§Ազգային երդում. ձեռնարկվում են 12 կղզիների, Կրետեի,
Լիբիայի, Մոսուլի, Քերքուքի, Ղրիմի, Արեւմտյան Թրակիայի
հարցերը միջազգային ատյաններում բարձրացնելու քայլեր¦
§Թյուրքական աշխարհի համերաշխության եւ փոխօգնության¦ միությունը կազմավորվել էր դեռեւս 1992 թվին, թյուրքալեզու ժողովուրդներին միավորելու գլխավոր առաջադրանքով, իհարկե Թուրքիայի հովանու ներքո: Սակայն մինչեւ օրս աչքի չէր ընկնում առանձնակի գործունեությամբ: Դա նշանակում է, որ միությունն առ այսօր նախընտրում էր գաղտնի գործել, խուսափելով հրապարակային գործունեությունից: Ըստ երեւույթին հասունացած չէին համարվում դրա անհրաժեշտ նախադրյալները կամ միջազգային իրադրության առանձնահատկությունները թույլ չէին տալիս դրան: Ինչո՞ւ: Նախքան հարցին պատասխանելը փորձենք ներկայացնել միության մայիսի 14-ին թուրքական §habernida.com¦ կալքէջում հրապարակած հոդվածը:
§Ազգային երդում.ձեռնարկվում են 12 կղզիների, Կրետեի, Լիբիայի, Մոսուլի, Քերքուքի, Ղրիմի, Արեւմտյան Թրակիայի հարցերը միջազգային ատյաններում բարձրացնելու քայլեր¦ խորագիրը կրող անստորագիր հոդվածում հիմնական շեշտը դրվում է Էգեյան ծովի հունական կղզիների եւ Կրետեի վրա: Ընդ որում, նշելով հանդերձ, որ օսմանյան նավատորմը Կրետե կղզին գրավել է 1669-ի սեպտեմբերին եւ նրա 1909-ին անցումը Հունաստանինՙ ապօրինի է համարվում, այն պատճառաբանությամբ, թե 1913-ի Լոդոնի պայմանագրով 2/3-ը պիտի պատկաներ Թուրքիային: Հոդվածում ներկայացվում է նշված հարցերը միջազգային ատյաններում բարձրացնելու, դրա բուն նպատակների առչությամբ Ստանբուլի համալսարանի պրոռեկտոր Իլյաս Թոփսաքալի եւ §Թյուրքական աշխարհի համերաշխության եւ փոխօգնության¦ միության նախագահ Հալիթ Քայնաքի կիսապաշտոնական §Անադոլու¦ գործակալությանը հայտնած դրական կարծիքը, որը պայմանավորվում է այսպես կոչված §կապույտ հայրենիք¦ նախագծով:
Այսինքն Էգեյան ծովի 12 կղզիների եւ Կրետե կղզու հանդեպ թուրքական հավակնությունների հիմքում ընկած է Թուրքիայի ջրային տարածքների ընդարձակմանը միտված այդ նախագիծը: Ահա թե դրա առնչությամբ ինչ է ասել պրոֆ. Թոփսաքալը. §Հունաստանը միջազգային իրավունքի նորմերն ոտնահարելու գնով զորքեր է տեղակայել 12 կղզիներում եւ դիմել է սադրիչ գործողությունների: Դրանք հատկապես ակնառու են դարձել վերջին շրջանում, երբ Արեւելյան Միջերկրականում հայտնաբերվեցին բնական գազի հարուստ պաշարներ: Դրանք Հունաստանին ստիպել են գործընկերներ որոնել: Որոնման շրջանակներում Եգիպտոսը, Իսրաելը, ժամանակ առ ժամանակ Լիբանանն ու այլ երկրներ զորավիգ կանգնեցին Հունաստանին, որ կոպտորեն ոտնահարի միջազգային իրավունքի նորմերը: Դրան ի պատասխան Թուրքիան Լիբիայի հետ ստորագրած ջրային տարածքների սահմանազատման մասին պայմանագրով տարածաշրջանում երաշխավորեց իր շահերի եւ անվտագության անձեռնմխելիությունը¦:
Ինչ վերաբերում է վերոհիշյալ միության նախագահ Քայնաքին, ապա նա էլ, մեղադրելով Հունաստանին Կրետե կղզու շրջակայքում Թուրքիային պատկանող ջրային տարածքի 8 900 քառ.կմ-ը յուրացնելու մեջ,կարծիք է հայտնել, որ 39 քառ.կմ էլ խլել է Լիբիայի ջրերից: Ապա շարունակել է. §Թյուրքական աշխարհն ու օսմանյան աշխարհագրությունը բաժանել ենք 8 շրջանի: Ամեն շրջան ունի իր ղեկավարը: Ներկա պահին այդ ղեկավարները համապատասխան կոմիտեներով գործունեություն են ծավալում աշխարհի 42 երկրներում: Մենք լուրջ իրավունքներ ունենք Կրետե կղզու եւ Էգեյան ծովի 12 կղզիների վրա, որովհետեւ իտալացիները ժամանակին դրանք գրավել էին, ապա Լիբիայի դիմաց մեզ էին զիջել: Սակայն Կրետեն եւ 12 կղզիներն առ այսօր Հունաստանի ձեռքում են, մենք չենք ստացել: Քանի որ դրանք մեզ չեն հանձնվել, ուստի իրավունքներ պիտի ունենանք Լիբիայում: Եթե մենք ի վիճակի չլինենք պաշտպանել Էգեյան կղզիներում, Կրետեում եւ Լիբիայում մեր ունեցած իրավունքները, ապա ոմանք կսկսեն վիճարել մեր §կապույտ հայրենիք¦ նախագիծը, Լիբիայում, Կիպրոսում, նույնիսկ Սիրիայում ռազմաքաղաքական ներկայությունը: Քանի որ դարեր շարունակ որպես §թուրքական լիճ¦ հորջորջված Միջերկրական ծով իջել ենք մեր նախագահի հրամանով եւ այնտեղ փաստացի ներկալություն ապահովել, ուստի պարտավոր ենք նաեւ իրավական ներկայություն ունենալ: Մեր իրավունքները պաշտպանելու համար պատրաստվում ենք դիմել Հաագայի միջազգային դատարան, ՄԱԿ-ի պես միջազգային ազդեցիկ կազմակերպություններին¦:
§Թյուրքական աշխարհի համերաշխության եւ փոխօգնության¦ միության նախագահ Քայնաքը պրոռեկտոր Թոփսաքալի պես, նշելով հանդերձ Մոսուլի,Քերքուքի, Ղրիմի, Արեւմտյան Թրակիայի մասին, վերջինի նման հիմնական շեշտը դնում է Կրետեի, 12 կղզիների, ինչպես նաեւ Լիբիայի վրա: Ի դեպ ե՛ւ Թոփսաքալը, ե՛ւ Քայնաքն առհասարակ չեն հիշատակում Հալեպի, Նախիջեւանի, Նախիջեւանը Թուրքիային կապող միջանցքը Իրանի տարածքի հաշվին ընդլայնելու եւ Բաթումիի մասին: Սակայն հոդվածին կցված քարտեզում այս տարածքներն ընդգրկվել են Թուրքիայի կազմում: Այսինքն թուրքական հավակնությունների մաս են կազմում:
Ինչո՞վ բացատրել այդ հավակնությունները: Ըստ երեւույթին 2019-նոյեմբերին Տրիպոլիի ազգային համաձայնության կառավարության հետ ջրային տարածքների սահմանազատման մասին Անկարայում ստորագրված պայմանագրով, ինչպես նաեւ Լիբիան մասնատված տեսնելու Արեւմտյան տերությունների նկրտումներով: Ակնհայտ է, որ եթե Խալիֆե Խաֆթարին հաջողվեր գրավել Տրիպոլին, ապա Լիբիան որպես ինքնիշխան պետություն կդառնար նաեւ միասնական: Որպեսզի դա տեղի չունենա, այս տերությունները հանդուրժողականությամբ են վերաբերում Թուրքիայի հավակնություններին, ուղղակի կամ անուղղակի նպաստելով Խավթարի զորքերի առաջխաղացման կասեցմանը:
Ի դեպՙ Սիրիայում էլ նախագահ Բաշար Ասադի զորքերի առաջխաղացումը դեպի Իդլիբ կասեցրել է այս տարվա մարտի 5-ին Մոսկվայում ձեռք բերված ռուս-թուրքական համաձայնագիրը, որը զինադադարի հարատեւությունն ապահովելու քողի տակ ոչ միայն պահպանել է թուրքական զորքերի ներկայությունը Իդլիբում, այլեւ Սիրիայի կառավարական զորքերին արգելել է հատել M4 մայրուղին, որ հանկարծ Իդլիբ չմտնեն: Ըստ երեւույթին դա է ցանկանում նաեւ ԱՄՆ-ը: Փոխարենը թուրքերն էլ, որքան էլ ԱՄՆ-ին մեղադրեն քրդական ուժերին զինելու եւ Սիրիայի արեւելքում նավթային հանքահորերի վրա վերահսկողություն սահմանելու մեջ, շնորհիվ դրա շարունակում են վերահսկել Իդլիբը, իսկ Ռուսաստանը հանդուրժում է թուրքական վերահսկողությունը, ընդ որում լինելով Սիրիայի այսպես կոչված դաշնակիցը: