Չկա մեկը, որ Ծիծեռնակաբերդի այգու այսօրվա պատկերի համար չափսոսա ու չցավի: Անխնամ ու անբարեկարգ լինելուց բացի, այն ընկալվում է որպես անտարբեր վերաբերմունք մեր պատմության ամենաողբերգական իրադարձությանՙ Հայոց ցեղասպանության փաստի նկատմամբ, որովհետեւ այգին շրջապատում է Մեծ եղեռնի հուշահամալիրը: Ամեն տարիՙ ապրիլի 24-ին, երբ հազարավոր ուխտավորներ, օտարազգի այցելուներ, այգու միջով գնալով, հասնում են հուշակոթողին, նորից ու կրկին քննադատում ենք ինքներս մեզ, որ սրբատեղի տանող ճանապարհն ու առհասարակ այդ տարածքը տասնամյակներ ի վեր պատշաճ ուշադրության ու հոգածության չի արժանացել: Մինչդեռ հարյուր հեկտարից ավելի կանաչ գոտի կարող էինք ունենալ, որը պատմական ու հոգեւոր դերակատարում ձեռք կբերերՙ դառնալով Հայոց ցեղասպանության հիշողության ու դատապարտման խորհրդանիշ:
Ծիծեռնակաբերդի այգին վերաիմաստավորելու եւ վերարժեւորելու գաղափարը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մտահղացել է դեռ 6-7 տարի առաջ եւ հիմա արդեն ուրվագծում են այն կյանքի կոչելու հնարավորությունները: Նախագահը մի ամբողջ նախագիծ է մշակել, որը ներառում է բազմաթիվ բաղադրիչներՙ բնապահպանական, ազգային գաղափարախոսական, Մեծ եղեռնի հիշողության պահպանման եւ վերջնարդյունքըՙ համազգային միասնական համախմբումը մեկ նպատակի ու մեկ գաղափարի շուրջըՙ ստեղծել hամազգային այգիՙ «Հայ պարկ»:
«Առաջարկս հետեւյալն էՙ Երեւանը պետք է ունենա մեծ այգի: Ստեղծենք համազգային այգի, որը կսկսվի Եղեռնի հուշարձանից եւ կտարածվի մինչեւ «Հրազդան» մարզադաշտՙ ընդհանուր առմամբՙ 103 հա: Այգին, պայմանականորեն կազմված է լինելու փոքր այգիներից: Տրամաբանությունը հետեւյալն էՙ առաջին հատվածում ներկայացված կլինեն մեր պատմական հայրենիքի շրջանները, քաղաքները, երկրորդ հատվածումՙ կներկայացվեն Սփյուռքի հայկական գաղթօջախները, ամբողջ աշխարհում սփռված մեր հայ ժողովրդին, օրինակՙ Հալեպի, Բեյրութի, Մարսելի, Նյու Յորքի, Մոսկվայի, Նովոսիբիրսկի հայ համայնքները: Երրորդում կներկայացվեն մեր հայրենիքի քաղաքներն ու կառույցները, օրինակՙ Գյումրի կամ Երեւանի պետական համալսարանը, այսինքնՙ այս հատվածը կվերաբերի հայկական երկու պետություններինՙ Հայաստանին եւ Արցախին: Այգու ամբողջ տարածքը բաժանվում է առանձին հատվածների, եւ 1,5 միլիոն ծառեր են տնկվումՙ խորհրդանշելով 1,5 միլիոն նահատակներին»,- իր գաղափարը ներկայացնում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը :
«Հայ պարկի» նախագիծը տարիներ առաջ նա ներկայացրել հանրային այգիների ձեւավորման եւ լանդշաֆտային ճարտարապետության մեջ մասնագիտացած եվրոպական աշխարհահռչակ դիզայներական Randle Siddeley Associates ընկերությանը, որն էլ Արմեն Սարգսյանի պատվերով համապատասխան ուսումնասիրություն է կատարել ու մասնագիտական առաջարկ ներկայացրել: Այնպես որ, «Հայ պարկի» գաղափարը նաեւ մասնագիտական քննություն է անցել եւ նախագծվել: Արմեն Սարգսյանը հրաշալի պատկերացնում է, որ նման այգի ունենալու համար լուրջ ներդրումներ են հարկավոր: Այդ ուղղությամբ եւս նա առաջարկներ ունի:
«Այգում առանձին-առանձին ներկայացված կլինեն մեր պատմական հայրենիքի նահանգները: Այս հանգամանքը կքաջալերի, օրինակ, վանեցիներին, էրզրումցիներին, մշեցիներին, որպեսզի նրանք հատուկ ուշադրություն դարձնեն համազգային այգուՙ իրենց հատկացված հատվածին, ձեռնամուխ լինեն դրա մշակմանը, խնամքին, բարեկարգմանը: Սա ոչ թե նշանակում է, որ ամեն մեկն այգու իր կտորն ինքը կմշակի ու կձեւավորի, այլ նվիրատվությունների միջոցով հավաքված գումարով կիրականացվի համազգային այգու ստեղծումը: Նույն տրամաբանությամբ դրամահավաքին կմասնակցեն Պետերբուրգի, Մոսկվայի, մյուս գաղթօջախների հայ համայնքները»,-«Հայ պարկի» ֆինանսական ներդրումների ելքերն այսպես է պատկերացնում ՀՀ նախագահը:
Ի դեպ, այդ տարածքում Արմեն Սարգսյանը բացառում է ռեստորանների առկայությունը. առավելագույնը կարող են սուրճ, ջրեր եւ զովացուցիչներ վաճառվելՙ մարդկանց թեթեւ ժամանցն ու հանգիստն ապահովելու համար:
Արմեն Սարգսյանը «Հայ պարկ» ստեղծելու առաջարկը նամակով ներկայացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ Երեւանի քաղաքապետարանին: Քաղաքային իշխանությունների հետ հանդիպումն արդեն կայացել է, որին ներկա են եղել Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը, Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյանը:
«Այգու ստեղծման գաղափարի հիմքում միասնականությունն է: Այն լինելու է համազգային այգի, հիշողության այգի: Այն պետք է դառնա Ծիծեռնակաբերդի հուշարձանի գաղափարի շարունակությունըՙ միեւնույն ժամանակ լուծելով թե՛ տարածքի բարեկարգման, թե՛ մայրաքաղաքի համար մեծ կանաչ գոտու ապահովման հարցը: Այգու նախագծի իրականացումը, դրա շուրջ հանրային քննարկումները, մարդկանց, կազմակերպությունների ներգրավումը նաեւ ազգային միասնականության մթնոլորտ է ստեղծելու, ինչն այս պահին շատ կարեւոր է բոլորիս համար»,-հանդիպման ժամանակ նշել է ՀՀ նախագահը:
Մեզ զրկել են մեր հայրենիքից, մենք կորցրել ենք միլիոնավոր կյանքեր, մշակութային, նյութական արժեքենր: 105 տարի է անցել Հայոց ցեղասպանությունից, Սփյուքում եղեռնը վերապրածների 5-րդ սերունդն է ապրում, որն արդեն հայերեն չի խոսում, ու հայտնի չէՙ հաջորդ սերունդներին իրենց պապենական-պատմական խլված հայրնիքի, ցեղասպանության, ազգային արժեքենրի մասին ի՞նչ կփոխանցվի ու ի՞նչ կմնա:
Հայաստանի սրտումՙ Երեւանում, ստեղծելով համազգային այգի, մենք Հայոց ցեղասպանության փաստը եւս մեկ անգամ կամրագրենք, մեզնից խլված հայրենիքի պատմական նահանգների անունները կդրոշմենք այդ այգում եւ կդաջենք հայկական երկու պետություններիՙ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության անունները:
«Աշխարհին ցույց կտանք, որ այդ մեծ դժբախտությունից մենք ճիշտ եզրահանգումների ենք եկել: Բացի այդ, մեր քաղաքին «նոր թոքեր» կպարգեւենք. 1,5 միլիոն ծառը մեր քաղաքի օդը կառողջացնի: «Հայ պարկի» գաղափարը համազգային ծրագիր է, եթե կառավարությունն ու քաղաքապետարանն այդ ծրագիրը հաստատեն, ես ինքս կլծվեմ դրամահավաքի նախաձեռնությանը, նաեւ կազմակերպմանը: Հանրային առողջության կարեւորում, հատուկ վերաբերմունք մեր պատմությանն ու ազգային միասնության գաղափարին. որպես նախագահական նախաձեռնությունՙ կլծվեմ այս գաղափարի իրագործմանը»,- դիմելով ՀՀ կառավարությանն ու քաղաքային իշխանություններինՙ ասում է Արմեն Սարգսյանը:
Այգու գաղափարի գործնական իրականացման փուլում անհրաժեշտ կլինեն տարբեր մասնագետների խորհուրդներն ու վերլուծությունները: Պետք է ստեղծել մասնագիտական խումբ, որը կմշակի ճարտարապետական համալիրին համահունչ լուծումներ: «Մոտեցումն այն է, որ բոլոր լուծումներն ու նախագծերը դրվեն հանրային քննարկման: Կարեւոր է, որ չվնասվի տարածքի ոչ մի ծառ եւ ոչ մի թուփ: Այգին պետք է ստեղծվիՙ պահպանելով եղածը եւ տնկելով նորերը»,- նկատել է Արմեն Սարգսյանը:
Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին այգու ստեղծման գաղափարը հնչեցնելուց հետո Հանրապետության նախագահի գրասենյակը բազմաթիվ արձագանքներ է ստացել Հայաստանի եւ Սփյուռքի տարբեր կազմակերպություններից, անհատներից, մասնագետներից, ովքեր պատրաստակամություն են հայտնել աջակցել նախաձեռնությանը: Գաղափարը ողջունել եւ դրա իրականացմանն իրենց սատարումն են հայտնել նաեւ Գարեգին Բ Ամենայն Հայոց եւ Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսները:
Ռուսաստանի հայերի միությունն իր աջակցությունն է հայտնել նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնությանը:
«Այս նախաձեռնության իրականացումն իր մեջ կարեւոր գաղափար ունի եւ լավագույնս է արձագանքում մեր ժողովրդի ինչպես պատմական, այնպես էլ պետական-հասարակական օրակարգին: Մեծարգո՛ պարոն նախագահ, ինչպես ես, այնպես էլ Ռուսաստանի Դաշնության խոշորագույն ազգային միավորմանՙ Ռուսաստանի հայերի միության անդամները, պատրաստակամությամբ աջակցում ենք Ձեր նախաձեռնությանը, եւ ուրախ կլինենք մեր հնարավորությունները, գիտելիքն ու ջանքերը ներդնել այն կյանքի կոչելու գործում: Անկասկած, համատեղ աշխատանքն ու միասնական ջանքերը կծառայեն մեր ազգի հետագա համախմբմանը»,- նախագահին ուղղված նամակում գրում է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը :
Արմեն Սարգսյանը զրուցել եւ մտքեր է փոխանակել նաեւ Հուշահամալիրի եւ այգու հետ անմիջականորեն կապ ունեցող մասնագետների հետ:
Սաշուր Քալաշյան (վաստակավոր ճարտարապետ, Մեծ եղեռնի հուշահամալիրի եւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի շենքի համահեղինակ)- «Գաղափարն արժեւորում եմ, որովհետեւ Ծիծեռնակաբերդի այգին անխնամ վիճակում է գտնվում: «Հայ պարկ» ստեղծելը հարցի լուծման ճանապարհներից մեկն է, որի նպատակներից մեկն այգին բարեկարգելն է: Հիմքում համայն հայության համախմբման գաղափարն է: Քննարկում պահանջող, բայց իրատեսական գաղափար է. Պատրաստ ենք իրագործմանը մասնակցել»:
Անահիտ Թարխանյան (ճարտարապետ, Մեծ եղեռնի հուշահամալիրի համահեղինակՙ ճարտարապետ Արթուր Թարխանյանի դուստրը)- «Երբ փոքր էի, հայրսՙ Արթուր Թարխանյանը, ինձ այստեղ էր բերում: Այն ժամանակ շինարարություն էր տեղի ունենում, եւ դրան զուգահեռՙ տարածքը կանաչապատվում էր: 1967 թվականին հուշարձանը բացվեց, եւ նույն տարին հիմնադրվեց Ծիծեռնակաբերդի այգին: Արմեն Սարգսյանի նախաձեռնությունը կարեւորագույն ծրագիր էՙ վերականգնելու Ծիծեռնակաբերդի այգին: Գաղափարը բոլորիս միավորելովՙ հնարավորություն է տալու ոչ միայն վերստեղծել այգին, այլեւ մեկ անգամ եւս միջազգային հանրության առջեւ հնչեցնելու Հայոց ցեղասպանության հարցը: Յուրաքանչյուրս մեր ներդրումը կունենանք գաղափարի կայացման գործում, մեկըՙ գումարով, մյուսըՙ մասնագիտական աջակցությամբ: Մենք այսկերպ նաեւ վերականգնում ենք Երեւանի կանաչ գոտիները: Այս տարածքը փաստացի վերջին կանաչ գոտին է, որ մնացել է»:
Հայկ Դեմոյան (Պատմական գիտությունների դոկտոր, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի» նախկին տնօրեն)- «ՀՀ նախագահի այս նախաձեռնությունը գոնե ինձ համար նոր չէ: Նրա հետ Լոնդոնից կապի մեջ ենք եղել եւ դեռ 6-7 տարի առաջ այս թեմայով զրուցել: Ծիծեռնակաբերդի զբոսայգին նոր ոճով է մատուցվումՙ նոր ինքնություն ստանալով: Խորհրդանշական շերտերը, որ առաջարկում է մեզ նախագահը, էականորեն նվազեցնելու է Ծիծեռնակաբերդի այգին ծանր հիշողության, ընկճվածության վայր ընկալելու իմիջը: Համոզված եմՙ այգին կդառնա բոլորիս համար ամենասիրելի վայրերից մեկը»:
Ռուբեն Սաֆրաստյան (ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, թուրքագետ-արեւելագետ)-«Համազգային այգի ստեղծելովՙ բնակչության համար հնարավորություն ենք ստեղծում մեկ անգամ եւս հաղորդակցվելու Հայոց ցեղասպանության ահավոր հանցագործության հետ: Մյուս կողմից էլ այս նախաձեռնությունն իր մեջ պարունակում է ոչ միայն հիշատակի պատգամը, այլեւ ուղղված է դեպի ապագան, քանի երիտասարդությունն է դրա միջոցով ճանաչելու Արեւմտյան Հայաստանի մեր կորցրած քաղաքները, հոգեւոր մշակույթը, մեր պատմությունը: Նախաձեռնությունը մի քանի շերտ է պարունակում, եւ երբ դրանք դիտարկում ենք որպես մեկ ամբողջություն, ապա համոզվում ենք, որ միանգամայն կարեւոր եւ օգտակար գաղափար էՙ ուղղված ոչ միայն մեր անցյալի հիշողությանը, այլեւ ապագային»:
Հարություն Մարության («Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի» տնօրեն)- «Պարզվում էՙ նախագահը դեռ տարիներ առաջ նման գաղափար է ունեցել ու որոշակի քայլեր արդեն ձեռնարկել է, ինչը շատ ողջունելի է: Սա բովանդակ հայության միասնության ամրապնդման գործին ուղղված քաղաքակիրթ, բնապահպանական քայլ կլինի: Սա Հայաստան-Սփյուռք քաղաքական, մշակութային, գաղափարախոսական կապերի հրաշալի դրսեւորում է նաեւ»:
Ռեյմոն-Հարություն Գեւորգյան (ցեղասպանագետ, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի խորհրդի նախագահ)- «Այս նախաձեռնությունը մեզ համար բացառիկ առիթ էՙ հիշողության քաղաքականությունը մշակելու համար: Գիտնականները միայնակ չեն կարող դա անել, բայց կարող են իրենց ներդրումը բերել: Օրինակՙ ես կուզենամ մասնակցել Համազգային այգուՙ Խարբերդի բաժնի ստեղծմանը: Վստահ եմ, որ վանեցին էլ Վանի հատվածին է ուզենալու մասնակցել: Մեկ-երկու մեկենասների փոխարեն տասնյակ հազարավոր մարդիկ փոքր գումարներով իրենց ներդրումը կունենան այս գաղափարի իրագործման համար: Ո՛չ նախագահը, ո՛չ Երեւանի քաղաքապետարանը, ո՛չ թանգարան-ինստիտուտն ի վիճակի չեն միայնակ իրագործելու այն: Ծրագրի հաջողությունը համագործակցությունն է: Թանգարան-ինստիտուտի դերն այն պիտի լինի, որ մշակի յուրաքանչյուր գավառի տեսքը, որպեսզի այգիները հիշեցնեն պատմական հայրենիքի գավառները եւ նրանց նմանությամբ պատկերվեն: Այս ամենի մեջ ՀՀ նախագահը հիմնական դեր ունիՙ իր պաշտոնով, հայրենիքի հայրը լինելով: Նա մղիչ ուժ պիտի դառնա դրամական միջոցներ ձեռք բերելու համար: Այս նախագիծը համագործակցության առաջարկ է, հրավերՙ Հայաստանի իշխանություններին»:
«Հայ պարկ» համազգային այգին պետք է դառնա Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի գաղափարի շարունակությունըՙ լուծելով թե՛ տարածքի բարեկարգման, թե՛ կանաչ գոտու ապահովման հարցը: Այն ընդգրկելու է Հայոց ցեղասպանության հուշահամալիրը եւ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը»: Նախագծիՙ համայն հայությանը համախմբելու, մեկ բռունցք դարձնելու նպատակն ու գաղափարը խմորվել ու առարկայական են դարձել եւ պետք ունեն քաջալերման, աջակցության, հավաքական կամքի դրսեւորման: