Հունիսի 17-ին լրացավ Մեծն Պարույր Սեւակի մահվան հերթական տարելիցը, որի առթիվ էլ ներկայացնում ենք մեր աշխատակցի զրույցը նրա թոռան` գրականագետ Սեւակ Ղազարյանի հետ, որոշ հապավումներով:
– Արդեն երկար տարիներ Դուք զբաղվում եք Ձեր պապի` Պարույր Սեւակի գրական ժառանգությամբ, հրատարակել եք մի շարք անտիպ ստեղծագործություններ, այդ թվում` մեկ անավարտ վեպ: Այդ ամենը նախասիրությու՞ն է, թե որդիական պարտք` պապի հանդեպ:
-Ամենից առաջՙ կենսաձեւ ու մասնագիտություն: 8-րդ դասարանն էի ավարտում, երբ վերջնականապես որոշեցի, որ կյանքս կապելու եմ գրականության հետ: Եվ ոչ թե այն պատճառով, որ Պարույր Սեւակի թոռն եմ, այլ որովհետեւ մեկընդմիշտ սիրահարվեցի գրականությանը: Ընդ որումՙ թե այն ժամանակ, թե հիմա շատ ավելի նախընտրում եմ արձակը, քան պոեզիան: Իմ կյանքն առանց գրականության ես չեմ պատկերացնում, եւ բանասիրական-խմբագրական-հրատարակչական-գրականագիտական աշխատանքով զբաղվելը մեծագույն հաճույք է ինձ համար: Սակայն, իհարկե Պ. Սեւակի ուղղակի եւ անուղղակի ազդեցությունը նույնպես կա: Թեկուզ այն իրողությունը, որ ես մեծացել եմ նրա որդու տանը, ուր մոտ երկու հազար կտոր գիրք կա (բնականաբար, այդ թվում նաեւՙ Սեւակին առնչվող մեծաքանակ գրականություն) չէր կարող որեւէ կերպ չազդել ինձ վրա: Իսկ արդեն ուսանողական տարիներից Սեւակով սկսեցի զբաղվել մասնագիտորեն, ինչը շարունակում եմ անել մինչ օրս: Եվ սա արդեն թե մասնագիտություն է, թե նախասիրություն, թե որդիական պարտքի հատուցում:
– Անտիպները շա՞տ են: Կա՞ն այնպիսիներ, որոնք այս կամ այն դիպվածով հայտնվել են ուրիշների մոտ եւ այս պահին հասանելի չեն նրա ժառանգներին:
-Շատ կամ քիչ ասելը խիստ հարաբերական է: Եթե հաշվի առնենք, որ անտիպ են մնացել մի շարք հոդվածներ, գիտական աշխատություններ, Սեւակի նամականու մեծ մասը եւ իհարկե գեղարվեստական գործերի որոշակի քանակ` անավարտ եւ սեւագիր գործեր, ապա կարելի է ասել, որ շատ են: Դրանց մի մասը, ինչպես գիտեք, արդեն տպագրվել է: Ուրիշների մոտ ձեռագրեր կան, այդ թվումՙ անտիպ գործեր, որոնց մի մասը հրատարակվել է (օրինակՙ «Մուտք» ժողովածուն): Անտիպ էլ դրանց պայմանականորեն պիտի կոչել, քանզի դրանց մեծ մասի օրինակները կան բանաստեղծի արխիվում, եւ այդ «անտիպները» ավելի շատ տարբերակի արժեք ունեն: Տեղին է շնորհակալությամբ նշել, որ իրական անտիպ գործեր (բանաստեղծություններ, նամակներ եւ այլն) ոմանք փոխանցել են Սեւակի ժառանգներին: Այդպես են վարվել, օրինակ, Գրիգոր Չալիկյանը, գրականագետներ Երվանդ Տեր-Խաչատրյանը, Արմեն Սարգսյանը եւ ուրիշներ:
– Մինչ օրս Սեւակը չունի երկերի լիակատար ժողովածու. աշխատո՞ւմ եք այդ ուղղությամբ:
-Այո, դա իմ երազանքներից մեկն է: Բայց երկերի իսկապես լիակատար ժողովածու հրատարակելը հսկայածավալ, տարիներ ձգվող աշխատանք է պահանջում: Ընդ որումՙ այդպիսի աշխատանքը հնարավոր է իրականացնել միայն հմուտ գիտնականների խումբ ստեղծելով, ինչը մեր օրերում շատ բարդ է, հատկապեսՙ ֆինանսական առումով: Այսօր ես թե որպես Պ. Սեւակի ժառանգ, թե որպես նրա անունը կրող թանգարանի տնօրեն ավելի իրատեսական եմ համարում երկերի տասը կամ տասներկու հատորյակի հրատարակումը: Եվ այդ ուղղությամբ համապատասխան աշխատանքներ արդեն տարվում են:
– Տարիներ առաջ Հովիկ Չարխչյանը տպագրեց «Սուլամիթա. Սեւակի մեծ սերը» երկհատորյակը, որը, ըստ շրջանառվող լուրերի, դուր չի եկել գրողի ժառանգներին, այդ թվում` ձեզ: Իրականում ո՞րն էր պատճառը, նամակների իսկության վրա՞ էիք կասկածում, թե՞ չէիք ցանկանում, որ հրապարակվեն դրանք:
-Այո, անձամբ ես բացասական վերաբերմունք ունեմ այդ գրքի հանդեպ: Պատճառները մի քանիսն են: Նախՙ նամակները թեեւ իսկական են, բայցՙ հատվածական: Իսրայել մեկնելուց առաջ Սուլամիթան իր նախընտրած հատվածները պատճենահանել եւ ուղարկել է Հայաստան (Մատենադարան, Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ, Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարան, «Սովետական գրող» հրատարակչություն, Պ. Սեւակի տուն-թանգարան եւ այլն): Շատերը ծանոթ են եղել այդ նամակ հատվածներին, բայց ոչ ոք իրեն թույլ չի տվել հրատարակել դրանք: Դա արել է միայն Հ. Չարխչյանըՙ նախկին Արարատի շրջկոմի բաժնի վարիչ իր մոր միջոցով Պ. Սեւակի տուն-թանգարանից ձեռքը գցելով այդ նամակները:
Երկրորդՙ գրեթե համոզված եմ, որ Պ. Սեւակն ինքը երբեք չէր ցանկանա, որ իր անձնական, առավել եւսՙ սիրային նամակները դառնան հանրային սեփականություն: Սեւակի խառնվածքը քիչ թե շատ ճանաչողները կհասկանան, թե ինչու եմ այդպես կարծում: Ընդհանրապես արվեստագետներն այս առումով բաժանվում են երկու խմբի. ոմանք առավել կամ նվազ պատրաստակամությամբ հանրայնացնում են իրենց անձնական կյանքը (Չարենց, Մայակովսկի, Դալի, Բուքովսկի…), մյուսները փորձում են հնարավորինս խուսափել դրանից (Տոլստոյ, Էկզյուպերի, Սահյան, Սեւակ…):
Երրորդՙ Սուլամիթան Սեւակի «մեծ սերը» չէ, դա միֆ է (փակագծերում ասեմ, որ իմ խորին համոզմամբ սերը «մեծ» կամ «փոքր» չի լինում): Սեւակի եւ Սուլամիթայի միջեւ շատ բուռն կապ է եղել մոտ երեք տարի (1957-1960 թթ): Սակայն թե դրանից առաջ, թե հետո Սեւակի կյանքում բազմաթիվ այլ սերեր են եղել, որոնց ընդամենը մի մասի անուններն են հայտնի ավելի նեղՙ գրական կամ մերձգրական շրջանակներում: Ես հասկանում եմ, որ կգա մի օր, երբ կտպագրվեն նրա բոլոր սիրային նամակները եւ հանրությունը կճանաչի Սեւակի սերերից շատերին: Սակայն կարծում եմ, թե որքան ուշ գա այդ օրը, այնքան լավ: Եվ այստեղ խնդիրը ոչ այնքան Սեւակի եւ նրա ժառանգների շուրջ է պտտվում, որքան Սեւակի սերերի եւ նրանց ժառանգների: Արդյո՞ք այդ մարդիկ (եւ մեր հանրությունն ընդհանրապես) պատրաստ են նման «բացահայտումների» (օրինակ այն, որ Սեւակը կապ է ունեցել ինչ-որ մեկի մոր կամ տատիկի հետ, որն այդ պահին ամուսնացած է եղել), արդյո՞ք նման «բացահայտումներ» անելովՙ մենք չենք վիրավորում նրանց: Եվ վերջապես, եթե նման «բացահայտումներ» ենք անում, ապա պիտի ամբողջ ճշմարտությունն ասենքՙ ոչինչ չթաքցնելով: Իսկ ձեր նշած գրքում (չգիտեմՙ օբյեկտիվ թե սուբյեկտիվ պատճառներով) ամբողջ ճշմարտությունը չի ասվում. Սեւակի ու Սուլամիթայի հարաբերությունները միշտ չէ, որ այդքան ռոմանտիկական եւ իդիլիական բնույթ են կրել: Ավելի մանրամասնել չեմ կարող, քանզի ինչպես ասացիՙ վստահ եմ, որ Սեւակն ինքը դեմ կլիներ դրան:
Չորրորդ պատճառն ամենակարեւորն է ինձ համար: Կարդալով այդ գիրքըՙ տպավորություն է ստեղծվում, որ եթե Սեւակի կյանքում չհայտնվեր Սուլամիթան, ապա Սեւակը որպես խոշոր բանաստեղծ չէր կայանա: Ինչո՞ւ է այդպիսի տպավորություն ստեղծվում: Որովհետեւ գրքի հեղինակը 1957 թվականից ի վեր գրված սեւակյան գրեթե բոլոր ընտիր գործերը կապում է Սուլամիթայի անձի հետ: Ստացվում էՙ չլիներ Սուլամիթան, չէր լինի Պարույր Սեւակ հանճարը: Իսկ սրան ես կտրականապես դեմ եմ, որովհետեւ դա բացարձակապես չի համապատասխանում ճշմարտությանը: Ավելինՙ գրքում երբեմն նշվում են ստեղծագործություններ, որոնք իբրեւ թե Սուլամիթայի անմիջական ազդեցությունն են կրում, մինչդեռ իրականում դրանք վերաբերում են այլ կանանց: Եվ ընդհանրապես հանճարները ոգեշնչման տարբեր աղբյուրներ կարող են ունենալ, ըստ որումՙ ոչ միան սիրո հողի վրա, ու չի կարելի այդ ամենը սահմանափակել ընդամենը մեկ անձով կամ երեւույթով:
– Պարույր Սեւակի մահվան վարկածները շատ են, դրանից ո՞րն է ձեզ ավելի արժանահավատ թվում եւ ո՞րն է ձեր բուն վարկածը:
– Այո, իրավացի եքՙ տարբեր վարկածներ են շրջանառվում եւ ըստ երեւույթին դեռ երկար կշրջանառվեն: Սակայն թե հայրս, թե ես, թե շատ այլՙ իսկապես քաջատեղյակ մարդիկ համոզված ենք, որ դա դժբախտ պատահար էր: Նորից պետք է մի շարք պատճառներ նշեմ:
Առաջին եւ ամենակարեւոր պատճառն այն է, որ Սեւակն այդ ժամանակ դեռ նոր-նոր էր մեքենա վարել սովորում: Այդ գործում նրան օգնում էին ընկերները, համագյուղացիները, ծանոթները: Եվ մինչ այդ ողբերգական օրը Սեւակը երբեք ինքնուրույն նման երկարատեւ ճանապարհորդություն չէր նախաձեռնել: Բավական է մեջբերեմ մի հուշ, որը հայրս է պատմել, եւ ամեն ինչ պարզ կդառնա: Հայրս այդ ժամանակ համարյա 13 տարեկան է եւ հիշում է, որ երբ այդ օրը բանաստեղծն իրենց առանձնատան ավտոտնակից մեքենան ետ քշելով դուրս է բերել ու չի վնասել այն, շատ է ուրախացել: Ինչո՞ւ: Որովհետեւ անվարժ վարորդ լինելովՙ մեքենայով ետընթաց կատարելը դեռ շատ բարդ գործ է եղել նրա համար: Հանգամանքների բերումով Սեւակի վարորդն այդ օրը չի կարողացել գալ եւ ընտանիքը տեղափոխել Երեւան, ու Սեւակը ճակատագրական որոշում է կայացրելՙ ինքնուրույն վարել մեքենան: Այդ մասին նախօրոք ոչ ոք չի իմացել եւ չէր էլ կարող իմանալ:
Երկրորդՙ Խորհրդային Հայաստանի ղեկավարների կողմից սպանության կազմակերպումը անհավանական է նաեւ այն պատճառով, որ շատերի հետ բանաստեղծը մտերիմ հարաբերություններ ուներ: Ինչ վերաբերում է «Եղիցի լույս» գրքի բանտարկությանը, ապա պետք է նշեմ, որ այստեղ կենտրոնական դեր են խաղացել ոչ այնքան ժամանակի քաղաքական-իշխանական վերնախավը, որքան գրչակից «ընկերները»ՙ գրական եւ հրատարակչական ոլորտի «յուրայինները»: Իսկ դրա հիմքում էլ հաճախ եղել է անձնական թշնամանքը կամ նախանձը:
Երրորդՙ մինչեւ օրս չի հայտնաբերվել գեթ մեկ ծանրակշիռ փաստ, որ խոսի հօգուտ «դավադրության» կամ «սպանության» վարկածի: Փոխարենը կան բազմաթիվ փաստեր, որ ուղղակիորեն կամ անուղղակիորեն վկայում են դժբախտ պատահարի մասին:
Սակայն այստեղ պետք է նշեմ մեկ այլ շատ կարեւոր հանգամանք: «Եղիցի լույս» գրքի բանտարկությունն էապես ազդել էր Պ. Սեւակի ֆիզիկական եւ հոգեկան առողջության վրա, քանզի արվեստագետի համար չկա ավելի մեծ ցավ, քան սեփական ստեղծագործության արգելված լինելը: Կյանքի վերջին երկու տարիներին Պ. Սեւակը դարձել էր շատ դյուրագրգիռ ու նյարդային: Անգամ լուսանկարներից երեւում է դա. 46-47 ամյա բանաստեղծն առնվազն տասը տարով ավելի է մեծ թվում, եւ դժվար չէ կռահել, թե որքան ծանր ու տառապալից էին նրա ապրումներն այդ շրջանում: Սեւակը, բոլոր հնարավոր միջոցներն օգտագործելով, պայքարում էր գրքի լույս ընծայման համար, գնում էր որոշ զիջումների, կրճատումների, սակայն ոչինչ չէր ստացվում, ամեն անգամ մի նոր պատի էր բախվում: Եվ այս իմաստով 1971 թվականի հունիսի 17-ի վթարը ինչ-որ տեղ հետեւանք էր այդ շրջանի իր հոգեվիճակի: Այս առումով անշուշտ կարելի է մեղադրել ժամանակի իշխանություններին նաեւ, բայց ոչ ուղղակի սպանության համար:
– Ասում են` գրողի արխիվով ժառանգները չպետք է զբաղվեն, որովհետեւ արյունը թույլ չի տալիս դրական կողմերի կողքին դնել նաեւ բացասականը: Երբեւէ բախվե՞լ եք այդպիսի երկընտրանքի:
-Չգիտեմ, թե ով է այդպես ասում, բայց հաշվի առնելով այն աշխատանքը, որ արել եւ անում են, օրինակ, Չարենցի կամ Մաթեւոսյանի ժառանգները, Հեմինգուեյի կամ Պիկասոյի ժառանգները, կարծում եմՙ այդպես ասողները սխալվում են: Իհարկե, բացառություններ միշտ լինում են: Եվ իհարկե, ես, ինչպես յուրաքանչյուր մարդ, կարող եմ իմ սուբյեկտիվ մոտեցումն ունենալ այս կամ այն հարցի վերաբերյալ: Ընդհանրապեսՙ որեւէ աշխատանքում անհնար է կատարյալ օբյեկտիվություն պահպանել: Բայց Պ. Սեւակի արխիվի հետ աշխատելիս ես առաջնորդվում եմ մասնագիտական պատախանատվությամբ: Այդ են վկայում իմ հրատարակած սեւակյան անտիպ վեպն ու գիտական աշխատությունները, որոնք անավարտ լինելով, հետեւաբար եւ հեղինակի կողմից վերջնական խմբագրման չենթարկվելով, ունեն նաեւ թույլ հատվածներ: Սակայն նշածս գործերը հրատարակվել են ամբողջությամբՙ առանց որեւէ կամայական փոփոխությունների:
– Առաջիկայում նոր նախաձեռնություններ կա՞ն` անտիպների հրատարակություններ, արդեն հայտնի գործերի վերահրատարկություններ եւ այլն:
-Նախ ասեմ, որ անցյալ տարիՙ Պ. Սեւակի 95 ամյակի առթիվ չորս գիրք տպագրվեց: Վերահրատարակվեցին «Ամանեջ» վեպն ու «Անլռելի զանգակատուն» պոեմը: Լույս տեսան երկու նոր գրքեր: Մեկը կոչվում է «Սիրերգություն», որտեղ իմ ընտրությամբ ամփոփված են բանաստեղծի 133 սիրային բանաստեղծություններըՙ գրված կյանքի տարբեր տարիներին: Իսկ մյուս գիրքը ծնվեց Պ. Սեւակի եւ Հ. Թումանյանի թանգարանների համագործակցության արդյունքում: Միեւնույն գրքում տեղ գտան մեր երկու մեծերի մանկական ստեղծագործությունները: Հրատարակությունն էլ յուրօրինակ է, մի կողմից գիրքը բացվում է Թումանյանի գործերով, հակառակ կողմիցՙ Սեւակի: Նշածս բոլոր գրքերի տպաքանակները (500 կամ 1000 օրինակ) մի քանի ամսում գրեթե սպառվեցին, եւ շուտով վերահրատարության կարիք կառաջանա:
Ինչ վերաբերում է նոր հրատարակություններին, ապա ասեմ, որ արդեն մոտ երկու տարի աշխատում եմ Պ. Սեւակի «Մարդը ափի մեջ» գրքի վրա: Երբ ծնվեց այս ժողովածուն վերահրատարակելու գաղափարը, բնականաբար սկսեցի համապատասխան նյութեր ուսումնասիրել սեւակյան արխիվից: Եվ պարզվեց, որ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով ժողովածուն զգալիորեն մկրատվել է. մի շարք բանաստեղծություններ կամ առանձին բանաստեղծական տողեր-հատվածներ դուրս են մնացել: Այժմ այդ ամենը վերականգնվել է, եւ շուտով ընթերցողի սեղանին կդրվի «Մարդը ափի մեջ» գրքի շատ ավելի ամբողջական տարբերակըՙ մոտ երկու տասնյակի հասնող անտիպ բանաստեղծություններով: