Աշխարհի ճակատագիրը , փաստորեն, հայերի ձեռքերում է, պաթոսով չհնչի հանկարծ, քանի որ մեր տարածաշրջանում եւ Եվրոպայում քաղաքակրթական քաոս ստեղծող երկիրըՙ Թուրքիան, Ադրբեջանի եւ, ինչու չէ, իր ուղարկած միջազգային ահաբեկիչների ձեռքով, քաոսի ձեռագիրը բերել է մեր սահմանններ, բայց գլուխը խփել հայ զինվորի դիմադրության հզոր պատին. Տեսեք, թե որքան ոչ աներկիմաստ է Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայությանՙ սովորաբար ոչ շատախոս ղեկավար Սերգեյ Նարիշկինը Լեռնային Ղարաբաղի շփման գծում բախումների ներկա պահի մասին խոսելիս.«Իրավիճակի ներկայիս սրումն անհանգստություն է առաջացնում ոչ միայն իր մասշտաբով, այլեւ արտաքին գործոնների հիմնովին նոր ազդեցությամբ: Ադրբեջանի կողմում բացահայտ եւ միանշանակ կերպով հանդես է եկել Թուրքիան: Բացի այդ, Ղարաբաղում սրվող զինված դիմակայությունը մագնիսի պես ձգում է զինյալներին տարբեր միջազգային ահաբեկչական կառույցներից»: Նա նույնիսկ այդ կառույցների անուններն է տվելՙ այդպիսով մատնանշելով այս բախման մեջ պարունակվող թուրքական սնման ահաբեկչության տարածաշրջանային սպառնալիքը:
Ահա թե ինչու է գործնական աջակցությունն ուշացնող աշխարհի բախտը հայ զինվորի ձեռքին. որը հիմա կասեցնում է նաեւ ահաբեկիչներին եւ նրանց միջազգային մտադրությունները գոնե մեր մասով:
Հասկանո՞ւմ ես, աշխարհ, թե՞ դեռ գլուխդ ես տմբտմբացնում անհասկացողի տեսքով: Զոհվում են մեր լույս տղաներըՙ անհավանական քաջության պատմություններ թողնելով որպես պատմություն, բազմաքանակ քոչվորին հայրենիք պահողի տասնապատիկ ուժով դիմակայելով: Աշխարհ, քո երեսպաշտության, երկդիմիության եւ անտարբերության պատճառով տաղանդավոր ու ապագայի ներուժ մեր տղերքն են գնում…
Երեկ պատերազմի տասներկուերորդ օրն էր: Թշնամու նախահարձակ գործողությունների ընթացքում հայկական կողմն ունի զգալի թվով զոհեր ու վիրավորներ, ամեն օր հրապարակվող զոհվածների ցուցակներում մեր լույս տղաների անուններն ու ծննդյան թվերը կարդալն անգամ դարձել է ծանրագույն մի բան, գույժերը մթնեցնում են արդեն հարյուրավոր ընտանիքների լույս օրը:
Պատերազմ է, ու ինչպես որ արդեն հարյուրավոր անգամներ աշխարհին բացառրել ենքՙ քաղաքակրթությունները եկել ու բախվում են մեր հայրենիք Արցախի սահմանինՙ խլելով մեր զավակների ու եղբայրների կյանքը, ու հակաքաղաքակրթական ոչխարին կասեցնելու այդ թանկ գինը վճարում մենքՙ հայերս: Հերթական անգամ:
Երեկվա տվյալներովՙ հակառակորդն ուներ ավելի քան 4069 զոհ, հայկական կողմից, նախնական տվյալներով, զոհվել է 331 զինվոր (երեկոյան կողմ այդ թիվը, ցավոք, ավելացել էր:- Մ.Խ.): Ըստ Արցախի տեղեկատվական շտաբիՙ սեպտեմբերի 27-ից մինչ երեկ Արցախի զինուժը խոցել էր հակառակորդիՙ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 145 անօդաչու թռչող սարք, 496 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ»:
Միջազգային հանրությունից ամեն օր տարատեսակ աջակից ազդակներ են գալիս, բարոյական աջակցության պակաս չի եղել մինչեւ այժմ, անգամ եվոպական խորհրդարանի պատգամավորների մեծ մասը դատապարտեց տեղի ունեցողը, սակայն գործուն օժանդակություն դեռեւս տեսանելի չէ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը , որից հայ հանրությունն, այնուամենայնիվ, գործուն աջակցություն է սպասում, իր ծննդյան օրը հստակ արտահայտվեցՙ Հայաստանը չի դիմել Ռուսաստանին, դիմելու դեպքումՙ ՀԱՊԿ անդամ Հայաստանի դեպքում պարտավորությունները լիովին են կատարվելու:
Ըստ լուրերի, Ժնեւում երեկ գաղտնի վայրում տեղի է ունեցել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների եւ Ադրբեջանի ներկայացուցիչների միջեւ հանդիպումը: Ուրեմն ճիշտ է, հա՞. Ֆրանսիայի արտգործնախարարը, որը ղարաբաղյան հարցով բանակցությունների մեկնարկի մասին էր խոսում, ճիշտ է նրա արած այն արտահոսքըՙ հանդիպումների օրերի թվերով: Սա նշանակո՞ւմ է, որ ստվերային գործընթացներ, այնուամենայնիվ, եղել են ու կան: Ինչ բանակցություններ են դրանք (չնայած ԱԳՆ ներկայացուցիչ Աննա Նաղդալյանի հերքմանը)ՙ ՌԴ նախագահի մամլո խոսնակն էլ հոկտեմբերի 12-ին կայանալիք Մնացականյան-Լավրով հանդիպման մասին էր խոսում, եւ առհասարակ, ի՞նչ է տեղի ունենում, որից տեղյակ չեն ոչ հայ հանրությունը, ոչ անգամ քաղաքական շրջանակներն ու իշխող խորհրդարանական մեծամասնության գերակշիռ մասը: Հիշում եք, չէ՞, նախորդ անգամ, անցած դարի իննսունականների կեսին ինչով վերջացավ ստվերային պայմանավորվածության փորձը հակամարտության կարգավորման մասովՙ հանգեցնելով իշխանափոխության: Իսկ հիմա հատկապես, երբ հայ հանրության ներկայացուցիչները, առանց հաշվի առնելու, թե իրենք քաղաքական որ խմբին են պատկանում, միասնաբար մեկնում են հայրենիքը պաշտպանելու ու զոհվում են, ոչ ոք չի կարող այդ արյունը շրջանցել ու հանրության կամքին հակառակՙ որեւէ միջազգային ճնշման սուբյեկտ դառնալ:
Բայց որ ինչ-որ գործընթացներ կանՙ նկատելի է, ու անգամ երեկ խորհրդարանական ճեպազրույցներում այդ կանխավարկածով մեկնաբանություններ էին անում նաեւ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները: Փաստորեն չժխտելով արտահոսք արված Մոսկվայի ու Ժնեւի հանդիպումների հնարավորությունըՙ իշխող խմբակցությունից ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ենթադրեց, թե կողմերը փորձելու են քննարկել իրավիճակն ու հակամարտության հետագա լուծման ձեւաչափ գտնել.«Բայց դուք ինքներդ եք տեսնում, որ այդքան երկարատեւ մարտերից հետո ամբողջ բանակցային գործընթացը կարող է փոխվել, եւ եթե նախկինում խոսվում էր հակամարտության խաղաղ լուծման, ստեղծված իրավիճակից ելք գտնելու մասին, ապա Ադրբեջանն ու Թուրքիան որոշեցին լուծել խնդիրը բիրտ ուժի կիրառման միջոցով: Նրանց դա չհաջողվեց, եւ այժմ այս ելքն այս իրավիճակից խնդիր է դարձել ամբողջ աշխարհի համար: Ղարաբաղի խնդիրն այլեւս բացառապես Ղարաբաղի խնդիրը չէ», նշեց նաՙ կարեւորելով, որ հիմա արդեն ամեն ինչ վճռելու է ընթացող պատերազմի ելքը: Այս մտքի հետ համաձայն էին Էդմոն Մարուքյանն (Լուսավոր Հայաստան) ու Վահե Էնֆիաճյանը (ԲՀԿ): Մարուքյանը նշեց. «Հայկական կողմը պետք է ամեն ինչ անի, որ մարտի դաշտում ձեռքբերումը դիվանագիտական դաշտում արձանագրվի.«Հիմա ճանաչել Արցախըՙ նշանակում է փակել բանակցային ֆորմատը, իսկ Հայաստանը միջազգային հանրությունում ընկալվում է որպես ադեկվատ, քաղաքակիրթ գործընկեր, եւ մենք մեզ չպետք է պահենք այնպես, ինչպես պահում է թշնամին, դա մեր վերջին կրակոցն է»:
Ասել է թեՙ բանակցություններ կլինե՞ն, ձեւաչափը նույնը կմնա՞, թե կփոխվի՞, մեզ հարմար ելման կետի՞ց հարցերը կդրվեն, թե ոչՙ այս բոլորը վճռում են մեր տղաներն իրենց արյունով: Ու սա նաեւ պատասխանն էր Արցախի հանրապետությունը միջազգայնորեն ճանաչելու հարցը հետապնդելու խնդրինՙ օրակարգը կախված է ռազմաճակատում մեր հաջողություններից եւ քոչվորին մեր սահմաններից վռնդելուց: Ամեն դեպքումՙ Ա. Քոչարյանը շեշտեց, որ հակամարտության կարգավորման բանակցություններն անհնար են առանց Արցախի մասնակցության, իսկ հանրապետության ճանաչման գործընթացն անխուսափելի է. «Այսօր անվտանգության գոտին արդեն այլ նշանակություն է ստացել եւ պետք է դառնա Արցախի անվտանգությունն ապահովող գոտի: Այստեղ տարածքների վերադարձի մասին խոսելն անհեթեթ է դառնում, քանի որ օրակարգ է փոխվում»:
Իսկ առայժմ պատերազմ է, մենք բոլորս բեկման ենք սպասում ռամաճակատում, սպասում ենք ամենակարեւոր լուրին:
Իսկ թուրքադրբեջանական տանդեմը հավանաբար չի հաշտվում, որ հաջողություն չի կարող գրանցել եւ երեկ Էլի խփում էր Ստեփանակերտին ու Շուշիինՙ ի պատասխան ջախջախիչ հակարհարվածներ ստանալով: Իսկ օրվա կեսից հետո նույնիսկ Ազգային ժողովի նախագահն անհանգստացավ. «Հենց նոր կրկին գրեցի մի շարք եվրոպական, արաբական, լատինամերիկյան երկրների խորհրդարանների նախագահներին, ինչպես նաեւ միջխորհրդարանական կազմակերպությունների ղեկավարներինՙ առաջարկելով ձեռնարկել ԱՆՀԱՊԱՂ, ԿՈՆԿՐԵՏ եւ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ միջոցներ », գրեց իր ՖԲ էջում նաՙ նկատի ունենալով հակամարտության կիզակետում կատարվողը:
Երեկվա ընթացքում մի բազմանշանակ լուր էլ կար, որ հավանաբար տակը մեծ ենթատեքստ ունի: Երեկ պաշտոնից հեռացվել է ԱԱԾ պետը, որը վերջերս էր նշանակվել: Հաջորդեց Նիկոլ Փաշինյանի հանելուկային գրառումը ֆեյսբուքում, ըստ որի եղել են անձինք, որոնք առաջնագծում ապատեղեկատվություն տարածելով, նույնիսկ հրամայելովՙ ստիպել են մեր զինվորներին որոշ մարտական դիրքեր թողնել թշնամուն: ԱԱծ-ում սկսվել է հետաքննություն, տեղեկացրել է վարչապետը, եւ որՙ մեր հերոսների թիկունքը պետք է մաքրել դավաճաններից: Կապ ունի՞ դրա հետ Արգիշտի Քյարամյանը, թե ոչ, թե՞ ուղղակի չի վերահսկել վիճակըՙ հայտնի չէ:
Խոստովանեմՙ միասնաբար կամավորագրվելու, մեր հերոս տղաներիՙ սեփական կյանքը չխնայելու լուրի ֆոնինՙ այս լրատվությունը տհաճությամբ կարդացի, տարբեր զգացմունքների խառնուրդով: Իմ կարծիքով պատերազմի ժամանակ այսպիսի գործողությունների մասին հրապարակման կարիք չկա: Եթե նույնիսկ եղել է այդպիսի բանՙ իրավապահները թող սուսուփուս իրենց գործով զբաղվեն-բացահայտեն, քանի որ այս որակի լուրը հենց, այն էլ վարչապետի գրառմամբ, թշնամու դեմ պայքարի մեր միասնության վրա բացասական անդրադարձ ունեցող ինֆորմացիա ունի եւ հարցեր է առաջացնում առ այն, որ մի բան այն չէ: Երբեմն պետք է լռել իմանալ, հո մենակ բանակցային գործընթացի վերաբերյալ խորհրդապահությունը արդիական չէ՞:
Անձամբ ես երեկ բազմաթիվ մարդկանց հետ եմ զրուցել, ովքեր նկարագրում էին առաջնագծի զինվորների նվիրումն ու քաջությունը, թիկունքում առկա միասնությունըՙ չնայած քաղաքական տարաձայնություններին:: Իսկ արտերկրում առկա միասնության մթնոլորտի ցուցիչ է թեկուզ այս մի օրինակը. «Ազգ»ի Լոս-Անջելեսի թղթակից Կարինե Դանիելյանի որդինՙ Արտավազդ Ջանշյանն իր տարիների խնայողությունըՙ 101 հազար դոլար, որով տուն էր ուզում գնել, նվիրել է «Հայաստան » հիմնադրամինՙ հայոց բանակի համար: Թեեւ, իհարկե, բացասական բաների ականատես էլ ենք լինում երբեմն, ինչպես, օրինակ, որոշ մասնագիտացված խանութների դեպքում եղավ, երբ այս քանի օրը սկսել էին կրկնակի գներով վաճառել զինվորական կոշիկներն ու համազգեստը: Բայց դա կորչում-գնում է ընդհանուր նվիրվածության ու հայրենիքը պաշտպանելու հաստատակամության ֆոնին: Պիտի այնպես անենք, որ արժանի լինենք մեր նահատակված տղաներին: