Զուգահեռ իրականություններ. այդ խաբկանքի մեջ ապրեցին ու գործեցին նախորդ իշխանություններըՙ տոն օրերին մրցանակաբաշխություններ, պարգեւատրման արարողություններ, բարձրաշխարհիկ ընդունելություններ կազմակերպելով, պետական կոչումներ շնորհելով, պալատական երգիչ-երգչուհիների համերգներով ու հրավառություններով ժողովրդին համոզելով, թե ամեն ինչ հրաշալի է, իսկ դուք ամեն անգամ մեր ուրախությունը, մեր տոնը փչացնում եք: Զուգահեռ իրականություններն այդպես էլ չխաչվեցին, որպեսզի ապահով ու պարարտ կյանքով ապրողները մի օր իրենց զգային վարկերի տակ կքած, կրթական, մշակութային, արժանապատիվ ապրելու իրավունքը չիրացրած, ընտրությունից ընտրություն հիշվող ժողովրդի մաշկի տակ: Իրականում այդ զուգահեռ իրականությունները ոչ թե խաչվեցին ու դրա համար եղավ հեղափոխություն, այլ չխաչվեցին, դրա համար էլ եղավ խաղաղ ու համաձայնեցված իշխանափոխություն:
Բազմահազար քաղաքացիներ ունենք, որոնց ապրուստի աղբյուրը Ռուսաստանն է. արտագնա աշխատանքի իրողությունից չձերբազատվեցինք նաեւ իշխանափոխությունից հետո: Եվս մի փաստ, որ զուգահեռ իրականությունների համախտանիշը շարունակվում է: Հազարավոր աշխատատեղերի, միլիարդավոր դոլարների ներդրումների, տնտեսական հեղափոխության խոստումները մնացին զուգահեռ իրականության գծերի արանքում: Քանի՞ անգամ կարելի է բողոքի ցույց անել կառավարության շենքի դիմաց, որպեսզի իշխանություններին պարզ դառնա, որ եթե աշխատատեղեր ոչ թե ստեղծվել, այլ համավարակի եւ հարակից այլ պատճառներով փակվել են, ուրեմն Ռուսաստանը, ցավոք, մեզ համար դեռ մնում է հազարավոր ընտանիքներ կերակրող ձեռք: Զուգահեռ իրականությունների միֆ է, թե մեր համերկրացիներից շատերը հեղափոխությունից հետո տնով-տեղով Ռուսաստանից վերադարձել են հայրենիք: Սուտ է, չհավատաք: Նրանց նախագահը դեռ Վլադիմիր Պուտինն է, նրանց վարչապետը դեռ Նիկոլ Փաշինյանը չէ, որքան էլ փակ սահմանների պատճառով արդեն ութ ամիս ստիպված են մնալ Հայաստանում ու լսել վարչապետ Փաշինյանի լայվերն ու ամբիոնային ելույթները:
Կառավարության դիմաց մեկ օրում միանգամից երկու-երեք բողոքի ցույցեր են լինում, հաճախ մի խմբի վանկարկումները խառնվում են մյուս խմբի վանկարկումներին, որովհետեւ իրենք շատ ենՙ մեծ-մեծ խնդիրներով, իսկ կառավարությունը մեկն է, որ խոստանում էր, թե բոլոր մեծ-մեծ խնդիրները կլուծի: Երբեմն ցույցերը քաղաքական, գրպանային շահերի ակնհայտ կամ քողարկված բախման հետեւանք են. դա էլ կա, անշուշտ: Կերակրատաշտը դեռ ամեն կողմից ձգում են, թավշյա կամ կաշեպատ աթոռներին նստելու երազանքներ են փշրվել, ի վերջո: Բայց դրանից դուրս, դրանից հեռուՙ կա զուգահեռ իրականության այն գիծը, որը դանակի շեղբի, թրի սուր սայրի նման կտրում ու խոցում է, ցավեցնում ու մղկտեցնում է քաղաքական խաղերի ու նկրտումների հետ կապ չունեցող ժողովրդին: Ու եթե անգամ մեկ կամ երկու ընտանիքի առջեւ լինի ծառացած Ռուսաստան մեկնելու խնդիրը, կառավորությունն իր ամբողջ կազմով է պարտավոր լսել նրանց պահանջը, որոհետեւ այդ նույն կառավարությունը նրանց ամեն օր անվանում է Հայաստանի Հանրապետության հպա՛րտ քաղաքացի:
Նախկինում պատճառաբանում էին, թե Ռուսաստանի սահմանները փակ են, դրա համար էլ ո՛չ օդային, ո՛չ էլ ցամաքային ճանապարհով հնարավոր չէ քաղաքացիների մեկնումը Հայաստանից այնտեղ: Հիմա Ռուսաստանն արդեն բաց է արել իր սահմանները, բայց այդ երկիր մեկնելու խնդիրը լուծված չէ: Բողոքի ցույցերի մասնակիցներն այլ ելք չեն տեսնում, քան հացադուլը: Արդեն ութ ամիս ընտանիքներ են բաժան-բաժան ապրումՙ մայրն ու որդինՙ Ռուսատանում, հայրն ու դուստրըՙ Հայաստանում: Արտագնա աշխատանքի սեզոնն արդեն փակվում է, իսկ մեր տղամարդիկ մի կոպեկ դեռ չեն աշխատել: Բողոքի նոր ալիքը ձմռան նախաշեմին անխուսափելի է:
Հացադուլի սպառնալիք է հնչում ՀՀ հպա՛րտ քաղաքացու շուրթերից: Ուրիշ երկրներում իշխանությունները հազար ու մի ձեւերով խրախուսում, համոզում են իրենց քաղաքացիներինՙ աշխատել, տունուտեղ ստեղծել, չմնալ նպաստի ու անաշխատունակության գումարների հույսին, իսկ մեր երկրում մարդիկ համոզում են իշխանություններին, որ թույլ տան մեկնել Ռուսաստանՙ աշխատելու, հետո այդ գումարն ուղարկելու Հայաստան, որ իրենց ընտանիքներն ապրել կարողանան: Ուրիշ երկրներում հացադուլի սպառնալիքներ են հնչում իրենց աշխատել ստիպող իշխանությունների հասցեին, մեր երկրում հացադուլի սպառնալիքով իշխանություններին ստիպում են թույլ տալ իրենց աշխատել: Զուգահեռ իրականությունների աբսուրդային իրողություն: Նրանք չեն ասումՙ աշխատատեղ ստեղծեք, մեր երկրում աշխատենք: Ասում ենՙ թույլ տվեք գնալ ուրիշ երկրի ստեղծած աշխատատեղում աշխատենք, որ ձեզ, հայրենի կառավարություն, նեղություն չպատճառենք, չասենքՙ փող չունենք, որ կոմունալները վճարենք, վարկերը փակենք, երեխա ուսաման տանք, տան կտուրը սարքենք:
Համավարակի պատճառած վնասների տակից դժվար ենք դուրս գալու, այդ հանգամանքը հաշվի առնելովՙ պետք է արտագնա աշխատանքի մեկնողների հարցը րոպե առաջ լուծվեր: Ի վերջո, այդ ճանապարհով սոցիալական հարցեր են լուծվում, ընտանիքներ են կերակրվում, թեթեւանում է պետության հոգսը: Հապաղումը, ավելի ճիշտՙ խնդրի անտեսումն ու արհամարհումը բողոքի նոր բռնկումների պատճառ դարձավ: Իսկ որ ամենաամոթալին էՙ հացադուլի պատճառ դարձավ: Արտագնա աշխատանքով զբաղվում են մեծ մասամբ մարզաբնակ մեր հայրենակիցները: Նրանք ամեն օր գյուղի ավտոբուսներով մարզերից գալիս են կառավարության շենքի դիմաց բողոքի ցույցեր անում, երեկոյան նույն ավտոբուսով վերադառնում տուն: Չենք ասում զուգահեռ իրականության ձեր գծից անցեք մյուս գիծը, զգացեք օտարի հողում, օտարի պայմաններին հարմարվել-աշխատելու դժվարությունները, բայց գոնե այդ դժվարությունը կրելուց մի՛ զրկեք մարդկանց, որոնք այդ դժվարությունը կրելովՙ ձեզ մեծ լավություն են անում: