Կիրակի, Մայիսի 11, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պերճ Թերզյան. «Հայաստան-Սփիւռք Համահայկական Ա. Համաժողով. Մտորումներ քսանամեայ հեռաւորութենէ»

17/07/2020
- 17 Հուլիսի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Տարիների ընթացքում հզորացած Սփյուռքի եւ 1991-ից իրական անկախություն ձեռք բերած Հայրենիքի փոխհարաբերությունների հիմնախնդիրներն են քննարկվում եւ լուսաբանվում եգիպտահայ անխոնջ մտավորականի հեղինակած սույն հատորում: Նախկինում էլ են առիթներ եղել Պերճ Թերզյանի աշխատությունների մասին գրել եւ ամեն անգամ ինձ հաճելիորեն զարմացրել են նրա սկզբունքայնությունը, փաստերի ճիշտ եւ բարեխիղճ օգտագործումը եւ առաջադրված հիմնախնդրի սպառիչ մեկնությունը:

Տասնհինգ ենթաբաժիններից բաղկացած 99 էջանոց այս աշխատությունը կատարված իրողությունների եւ հեղինակի դրանց շուրջ արած դատողությունների տրաբանական համակցությունն է: Շատ լավ գիտակցելով, որ մերօրյա իրադարձություններն էլ պատմություն են եւ կարեւոր, հեղինակն անդրադարձ է կատարել Հայաստան-Սփյուռք համահայկական առաջին համաժողովին (տեղի է ունեցել 1999թ. սեպտեմբերի 22-23-ին, Երեւանում) եւ ցավով արձանագրել, որ «այն արդէն գրեթէ մոռցուած է» եւ արդյունքն «այն պիտի ըլլայ, որ գալիք երիտասարդ սերունդը բոլորովին անգիտակ պիտի ըլլայ անցեալի պատմութեան» (էջ 8):

Հեղինակը միանգամայն տեղին եւ անթաքույց հպարտությամբ է ներկայացնում համաժողովում «Եգիպտահայ գաղութի առաջարկները», որոնք «կցոլացնեն քսան տարի առաջ գոյութիւն ունեցող եգիպտահայ հաւաքական մտածողությունը» (էջ 9): Հայրենիք-Սփյուռք համագործակցության կարեւորությունը խորապես գիտակցող հեղինակը համոզված շեշտում է, որ մինչ օրս տեղի ունեցած վեց համաժողովները «իրարու քով» են բերում հայ ժողովրդի բոլոր ներկայացուցիչներինՙ սկսած Հայաստանից ու Արցախից եւ հասնելով Սփյուռքի աշխարհատարած բոլոր հայկական գաղթօջախները (1-ին համաժողովին մասնակցում էին  50 երկրներից ժամանած 1200 ներկայացուցիչներ): Ընդունվում է հռչակագիր, որում սահմանված էին Հայաստան-Սփյուռք համագործակցության սկզբունքները, ազգային խնդիրները եւ դրանց լուծման ուղիները:

Պերճ Թերզյանն իրավացիորեն նշում է, որ ընդհանուր առմամբ տեղի ունեցած վեց համաժողովներն իրար լրացնող մի ամբողջություն են, սակայն առաջինից հետո Հայաստանում չափից ավելի շատ էին անօրինականությունները եւ անվանում է այն «սակաւապետերու (օլիկարքներու) շրջան»: 

Հեղինակը վերհիշում է, թե գաղթօջախներն ինչպիսի ոգեւորությամբ ու խանդավառությամբ ընդառաջեցին առաջին համաժողովի հրավերին, հավատալով, որ այն ավելի կջերմացնի Հայրենիք-Սփյուռք հարաբերությունները եւ փոխադարձ համագործակցության հիմք կստեղծի կողմերի միջեւ: Այնուհետեւ ներկայացնում է եգիպտահայ պատվիրակության պատկերացումներն ու առաջարկությունները ստեղծվելիք Հայաստան-Սփյուռք համակարգող մարմնի վերաբերյալ: Նախՙ այն «Հայկական հպատակություն ունեցող իրաւական կառոյց մըն է,-ասված է այդ ծրագրում,-որ կը գործէ հասարակական կարգով» եւ որի նպատակն է սերտ համագործակցություն ստեղծել կողմերի միջեւ գործունեության բոլոր ասպարեզներում: Կստեղծվի կենտրոնական վարչությունՙ մշտապես գործող աշխատակազմով եւ տարբեր երկրներում համակարգող մարմնի տեղական ներկայացուցիչներ: Իսկ դրանց կողքին համապատասխան մասնագիտական կառույցներ, որոնց միջոցով հնարավոր կդառնա  մեկ համակարգում համախմբել նույն մասնագիտությունն ունեցող հայրենաբնակ եւ սփյուռքահայ մասնագետներին:

Բավականին խելացի եւ իրատեսական այդ առաջարկի հեղինակները հաջորդ բաժնում ներկայացրել են նաեւ տարբեր ոլորտներում համագործակցության իրենց տեսլականները: Այսպեսՙ հայեցի դաստիարակությունը համարելով գլխավոր խնդիր, նրանք առաջարկում են հարմար դասագրքերի, խելացի եւ բանիմաց ուսուցիչների, հեռուստադասընթացների կազմակերպման, մշակույթի գործիչների հաճախակի շփումների, հատուկ այդ նպատակին ծառայող կայքէջի ստեղծման, համահայկական մարզախաղերի կազմակերպման, դեպի հայահոծ երկրներ կանոնավոր ավիաչվերթեր հաստատելու եւ երկքաղաքացիության դրույթն ընդունելու անհրաժեշտության մասին (այդ հարցը լուծվեց 2005թ., երբ փոփոխված սահմանադրությամբ երկքաղաքացիականության արգելքը վերացվեց): Ծրագրում առանձնահատուկ շեշտվում էր, որ այդ կառույցին համահավասար մասնակցություն պետք է ունենան երկու կողմերն էլ: Մինչդեռ, խորը ափսոսանքով հեղինակն ընդգծում է. «Մեր տպաւորութիւնը այն է, որ ծրագրումի եւ գործադրութեան միջեւ որոշում առնող տարր մը գոյութիւն ունի եւ վերջին խօսքը իրն է», եւ այն գործունեությունը, որ «տեղի ունեցաւ անցեալ քսան տարիներուն ընթացքին, միայն հայրենի պաշտօնատարներով եւ հետագային Սփիւռքի նախարարութեան ճիգերով յառաջ տարուած գործունէութիւն մըն է», այնինչ, «եթէ երկու կողմերը համահաւասար կերպով պարտականութիւն ստանձնեն, կը դառնան լուրջ գործընկերներ: Իսկ եթէ Սփիւռքը իրեն վերաբերեալ հարցերուն մէջ որոշում կայացնելու իրաւունքէն զրկուի, կը վերածուի պարզ գործադիր գործակիցի» (էջ 23):

Համահայկական անդրանիկ համաժողովը, որին ներկա էր հայ ժողովրդի պետական եւ կրոնական ավագանին եւ որը չորս նիստ գումարեց, իրավացիորեն «արդիւնաւէտ գործակցութիւն ձեռքբերելու համազգային ճիգի նախաքայլ» անվանելովՙ հեղինակը ոգեւորությամբ նշում է, որ դրա բոլոր մասնակիցների մոտ համազգային ոգեւորություն կար եւ այն «Ուխտ մըն էր, որ կը կատարուէրՙ յաջողութեամբ պսակելու համար Հայաստան-Արցախ-Սփիւռք բոլորին երազանքները» (էջ 29): Որ այն Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ  համագործակցությանը, իրար ճանաչելուն եւ ավելի մերձեցմանը կնպաստի: Որ Հայաստանը եւ Սփյուռքը երկու էություններ են, որոնք ե՛ւ իրար մոտ են, ե՛ւ իրարից հեռու, որքան համանման են, նույնքան էլ հակասական, բայց միաժամանակՙ բոլորն էլ նույն ինքնության մասերն են:

Իրեն հատուկ բծախնդրությամբ հեղինակը մանրամասն նկարագրելով համաժողովի ընթացքըՙ գրում է, որ համաժողովի ընդունած հռչակագրում հստակ անդրադարձ կա Ցեղասպանությանը, հայ ժողովրդի պատմական իրավունքներին եւ որ այն աննախադեպ երեւույթ էր ու բոլոր մասնակիցները ոգեւորված բաժանվեցին հետագա համագործակցության մեծ ակնկալիքներով: Սակայն հաջորդՙ «Գեղեցիկ երազներու խորտակում» միանգամայն ճիշտ անվանված բաժնում հեղինակը գրում է, որ 1999 թ. հոկտեմբերի 27-ի սպանդը «անընկալելի աղէտ մըն էր, որ բոլորը շշմեցուց» եւ ի դերեւ ելան այն բոլոր ծրագրերը, որոնք համաժողովի կողմից «մշակուած էին, հայրենիքին աւելի լաւ ապագայ մը պարգեւելու համար» (էջ 41):

Հայ ժողովրդի եւ հայկականության ճակատագրով ապրող հեղինակը բավականին իրատեսական վերլուծություններ եւ ճիշտ եզրահանգումներ է կատարում «Հայաստան-Սփյուռք. հարյուրամյա հարաբերությունների հոլովույթը 1918-2018» բաժնում: Նա գրում է, որ երեք նախագահների իշխանության տարիներին կառավարման համակարգը հիմնովին խաթարվեց, երկիրը վերածվեց մենաշնորհների եւ օլիգարխների անձնական ագարակի, իսկ ժողովրդի ստվար մեծամասնությունըՙ իրավազուրկ եւ հուսահատ ամբոխի: «Չդիմանալով այդ անտանելի կացութեան ժողովուրդը սկսաւ հայրենալքումի խօլ արշաւ մը» (էջ 42): Դրա հետեւանքը եղավ բնակչության մտահոգիչ չափերով նվազումըՙ իր բացասական բոլոր հետեւանքներով:

Հեղինակը նյութի ընդգրկուն իմացությամբ անդրադարձ է կատարում Հայաստան-Սփյուռք բոլոր տարիների հարաբերություններին եւ իրավացիորեն նկատում, որ դրանք ընթացել են մեծ վայրիվերումներով: Սակայն դրա հետագիծն անշեղորեն վեր է բարձրացել սկսած 1944 թ. Արտասահմանյան երկիրների հետ մշակութային կապի Հայկական ընկերության (ՄԿՀԸ-ԱՕԿՍ) հիմնվելուց հետո, ավել ընդլայնվել 1964 թ. Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի, 1998 թ. ՀՀ արտգործ նախարարության կազմում ստեղծված Սփյուռքի վարչության, որը 2000 թ. վերակազմվեց Սփյուռքի հետ կապերի գործադիր քարտուղարության, ապա 2002 թ.ՙ Սփյուռքի հետ կապերի գործակալության, որի հիմքի վրա 2008 թ. հիմնվեց Սփյուռքի հետ կապերի կոմիտեն, ապաՙ նախարարությունը, իսկ  2019 թ.ՙ  վարչապետի աշխատակազմում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի: Հեղինակը նշում է, որ իրարահաջորդ այդ կազմակերպություններն «ունեցած են ազգասիրական շնորհակալ աշխատանքը, որ առանցքային դեր ունեցած է սփիւռքահայ գաղթօճախներուն նոր սերունդներուն մէջ արծարծելու հայրենասիրութիւն եւ հայրենիքի հանդէպ պատկանելիութեան խնդիրը» (էջ 58):

Աշխատության հեղինակն ամբողջությամբ ներկայացրել է նաեւ վեցերորդ համահայկական համաժողովում Մեծի տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա-ի ճառը եւ հիացմունք արտահայտել ճառասացի համարձակ եւ իրատեսական ելույթի մասին: Մասնավորապես, ընդգծում է հեղինակը, կաթողիկոսն իր ելույթում կարեւորելով համաժողովի «Փոխադարձ վստահություն, միասնականություն եւ պատասխանատվություն» խորագրի «վստահություն» եզրը, շեշտում է, որ անկախության տարիներին երկկողմանի սխալների արդյունքում այն գեղեցիկ լոզունգներից այն կողմ չի անցել եւ գրեթե բացակայում է: Դրա արդյունքում էլ, երբ «կը գտնուինք մեր պատմութեան մէկ վճռադրոշմ խաչմերուկին դիմաց», հարկավոր է իրապաշտ եւ անկեղծ լինենք եւ արձանագրենք. «Հայաստանը կը պարպուի, իսկ Սփիւռքը կը մաշի» (էջ 67): Հարկավոր է սթափվել ամեն ինչ անել, որպեսզի հայության  «ՀԶՕՐ ՀԱՅԱՍՏԱՆ, ԱՄՈՒՐ ԱՐՑԱԽ ու ԿԱԶՄԱԿԵՐՊ ՍՓԻՒՌՔ» տեսլականը դառնա մեր ազգային քաղաքականության ռազմավարական ու մարտավարական ուղեցոյցը (էջ 67, ընդգծումը հեղինակինն է): Վեհափառի կարծիքով Հայաստանը կարեւոր դերակատարություն ունի Սփյուռքի հայեցի վերակենսավորման, հատկապես մշակութային ու կրթական ասպարեզներում, ինչպես նաեւ ազգային միասնականության ամրապնդման գործում եւ դրական համարում երկքաղաքացիության շնորհման գործընթացի դյուրացումը:

Պերճ Թերզյանը կարեւոր համարելով ներկայացրել է նաեւ երրորդ համաժողովում ֆրանսահայ գործիչ, տնտեսագիտության դոկտոր Պետրոս Թերզյանի ելույթը, որում ասված է, թե մոտ չորս միլիոնանոց Սփյուռքն ապրում է աշխարհի 30 երկրներում եւ տարեկան 80-100 միլիարդ ԱՄՆ դոլար եկամուտ ունի, որը 30 անգամ գերազանցում է Հայաստանի տարեկան եկամուտին: Եվ այդ Սփյուռքի ազգապահպանման գաղափարախոսությունն այսօր «շնչասպառ է եւ կը նահանջէ» (էջ 72): Այնինչ, Հայաստանի համար Սփյուռքը դեպի աշխարհ հոյակապ մի պատուհան է, որի միջոցով նա կարող է քայլ կատարել դեպի այնտեղ խմորվող ու ծաղկող բոլոր նորութիւններն ու բնագավառները: Սփյուռքն էլ իր հերթին Հայաստանի կարիքն ունի: «Տուէ՛ք մեզի Հայաստան մը, որով կրնանք հպարտանալ: Անիկա ձեր երկիրն է, բայց մեր հայրենիքը», խոսքն ամփոփում է ճառասացը:

Գրքի վերջում հեղինակը ընթերցողի ուշադրությանն է հանձնել Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին ուղարկված նամակը եւ անկեղծորեն հայտնել իր մտահոգությունները համահայկական համաժողովների մասին, նշելով, որ բոլոր համաժողովներն էլ կայացան շատ խանդավառ մթնոլորտում, սակայն գործնականում որեւէ արդյունք չեղավ:

«Դէպի վերականգնում» բաժնում հեղինակն իր ամփոփիչ խոսքում անթաքույց ափսոսանքով գրում է, որ երբ իմացել են անդրանիկ համաժողով հրավիրելու մասին, այնպիսի զգացողություն են ունեցել, որ Հայրենիքի եւ Սփյուռքի հարաբերություններում նոր էջ պիտի բացվի, որ ժողովրդի երկու թեւերը ավելի պիտի մոտենան եւ ավելի խորանա ու ջերմանա փոխադարձ հարաբերությունները նրանց միջեւ: Ապա ափսոսանքով արձանագրում է, որ այսօր, եթե հարց տանք, թե անցած քսան տարիների ընթացքում գումարված վեց համաժողովներն ինչպիսի դրական ազդեցություն են ունեցել հայրենաբնակ մարդու կենսամակարդակի վրա, պատասխանը «որքան ալ շպարենք, ժխտական պիտի ըլլայ» (էջ 94): Այնուհետեւ հեղինակը շեշտում է, որ Հայրենիքը կարիք ունի ոչ սովորական համապարփակ մի ծրագրի, որի ուշացումը կարող է ճակատագրական լինել: Հեղինակը կարեւորում է նաեւ այն, որ Հայաստան-Սփյուռք հարաբերությունները կարգավորող կառույցում պարտադիր պետք է հավասար թվով մասնակիցներ լինեն երկու կողմերից էլ, այլապես «տրամաբանական չէ Սփիւռքի մասին որոշում առնել Սփիւռքի ներկայացուցիչներուն բացակայության» (էջ 97): 

Ամփոփենք: Չնայած հուշագրության, ուսումնասիրության եւ հրապագրության շաղախ այս գրքի փոքր ծավալին, նրանում ասելիք շատ կա: Եթե հաշվի առնենք, որ Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների մասին քիչ է գրվել, ապա այն ավելի է կարեւորվում: Աչքի են զարնում քաղցրահունչ արեւմտահայերենը, հեղինակին բնորոշ փաստերի բծախնդիր ընտրությունը եւ ասելիքի ապացուցվածության բարձր մակարդակը: Կաեւորում ենք նաեւ հեղինակի ջանքերը հատկապես ապագա ուսումնասիրությունների համար արժեքավոր նյութեր հրապարակելու եւ հետագա ստեղծագործական ձեռքբերումներ մաղթում:

ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ

Պրոֆեսոր

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ոստիկանների հորդորով Լոնդոնում հայ և ադրբեջանական համայնքների ցույցերը դադարել են

Հաջորդ գրառումը

«Այսօր պիտի մոռանանք, թե ինչ շերտի ենք պատկանում, ինչ կուսակցության ենք պատկանում». Համո Սահյան

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

«Այսօր պիտի մոռանանք, թե ինչ շերտի ենք պատկանում, ինչ կուսակցության ենք պատկանում». Համո Սահյան

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգն այս անգամ կրթել է քաջարանցիներին

11/05/2025

Քաջարանում կայացավ «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը, որն այս անգամ ևս անցավ դասական ձևաչափով՝ բանախոսություններով, երաժշտական դադարով, սուրճի ընդմիջումով...

ԿարդալDetails

«Ես գալիս եմ Իսպանիայից». իսպանացի լեգենդար երգչուհին հանդես կգա Երևանում

11/05/2025

Նախիջևանում անց են կացվել թուրք-ադրբեջանական հրամանատարական զորավարժություններ

11/05/2025

Ամստերդամում բացվել է Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը

11/05/2025

Ջերմաստիճանը կնվազի

11/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական