Սկիզբը` նախորդ համարում եւ վերջ
3. Ֆաթիմյան խալիֆայություն: Բադր Գամալ ալ-Արմանին: Ֆաթիմյան խալիֆայությունը պատմության մեջ հայտնվեց 909թ., որը ստացավ Ֆաթիմյան անվանակոչումը Մուհամմադ մարգարեի դստեր Ֆաթիմայի անունից: Ֆաթիմյան խալիֆայությունը հաստատվեց Հյուսիսային Աֆրիկայում եւ նրա կենտրոնը դարձավ Եգիպտոսը: Նրան միացվեցին Իֆրիկիյան, Ալժիրը, Մաղրիբը, Սիրիան, Արաբիան , Իրաքի որոշ շրջաններ, Հիջազը Մեքքայով եւ Մադինայով: Դա դարձավ մի կայսրություն, որը ձգվում էր Ատլանտյան օվկիանոսից մինչեւ Կարմիր ծով: Ֆաթիմյան խալիֆաները խաղալիք դարձան էթնիկական տարբեր խմբերից կազմավորված իրենց գվարդիայի, առաջին հերթինՙ թուրքերի ձեռքում: Ֆաթիմյան խալիֆայիՙ Մուսթանսիրի զինված ուժերը եւ թիկնապահ գնդերը կազմված էին բերբերների, սուդանցիների եւ թուրքերի գումարտակներից: Նրանք ոչ միայն հաշտ չէին, այլեւ բացահայտ թշնամանք էին տածում միմյանց նկատմամբ: Անելանելի դրության մեջ հայտնված խալիֆա ալ-Մուսթանսիրը 1073թ. հարկադրված դիմեց Ակրի կառավարիչ հայազգի Բադր ալ-Գամալ ալ-Արմանիի օգնությանը, հրավիրելով նրան եւ նրա հայկական գնդերը Կահիրե, անհնազանդ թուրքական գվարդիականներին սանձահարելու եւ երկրում կարգ ու կանոն հաստատելու համար: Բադր ալ-Արմանին ընդունեց խալիֆայի հրավերը եւ հայերից կազմված իր քսանհազարանոց զորքով 1074թ. մտավ Կահիրե: Նա շատ արագ եւ փայլուն կերպով իրականացրեց իր առաքելությունը, ջախջախեց թուրքական զորքերին, պատժեց նրանց հրամանատարներին եւ նրանց հետ համագործակցած երգիպտական պաշտոնյաներին:
Բադր ալ-Արմանին եւ նրա քսան հազարանոց հայոց զորքը Մերձավոր Արեւելքում էր հայտնվել Սասունից:
Ալ-Մուսթանսիրը Բադր ալ-Արմանիին օժտեց ամենալայն պետական եւ ռազմական լիազորություններով : Նա նշանակվեց վազիր եւ խալիֆիական զորքերի ընդհանուր հրամանատար, ինչպես նաեւ իսլամական միսիոներական կորպուսի ղեկավար:Նրա ձեռքում կենտրոնացվեց ամբողջ իշխանությունը եւ նա 20 տարի ՙ 1074-1994թթ. մինչեւ իր մահը եղավ երկրի փաստական եւ անսահմանափակ իշխողը: Նա կարողացավ երկիրը դուրս բերել քաոսային վիճակից , հաստատել օրինականություն եւ նոր շունչ փչել հոգեվարքի մեջ հայտնված Ֆաթիմյան խալիֆայությանը:
Նրա մահից հետո, որը տեղի ունեցավ 1094թ., խալիֆա Մուսթանսիրը վազիրի եւ զորքերի հրանատար նշանակեց Բադր Գամալ ալ-Արմանիի որդուն, հայազգի Մելիք ալ-Աֆդալին, որը հայտնի էր նաեւ Շահնշահ անունով: Նա իր ձեռքում կենտրոնացրեց ամբողջ բարձարագույն իշխանությունը եւ դարձավ Ֆաթիմյան խալիֆայության իրական կառավարողը, ձեւական դարձնելով խալիֆայի պաշտոնը:
Այսպիսով, մոտ կես դար Ֆաթիմյան խալիֆայության փաստացի կառավարողները եղան երկու հայազգի ականավոր պետական, քաղաքական, ռազմական գործիչներ , հայր եւ որդի Բադր Գամալ ալ-Արմանին եւ Աֆդալ Շահնշահը, որոնք անջնջելի հետք են թողել Ֆաթիմյան խալիֆայության, ի մասնավորինՙ Եգիպտոսի, պատմության մեջ: Նրանց կառավարման տարիներին Եգիպտոսը դարձավ օրինակելի երկիր, զարգացած պետություն, որին նախանձով էին նայում հարեւան երկրները: Նրանց դերը հենց այդպես է գնահատվում պատմագրության մեջ:
Հետագայում եւս , հատկապես XIX դարի երկրորդ կեսերին, հայ պետական եւ քաղաքական գործիչներն անջնջելի հետք են թողել Եգիպտոսի պատմության մեջ: Բավական է նշել, որ XIX դարի 80- ականներին Եգիպտոսի առաջին վարչապետը եղել է Նուբար Նուբարյանըՙ, որն անգնահատելի դեր է խաղացել Եգիպտոսի անկախության եւ ինքնության պահպանման գործում: Բացի դրանից, դարձյալ XIX դարում, հայերը բազմիցս զբաղեցրել են Եգիպտոսի արտաքին գործերի նախարարի պաշտոնը եւ կարեւոր դեր խաղացել կառավարական համակարգի այլ բնագավառներում:
4. Կիլիկիայի հայկական թագավորությունը: Ռուբինյաններ եւ Հեթումյաններ:
1045թ., Բագրատունիների անկումից հետո, սկսվեց հայերի արտագաղթը,այդ թվում եւ Կիլիկիա: Արտագաղթողների մեջ էին Բագրատունիների շառավիղ Ռուբինյանները, որոնցից ամենաաչքի ընկնողը Ռուբեն իշխանն էր: Նա Բագրատունիների վերջին թագավոր Գագիկ II մերձավորներից էր: Ռուբեն իշխանը 1080թ. Կիլիկիայում հիմնեց հայկական պետությունը, որը սկզբում իշխանապետություն էր, իսկ 1198թ. վերածվեց թագավորության եւ անվանակոչվեց Կիլիկիայի հայկական թագավորություն : Նրա առաջին թագավորը եղավ Լեւոն II Մեծագործ Ռուբինյանը: Հայոց կաթողիկոսի նստավայրը տեղափոխվում է Կիլիկիա եւ հաստատվում Հռոմկլա քաղաքում:
Կիլիկիայի հայկական պետությունը գոյություն է ունեցել նրա համար շատ բարդ միջազգային իրադրության պայմաններում: Նա շրջապատված էր տարբեր պետություններով , որոնցից յուրաքանչյուրը ձգտում էր տիրանալ Կիլիկիային: Դրանց մեջ էին Բյուզանդական կայսրությունը, Ռումի կամ Իկոնիայի Սելջուկյան սուլթանությունը, Հռոմի պապը, մոնղոլները եւ եգիպտական մամլուքները: Կիլիկիայի հայ թագավորները ստիպված էին մեծ խիզախություն եւ դիվանագիտական բարձր հմտություն ցուցաբերել հայկական պետական նավի համար անվտանգ նավարկություն ապահովելու համար: Եվ, ի պատիվ նրանց, երկար ժամանակ հիմնականում հաջողվում էր լուծել այդ խնդիրը, որի փայլուն ապացույցն է Կիլիկիայի հայկական պետության մոտ երեքդարյա գոյությունը ( 1080-1375թթ):
1226 թ. գահը Ռուբինյաններից անցավ Հեթումյաններին: Հարաբերությունները Եգիպտոսի եւ Կիլիկյան Հայաստանի միջեւ այդ շրջանում եւ հետագա տարիներին լարվում են: Եգիպտական մամլուքները ներխուժում են Կիլիկիա, գրավում Դաշտային Կիլիկիան , իսկ 1375թ. , համառ դիմադրությունից հետո, գրավեցին Կիլիկիայի հայկական թագավորության մայրաքաղաք Սիսը:
Այդ թվականը համարվում է Կիլիկիայի հայկական թագավորության անկման տարեթիվը:
5. Հայազգի Միքայել Լոռիս-Մելիքովը Ռուսաստանի վարչապետ, դիկտատոր: Հայերը XIX դարում ազդեցիկ դիրքեր են ունեցել ցարական Ռուսաստանում, երբ ռուսական ցար Ալեքսանդր II կայսրության ներքին գործերի նախարար նշանակեց Ռուսաստանի պետական Դումայի անդամ հայազգի զորապետ, գեներալ Միքայել Լոռիս-Մելիքովին, օժտելով նրան բացառիկ իշխանությամբ: Նա փաստորեն դարձավ Ռուսաստանի վարչապետ դիկտատոր( 1880-1881թ.), կայսրության երկրորդ դեմքըՙ ցարից հետո: Լոռիս-Մելիքովը ցարին է ներկայացնում վարչական եւ տնտեսական վերափոխումների մի ընդարձակ ծրագիր, ըստ որի ցարական Ռուսաստանը ինքնակալ միապետությունից վերածվում էր սահմանադրական միապետության: Ցարը հավանություն է տալիս Լոռիս -Մելիքովի այդ ծրագրին եւ նույնիսկ 1881թ.մարտի 13-ին ստորագրում համապատասխան հրամանագիր (ցՍՈջ ), այսինքն միայն մի քայլ էր մնացել Ցարական Ռուսաստանը սահմանադրական միապետության վերածվելու համար, սակայն նույն օրըՙ 1881թ. մարտի 13-ին, Ալեքսանդր II ահաբեկչության զոհը դարձավ: Նրան հաջորդած Ալեքսանդր III չեղյալ հայտարարեց իր հոր բարեփոխումների վերաբերյալ բոլոր հրամանները, իսկ զորապետ Լոռիս-Մելիքովը հեռացավ քաղաքական ասպարեզից եւ ընդհանրապես Ռուսաստանից եւ բնակություն հաստատեց Ֆրանսիայում, Նիցցա քաղաքում; Նա մահացել է 1888թ. եւ թաղվել Թբիլիսիում, հայկական գերեզմանոցում:
6. Հայերի նշանակալի դերը շահական Իրանի պետական եւ քաղաքական կյանքում:
Բացառիկ է եղել հատկապես Եփրեմ խանի (Դավթյան) դերակատարումը Իրանի 1905-1911թ. Սահմանադրական հեղափոխության կազմակերպման, ղեկավարման եւ Իրանի շահի տապալման գործում: Եփրեմ խանը եղել է իրանական հակաշահական ուժերի գլխավոր կազմակերպիչը եւ ղեկավարը: Այդ ուժերի ճնշման տակ Իրանի շահ Մոհամեդ Ալին հրատարակեց սահմանադրություն մտցնելու հրովարտակ: Բայց դա լոկ խորամանկ քայլ էր: 1908թ. հունիսին շահը հեղաշրջում կատարեց եւ ցրեց մեջլիսըՙ պառլամենտը: 1909թ. հուլիսին Գիլանի ֆիդայիները, հայ կամավորները եւ սահմանադրականները Եփրեմ խանի եւ Ռեշտի նահանգապետ Սիփահդարի ղեկավարությամբ, բախտիարներըՙ Սարդար Ասադի գլխավորությամբ արշավեցին Թեհրան, գրավեցին այն եւ գահընկեց արին շահին: Եփրեմ խանը նշանակվեց Թեհրանի ոստիկանապետ: Հաղթողները ստեղծեցին ժամանակավոր կառավարություն: Եփրեմ խանը նշանակվեց Իրանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, դիկտատոր, որը վերականգնեց սահմանադրությունը: Շարունակելով պայքարը, հեղափոխական ջոկատները , հայ կամավորներն ու ֆիդայիները Եփրեմ խանի հրամանատարությամբ հակահարված տվեցին շահին եւ նրան օգնության հասած եղբորը եւ կանխեցին միապետության վերականգնումը: Եփրեմ խանի հեղինակությունը շատ բարձր էր, նրան համարում էին Իրանի հերոս եւ տաղանդավոր զորավար: Ընդհանրապես այդ ժամանակ շատ բարձր էր իրանահայերի հեղինակությունը: Իրանի ականավոր պատմաբան Էբրահիմ Սաֆայի վկայությամբ «Իրանական հեղափոխության 24 նշանավոր գործիչներից 16-ը հայեր էին»:
Ցավոք, Եփրեմ խանը սպանվեց 1912թ. մայիսի 6-ին Համադանի շրջանում տեղի ունեցած մարտերում : Նրա մարմինը հանգչում է Թեհրանի հայկական Հայկազյան դպրոցի բակում: Իրանական հեղափոխության ակտիվ մասնակիցներից էր նաեւ հայ ֆիդայի Քեռինՙ Արշակ Գաֆավյանը եւ ուրիշներ:
Մասնագետների կարծիքով Իրանական հեղափոխությունը XX դարի սկզբին առաջին հեղափոխությունն էր Արեւելքում: Նա Իրանի բազմադարյան պատմության մեջ ամենակարեւոր իրադարձություններից մեկն էր, որը խոշոր հետք է թողել Իրանի պատմության մեջ:
Իրանական հեղափոխությունը իր հետեւանքներն ունեցավ նաեւ հայության համար: Շնորհիվ իրանական հեղափոխության հայերն ընտրվեցին տեղական ինքնավարական մարմիններումՙ էնջումեններում , եւ իրավունք ստացան երկու պատգամավոր ունենալ Իրանի մեջլիսում: Այդ իրավունքը մինչեւ օրս պահպանվում է, եւ հայերը երկու դեպուտատներ ունեն իրանական մեջլիսում, մեկը Հյուսիսային Իրանի, իսկ մյուսը Հարավային Իրանի հայության կողմից: Դրանով իսկ իրանահայերը պահպանում են իրենց պետութենաստեղծ գործունեությունը Իրանում: Շատ մեծ եւ կարեւոր է եղել Միրզա Մելքում խանի դիվանագիտական գործունեությունը, բարձր դիրքեր գրավելով այդ ոլորտում: Նա եղել է Իրանի դեսպանը Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, պարսկական դեսպանատան խորհրդական Ֆրանսիայում,Պարսկաստանի դեսպանորդ Հռոմում:Նա Իրանն արժանապատվորեն ներկայացրել է միջազգային համաժողովներում, ինչպես Բեռլինի կոնգրեսը (1878թ.), որտեղ նա պաշտպանել է Պարսկաստանի շահերն ընդդեմ Թուրքիայի եւ այլն:
Միրզա Մելքում խանը մահացել է 1908թ., խոշոր հետք թողնելով Պարսկաստանի քաղաքական, դիվանագիտական եւ գիտական-գրական կյանքում:
7. Լիբանանահայերի ներդրումը Լիբանանի անկախ պետության ստեղծման եւ պահպանման գործում:
Այն տարածքը, որ կազմում է ժամանանակից Լիբանանը, յուրահատուկ կարգավիճակ ուներ Օսմանյան կայսրության կազմում: 1861թ. ընդունված Օրգանական ստատուտի համաձայն ստեղծվել էր Լեռնալիբանանի ինքնավար մարզըՙ մութասառիֆությունը, որը կառավարում էր օսմանյան սուլթանի կողմից նշանակվող կաթոլիկ քրիստոնյա մութասառիֆըՙ կառավարիչը:
Առաջին մութասառիֆ եղավ հայազգի Կարապետ Արթին Դաուդյանը: Այդ կարգավիճակը պահպանվեց մինչեւ 1914թ., երբ սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը: Օսմանյան կառավարությունը խախտեց Օրգանական ստատուտը եւ իր զորքերը մտցրեց Լեռնալիբանան, պաշտոնանկ անելով Լեռնալիբանանի վերջին քրիստոնյա մութասառիֆ հայազգի Հովհաննես Կույումջյանին: Լիբանանն ընկավ աներեւակայելի ծանր դրության մեջ: Լիբանանի ազատագրումը օսմանյան լծից ավարտվեց 1918թ. աշնանը, որն իրագործվեց անգլիական զորքերի եւ արաբական ապստամբ բանակի միջոցով, որոնք մի շարք ճակատամարտերում պարտության մատնեցին թուրքական բանակներին:
Դաշնակիցներիՙ Անգլիայի եւ Ֆրանսիայի Գերագույն Խորհուրդի 1920 թվականի որոշումով Լիբանանի կառավարման մանդատը տրվեց Ֆրանսիային: Դա առաջ բերեց լիբանանցիների դժգոհությունը եւ ծայր առան հակաֆրանսիական ելույթներ, որի արդյունքում, ի վերջո, 1943թ. նոյեմբերի 8-ին վերացվեց ֆրանսիական մանդատը: Այդ օրը պատմության մեջ մտել է որպես ֆրանսիական մանդատի վերացման, Լիբանանի անկախության եւ ինքնիշխանության հաստատման օր: Լիբանանի առաջին պրեզիդենտ ընտրվեց Բիշարա ալ-Խուրին , իսկ Ռիյադ Սոլհը գլխավորեց անկախ Լիբանանի առաջին կառավարությունը: 1946թ. դեկտեմբերին ֆրանսիական վերջին զինվորը հեռացավ Լիբանանից#:
Լիբանանի պետական կառուցվածքի հիմքում դրվեց կոնֆեսիոնալիզմիՙ կրոնա-դավանական սկզբունքը: Ըստ այդ սկզբունքի, Լիբանանի կրոնա-դավանական համայնքներ ճանաչվեցին վեց համայնքներՙ քրիստոնյա մարոնիների, դրուզների, հայերի, մուսուլման սուննիների, շիաների եւ քրիստոնյա -ուղղափառների համայնքները: Հայերի համայնքը 1970-ական թվականներին կազմում էր մոտ 250 հազար եւ թվաքանակով զիջում էրՙ շիա, մարոնի եւ սուննի համայնքներին , եւ մոտավորապես հավասար էր դրուզ ու քրիստոնյա-ուղղափառ համայնքներին:
Հայերը տեղաբաշխված են Լիբանանի տարբեր շրջաններում , սակայն նրանց հիմնական մասը կենտրոնացված է Բեյրութ մայրաքաղաքում: Մայրաքաղաքն ունի թաղամասեր, որոնք բնակեցված են հայերով, ինչպես Բուրջ Համուդը, Խալիլ Բադավին, Նոր Հաճընը , Աշրաֆիեն, Հայաշենը, Անթիլիասի շրջանը, Զալքան եւ այլն: Զգալի թվով հայեր բնակվում են Զահլեում, Սայդայում, Տրիպոլիում Ալեյում, Բիբլոսում, Ջունիում, Շուֆի, Մեթնի, եւ Քեսրվանի եւ այլ շրջաններում:
Լիբանանահայությայն մոտ 47 տոկոսը զբաղված է արդյունաբերության ոլորտում, ֆաբրիկաներում, գործարաններում, շինարարության մեջ, պետական ձեռնարկություններում եւ այլն, 45 տոկոսը առեւտրի եւ սպասարկման ոլորտում , 2 տոկոսը գյուղատնտեսության մեջ, 2 տոկոսն էլ կազմում է մտավորականությունըՙ ուսուցիչներ, գրողներ, բժիշկներ, նկարիչներ, երաժիշտներ, 4 տոկոսն էլ պատկանում է արդյունաբերական եւ առեւտրա-ֆինանսական վերնախավին:
Բոլորի կողմից ընդունված է, որ մեծ է հայ համայնքի ներդրումը Լիբանանի առաջընթացի մեջ եւ նա խաղում է նշանակալի դեր արդի Լիբանանի տնտեսական կյանքում:
Մոտավոր հաշվարկներով, քաղաքացիական պատերազմին նախորդած տարիներին հայկական մեծահարուստներին պատկանում էր Լիբանանի խոշոր արդյունաբերական ձեռնարկությունների 18 եւ միջին ու մանր արդյունաբերական ձեռնարկությունների 43 տոկոսը, իսկ երկրի ներմուծման հայ կապիտալի բաժինը կազմել է 10 տոկոս: 60-ական թվականներին Լիբանանի խոշոր արդյունաբերության մեջ ներդրված 375 մլն լիբանանյան լիրայից 125 մլն լիրան կամ 33 տոկոսը պատկանում էր հայ արդյունաբերական կապիտալին#;
Մեծ է նաեւ հայերի դերակատարումը Լիբանանի պետական- քաղաքական եւ հասարակական կյանքում: Այդ տեսանկյունից արժանի է հատուկ եւ բարձր գնահատականի այն կարեւոր դերակատարումը, այն մեծ կշիռը,որ ունի հայ համայնքը Լիբանանի քաղաքական եւ հասարակական կյանքումՙ որպես կրոնա-դավանանքային համայնք: Այդ հիմքի վրա յուրահատուկ է նրա գործունեությունը լիբանանյան պետականության զարգացման եւ ամրապնդման ոլորտում: Հայ համայնքը լիբանանյան պառլամենտում ունի դեպուտատական 6 տեղ, որը փոքր թիվ չէ: Բացի այդ, Լիբանանում գործող բավականին բարդ ընտրական համակարգի հետեւանքով , 21 դեպուտատի ճակատագիրը եւս զգալիորեն կախված է հայ համայնքի դիքորոշումից: Այսպիսով, հայ համայնքը որոշիչ ազդեցություն ունի լիբանանյան պառլամենտի մեկ քառորդիՙ 26 դեպուտատների, ընտրության հարցում:
Հարկ է նշել եւս մեկ կարեւոր հանգամանք: Լիբանանում գործող օրենքների համաձայն Հայ համայնքին պատկանում է մինիստրական երկու պորտֆել: Կառավարության այդ երկու անդամները որպես կանոն ակտիվ գործունեություն են ծավալում Լիբանանի ներքին եւ արտաքին քաղաքականության հարցերում:
Եվ, վերջապես, ակտիվ են նաեւ հայ քաղաքական կուսակցություններըՙ Հայ հեղափոխական դաշնակցությունը, Ռամկավար Ազատական կուսակցությունը եւ Սոցիալ-դեմոկրատական Հնչակյան կուսակցությունը:
Այսպիսին է հայերի պետութենաստեղծ ֆենոմենի պատկերը, որն իր անալոգիան եւ զուգահեռները չունի: