Բրիտանական հետախուզության նոր ղեկավարը
Մեծ Բրիտանիայի արտաքին հետախուզության (Mi-6 կամ Secret Intelligence Service, SIS) պետի պաշտոնը զբաղեցրեց երկրի արտաքին գործերի նախարարության քաղաքական եւ համագործակցության հարցերով գլխավոր տնօրեն Ռիչարդ Մուրը :
Անգլիական Ջեյմս Բոնդերի նոր ղեկավարը 57 տարեկան է, նա ոչ սովորական անձնավորություն է, ծնվել է Լիբիայում, սիրում է ոտքով զբոսնել, գոլֆ խաղալ, զբաղվում է ստորջրյա լողով, հետաքրքրվում է արեւելյան գորգերով, ճենապակիով:
Մուրը բրիտանական բյուրոկրատական էլիտային յուրահատուկ կրթությունՙ փիլիսոփայության եւ քաղտնտեսության բակալավրի աստիճան ունի, որը ստացել է Օքսֆորդի համալսարանում: Այնուհետեւ սովորել է Հարվարդի համալսարանում եւ Սթենֆորդի բարձրագույն դպրոցում: Նա ունի բրիտանական ղեկավար անձին բնորոշ բոլոր անհրաժեշտ հատկանիշները, եւ հաջողության եւ ձախողման պայմաններում ինքնատիրապետումը չի կորցնում, գոնե արտաքնապես միշտ կայուն է:
«Նրան սովորեցնում են հանգիստ դիմակայել ցրտին եւ քաղցին, հաղթահարել ցավը եւ վախը, զսպել եւ սանձահարել համակրանքն ու մտերմիկ կապվածությունը: Նրան ներշնչել են, որ մարդը ինքն է իր հոգու նավապետը»:
Դժվար է ասել, սա ներշնչվում է բոլո՞ր անգլիացիներին, թե՞ ոչ շարքային չինովնիկներին, իսկ միգուցե միայն բրիտանական հետախույզներին:
Իմիջիայլոց, Չարլզ Դիկկենսի «Դեյվիդ Կոպերֆիլդ» վեպում անգլիացի փոքրիկ տղայի կերպարը կերտվում է այն հիմքերի վրա, որ Դեյվիդը գտնում է իր մեջ բավականաչափ ուժեր, որոնք օգնում են իրեն հասունանալ եւ հասկանալ, որ միայն համառ աշխատանքի եւ գիտակից դաստիարակության արդյունքում նա կարող է ձեռք բերել լավագույն մարդկային հատկանիշները, ընկալել չարի եւ բարու տարբերությունները եւ հասնել լավագույն արդյունքների:
Համենայնդեպս անգլիացիներին դուր է գալիս, երբ մարդը կարողանում է պահպանել հանգստություն եւ նույնիսկ թերագնահատել վտանգի աստիճանը կրիտիկական պահերին:
Եվ ահա, նպատակահարմար գտնվեց, որ վերը թվարկված հատկանիշներով մարդը պետք է ղեկավարի բրիտանական հետախուզությունը աշխարհի համար այս բարդ իրավիճակում, երբ Եվրոպան ու ԱՄՆ բարդ հարաբերությունների մեջ են, երբ Չինաստանը ընդարձակում է իր տնտեսական ազդեցության գոտիները, երբ Ռուսաստանը համարվում է չարիքի եւ սպառնալիքի երկիր, երբ միջազգային ահաբեկչությունը սպառնում է գրեթե ամբողջ աշխարհին, երբ Թուրքիան եւ Ադրբեջանը ծավալում են իրենց զավթողական քաղաքականությունը ըստ մեծ Թուրանի գաղափարախոսության, երբ «այրվում է» Մերձավոր Արեւելքի կեսը, երբ կորոնավիրուսի համավարակը պատերազմ է հայտարարել աշխարհի բոլոր ժողովուրդներին…
Ահա թե ինչ պայմաններում մառախլապատ Ալբիոնը նշանակեց հետախուզության իր նոր պետին:
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաուբը հետեւյալ կերպ արտահայտվեց արտաքին հետախուզության նոր տնօրենի մասին. «Ռիչարդ Մուրը կղեկավարի այն տղամարդկանց եւ կանանց խմբի գործունեությունը, որոնց անմնացորդ աշխատանքը չի նկատվում հասարակության կողմից, բայց ծայրահեղ կարեւոր են Միացյալ Թագավորության անվտանգության եւ բարգավաճման համար»:
Հարկ է նշել, որ հետախուզության նոր պետը ամենեւին նոր մարդ չէ հետախուզությունում, նա Mi-6-ում սկսել է աշխատել դեռեւս 1987 թվից, համատեղելով հետախույզի եւ դիվանագետի աշխատանքը արտաքին քաղաքականության գերատեսչությունում, աշխատանք Վիետնամում, Թուրքիայում (I շրջանը 1990-1992թթ., II շրջանը 2014-2017թթ.), այնուհետեւ Պակիստանում, Մալազիայում: 2014 թվին երկրորդ անգամ Մուրը գործուղվեց Թուրքիա արդեն դեսպանի կարգավիճակով: Շատ շուտով նա դարձավ Էրդողանի անձնական եւ մտերիմ ընկերը:
Մի կողմից նշվում է, որ մտերմիկ կապվածությունը անգլիացի չինովնիկի, բրիտանացի ոչ շարքային հետախույզի համար խորթ է, մյուս կողմիցՙ մտերմությունՙ այլ պետությանՙ Թուրքայի նախագահի հետ: Խնդրեմ, երկակի ստանդարտի վառ օրինակ:
Մուրը բավականին լավ գիտի Թուրքիան, թուրք մարդու ինքնությունը եւ թուրքերեն լեզուն, հանդիսանում է թուրքական «Բեշիքթաշ» ֆուտբոլային թիմի երկրպագուն:
Բրիտանացի հետախույզ Ռիչարդ Մուրը ապահովում էր նախագահ Էրդողանին անհրաժեշտ տեղեկատվությամբ նրա բոլոր եվրոպական այցերի ժամանակ: Նրա աջակցությամբ բրիտանական մամուլի էջերում հաճախ հայտնվում էին Թուրքայի ղեկավարին գովաբանող հոդվածներ: Մուրը ջանք չէր խնայում, որպեսզի պաշտոնական Լոնդոնը իր սեփական քաղաքականությունը (ոչ թե ամերիկյան) մշակի Թուրքայի հետ համագործակցության ոլորտներում:
Ամեն ինչ հասկանալի է, դեռեւս 19-րդ դարում Օսմանյան կայսրությունը լավ հարթակ էր հանդիսանում անգլիական հետախուզության համար: Մեծ Թուրանի նախագիծը միշտ գրավել է Լոնդոնին:
Տեղին է հիշատակել մեկ այլ անգլիացի հետախւյզիՙ գնդապետ Լուորենսին, որը գործում էր արաբական աշխարհում Առաջին համաշխարհային պատերազմից առաջ եւ պատերազմի տարիներին ընդդեմ Օսմանյան Թուրքիայի: Լոուրենսը, կամ ինչպես նրան անվանում էին ժամանակակիցներըՙ «Լոուրենս Արավիյսկին» կամ «Արաբական աշխարհի չթագադրված արքան» իրականացնում էր բրիտանական իմպերիալիզմի հեռատես քաղաքականությունը Մերձավոր Արեւելքում: Ճկուն եւ արհեստավարժ հետախույզը, բրիտանական ոսկով վարձատրելով կաշառակեր որոշ արաբ-ցեղապետերին եւ շեյխերին ու օգտագործելով թուրքական իմպերիայի ներքին հակասությունները, կազմակերպեց արաբական ապստամբությունը ընդդեմ Օսմանյան Թուրքիայի: Իհարկե, արհեստավարժ հետախույզը շրջել էր գրեթե ամբողջ արաբական աշխարհով մինչեւ պատերազմը, ուսումնասիրել էր բոլոր արաբական ցեղերի ապրելակերպը եւ առանձնահատկությունները, եւ ընտրեց ճիշտ առաջնորդներ ապստամբության համար: Ո՞րն էր ապստամբության հիմնական նպատակըՙ թուլացնել Թուրքական կայսրությունը եւ նրա արաբական շրջանները: Ըստ բրիտանական նախագծի, թիրախավորվել էր Պաղեստինը, որը պետք է բաժանվեր արաբական եւ հրեական շրջանների: Արաբներին մնում էր հիմնականում անապատները, իսկ հրեաների համար հող էր նախապատրաստվում սիոնիզմի քաղաքականության կենտրոն ստեղծելու համար: Այս ապստամբությամբ թուրքերի դեմ, Բրիտանիայի քաղաքական գործիչները կանխեցին հետագա արաբական «պոռթկումները» ընդդեմ բրիտանական գաղութային քաղաքականության: Քաղաքականություն, որը ատելություն էր ներարկել գրեթե ողջ արաբական աշխարհին:
Բայց վերադառնանք Ռիչարդ Մուրին: Վերջինս դեռ Թուրքիայում դեսպան ծառայելիս չէր թաքցնում, որ տեսնում է Թուրքիայի եւ թյուրքական աշխարհի մեծ պոտենցիալը որպես տարածաշրջանային օպերատորի ընդդեմ Ռուսաստանի եւ Չինաստանի հետաքրքրությունների: Լինելով դեսպան, Մուրը մի քանի անգամ այցելել է նաեւ Բաքու, ծանոթացել Ադրբեջանի ղեկավարության հետ եւ ուսումնասիրել է օպերատիվ-քաղաքական իրավիճակը ե՛ւ Հյուսիսային, ե՛ւ Հարավային Կովկասում:
Իդեալական տարբերակ է, երբ համադրվում են հետախույզի եւ դիվանագետի գիտելիքներն ու հմտությունները արտաքին քաղաքականության մեջ:
«Mi-6»-ի նախկին ղեկավարըՙ Ջոն Սոէրսը, Մուրի մասին հետեւյալ կարծիքն է հայտնում. «Նա գիտի ինչպես է իրականացվում հետախուզական գործունեությունը եւ ինչպես ուղղել այդ գործունեությունը ազգային անվտանգությունը ապահովելու համար: Նա հավասարակշռված է, գրավիչ է, համարձակ եւ լրջախոհ է: Ահա այն բոլոր հատկանիշները, որ այսօր անհրաժեշտ են Մեծ Բրիտանիայի հետախուզության ղեկավարին»:
Ինքը, հոդվածիս հերոսը, համեստորեն արտահայտում է հտեւյալ միտքը. «Ինձ համար պատիվ է վերադառնալ իմ ծառայությունՙ SIS: Ծառայությունը կարեւոր դերակատարություն ունի պետության անվտանգության ապահովման, ինչպես նաեւ ծովային ակվատորիայից այն կողմ, Միացյալ Թագավորության հետաքրքրությունների առաջ մղման հարցերում»:
Խոստովանենք, «իրոք զարմանալի է», նախկին ղեկավարը գովաբանում է իրեն փոխարինելու նշանակված նոր ղեկավարին (խոսքը հատուկ ծառայության մասին է), ողջունում է նրա նշանակումը, ավելինՙ միգուցե պաստարստ է աջակցել նրան, եթե նա դրա կարիքը ունենա: Իսկ նոր ղեկավարը համեստորեն անցնում է աշխատանքի, առանց կադրային ջարդի, առանց նախկիններին վարկաբեկելու, եւ չի բացառվում, որ աշխատանքում նոր ձեռքբերումներ լինեն:
Մի՞թե այդպես լինում է:
Հեղինակի կողմիցՙ Շահագրգռված գերատեսչություններին առաջարկում եմ ուշադրություն դարձնել մի քանի փաստերի վրա, այդ թվումՙ Ռիչարդ Մուրի եւ Էրդողանի մտերմության վրա. անկասկած այս մտերմությունը ամուր «կամուրջ է» ստեղծել նաեւ Ռ. Մուրի եւ Թուրքիայի հետախուզության (MiT) պետ Հաքան Ֆիդանի միջեւ, կամ միգուցե հակառակըՙ սկզբից ստեղծվել է այս «կամուրջը», հետո մտերմությունը նախագահի հետ: Որեւէ դեպքում Հայաստանի օգտին չէ:
Միեւնույն ժամանակ հիշեցնում եմ, որ Անգլիայի հետախուզական դպրոցի շրջանավարտ է նաեւ Ադրբեջանի արտաքին հետախուզության պետ Օրհան Սեդյար օղլու Սուլթանովը, որը ժամանակին աշխատել է Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանության հումանիտար հարցերով առաջին քարտուղարի «ծածկի» տակ:
Մեկնաբանություններ կարծում եմ պետք չեն:
Նկար 1. Ռիդարդ Մուր
Նկար 2. ՄԻ 6-ի շենքը Լոնդոնում:
Նկար 3. Ռիչարդ Մուրի հանդիպումը Թուրքիայի նախկին վարչապետ Յըլդըրըմի հետ: