Եթե նախագահ Էրդողանը աչքալուսանք տալու ցանկություն ունի թուրք ժողովրդին, թող հրաժարվի զբաղեցրած պաշտոնից, հենց դա կլինի իսկական աչքալուսանքը» ?
Չնայած օգոստոսի 23-ին Գիրեսունում տեղի ունեցած ջրհեղեղի, որը վերածվել է կատարյալ աղետի, հիմնովին ավերելով Սեւ ծովի առափնյա այս քաղաքը, նույն ծովում վերջերս հայտնաբերված բնական գազի պաշարները շարունակում են զբաղեցնել Թուրքիայի օրակարգը: Հայտնաբերման վայրը Զոնգուլդաքի ափերից շուրջ 150 կմ. հեռավորության վրա է, սահմանամերձ Բուլղարիայի եւ Ռումինիայի ջրային տարածքներին: Ակնարկելով օգոստոսի 19-ին հայտնաբերված պաշարների մասին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել էր, որ աչքալուսանքը թուրք ժողովրդին կտա օգոստոսի 21-ին, ուրբաթօրյա նամազից հետո: Հիրավի, այդ օրը նա Ստամբուլի հանրհայտ Դոլմաբահչե պալատում հայտարարեց, որ Սեւ ծովում հայտնաբերել են բնական գազի ՙ երկրի պատմության մեջ խոշորագույն հանքավայրը, որի ծավալները կազմում են 320 միլիարդ խորանարդ մետր, դա պատմական իրադարձություն է եւ իրենք ծրագրել են մինչեւ 2023 թ. շահագործել հանքավայրը եւ գազը մատակարարել բնակչությանը:
Հատկանշական է, որ օգոստոսի 19-ին, երբ Էրդողանն ավետիսի մասին էր խոսել, դոլարի ինքնարժեքը թուրքական լիրայի հանդեպ մասնակի նվազել էր, կրճատվելով 7.31-ից 7.21-ի: Աչքալուսանքից հետո, սակայն, մեկ դոլարը բարձրացավ 7.34 լիրայի, իսկ մեկ շաբաթ անցՙ 7.40-ի: Այլ կերպՙ գազի պաշարների հայտնաբերման ավետիսն ակնկալվող արդլունք չի տվել, դրանք բնակչությանը մատակարարելու խոստումներըՙ նմանապես:
Սակայն դա չխանգարեց պետգանձարանի եւ ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքին, որն Էրդողանի փեսան է, հեռագնա հետեւություններ անել, թե ուրբաթ օրը Թուրքիայի համար կարեւոր էր ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական առումով, երկիրը ստանում է առանցքիՙ ըստ երեւույթին արտաքին կողմնորոշումը փոխելու, այսինքն ամերիկամետ կամ ռուսամետ կողմնորուշումից հրաժարվելու, փոխարենը ազգային թուրքամետ կողմնորոշում որդեգրելու հնարավորություն, քանի որ գազի հայտնաբերված պաշարները նրա առջեւ բացում են էներգետիկ անկախության լայն հեռանկարներ, ինչպես նաեւ արտաքին առեւտրի պակասորդը հավասարակշռելու, նույնիսկ դրականի վերածելու լայն հնարավորություն:
Մինչեւ վերջերս Թուրքիան առհասարակ ԱՄՆ-ի ճնշումները թուլացնում էր Ռուսաստանին մերձենալու միջոցով եւ հաջողությամբ խուսանավում կողմերի միջեւ: Սակայն վերջին տարիներին Էրդողանի չափազա՜նց հաշվենկատ քաղաքականության հետեւանքով զրկվեց խուսանավելու հնարավորությությունից, կանգնելով ամերիկյան կամ ռուսական կողմի աջակցությանն ապավինելու հրամայականի առջեւ: Ապավինելը, սակայն, գին ունի, պարտադրանք է ենթադրում, իսկ դա պարտավորության ստանձնում է, ինչը հետզհետե խնդրահարույց է դառնում երկրի ոչ միայն էներգետիկ եւ տնտեսական քաղաքականության, այլեւ արտաքին հարաբերությունների համար, էլ չասած թուրքական պետության Եվրոպական Միության եւ տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունյունների լարվածության մասին: Փեսա նախարար Ալբայրաքը Թուրքիայի առջեւ բացվող տնտեսական եւ քաղաքական անկախության հեռանկարների մասին արտահայտվելիս հենց նկատի ուներ ԱՄՆ-ի կամ Ռուսաստանի առջեւ ապավինելու բերումով ստանձնած պարտավորություններից ձերբազատվելը: Նա այնուհետեւ, ինչպես օգոստոսի 26-ին նշել է «Հյուրիյեթը», ասել է, որ գազի այդ պաշարները դրականորեն կանդրադառնան բնական գազի գների վրա հօգուտ քաղաքացիների, նույնիսկ կհրաժարվեն դրա ներմուծումից:
Թուրքիան տարեկան 50 միլիարդ խորանարդ բնական գազ է ներմուծում, գլխավորապես Ռուսաստանից, ապա Իրանից եւ Աղրբեջանից: Նախքան Էրդողանի աչքալուսանքը իշխանությունները հրաժարվում էին բացահայտել ներմուծվող գազի գները: Աչքալուսանքից հետո սակայն Մոլդովագազպրոմը հայտարարեց, որ իրենք ռուսական գազի հազար խորանարդը գնում են 133 դոլարով, իսկ Թուրքիան դրա դիմաց Ռուսաստանին շարունակում վճարել 188 դոլար, ադրբեջականի համարՙ 189, իրանականի համար 212 դոլար, որքան էլ համաշխարհային շուկայում նավթի գների անկման, կորոնավիրիսու պատճառով պահանջարկի կրճատման հետեւանքով նվազեն նաեւ բնական գազի գները: Թուրք մասնագետները դա բացատրում են մատակարարող երկրների հետ նախապես կնքված երկարաժամկետ պայմանագրերի եւ դրանցից բխողՙ Թուրքիայի ստանձնած պարտավորության հետ, որը վերջինին զրկում է գները վերանայելու, առավել եւս ներմուծումից հրաժարվելու իրավունքից:
Այսինքն, հրաժարվելու դեպքում Թուրքիան, առաց ներմուծելու, պետք է արտահանող երկրին վճարի ներմուծման պայմանագրով նախատեսված գումարը, մինչեւ դրա ժամկետի ավարտը, որը Ռուսաստանի պարագային ներառում է 2025 թ.: Դա նշանակում է, որ բնական գազի Սեւ ծովում հայտնաբերված պաշարները, անկախ շահագործման հավանականությունից, որը լի է բազում դժվարություններով եւ ֆինանսական ահռելի միջոցներ է պահանջում, էներգետիկ անկախության առումով իրերի դրությունը չի փոխում Թուրքիայի համար: Ըստ երեւույթին այս հանգամանքը չի հետաքրքրել արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուին, որ Սեւ ծովում հայտնաբերված բնական գազը Եվրոպա մատակարարելու մտավարժանքներ է անում: Նա, ըստ երեւույթին, մոռացել է նաեւ այն հանգամանքը, որ եվրոպական երկրները հազար խորանարդ գազի դիմաց Ռուսաստանին, գների անկման ներկա պայմաններում, Թուրքիայի պես վճարում են ոչ թե 188, այլ ընդամենը 90 դոլար, ստացած չլինելով, իհարկե, որեւէ պարտավորություն Ռուսաստանի հետ կնքված ներմուծման պայմանագրով : Մինչ կորոնավիրուսի տարածումը նրանք վճարում էին 120 դոլար:
Թուրքիայի հայտնաբերած պաշարների մասին պատկերացում կազմելու համար նշենք, որ բնական գազի պաշարներն աշխարհում 203.14 տրիլիոն են, Ռուսաստանում այդ թիվը նավթ արտահանող երկրների կազմակերպությանՙ OPEC-ի տվյալներով կազմում է 50.2 միլիարդ, Իրանում 33.9, Քաթարում 23.8 տրիլիոն խորանարդ մետր: Այլ կերպ 320 միլիարդ խորանարդ գազը ծավալի առումով ավելի քան չնչին պաշար է: Սակայն հայտնաբերված բնական գազը նախարարներ Ալբայրաքի եւ Չավուշօղլի պես ոգեւորել է նաեւ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դյոնմեզին: Այլապես նա չէր հայտարարի. «Հայտնաբերելուց զատ շահագործելն էլ գիտենք: Այդ առումով որեւէ գործընկեր չունենք: Թող ոչ ոք չանհանգստանա: Հայտնաբերված պաշարների սեփականատերը լինելու է Թուրքական նավթային ընկերությունը եւ ինքն էլ շահագործելու է»: Նա նույնիսկ հաշվարկեց, որ գազի հայտնաբերված պաշարները շահագործելու դեպքում Թուրքիային բերելու են 64 միլիարդ դոլարի եկամուտ:
Բայց ինչպե՞ս: Այդ հարցին «Halk TV-ի» էկրանից օգոստոսի 26-ին պատասխանեց ընդդիմադիր լրագրող Իբրահիմ Քահվեջին: Նա մասնավորապես ասաց, որ ակնկալվող եկամուտի ծավալները մեծացնելու համար նախարար Դյոնմեզը հազար խորանարդը 200 դոլարով է հաշվել, 150-ով հաշվելու դեպքում, շահագործման ծախսերը հանած, Թուրքիան այդ պաշարներից առավելագույնս կստանա 18 միլիարդ, եթե ի վիճակի լինի շահագործել, որովհետեւ դրանց միայն հորատման ծախսերը 6 միլիարդ դոլար են կազմում, պետական գանձարանը դատարկ է, արտարժույթի պաշարները մինուս 60 միլիարդ են, իսկ արտաքին պարտքըՙ 470 միլիարդ, եւ աշխարհի ֆինանսական կենտրոնները հրաժարվում են, թեկուզ բարձր տոկոսադրույքով, վարկ տրամադրել Թուրքիային:
