Ղարաբաղյան պատերազմը գերտերությունների ուշադրության կենտրոնում է, որովհետեւ մերօրյա փոխկապակցված աշխարհում բոլոր հակամարտությունները հետեւանք են բազմաթիվ երկրների շահերի բախման, չնայած արտաքնապես թվում է, թե դրանք միայն որոշակի տարածաշրջանին են վերաբերում: Փոխադարձաբար նաեւ բոլոր հակամարտությունները հեռագնա ազդեցություններ ունեն աշխարհի երկրների վրա, տեղական բնույթով:
Անցած երեսուն տարիների ընթացքում ղարաբաղյան հակամարտությունը պատճառ է դարձել բազմաթիվ բռնկումների Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւՙ առանց որեւէ վերջնական արդյունքի: 1994-ին կողմերը հրադադար կնքեցին հիմք ընդունելով, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի, եւ կողմերը չեն դիմելու ուժի օգտագործմանը:
ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի համանախագահներն են Մ. Նահանգները, Ռուսաստանն ու Ֆրանսիան, ցարդ աշխատել է եւ հիմա էլ աշխատում է լուծում գտնելու այդ համաձայնության հիման վրա: Սակայն Ադրբեջանը քանիցս խախտել է այդ պայմանագիրը: 2016-ի ապրիլին, ինչպես նաեւ այս տարվա հուլիսին նա դիմեց ուժի գործադրմանը: Ագրեսիայի ամեն մի գործողություն հետ շպրտվեց, որոշակի առաջխաղացում եւս արձանագրելովՙ Բաքվի ղեկավարությանը հասկացնելով, որ բռնությունը իր ակնկալած արդյունքը չի տալու:
Հակամարտությունը նաեւ օգտագործվել է տարածաշրջանային եւ համաշխարհային հզոր տերությունների կողմից հօգուտ իրենց սեփական շահերի: Ադրբեջանի ղեկավարությունը նման զարգացումներից խրախուսվածՙ ծայրահեղական դիրքորոշում է որդեգրել: Նախագահ Իլհամ Ալիեւը բազմաթիվ անգամներ կրկնել է, որ միակ լուծումը հայկական կողմի ամբողջական հանձնվելը պետք է լինի: Մինչ օրս նա պնդում է, որ խաղաղություն չի հաստատվի մինչեւ հայերը դուրս չգան Ղարաբաղից: Նման մտասեւեռումը նրան իրավունք է տվել երազելու, որ նա կարող է նույնիսկ գրավել բուն Հայաստանի ամբողջ տարածքը: Ներկա բռնկումը անմիջական հետեւանքն է Թուրքիայի անմիջական մասնակցությանՙ իր հեռահաս նպատակներով:
Թուրքիան Կովկասում է զսպելու համար Ռուսաստանի եւ Իրանի ազդեցությունը տարածաշրջանի վրա, մի հագամանք, որ համապատասխանում է Արեւմուտքի ձգտումներին: Բայց Թուրքիայի ներկա ղեկավարը շատ ավելի սեփական առանձնակի նպատակներ է հետապնդում: Նա երազում է վերականգնել Օսմանյան կայսրությունը եւ իր արյունոտ ձեռքերում պահել այդ կայսրության նախկին բոլոր երկրները:
Էրդողանի արկածախնդրությունները Սիրիայում եւ Արեւելյան Միջերկրականում հակադարձվել են եւ այժմ նա իր բախտն է փորձում Կովկասում, փաստական գաղութի վերածելով Ադրբեջանինՙ «Մեկ ազգ, երկու պետություն» նշանաբանի ներքո: Բայց այդ երկրորդ պետությունը անտեսանելի է դարձել Թուրքիայի մութ շվաքի ներքո:
Նախագահ Ալիեւն ամբողջովին կորցրել է վերահսկողությունը: Պատերազմը թուրք զինվորական հրամանատարության ներքո է մղվումՙ իսլամիստ վարձկան-ահաբեկիչների մասնակցությամբ, որոնք Էրդողանի միջնորդությամբ Սիրիայից են «ներմուծվել»:
Չափազանցություն չէր բոլորովին, երբ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նշեց, որ հայկական ուժերը ոչ թե միայն Ադրբեջանի, այլեւ Թուրքիայի դեմ են կռվում: Ի դեպ պարզվում է, որ Հարությունյանը պատերազմական ժամանակների ակնառու գործիչ է դարձել, որ գիտի անձամբ քաջալերել առաջնագծի զինվորներին: Նախքան նախագահ ընտրվելը նրա հեղինակությունը մեծապես կապված էր Ղարաբաղի տնտեսության զարգացման հետ: Նա մասնակցել էր ազատագրական պատերազմին, բայց քաղաքականության փոխարեն նախընտրել էր զբաղվել գործարարությամբ:
Պատերազմն արդեն երկրորդ շաբաթն է թեւակոխել, եւ ավարտն ավելի կատաղի է թվում: Այն փաստը, որ հայկական կողմը մինչ օրս հաջողությամբ է պսակել իր առաջ դրած առաքելությունը, խոսում է հայոց բանակի բարձրագույն պատրաստվածության, արհեստավարժության մասին: Ադրբեջանը թիրախավորել է Ստեփանակերտի եւ Վարդենիսի (Հայաստանում) քաղաքացիական կառույցներըՙ ցույց տալով իր հուսախաբությունն ու ծրագրերի խափանումը: Այս հանգամանքն, ինչ խոսք, ոչ միայն Հայաստանին է վնասելու, այլեւ լուրջ խնդիրներ է առաջացնելու Ադրբեջանում եւ Թուրքիայում:
Հայաստանն արդեն բողոք է ներկայացրել Ադրբեջանի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Ժնեւյան պայմանագրի դրույթները խախտելու եւ խաղաղ քաղաքացիներին անխտիր ռմբակոծելու պատճառով:
Պատերազմի թուրք եւ ադրբեջանցի ծրագրավորողները ակնկալում էին, որ Հայաստանը վախենալու էր Ադրբեջանին ցուցաբերած Թուրքիայի անվերապահ աջակցությունից: Բայց այդ ակնկալությունները հօդս ցնդեցին: Հայերը շատ լավ մշակված դիմադրություն ցուցաբերեցին եւ շարքից հանեցին Գյանջայի (Գանձակ) զինվորական օդանավակայանըՙ նախօրոք զգուշացնելով քաղաքացիներին, որ լքեն տարածքը:
Գյանջան թիրախավորելը մեկից ավելի խորհրդանշական նշանակություն ուներ: Նախ F-16 ռմբակոծիչը, որ հայկական ռազմական օդանավ էր վայր գցել Հայաստանում, այդ օդանավակայանից էր թռել: Երկրորդ, այդ կայանը նաեւ ծառայում է որպես Ադրբեջանի օդուժի վերանորոգման եւ ԱԹՍ-երի ղեկավարման կենտրոն: Եվ վերջապես երրորդՙ Գյանջան պատմականորեն եղել է Ադրբեջանի թուրք ազգայնամոլների ծննդավայրը: Այնտեղ է ծնունդ առել Մոսավաթ կուսակցությունը եւ այնտեղ է 1918 թվին հայտարարվել Ադրբեջանի անկախությունը: Հայաստանի համար այդ օդանավակայանը հեշտ թիրախ էր, որովհետեւ լավ պաշտպանված չէր:
Հայերն այլ անպաշտպան ռազմական թիրախներ էլ են հայտնագործել, ինչը ապացուցում է, որ Ադրբեջանի ռազմական դոկտրինան հիմնված է միայն հարձակողական հիմքերի վրա: Նրանց բանակը պատերազմ է մղում այն համոզմամբ, որ թշնամին հանձնվելու է իսկույն, ուստի կարիք չկա պաշտպանական ծրագրեր մշակելու: Նրանց այս համոզմունքը իրեն չի արդարացրել ցարդ: Հայկական զինուժը կարողացավ հաղթահարել առաջին ցնցումը եւ հակահարված տալով շարունակել գործողություններըՙ ապացուցելով, որ ամենամարտունակն է տարածաշրջանում:
Բացի եվրոպական դատարանին հղած Հայաստանի դիմումից, «Amnesty International»-ը եւս մեղադրել է Ադրբեջանին կասետային ռումբեր օգտագործելու համար: Կազմակերպությունը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի փաստացի իշխանությունների հրապարակած տվյալներով մայրաքաղաքը եւ Շուշին շաբաթավերջում ռմբակոծվել են կասետային ռումբերով, որոնք զոհեր են պատճառել քաղաքացիական շրջանում:
Թուրքիան Կովկաս է եկել փոխելու համար «ստատուս քվոն» եւ սահմանափակելու Ռուսաստանի ազդեցությունը այնտեղ: Նաեւ հակակշռելու համար շիաների հզոր ամրոց հանդիսացող Իրանի ներկայությունը: Թուրքիան հավակնում է դառնալ սուննիների ղեկավարը ամբողջ աշխարհում: Այդ պատճառով է, որ նա մյուս հավակնորդներիՙ Սաուդյան Արաբիայի եւ Եգիպտոսի հետ խճճված հարաբերությունների մեջ է խրվել:
Բայց Թուրքիան այդ երկու երկրների հետ հակադրվելու այլ պատճառ էլ ուներ: Անկարան մտադրվել էր ահաբեկել բոլոր այն երկրներին, որոնք ինչ-որ շահեր ունեին Արեւելյան Միջերկրականում գտնվող ածխաջրածնի պաշարներից: Թուրքիայի մեքենայությունները ցարդ պատճառ են դարձել, որ իր դեմ ստեղծվի մի կոալիցիա, որի կազմում են Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, Արաբական միացյալ էմիրությունները, Հունաստանն ու Կիպրոսը:
Բայց միայն այդ երկրները չեն, որ բարձրաձայնում են Թուրքիայի դեմ: Ֆրանսիան եւ Գերմանիան եւս վիրավորված են սարսափելիորեն:
Ֆրանսիան բավական ուժգին է քննադատել Թուրքիայի գործողությունները տարածաշրջանում: Իսկ կանցլեր Անգելա Մերկելին Էրդողանի նացիստ անվանելը այնքան է զայրացրել այդ երկրին, որ արտգործնախարար Հեյկո Մաասը նշել է, որ Թուրքիայի նախագահը կարմիր գիծն անցել է:
Ֆրանսիայի եւ Գերմանիայի տրամադրվածությունն ընդդեմ Թուրքիայի ստիպել է Մ. Նահանգներին դիմակայել աղետալի ճեղքվածքի առկայությունը ՆԱՏՕ-ի կառույցում: Կարծես Թուրքիայի ներկայությունն այնտեղ այնքան էլ ողջունելի չէ այլեւս: Գերմանիան արդեն սկսել է իր զորամիավորումները դուրս բերել Ինջիրլիքի ավիաբազայից: ԱՄՆ-ն էլ մտածում է հունական կղզիներում հիմնադրել այլընտրանքային մի նոր ռազմակայան: Թուրքիան այլեւս առաջվա նման իր դաշնակիցներին պատանդ չի պահում իր հողում, ճգնաժամի պարագայում:
Ռուսաստանը դեռ չի արձագանքել: Հայաստանում շատերն են ցանկանում իմանալ, թե երբ է ՀԱՊԿ-ն վերջապես շարժվելու եւ պաշտպանելու փորձանքի մեջ հայտնված իր անդամ պետությանը:
Ցույց տալու համար, թե որքան անաշխատունակ է այդ կառույցը, բավական է նշել, որ այդ պայմանագիրը ստորագրած պետություններից մեկըՙ Բելառուսը ռազմական սպառազինություն է մատակարարում Ադրբեջանին:
Այդուհանդերձ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ առայժմ Հայաստանը կարող է մղել իրեն պարտադրված այս պատերազմը, բայց ոչ ոք չգիտի, թե ինչ կարող է պատահել, եթե այն երկարաձգվի:
Զարգացումները լուրջ մտահոգություն են պատճառել նաեւ Իրանին, որ պատմականորեն Թուրքիայի մրցակիցն է եղել: Հոկտեմբերի 5-ի իր համարում «Eurasian Times» պարբերականը տեղեկացրել է, որ Թեհրանը Հայաստանի հետ իր սահմանում 200 տանկ եւ զորք է տեղակայել, ենթադրաբար Հայաստանին օգնելու մտադրությամբ: Եթե իրոք նման քանակության իրանական զորքեր են կենտրոնացած սահմանում, ապա հաստատ կարելի է ասել, որ մտադրությունը Հայաստանին օժանդակելը չէ: Իրանի համար խիստ մտահոգիչ է, որ Ադրբեջանն իր պատրաստակամությունն է հայտնել Իսրայելին ծառայելու որպես Իրանի վրա հնարավոր հարձակում գործելու հարթակ: Հաշվի առնելով վարչապետ Նաթանյահուի թույլ ժողովրդականությունը եւ ԱՄՆ-իՙ այժմ հիվանդ նախագահի նախընտրական տրամադրությունը, կարելի է ենթադրել, որ հարձակման ժամանակը հասունացել է: Թուրքիան, հակառակ իր տարաձայնություններին Իսրայելի ղեկավարության հետ, կդառնա ակտիվ մասնակիցը հակամարտության: Լուռ համաձայնություն գոյություն ունի Էրդողանի եւ Իսրայելի միջեւ: Թուրքիան կարող է քննադատել Իսրայելին, ասելով, որ իբր պաշտպանում է պաղեստինցիների դատը: Նա նույնիսկ ավելի հեռուն գնալով կարող է պնդել, որ Երուսաղեմը պետք է Թուրքիային վերադարձվի: Բայց ամեն ինչ ձեւական է: Եթե երկու երկրների միջեւ խզումը իրական լիներ, Իսրայելը վաղուց ճանաչած կլիներ Հայոց ցեղասպանությունը:
Փաշինյանի կառավարությունը հիմնականում երիտասարդ կադրերից է բաղկացած, որ փորձառություն չունի լրատվական գլոբալ դաշտում, հատկապես դիվանագիտական ոլորտում գործ ունենալու նման կացության հետ: Դիվանագիտական լուրջ մարտահրավեր է նետված այդ երիտասարդների առաջ եւ ցարդ նրանք շատ լավ են գլուխ հանում այդ ամենից: Համեմատած նախկին իրադարձությունների հետ, այս անգամ Հայաստանը ավելի դրական պատկերով էր ներկայացված, եւ հակամարտությունն էլ ստացավ ավելի լայն արձագանք լրատվամիջոցներում:
Ղեկավարությունը համոզիչ հարցազրույցներ տվեց աշխարհի գլխավոր պարբերականներին, իսկ ռազմական գերատեսչությունը կանոնավոր, շարունակ թարմացվող տեղեկություններով հանդես եկավ հեռուստատեսությամբ եւ սոցցանցերում: Նրանք նաեւ ընդգծեցին, որ լրագրողները ազատ կարող են Հայաստան եւ Արցախ մուտք գործել, ի հակադրություն Ադրբեջանի, որ արգելել էր նրանց մուտքը:
Օգտվելով ցեղասպանությունը հերքելու Էրդողանի նախաձեռնությունից, Հայաստանի կառավարության ներկայացուցչիները նաեւ կարողացան Հայոց ցեղասպանության հարցը կապիտալի վերածել, նշելով, որ Թուրքիան եկել էր տարածաշրջան ավարտելու համար այն, ինչ սկսել էր 1915-ին: Փաշինյանը կոչ արեց ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդատու Ռոբերտ Օ՛Բրայենին քննարկելու ամերիկյան F-16 կործանիչների հարցը, որ Թուրքիան օգտագործում է քաղաքացիական բնակչության դեմ: Նա այդ նույն հարցը բարձրացրեց նաեւ New York Times-ին տված իր հարցազրույցի ընթացքում:
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն էլ իր հերթին հայ քաղաքացիների դեմ Ադրբեջանի օգտագործած իսրայելական կասետային ռումբերի հարցը քննարկեց Իսրայելի նախագահ Ռ. Ռիվլինի հետ: Որպես բողոքի նշան Երեւանը Իսրայելից ետ կանչեց իր դեսպանին: Իսկ Կանադայի արտգործնախարար Ֆրանսուա Ֆիլիպ Շամպայնը հայտարարեց, որ իր երկիրը դադարեցնում է զինամթերքի մատակարարումը Թուրքիային:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ջենս Ստոլտենբերգը խորհուրդ տվեց Թուրքիային օգտագործել իր դիրքը եւ կողմերին հրավիրել բանակցությունների: Թուրքիայի նախկինում ձեռնարկած տհաճ արկածախնդրությունների ժամանակ նա անվերապահ աջակցությունն էր արտահայտել Թուրքիային:
Երբ ԵԱՀԿ-ն կոչ արեց դադարեցնել թշնամական գործողությունները, առաջին հերթին նա Էրդողանին դիմեց, ոչՙ Ալիեւին: Սա նշանակում է, որ Թուրքիան է ղեկավարում պատերազմը, իսկ Ադրբեջանը իր նախկին տեսքի ուրվականն է դարձել:
Այս պատերազմը Արայիկ Հարությունանին համաշխարհային թատերաբեմ բարձրացրեց: Փաշինյանն ինքն էլ նպաստեց Ղարաբաղի վարկի բարձրացմանը, նպատակ ունենալով հրադադարի կամ խաղաղության պայմանագրի ստորագրման ժամանակ տեսնել Ղարաբաղի կառավարության ստորագրությունը, մի հանգամանք, որ Ադրբեջանին կստիպեր Ճանաչել այդ հանրապետությունը որպես ինքնիշխան պետություն: Բայց նախքան դրան հասնելը Հայաստանը պետք է ճանապարհ հարթի, ինքը ճանաչելով Ղարաբաղի անկախությունը: Կարծում ենք արդեն ժամանակն է:
Էրդողանն ու Ալիեւը փոխել են իրենց տոնը: Այժմ իրե՛նք են ցանկանում խաղաղություն կնքել: Ղարաբաղի բանակը հաղթում է: Ամենայն հավանականությամբ Ղարաբաղն է լինելու թելադրողը:
Անգլ. թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Arm. Mirror-Spectator, 08.10.20)