փորձում խցկվել Արաքսի հովտումՙ ընդդեմ Իրանի։
Նման պայմաններում մեզ քիչ են հետաքրքրում մեր գլխավոր եւ միակ դաշնակցի աշխարհաքաղաքական խնդիրներըՙ Բելառուսում եւ, օրերս սրված, Ղրղզստանում տիրող խախուտ վիճակը։ Ռուսաստանը պետք է որոշիՙ մնալո՞ւ է
Կովկասում, թե՞ ոչ։ Հարցին պատասխանելուց առաջ Կրեմլը պետք է ականջալուր լինի ներսից բարձրաձայնվող բողոքներին ու քննադատություններին։ Մի դաշնակից, որն իսկական, պատմական ու գործնական հարաբերությունները ստորադասում էՙ այսպես կոչված «Ադրբեջանի ռազմական գործընկերությանը», չի՛ կարող վստահելի լինել, ինչպես օրեր շարունակ կրկնում են ռուսաստանցի առաջադեմ շատ գործիչներ եւ ոչ թե մենք։ Բաքուն երբեք չի կարող հուսալի գործընկերը լինել Մոսկվայի։ Նա արդեն, եւ վաղուց, ամուսնացած է Անկարայի հետ ստրկային ամուսնությամբ, եւ ապահարզան չի՛ կարող լինել։ Հետեւաբար մեր երկրի ու ժողովրդի հաշվին Բաքվին ճակատագրական զիջումներ անելով նրան Թուրքիայից բաժանելու եւ վերջինին «խաղից դուրս» թողնելու Մոսկվայի ճիգերը անիմաստ են եւ ապարդյուն։ Դրանք կարող են պարզապես ծառայել որպես ամուսնական նվեր, այն էլ ուշացած, այն էլ երկրորդ անգամ, Նախիջեւանն ու Արցախը հանձնելուց գրեթե 100 տարի անց։
Ոչ ոք թող չասի, թող չվկայակոչի Հայաստանի ներկայիս գործող իշխանությունների ձախավեր եւ հակաքաղաքական քաղաքականությունը Ռուսաստանի հանդեպ, ո՛չ էլ Սորոսի որբերի հակառուսական եւ մյուսՙ անհայրենիք զավզակների բարբաջանքները։ Իշխանությունները միշտ էլ գնացող են։ Մնայունը պետությունն է ու ժողովուրդը։ Ես ուշադիր հետեւել եմ վերջին 2,5 տարիների ընթացքում Կրեմլի ղեկավարիՙ Հայաստանի վերաբերյալ բոլոր հայտարարություններին. նա միշտ խուսափել է իշխանություններին դիմելուց եւ փոխարենը միշտ խոսքը ուղղել է հայ եղբայրական ժողովրդին, «բրադսկի նարոդ»ին, որի զավակները անօրինակ զոհողություններով ու զոհերով կրծքով են պաշտպանում իրենց երկիրը, ժողովրդին ու, միաժամանակ, չեմ չափազանցում, ռուս դաշնակցի շահերը։ Մի ժողովուրդ, որի զավակները, ծերերն ու մանուկները իրենց իսկ երկրում այժմ դարձել են գաղթական, իսկ դեռեւս հողին կառչածները ամեն օր տասնյակներով զոհվում կամ վիրավորվում են թուրքական Bayraktar TB2, իսրայելական Harop կամիկաձե ռումբերից, բելոռուսական Polonaise հրթիռներից, իսկ ամենաշատըՙ ռուսական զենքերից։ Թուրքիան եւ Ադրբեջանը մեր երկիրը շարունակում են «այրած հող» դարձնել, այսինքնՙ ցեղասպանության ենթարկել։ Սա օտար, արտաքին միջամտություն չէ՞, որի դեպքում իսկական դաշնակիցները սովորաբար պաշտպանում են միմյանց։ Անհեթեթ չի՞ հնչում, թե մենք ձեզ կպաշտպանենք ձեր միջազգայնորեն ճանաչված սահմաններում։ Իսկ օ՞դը, երկի՞նքը, այն էլՙ թռչող սարքերի ու հրթիռների պայմաններո՞ւմ։ Ռուսաստանի ամենատկար օրերին անգամ, 1992-ին, ի պատասխանՙ Հայաստանի վրա «մի քանի ռումբ» գցելու նախագահ Թուրգութ Օզալի սպառնալիքին (բիր քաչ բոմբա աթալըմ), գեներալ Շապոշնիկովի հայտնի պատասխանը բավական եղավ, որ Անկարան սսկվեր։ Մոսկվան արդյոք տեղյակ չէ՞ր, թե ի՞նչ էր պատրաստվում անել իր «ոխերիմ բարեկամ» Թուրքիան Արցախյան այս պատերազմում։ Ինչո՞ւ չփորձեց կանխել։ Կանխելՙ արյունահեղությունը, որն այսօր, արդեն 20-րդ օրը, շարունակվում է կատաղորեն։ Շարունակվում է, որովհետեւ, կրկնել ենք հազար անգամ, մենքՙ Հայաստան եւ Արցախ, ուրիշ ելք չունենք, երկրորդ ցեղասպանություն թույլ չենք տա։
Դիմանալու, դիմադրելու եւ հաղթելո՛ւ ենք։