Հիրավի, Թուրքիան հայտնվելով օտարերկրյա վարկերի խիստ կարիքի մեջ, ֆինանսական կառույցներից մերժվելու պայմաններում ստիպված դիմեց Քաթարին եւ ժամանակավոր պահպանման համար խնամատարության հիմունքներով ստացավ 60 միլիարդ դոլարին համարժեք գումար, բայց Քաթարի ռիալով, որի իրացումն ինքնին խնդիր է:Սա արտաքին պարտքի մի տեսակ է, որը պարզապես ձեւակերպվում է որպես «խնամատարություն», որ չգումարվի երկրի արտաքին պարտքի վրա: Խնդիրը, սակայն, սոսկ Թուրքիայի առջեւ ծառացած ֆինանսական դժվարությունները չեն, այլ ենթադրվող պաշարների առկայության հիմնավորումը հետազոտական ճշգրիտ տվյալներով: Պատահական չէ, որ օգոստոսի 21-ին, Էրդողանի աչքլուսանքի օրը թուրքական «Էվրենսելը» գրել էր. «Խնդիրը պաշարների հայտնաբերումը չէ միայն, դրանց իսկությանն ապացուցելը, անկախ Էրդողանի 2023-ը շահագործման տարեթիվ հռչակելու հանգամանքից, դրա առնվազն 7-ից 10 տարվա ընթացքում միայն իրականացումը եւ ծախսերը, որոնք 2-ից 3 միլիարդ դոլարի ներդրում են ենթադրում»:
«Էվրենսելին» նույն օրը «Halk TV-ի» «Հատուկ օրակարգ» հաղորդմանը հաստատեց Թուրքական նավթային ընկերության նախկին նախագահ եւ Էներգետիկայի համաշխարհային խորհուրդի անդամ Նեջդեթ Փամիրը: Նա մասնավորապես ասաց, որ 320 միլիարդ խորանարդը իրականում մեծ ծավալ չէ, եթե դա ճիշտ համարենք, դրա համար անհրաժեշտ է մինչեւ 8 հանք հորատել եւ դրանք թեստավորել, որ հնարավոր լինի ճշտել պաշարների իրական ծավալը: Եթե նույնիսկ հաստատվի հայտարարված 320 միլիարդ խորանարդը, ապա դա ընդամենը կբավարարի Թուրքիայի բնական գազի առավելագունս 5 կամ 6 տարվա պահանջը եւ շնորհիվ դրա երկիրը տարեկան 5 միլիարդ դոլար կխնայի միայն: Նա միաժամանակ ընդգծեց, որ մեկ հանքափոր մեքենայի հորատման ծախսը 200 մլն. է , չհաշված արդունահանման հարթակի վարձակալման ծախսերը, ինչպես նաեւ սեյսմիկ հետազոտությունը ու հետազոտական ու հորատիչ նավերի անձնակազմի վարձը, որովհետեւ բացառությամբ մեկիՙ մյուսների անձնակազմը օտարերկրացիներ են, ֆրանսիացի պաշոնաթող ադմիրալ Ջեմ Գյուրդենիզի տվյալներով:
Օգտվելով առիթից նշենք, որ Թուրքիան հորատման աշխատանքներն սկսել էր հուլիսի 20-ին, որոնց իրականացման համար, ինչպես «Oda TV-ին» է նշել, օրական մեկ մլն. դոլար է պահանջվում, նույնքան էլ ամիսներ տեւած հետազոտական աշխատանքների համար: Հաղորդմանը Նեջդեթ Փամիրը նշեց նաեւ հանքավայրերի շահագործման նպատակահարմարության կարեւորությունը, օրինակ բերելով Petrom and Exxon ընկերությանը, որը Ռումինիայում ավելի քան 2.5 տարի հորատման աշխատանքներ է կատարել, որոնց արդյունքում համոզված, որ շահագործումը նպատակահարմար չէ, թողել հեռացել է, ընդ որում ավելի քան 2 միլիարդ դոլար ծախսելուց հետո:
Այլ կերպ, խնդիրը սոսկ բնական գազի պաշարների հայտնաբերումը չէ, ոչ էլ հորատման աշխատանքների բարեհաջող ավարտը, այլեւ դրանց շահագործման նպատակահարմարությունն ու ենթադրվող ծախսերը: Ըստ երեւույթին, նկատի ունենալով այդ ամենը, լրագրող Լեւենթ Գյուլթեքինը նույն օրը, միեւնույն հաղորդմանը հայտարարեց. «Ակնկալել, որ ներկա իշխանությունները Թուրքիայի օգտին որեւէ գործ կձեռնարկեն, ապարդյուն է: Ես ձեր էկրանից դիմում եմ նախագահ Էրդողանին. եթե նա աչքալուսանք տալու ցանկություն ունի թուրք ժողովրդին, թող հրաժարվի զբաղեցրած պաշտոնից, հենց դա կլինի իսկական աչքալուսանքը»: